Շահանդուխտ թագուհու ջանքով վերածնված Տեղ գյուղը, որի մերձակայքի Սռի եղցում է գտնվում Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանը

24.01.2020 10:50
14630

Մեր ուխտագնացությունը Տեղ գյուղի սրբավայրեր տեղի ունեցավ 2019 թ. հուլիսի 14-ին:

Մեզ ուղեկցում էր Ալեքսան Շեգունցը, ով գյուղի պատմության ուսուցիչն է եւ քաջածանոթ է Տեղի պատմությանը, գիտելիքների հարուստ պաշար ունի բնակավայրի պաշտամունքային վայրերի մասին:

Թեեւ ամիսներ են անցել, սակայն անմոռանալի են այդ օրվա տպավորությունները:

Ու դա նախ եւ առաջ Ալեքսան Շեգունցի շնորհիվ, ում «Սյունյաց երկրի» շնորհակալությունն ենք վերստին փոխանցում:

 

Ժողովրդական ավանդազրույցը Մովսես Խորենացու գերեզմանի մասին

Կա ժողովրդական ավանդություն առ այն, որ Մովսես Խորենացին հողին է հանձնվել Տարոնում՝ Մշո Առաքելոց վանքի արեւելյան պարսպի տակ:

Մորուս Հասրաթյանը ոչ միայն չի վիճարկում այդ վարկածը, այլեւ հավանական է համարում դրա իսկությունը  («Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» հոդվածը):

Շրջանառվում է մեկ այլ վարկած նույնպես՝ հիմնված Ղազար Փարպեցու պատմության վրա: Իբր Խորենացու մահից հետո նրա գերեզմանը պղծվել է, իսկ ոսկորները նետվել են գետը:

Մինչդեռ Ստեփան Մալխասյանցն ապացուցել է, որ Փարպեցու գրքից էջ է պակասում, եւ խոսքը ոչ թե Պատմահոր, այլ մեկ ուրիշի պղծված գերեզմանի մասին է:

Սակայն կա ժողովրդական մեկ այլ ավանդություն, որի համաձայն Տեղ գյուղի մերձակայքում գտնվող Սռի եղցին է Մովսես Խորենացու գերեզմանավայրը:

Ըստ Սերո Խանզադյանի «Հայրենապատումի»՝ Տեղ գյուղի բնակիչների պատմելով՝ Պատմահայրը թաղված է Սռի եղցի մատուռ-եկեղեցում, որը ոչ հեռու է նրա ծննդավայր Խորեա-Խրով գյուղատեղիից, ինչպես եւ Կիրաձոր-Գրաձորից:

Տեղ գյուղի բնակիչ Ադորանց Աղալոն, ով 1930-ականներին 80 տարեկանն անց ծերունի էր, Սերո Խանզադյանին Խորենացու հետ կապված մեկ այլ զրույց էլ է պատմել:

Ահա՝ «Մովսես Խորենացին Սռի եղցում ունենում է երկու աշակերտ: Երբ սրանց կրթում-հասունացնում է, մեկին ուղարկում է Արեւմտյան Հայաստան, մյուսին՝ Արցախ՝ լուսավորության գործերով զբաղվելու: Շատ տարիներ հետո, երբ ինքն աքսորված էր այստեղ եւ ապրում էր ջրաղացում, նկատում է, որ  երկու ձիավոր են մոտենում ջրաղացին:

Ճանաչում է, տեսնում է, որ իր աշակերտներն են:

Երբ ձիավորները մոտենում են, ահեղ գոչում է. «Անիծվածնե՜ր, ես ձեր միտքը գիտեմ, դուք եկել եք ինձ սպանելու»:

Ձիավորները, սարսափելով նրա գուշակությունից, որ իրոք այդպես էր, իջնում են ձիերից եւ ծունկի գալով նրա առաջ՝ մեղա գալիս…»:

Այս կողմերում ուրիշ զրույցներ էլ կան Մովսես Խորենացու հետ կապված:

Այնպես որ՝  ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ առնելու ժողովրդական հիշողությամբ հյուսված ավանդազրույցը՝ նրա ենթադրյալ գերեզմանի մասին, մանավանդ որ Սռի եղցին գտնվում է Մովսես Խորենացու ծննդավայր գյուղի մերձակայքում:

Այդ վարկածն ընդունել է նաեւ Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանը  (Սյունեցիները եւ հայ հին գրականությունը, «Սյունյաց երկիր», N 19, 2019 թ.):

