Կհրատարակվի «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում սյունեցիների սխրանքին ու նահատակված սյունեցիներին

12.01.2021 15:31
99013

2020 թ. աշնանային պատերազմում պարտվեցինք, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ծնկաչոք եղանք թուրքի առաջ ու մինչեւ հիմա էլ այդ վիճակում ենք:
Հայրենիք կորցրինք, հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը դրեցինք փլուզման ռելսերի վրա:
Ու թեեւ հրադադար է, բայց աղետը շարունակվում է, անորոշության մշուշը` թանձրանում, որի նոր վկայությունը եղավ հունվարի 11-ի հերթական եռակողմ հայտարարությունը:
Սյունիքն է անդամահատվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների մեխանիկական, չհիմնավորված սահմանագծումների հետեւանքով:
Շարունակվում են թուրքի սպառնալիքները մեր երկրամասի հանդեպ:
Այդ պատերազմը, խոստովանենք, մեր պատմության ամենածանր ու դժվարին գոյամարտերից էր. մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլեւ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունները:
Եվ այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ հայացքի ներքո:
Այդ բոլորով հանդերձ՝ 2020-ի Արցախյան պատերազմը հայ ժողովրդի երբեւէ ունեցած հերոսական գոյամարտերից էր, ու տեղի ունեցած պարտությունը որեւէ կերպ չի կարող ստվերել այն սխրանքը, որ գործել են մեր քաջարի զինվորներն ու հրամանատարները, մեր կամավորականներն ու թիկունքայինները, քանզի ամոթալի ու նվաստացուցիչ պարտությունը բացառապես երկրի օրվա  պատասխանատուների ձախողումն էր:
Արցախյան աշնանային պատերազմին հերոսական մասնակցություն ունեցավ Սյունյաց աշխարհը:
Առանց չափազանցության՝ պատերազմը դարձավ յուրօրինակ հերոսամարտ մեր երկրամասի հազարամյակների պատմության մեջ:
Ելնելով այդ իրողությունից` «Սյունյաց երկիրը», որպես Լեռնահայաստանի ներկա ընթացքի տարեգիր, նպատակ է դրել պարբերականի հատուկ համար նվիրել Արցախյան վերջին գոյակռվին Սյունիքի մասնակցությանը:
Այդ գաղափարի հիմքում իմաստունների խորհուրդն է նաեւ՝ բարեգործության բոլոր տեսակներից ամենամեծը եւ երեւելին ճանաչողությունը, մարդկանց սխրանքը՝ հանուն հայրենիքի կատարած, հայտնի դարձնելն է:
Չափազանց բարդ եւ պատասխանատու այդ ծրագիրը, սակայն, անհնար է պատշաճ մակարդակով գլուխ բերել, եթե չլինի մեր ընթերցողների, պատերազմի մասնակիցների, մարզի մյուս բնակիչների աջակցությունը:
Ի՞նչ ենք ակնկալում ընթերցողներից, պատերազմի մասնակիցներից, մարզի բնակիչներից:
Նախ՝ ծրագրվող համարում արժանավայել ձեւով կներկայացվեն Արցախյան պատերազմում զոհված բոլոր սյունեցիները՝ անուն առ անուն:
Նրանք սովորական զոհեր կամ ննջեցյալներ չեն, այլ նահատակներ, որոնց հիշատակի առջեւ պետք է խոնարհվեն ոչ միայն մեր ժամանակակիցները, այլեւ գալիք սերունդները:
Նրանց անունները պետք է փոխանցենք գալիքին, որպեսզի մեր սերունդները ոգու կրակ առնեն նրանց շիրիմներից, նրանց հիշատակից ու հերոսական կերպարից:
Ուստի եւ խնդրում ենք նահատակների հարազատներին ու մերձավորներին (թեեւ նրանք մեծ վշտի մեջ են) խմբագրությանը տրամադրել զոհվածներից յուրաքանչյուրի լուսանկարը, կենսագրությունը, մարտական ուղին, նրանց մասին պատմող նյութեր, հուշեր:
Նմանատիպ նյութեր ակնկալում ենք ստանալ նաեւ անհետ կորած մեր հայրենակիցների մասին՝ նրանց հարազատներից ու մերձավորներից:
Անշուշտ, մենք մինչեւ վերջ սպասելու ենք հրաշքի եւ աղոթելու ենք նրանց վերադարձի համար, բայց աներեւակայելի տառապանքն արդեն իսկ այդ մարդկանց այնպիսի կարգավիճակի մեջ է դրել, որ արժանի են առանձնահատուկ երախտագիտության ու խոնարհումի: Նրանց անհայտությունն ու չարչարանքները հանուն ողջերիս արված սխրագործություն են, հանուն Հայաստանի կատարած զոհաբերություն:
Այնպես որ՝ նրանց անունները նույնպես պիտի տեղ գտնեն Սյունյաց աշխարհի փառքի մատյանում:
Նախատեսվող համարում կներկայացնենք մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին, աշխարհազորայիններին, ովքեր կոնկրետ մարտական գործողությունների մասնակցելով՝ սխրանք են գործել եւ մինչեւ վերջ արժանապատվորեն կատարել հայոց զորականի սրբազան առաքելությունը: Իսկ դրա համար հենց իրենք, նաեւ իրենց զինակիցները, ճանաչողները, մարտադաշտում իրենց գործողությունների ականատեսները պետք է տեղեկություններ տրամադրեն մեզ՝  հոդվածների, նամակների, հուշերի, լուսանկարների տեսքով:
Կարեւոր է մեր կամավորական (աշխարհազորային) ջոկատներից յուրաքանչյուրին ըստ արժանվույն ներկայացնելը: Չմոռանանք՝ մարզի գրեթե բոլոր բնակավայրերում ձեւավորվել են հայրենիքի նվիրյալների ջոկատներ՝ մեր լավագույն տղաների մասնակցությամբ, ովքեր ճակատ էին մեկնում` հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստ:
Այդ ջոկատների մասին արժանահավատ ու հանգամանալից խոսք կարող են պատրաստել ե՛ւ ջոկատների հրամանատարներն ու մարտիկները, ե՛ւ տվյալ բնակավայրերի մտավորականները:
Արցախյան պատերազմում ոչ սովորական առաքելություն էր բաժին ընկել Սյունիքի առողջապահական հաստատություններին, մարզի բժշկական համայնքին:
Լինելով Արցախի անմիջական թիկունքը, Սյունիքը՝ իր բոլոր կառույցներով (տնտեսական, հասարակական, կրթական, կառավարչական) լծված էր մեզ համար հայրենական դարձած պատերազմում հաղթանակ ապահովելու սրբազան գործին: Իսկ առողջապահական հիմնարկները կարծես կրակագծում էին: Եվ քանի՜-քանի՜ կյանքեր փրկեցին մեր բժիշկներն ու կրկին ճակատ մեկնելու հնարավորություն տվեցին մարդկանց: Քանի՜-քանի՜ նահատակ հերոսների աճյունների ինքնությունը ճշտեցին եւ հայրենի հողում քրիստոնեաբար ու հավերժորեն հանգրվանելու հնարավորություն ստեղծեցին:
Ուրեմն եւ՝ պարտավոր ենք արժանավայել ձեւով ներկայացնել առողջապահական այդ կազմակերպություններին, ամեն մի բժշկի (նաեւ` դրսից Սյունիք ժամանած), ովքեր իսկապես նվիրումով ու պարտքի բարձրագույն գիտակցմամբ պայքարեցին մարդկային ամեն մի կյանքի համար:
Նախատեսվող համարում հանգամանալից անդրադարձ կկատարվի թիկունքի գործունեությանը:
Կուզենայինք, որ պարբերականի այդ համարում տեղ գտնեն այն անհատները, կոլեկտիվները, որոնք որեւէ նյութական աջակցություն են ցուցաբերել ռազմաճակատայիններին, պատերազմ մեկնած եւ մեկնող տղաներին, ջոկատներին, ովքեր մասնակցել են մարտական դիրքերում իրականացվող ամրաշինական աշխատանքներին:
Ակնկալում ենք, որ նրանցից ամեն մեկի կատարածի մասին ամբողջական ու հավաստի տեղեկություններ կստանանք:
Նրանցից յուրաքանչյուրը պետք է արժանանա մեր երախտագիտությանը, նրանց պետք է ճանաչի հայ հանրությունը:
Ծրագրվող համարում հնարավորինս կզետեղվեն լրագրային հրապարակումները (տարբեր լրատվամիջոցներով սփռված), որ պատերազմի ընթացքում լուսաբանել են մարտական գործողություններ, թիկունքայինների աշխատանք, մարտական որեւէ ջոկատի, զինվորականի, հրամանատարի գործունեություն:
Անդրադարձ կկատարվի մարզի պետական-կառավարչական հիմնարկների, կրթական հաստատությունների գործունեությանը:
Որոշակիորեն կլուսաբանվի Սյունիքի մարզային զինկոմիսարիատի գործունեությունը պատերազմական ծանր օրերին:
Կուզենայինք առանձին բաժնով ներկայացնել Սյունիքում տեղաբաշխված բանակային 1-ին եւ 4-րդ կորպուսների մարտական գործողությունները:
Հնարավոր չէ մոռացության մատնել Սյունյաց թեմի հոգեւոր դասի աստվածահաճո գործունեությունը. իրենց աղոթքներով ու այլ գործերով հոգեւորականները ե՛ւ ճակատում էին, ե՛ւ թիկունքում, ե՛ւ պանթեոններում, տաճարներում ու գերեզմանատներում՝ մեր հերոսների վերջին հրաժեշտը կազմակերպելիս:
Չենք կարող շրջանցել այն իրադարձությունները, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան (եւ տեղի են ունենում) Սյունիքում ու Սյունիքի շուրջ:
Վերը նշված թեմաների (եւ ոչ միայն) շուրջ ակնկալում ենք ընթերցողների, մարզի բնակիչների, պատերազմի մասնակիցների օժանդակությունը:
Իսկ խմբագրությունը խոստանում է գիտականորեն հիմնավորված եւ արժանահավատ նյութերի մատուցում՝ բարձրաճաշակ ձեւավորմամբ, լեզվաոճական պատշաճ ներդաշնակությամբ:
Մի խոսքով՝ պարտավորվում ենք ամեն ինչ անել, որ Արցախյան երրորդ պատերազմին սյունեցիների մասնակցության որեւէ անհավաստի պատմություն, որեւէ կեղծ պատում չփոխանցվի սերունդներին:
Արցախյան պատերազմը, ինչպես արդեն նշել ենք, իսկական հերոսներ ծնեց, նոր ու փառահեղ անուններ հայտնի դարձրեց: Այդ հերոսները նախեւառաջ մեր նահատակներն են: Այդ հերոսները 18-20 տարեկան մեր այն որդիներն են, ովքեր կանգ առնելով մահվան դեմ հանդիման, տեր կանգնեցին  հայոց  արժանապատվությանը: Ինչպիսի՜ քաջարի հրամանատարներ տվեց Սյունիքը. Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան հերոսամարտի հրամանատարների կողքին լեգենդար հրամանատարներ ունեցանք նոր սերնդից:
Նաեւ նրանց փառաբանելուն է միտված լինելու «Սյունյաց երկրի» նախատեսվող համարը:
«Սյունյաց երկրի» նման համարի թողարկումը սովորական տուրք չի լինի մեր նորօրյա հերոսների հիշատակին, այլ…Ծրագրվող համարով (ու դրան միտված նախապատրաստական ծավալուն աշխատանքներով) կփորձենք հնարավորինս նպաստել սգից դուրս գալուն, հայոց  ինքնիշխանությունը վերագտնելուն եւ  վերանվաճելուն, հայ ժողովրդի կորսված միասնությունը վերականգնելու պատմական գործընթացին, պարտվածի՝ մեզ համակած հոգեվիճակը հաղթահարելուն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք՝ ձեր հոդվածներով, լուսանկարներով, հուշերով, վկայություններով, տեսանյութերով, ձայնագրություններով օգնեք մեզ՝ ստեղծելու «Սյունյաց երկրի» բացառիկ այդ համարը, որը, ամեն ինչից զատ, յուրօրինակ եւ անկրկնելի սկզբնաղբյուր կլինի Սյունիքի պատմությունն ուսումնասիրողների, Արցախյան երրորդ պատերազմում սյունեցիների հայրենապաշտ պահվածքն ու սխրանքները հետազոտողների եւ, իհարկե, տեղի ունեցածը գալիք սերունդներին  փոխանցելու համար:
Խմբագրությանը տրամադրվող նյութերի ծավալի հարցում սահմանափակում չկա:
Դա նշանակում է, որ դեռեւս վաղ է խոսել ծրագրվող համարի ծավալի մասին:
Հաշվի առնելով նախաձեռնության մասշտաբայնությունը, սրտի թրթիռով ու մտավախությամբ, բայց եւ ներքին վստահությամբ, որոշել ենք ընթերցողների հետ համագործակցելով սկսել մեծ պատասխանատվություն պահանջող այդ հիշատակարանի արարումը:
Նյութերը «Սյունյաց երկրի» խմբագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային առաքմամբ՝ ք. Կապան, Շահումյան 20/32:

 

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան


 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29