Ըստ գրականագետի՝ «Ավանդության համաձայն՝ Խորենացին թաղված է Մշո Առաքելոց վանքում, սակայն կա կարծիք, թե թաղված է Սյունիքում՝ այժմյան Տեղ գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ Խրովի ձոր դարավանդի կանգուն մատուռ-եկեղեցում, որը Տեղի բնակիչները կոչում են Սռի եղցի»:

 

 

Տեղ գյուղը, որ երբեմն կոչում ենք Շահանդուխտ Ա թագուհու անվամբ

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է նաեւ Դեղ, Դեղի, Դըգ, Դըղ, Տեխ,Տեղեր, Տեղի, Տիղ, Տող անվանումներով:

Գտնվում է Գորիս քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա:

Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի մեջ եւ, ըստ հին հարկացուցակի, Տաթեւի վանքին տալիս էր 12 միավոր հարկ:

Տեղ գյուղը երբեմն կոչում ենք Սյունիքի թագավորության (970-1170 թթ.) առաջին թագուհի՝ Սմբատ Ա արքայի կողակից Շահանդուխտ Ա թագուհու անվամբ, ով Աղվանից տնից էր, Խաչենի եւ Ուտիքի իշխան Սահակ Սեւադայի դուստրը:

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» գրքում պահպանվել է այն վճռագիրը, որով Շահանդուխտ թագուհին Տաթեւի վանքին է նվիրաբերել Տեղ գյուղը 998 թվականին:

Ահա՝ «Հանուն Աստծո ես՝ Սեւադայի դուստր Շահանդուխտս, կամեցա եկեղեցուն Հաբանդ գավառի Տեղ կոչված գյուղը՝ իր բոլոր շրջակա սահմաններով, լեռնով, դաշտով, մյուս եկամուտներով, որ ինձ էր նվիրել իմ թագավոր Սմբատը, եւ ես խոպան տեղից գյուղ էի դարձրել, իմ երանելի թագավորի վախճանից հետո նրա հոգու համար Տաթեւի սուրբ կենտրոնական վանքին եւ սուրբ նշանին տվեցի Սյունյաց եպիսկոպոս Հակոբի միջոցով:

Այսուհետ ես ու իմ որդիներ Վասակն ու Սեւադան տիրող չենք»:

19-րդ դարավերջին, ըստ Երվանդ Լալայանի, գյուղը պատկանում էր Դոլուխանյանին, Աթաբեկյանին եւ թուրք Ռուստամբեկովին:

ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք գրիչ Մելիքսեթ երեցի ընդօրինակած ավետարանը, որում գրված է՝ «…ձեռն արկեալ գիրեցի զսաի քաղաքս Տեղ»:

1645-ին գրված այս հիշատակարանում Տեղն իբրեւ քաղաք անվանելն առնվազն նշանակում է, որ այն իշխանանիստ է եղել:

Տեղում  չորս հազար քարատակ-տան մասին  է վկայում Սերո Խանզադյանը:

Տեղը Նախիջեւան - Պարտավ ճանապարհի վրա աչքի ընկնող բնակավայրերից էր:

1889 թ. հոկտեմբերին Լեոն, Շուշուց Գորիս ճամփորդելիս, անցել է Տեղ գյուղով եւ «Սյունիքից մի անկյուն» նոթագրության մեջ (Լեո, Երկերի ժողովածու, 8-րդ հատոր, Երեւան 1985 թ.. էջ 46) նկարագրել գյուղը։

Մի պատառիկ այդ նոթագրությունից. «Ահա եւ ինքը, Տեղ գյուղը: Նա տարածված է մի ձորի լանջիվայրով եւ շատ մեծն է. տներ, տներ, որքա՜ն շատ են, հավաքվել են մի տեղ, բռնել են մեծ լանջիվայրը, իջել են մինչեւ ձորը: Գյուղի տեսքը խիստ տխրալի է: Ողորմելի, ցածրիկ տնակներ կպած են գետնի երեսին. ամենքը մոխրի կույտերի են նման. գորշ մոխրահողն այնպես անախորժ, սիրտ ճմլող գույն է տալիս արեգակի տխուր ճառագայթների տակ, այնպիսի օտարոտի, ծանր տպավորություն է գործում, որ նայողը հենց առաջին անգամից խղճում է, կարծելով, թե մի ինչ-որ թշվառություն ճմլել է  նրան, գետնից կպցրել, եւ մի ինչ-որ թշվառության համար նա մոխիր է ածել իր գլխին, բոլորվել է արեգակի առաջ եւ իր բազմաթիվ մռայլ աչքերը, իր փոքրիկ, ցածրիկ սեւ-սեւ  սրահները երկնքի լուսատուին ուղղած՝ ուզում է տաքացնել իր սառած մարմինը եւ միեւնույն  ժամանակ ուզում է սգալ… եւ սգում է: Գոնե մի հատ ծառ, մի փոքրիկ թուփ, մի հատ լայն բակ կամ մի կանաչ բույս երեւար գյուղի  մեջ. այդպիսի բաներ չորոնեք, մոխիր եւ մոխիր է ամեն տեղ, տներն անկարգ ու անկանոն թափված են միմյանց վրա, մեկի կտուրը մյուսի բակն է. մարդ զարմանում է, թե ինչպես են մարդիկ անցուդարձ անում գյուղի մեջ, ո՞ւր են նրանց ճանապարհները, փողոցնեը:

Տեղը շատ հին գյուղ է: Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ  (գլ. ԾԳ) գտնում ենք, որ այս գյուղը փրկչական 998  թվականին նվիրել է Տաթեւի վանքին Սյունյաց առաջին թագավոր Սմբատի կինը, Շահանդուխտ թագուհին: Այդտեղ էլ հիշատակվում է, որ ինքը, Շահանդուխտ թագուհին է այս տեղը շեն արել: Գյուղի հնության մասին վկայում է նաեւ հին գեղեցիկ եկեղեցին, որ մինչեւ օրս էլ կա: Հայտնի չէ, թե ինչպես է եղել առաջ, բայց այժմ Տեղը  Սյունյաց երկրի ամենամեծ  հայ գյուղերից մեկն է. նա ունի մինչեւ 600 տուն ժողովուրդ»:

Խորհրդային տարիներին եւ հատկապես հիմա Տեղ գյուղը Սյունյաց աշխարհի բարգավաճ գյուղերից մեկն է։

 

Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ 4-5 րդ դարերից է

Այս եկեղեցու մասին շատերն են արտահայտվել, բայց նպատակահարմար գտանք սույն առիթով ներկայացնել ճանաչված պատմաբան եւ հնագետ Մորուս Հասրաթյանի խոսքը:

Ահա՝ «Սակայն ամենաարժեքավորը  գյուղամիջի Սուրբ Գեւորգ եկեղեցին է՝ իր ճարտարապետական կարեւոր առանձնահատկությունների  շնորհիվ: Այն գտնվում է Մելիք Բարխուդարի ապարանքի մոտ, մի քանի մետր հարավ-արեւմուտք: Եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, կառուցված է սրբատաշ խոշոր քարերով եւ համեմատաբար լավ է պահպանվել: Այն միջնադարում ունեցել է երկու նորոգում, որոնցից մեկը՝ բավական հիմնովին:

Եկեղեցու ներկայիս ծավալը բաղկացած է երկու մասից. հնագույն՝ արեւելյան եւ նրան արեւմուտքից XVIII դ. կցված հատվածից: Այս վերակառուցման ժամանակ քանդել են հին եկեղեցու արեւմտյան ճակատը, որը վերածվել է կամարակապ բացվածքի: Նման երեւույթը՝ հին եկեղեցիների ընդարձակումը հաճախ է հանդիպում XVII – XVIII դդ.  Հայաստանի ճարտարապետության մեջ:

Տեղի հին եկեղեցու աղոթասրահը (3,30 x 7,05 մ) արեւմուտքից ավարտվում է խիստ շեշտված պայտաձեւ հատակագծով աբսիդով, որը ներգծված է  արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ: Պայտաձեւ է նաեւ բեմի հաղթակամարը: Խորանն ունի գմբեթարդի տակով անցնող հորիզոնական զարդագոտի, որը բնորոշ է Հայաստանի վաղ միջնադարի հուշարձաններին: Բեմի կամարի իմպոստները նույնպես ունեն V-VII դդ. տարածված ձեւը՝ հորիզոնական սալ՝ մույթին կորագիծ ձուլվող: Սալը մշակված է միմյանց զուգահեռ երկու ակոսով: Ներսում, երկայնական  պատերին կից են մեկական որմնամույթ, որոնց միջեւ սլաքաձեւ, երկշերտ կամարներ են գծված: Թե որմնամույթերը, թե որմնակամարները վերակառուցման ժամանակ են շինվել: Դահլիճը թաղակիր կամար չունի: Եկեղեցին լուսավորվում է բեմի եւ հարավային պատի երկու լուսամուտներով: Շենքի հին մասի  միակ մուտքը հարավային պատում է (հավանաբար  արեւմուտքից նույնպես դուռ է եղել): Դռան ուղղանկյուն բացվածքը երկու կողմում  ունի կալունակներ (կրոնշտեյններ), իսկ բարավորի քարի վրա 16 եւ 6 թերթիկանի երկու  խոշոր վարդյակ են քանդակված:

Տեղի Սուրբ Գեւորգ եկեղեցու հարդարանքից մնացել են նաեւ  վեց թերթիկանի վարդյակներ հարավային պատի վրա եւ արեւելյան ճակատի ստորին մասում գտնվող շրջանագծի մեջ ներառված ութ  թեւանի աստղ պատկերող  հյուսածո մի զարդաքանդակ, որը վաղ միջնադարյան հայկական որեւէ այլ հուշարձանում ինձ ծանոթ չէ:  Վերանորոգման ընթացքում զարդաքանդակի ստորին մասը տաշել են՝ շարվածքում հարմարեցնելու համար: Եկեղեցու ներկայիս քիվը, ինչպես եւ լուսամուտները վերանորոգման արդյունք են: Հարավային ճակատի զույգ լուսամուտները բարձր, ուղղանկյուն բացվածքներ են:  Արեւմտյան կողմի լուսամուտը բացելիս տաշել- ոչնչացրել են դռան բարավորի վարդյակներից մեկի քառորդ մասը: Ներսից եկեղեցին սվաղված է:

XVIII դ. արեւմտյան կողմից կցված մասն ունի նույն բարձրությունը ու լայնությունը, ինչ եւ հին եկեղեցին, որի հետեւանքով այս երկուսը ծավալատարածական ամբողջություն են կազմում: Սակայն նոր մասը կառուցված է կոպտատաշ բազալտից եւ երկհարկանի է: Առաջին հարկը եկեղեցու դահլիճի օրգանական շարունակությունն է: Այն թաղածածկ, երկու թաղակիր կամարով եւ որմնամույթերով սրահ է, որի միակ մուտքը եւ ուղղանկյուն լուսամուտը հարավային պատում են: Իսկ վերնահարկը (նույնպես թաղածածկ) ունի մուտք հյուսիսային պատից եւ լուսամուտ՝ դեպի աղոթասրահ բացվող: Եկեղեցու այսպիսի կից կառույցը եզակի է ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ:

Եկեղեցու վերանորոգման մասին (անկասկած, նաեւ կից կառույցի  շինարարության) արձանագրությունը փորագրված է կամարակապ շքամուտքով նոր դռան ճակատակալ քարին՝

ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ՏԱՋԱՐԻՍ ՎԷՄՍ ՆՈՐ

ԷՔԵՑԱՆ ԲԱՐԽՈՒՏԱՐՆ ԻՐ ԿՈՂԱԿԻՑ ԹԱՃ

ՈՒՄՆ ՈՐ ԳԵՂԻՍ ՆՈՐՕՔԻԼՆ ԹՎ ՌՃՁԶ (1737)

 

Նոր մուտքի  արեւելյան կողմում կա արձանագրություն 1742 թ. եկեղեցու մկրտության ավազանը շինելու մասին՝

ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ

ՏԱՋԱՐԻՍ ԱԻԱԶԱՆՆ

ՇԱՀՆԱԶԱՐԻ ԿՈՂԱԻՑ

ՎԱՊՈՒՆ ԹՎ ՌՃ

          ՂԱ

 

Թվագրված  արձանագրություններից ամենահինն է՝

 

ՔՍ ԲՐԻՆ ԽՉՍ ՈՎՆԷՍ ԱԲԵՂԻՆ Է ԹՎ Ջ (1451)

 

Տեղի Սուրբ Գեւորգ եկեղեցին, չնայած հիմնովին վերանորոգմանը, պահպանել է վաղ միջնադարյան հորինվածքից այնպիսի  կարեւոր մանրամասներ (խորանի հատակագծի եւ կամարի շեշտված պայտաձեւություն, իմպոստների  արխայիկ ձեւ, մուտքի բարավորի վարդյակներ), որոնց շնորհիվ հուշարձանը կարելի է թվագրել ամենաուշը V-VI դդ., եթե ոչ ավելի վաղ: Ինչեւիցե, եկեղեցու շենքի հնագույն  մասի վաղ միջնադարին պատկանելն անվիճելի է»: 

Եկեղեցին ներկայումս վերանորոգման ընթացքի մեջ է, աշխատանքները մեկնարկել են 2017-ին:

 

Հրաշք-շքեղՍռիեղցին

Տեղ գյուղից մոտ 3 կմ դեպի հարավ-արեւելք, Խրովի ձորի քարափի վրա կանգուն է Սռնեղցի (Սեռի եկեղեցի) կոչվող մատուռ-եկեղեցին. տեղցիներն ասում են, թե դա կառուցել է ինքը՝ Մովսես Խորենացին՝ իր ձեռքով, իբրեւ ճգնարան:

Ըստ Մորուս  Հասրաթյանի՝ «Սռնեղցին միանավ, թաղածածկ փոքր եկեղեցի է (7,77 x 4,51 մ արտաքին չափերով), շեշտված պայտաձեւ հատակագծերով խորանով, ներառված արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ (չափագրությունը՝ Լ. Սադոյանի): Պայտաձեւ է նաեւ խորանի կամարը: Բեմը աղոթասրահից բարձր է 0,5 մ: Խորանն ունի գմբեթարդի տակով ընթացող գոտի, որը շարունակվում է հյուսիսային եւ հարավային պատերի ողջ երկարությամբ: Աղոթասրահը (3,36 x 2,80 մ) թաղակիր կամարներ չունի: Եկեղեցին լուսավորվում է խորանի եւ արեւմտյան ճակատի նեղ լուսամուտներով: Երկաստիճան որմնախարսխի վրա բարձրացող պատերը շարված են սրբատաշ բազալտի քարերից: Եկեղեցին լավ  է պահպանվել՝ միայն երկթեք տանիքի քարե սալերն են թափվել: Միակ՝ արեւմտյան դուռն ունի ուղղանկյուն բացվածք, առանց շքամուտքի եւ հարդարանքի: Դռան վերեւում, ներսից պահպանվել են վաղ միջնադարյան հայ ճարտարպետությանը բնորոշ մի այնպիսի տարր, ինչպիսին պայտաձեւ լյունետն է»:

Ըստ Օնիկ Խնկիկյանի՝ «Սռի եղցի անվամբ այս վայրում առկա է բնակատեղի, որի արեւմտյան կողմով ձգվում էր 2,4 մ հաստությամբ կիկլոպյան շարվածք ունեցող պարիսպ: Այն պահպանում էր սեղանաձեւ հրվանդանի վերջավորությունը… Հրվանդանի անմիջապես եզրին կանգուն է միջնադարյան փոքր եկեղեցի, որից եւ առաջացել է տեղանքի անվանումը»:

 

 

Մելիք Բարխուդարի «ամարաթը»

Տեղ գյուղի կենտրոնում է գտնվում ուշ միջնադարի հայկական ճարտարապետության հետաքրքրական հուշարձաններից մեկը՝ Մելիք Բարխուդարի «ամարաթը»՝ բաղկացած  մի քանի թաղածածկ սենյակներից:

Մելիքական ամարաթի գմբեթավոր դահլիճի դռան բարավորին արձանագրված է. «Թվ: ՌՄԼԲ: (1783 թ.) ի վաելումն Մէլիք Բարխուդարի որթի Դավիթ Պէկս Շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակօվն»:

Ամարաթի ճարտարապետական տարրերին անդրադարձել են նաեւ Նուբար Պապուխյանը:

Ահա նրա նկարագրումը (Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Երեւան 1972, էջ 70). «Մելիքական ամարաթները, պատկանելով ուշ միջնադարին, իրենց մեջ պարունակում են ավելի վաղ ժամանակների պալատական ճարտարապետության շատ տարրեր:

Տեղ գյուղի Մելիք Բարխուդարի ժառանգների տունը կառուցված է բավականաչափ թեք տեղանքում, երկու լայն ճանապարհների միջեւ, որոնցից վերինն ընկած է կտուրների մակարդակի վրա: Համակառույցն այդ ճամփի երկարությամբ ձգված շինության տեսք ունի: Ճակատային ծավալի կողմը, ինչպես առհասարակ գլխատների համակառույցներին է հատուկ, ուղղված է դեպի բակը, որի առջեւով անցնում է ստորին ճանապարհը:

Այս համակառույցի կառուցվածքների մի մասը քանդվել է, մի մասն էլ հիմնական շենքերի հետ օրգանապես չկապվող, ուշ շրջանի անճաշակ հավելումներ են: Ինքը՝ բուն համակառույցը եւս միաժամանակ կառուցված տարրերից չէ կազմված: Հնագույն մասը երկու քարակերտ գլխատուն, մի թաղակապ սենյակ եւ մի թաղակապ նախամուտք է: Գլխատները կառուցվել են իրար կողքի, մուտքերը բացվել են նախասրահի մեջ, որը հետագայում պատով մեջտեղից երկու մասի է բաժանվել: Նախամուտքից աջ եւ ձախ շենքի ճակատն են բռնել այժմ ձեւափոխված, ըստ երեւույթին օժանդակ, նույնպես թաղակապ բաժանմունքներ, որոնց դռները բացվել են նախամուտքի մեջ:

Ձախակողմյան բարավորի վրա գտնվում  է շինարարական արձանագրությունը»:

Շինարությունը վերջին անգամ նորոգվել է 20-րդ դարավերջին:

 

 

«Քարե օթաղը»

Ըստ Սեդրակ Բարխուդարյանի (Դիվան հայ վիմագրության, երկրորդ հատոր, էջ 66)՝ «…այսպես են անվանում գյուղացիները գյուղամիջի եկեղեցու մոտ, հարավ-արեւելքից կանգուն մնացած, սրբատաշ քարերով շինված մի փոքր  տուն: Այս տունը բաղկացած է երկու իրար մեջ հաղորդվող սենյակներից. սենյակներից յուրաքանչյուրն ունի ոչ շատ մեծ լուսամուտներ եւ մի քանի հատ խորշեր-ակնատներ գեղեցիկ կերպով ձեւավորված, նաեւ երկարավուն քարե դարակներ՝ տնային իրեր դնելու համար: Շենքը դրսից եւ ներսից սրբատաշ քարով է շինված, ունի երկու մուտք, մեկն` արեւելքից, մյուսն` արեւմուտքից: Արեւելյան մուտքը ձեւավորված է գեղեցիկ կամարով եւ երկու կողքերին ունի սրբատաշ քարից «նստարաններ»:

Այս տունը նյութով եւ տեխնիկայով հար եւ նման է եկեղեցուն, հետեւաբար 14-15 դարի շենք է: Սա միջնադարյան բնակելի շենքի լավագույն մի նմուշ է…».

 

Գրաձորի քարայր-ուխտատեղին

Սռի  եղցուց մի փոքր հարավ-արեւելք գտնվող Կիրաձոր-Գրաձորում կա մի քարայր, որ ուխտավայր է, որ դարեր շարունակ մեր նախնիները մոմ են վառել, աղոթք արել, մատաղ արել, հիվանդ երեխաներին այնտեղ բերել բուժելու հույսով:

 

Սուրբ Վարդան նորաշեն մատուռը

Նախկին սրբավայրի տեղում (գյուղամիջում) այդ մատուռը կառուցել է Սուրեն Պապունցը  (Սուրեն Էլյազյանը), 1999 թ.:

Կողքը քարատակ է:

 

 

Սրբավայր Տեղ-Արավուս ճանապարհին

Կառուցել է Բենիկ Չափուղանցը 1991-92 թթ.:

Առաջին հայացքից արհեստական քարակույտ է հիշեցնում, բայց շատերն են այցելում այդտեղ եւ մոմ վառում:

 

 

Գյուղի հին գերեզմանատունը, որ սքանչելի պանթեոն է՝ արվեստի աննման գործերով

 

             Ահա, թե ինչպես է նկարագրել հին գերեզմանատունը Երվանդ Լալայանը. «Մելիք Բարխուդարի  ապարանքից փոքր-ինչ հեռու գտնւում է հին գերեզմանատունը, ուր կան բազմաթիւ հին եւ գեղեցիկ տապանաքարեր: Հետաքրքիր են մեծատունների գերեզմանաքարերը. սրանք երկու մետրից աւելի երկարութեան, 71 սանտ. բարձրութեան եւ մօտ 36 ս. լայնութեան  քառանկիւնի քարեր են, որոնց երկու երեսների վրայ, գեղեցիկ նախշերի մէջ զանազան տեսարաններ են քանդակուած, օրինակ. մի առիւծ խեղդում է մի գառ, կամ մի իշխան գինի է ընդունում մի  ծառայից, մի աշուղ էլ ածում է: Այս տապանաքարերի ներքին մասում դէպի  ոտների կողմը, կանգնեցրած են 2 1/4  արշ.  բարձրութեան միակտուր քարեր, որոնց արեւմտեան երեսին խաչ է քանդուակած, իսկ արեւելեան կողմի ներքին մասում բարձրաքանդակ «օջախ» դուրս բերուած: Այս վերջինը նշանակում է, որ ննջեցեալը  մեծ օջախից է եղել»:

 

 

«Քմախաչ» անվամբ սրբավայրը

«Պեղումներ Գորիսի շրջանի Տեղ գյուղում» հոդվածում (Հնագիտական աշխատանքներ Հայաստանի նորակառույցներում, Երեւան 1993) հնագետ  Օնիկ Խնկիկյանը նշում է գյուղից 2-2,5 կմ արեւմուտք (գոմերի մոտ) գտնվող այդ սրբավայրի մասին:

Ըստ հնագետի՝ «Տեղանքն իրենից ներկայացնում է նախկինում մշակված տարածություն, որի առանձին հատվածներում դիտվում են թմբիկներ ու խոշոր սալաքարեր: Դրանք դամբարանների ծածկասալեր են»:

Պեղումների ընթացքում դամբարանադաշտում մի հուշադամբարան է գտնվել՝ երկշար պատի մնացորդներով:

 

 

Քարայրի սրբավայրը

Դրա տերը մի այրի է եղել՝ Քոլունց Եղի անունով:

Ավանդազրույցի համաձայն՝ հենց նա է առաջինն անհնազանդություն ցույց տվել թուրք Ասատ բեկի հարկահավաքներին:

Կամի փայտով նա դուրս է եկել հարկահավաքների դեմ, ում էլ հետեւել են համագյուղացիները:

 

 

Երկու աղբյուր, որ սուրբ է համարվում եւ պաշտվում

Երվանդ Լալայանն  է հիշեցնում. «Գյուղի հարավային եւ հյուսիսային կողմից ձգվում են մի-մի ձոր, որոնք գյուղի արեւելյան կողմում միանալով՝ տարածվում են մինչեւ Հաքարի գետը, Քոչուղի ձոր անունով:

Հյուսիսային ձորից հոսում է մի առվակ, որ Տեղի ջուր է կոչվում, իսկ հարավային ձորում կա երկու աղբյուր, որ սուրբ է համարվում եւ պաշտվում»:

 

 

Սեւ քերծի ուխտատեղին

Սռի եղցուց դեպի հյուսիս է գտնվում այդ քերծ-ուխտատեղին:

Քարանձավը տեսանելի է Սռի եղցուց:

 

 

Արավուս գյուղի երբեմնի երեք եկեղեցուց մեկն է մնացել

Ուխտագնացության օրը այցելեցինք նաեւ Արավուս գյուղ, հյուրընկալվեցինք Նուրուշ Ջհանգիրյանի օջախում, այնուհետեւ եղանք գյուղի եկեղեցում:

Ըստ Նուրուշ Ջհանգիրյանի՝ ժամանակին գյուղում երեք եկեղեցի է եղել, որոնցից միայն մեկն է մնացել  (մեկը  մնացել է հողի տակ, մյուսի հետքերը դեռեւս թեթեւակի պահպանվում են):

Գյուղացիներից շատերը Արավուսի եկեղեցուն տալիս են Թանահատ անվանումը: Սակայն դա սխալ է. Երեւանից եկած ինչ-որ մի գրագետ է այդ անվանումը հուշել:

Ամենայն որոշակիությամբ կարող ենք ասել, որ վարկածի հեղինակն Արավուս գյուղը շփոթել է Սիսիանի տարածաշրջանի Արեւիս գյուղի հետ, որը մինչեւ 1968 թ. Արավուս է կոչվել: Այդ գյուղից մոտ 3-4 կմ հեռավորության վրա են գտնվում 5-րդ դարում կառուցված Թանահատի վանքի ավերակները:

Ստեփանոս Օրբելյանի գնահատմամբ՝ Թանահատի վանքը կամ կրոնական կենտրոնը Սյունյաց աշխարհում երկրորդն էր Տաթեւից հետո:

Ի դեպ, Տեղ գյուղի մերձակայքում (Գորիս-Ստեփանակերտ խճուղու ձախ կողմում՝ լանջի վրա) գտնվող Արավուս գյուղի նախնիների մի մասը 18-րդ դարում այդտեղ են եկել Ղարաբաղի Խաչեն գավառի Արավուս (Քարագլուխ) գյուղից:

 

 

 

          Վերջաբան

Տեղ գյուղի պատմությունը հերոսական շատ էջեր ունի, որոնցից երեքը պատշաճ ենք համարում հիշել:

1748-ին Նախիջեւանի խանի մարդիկ հասել էին Տեղ գյուղ՝ պահանջելով գինի եւ այլ տուրք:

Մելիք Բարխուդարը, հրաժարվելով այդ պահանջը կատարել, հարկադրված է եղել զենքով դուրս գալ խանի հրոսակների դեմ:

Ընդհարման ժամանակ Մելիք Բարխուդարն ու իր եղբայրը սպանվել են, երկուսի գլուխն էլ ներկայացրել են խանին:

Հետագայում Մելիք Բարխուդարի գլուխը հողին է հանձնվել Սուրբ Էջմիածնում, իսկ մարմինը՝ Խնձորեսկի անապատի եկեղեցու բակում, որտեղ պահպանվում է տապանաքարը, որտեղ տարիներ առաջ հողին էր հանձնվել  (դարձյալ առանց գլխի) Մխիթար Սպարապետը:

Մեկ այլ իրադարձություն նկարագրված է Լեոյի «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի» երկում:

Խոսքը 1849-ին Տեղ գյուղում բռնկված բողոքի մասին է:

Գյուղացիները չեն հնազանդվել թուրք Ասատ բեկին, ով Տեղն իր սեփական կալվածքն էր համարում:

Շուշու գավառապետը դա գնահատել է ապստամբություն՝ իրենց աղայի դեմ:

Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Թիֆլիսից հատուկ քննիչ է եկել Տեղ գյուղ՝ ապստամբության հանգամանքները պարզելու համար…

Սերո Խանզադյանն էլ պատմական մեկ ուրիշ դրվագ է ներկայացնում:

Ահա՝ «Տասնութ թվականին, Բաքվի կոմունան տապալվելուց հետո, օսմանյան բանակը Բարկուշատի ձորով բարձրանում է այս լեռնաշխարհը նվաճելու: Բնավ չշփոթվելով անգլիական խոշոր տրամաչափի թնդանոթային կրակից, քաջ տեղցիները փակում են թուրքերի ճանապարհը, մինչեւ հասնում է այս ռազմաճակատի հրամանատար, պորուչիկ Խաչատուր Մալինցյանի աշխարհազորայինների գունդը:

Անգլիացիների հզոր թնդանոթների դեմ հայերի հրետանավոր Թոփչի Սիմոնն ունենում է ընդամենը ռուսական երեք փոքր հրանոթ: Սակայն դրանով նա կործանում է թշնամու հրետանին:

Այստեղ ասում են, թե մուսավաթների հրետանու հրամանատարը եղել է ռուս սպա Կուզնեցովը: Սա իր անվտանգ կրակով գյուղի վրա խաչի նշան է դրել՝ հասկացնելով տեղցիներին, որ չվախենան, ինքը քրիստոնյա է:

Երկու օրվա ճակատամարտում ջախջախվում են թուրքական տասնվեց հազարանոց զորքն ու մուսավաթական խաժամուժը»:

 

* * *

Տեղն այն բնակավայրերից է, որտեղ մի քանի անգամ կատարվել են պեղումներ, հնագիտական եւ ազգագրական բնույթի ուսումնասիրություններ:

Վերջին անգամ Տեղի տարածքում պեղումներ է կատարվել 1980-ականներին՝ Օնիկ Խնկիկյանի կողմից:

Պեղումների արդյունքները հրապարակվել են «Հնագիտական աշխատանքները Հայաստանի նորակառույցներում» գրքում:

Տեղի եւ նրա շրջակայքի հուշարձանները 1947-ի օգոստոսին ուսումնասիրել է Մորուս Հասրաթյանը՝ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի գիտարշավի ընթացքում:

1927-ին Տեղում պեղումներ է կատարել հնագետ Ս. Տեր-Ավետիսյանը:

Տեղում հնագիտական աշխատանքներ է կատարել ճանաչված գիտնական Սեդրակ Բարխուդարյանը:

Տեղում ազգագրական եւ հնագիտական ուսումնասիրություններ են կատարել Երվանդ Լալայանը, Ստեփան Լիսիցյանը:

1898 թ. Տեղ եւ Զաբուխ գյուղերի միջեւ գտնվող դամբարանադաշտում դիպվածային աշխատանքներ է կատարել գերմանացի հնագետ Է. Ռյոսլերը:

 

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25