Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

14.03.2025 16:02
471

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, ևս մեկ անգամ բացահայտեց իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և կապիտուլյացիայի ապշեցուցիչ պատրաստակամության ամբողջ չափը նրանում, ինչը կարելի է միայն որակել որպես ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգական նադիր (ծայրահեղ անկման շրջան)։

Նրա վերջին հայտարարությունը, որը ներկայացնում է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտը, չպետք է շփոթել դիվանագիտական ​​ձեռքբերման հետ։ Դա, ըստ էության, ամենահստակ խոստովանությունն է, որ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ ամբողջությամբ զիջել է հայկական ազգային շահը։

Եկեք սկսենք բացահայտ, աններելի բացթողումներից, որոնք այս խայտառակության հիմքն են: Ինչպես հաղորդվել է, համաձայնագրում չի նշվում Հայաստանի ինքնիշխան, սակայն այժմ օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալու մասին: Այն ոչինչ չի ասում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման մասին, ոչ էլ ընդունում է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայ բնակչության ծանր վիճակը կամ հաստատում նրանց վերադարձի իրավունքը։ Սրանք զուտ անտեսումներ չեն, դրանք դիտավորյալ բացառումներ են, ինչը հավասարազոր է ազգային հիմնարար մտահոգություններից հրաժարմանը:

Փաշինյանն այս խլացուցիչ լռությունն արդարացնելու նույնիսկ նվազագույն փորձ չի անում: Հակամարտության բուն էությունը մի կողմ է դրված, կարծես այն անկարևոր է», - գրել է Օսկանյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը երկու վերջնական զիջման գնաց, և այժմ համաձայնագիրը «պատրաստ է ստորագրման»։

«Բայց ո՞ւմ համար է պատրաստ: Պատրաստ է, գուցե, Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հասել է տարածքային ու քաղաքական շոշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի ու դիվանագիտական ​​ճնշման միջոցով։ Այն, ինչ ձեռք է բերվում այս գործարքով, խաղաղություն չէ, դա Հայաստանի՝ ենթակայության մեջ ընկնելու պաշտոնական ծածկագրումն է։ Այն պարգևատրում է ուժի կիրառման համար, օրինականացնում է պատերազմական ավարը և Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերվում է որպես ադրբեջանական պահանջների ցանկի սակարկելի կետ:

Եվ այնուհանդերձ, նույնիսկ ինքնանվաստացման այս ակտը կարող է վերջնականություն չբերել: Այժմ հնարավոր է երկու սցենար, որոնցից յուրաքանչյուրն ավելի մութ է, քան նախորդը: Առաջինի դեպքում Ադրբեջանը, ունենալով հայկական գրավոր զիջումներ, կարող է ընդհանրապես չստորագրել փաստաթուղթը: Փոխարենը, նա կարող է նախընտրել սպասել՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիորեն կիրականացնի համաձայնեցված միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

Երկրորդ սցենարով Ադրբեջանը կարող է արարողակարգային մակարդակով ստորագրել փաստաթուղթը, բայց հետաձգել վավերացումը խորհրդարանում, ինչպես Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների դեպքում: Այս մարտավարությունը Բաքվին թույլ կտա շարունակել ճնշում գործադրել՝ հայկական հետագա զիջումներ կորզելով «չկատարված պարտավորությունների» պատրվակով: Այդ ցավալի դրվագը (հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված-խմբ.) պետք է մշտապես դաջվեր հայկական դիվանագիտության հիշողության մեջ։ Փոխարենը Փաշինյանի օրոք մենք ականատես ենք լինում այդ նվաստացման գրեթե ճշգրիտ վերարտադրությանը։ Հերթական անգամ Հայաստանը մեծ զիջումներ է առաջարկում սկզբում, մինչդեռ իր գործընկերն իրեն իրավունք է վերապահում հետաձգել իրականացումը, պահանջել ավելին և, ի վերջո, հեռանալ, եթե հայկական կողմից դիմադրություն առաջանա:

Անկախ նրանից, թե որ ուղին կընտրի Ադրբեջանը, արդյունքը նույնն է՝ հայկական արժանապատվության, ինքնիշխանության և անվտանգության շարունակական քայքայում: Առավել տագնապալի տարրերից է օտարերկրյա ճնշումների ներքո սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, մի գործողություն, որը մոտ է քաղաքական ինքնաոչնչացմանը: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային ինքնասպանություն: Հենց այն միտքը, որ Հայաստանը կարող է վերաշարադրել իր հիմնարար օրենքները՝ ագրեսոր պետության նախապայմանները բավարարելու համար, ժամանակակից պատմության ամենավատ հետկոնֆլիկտային հաշտեցման աղետների մռայլ արձագանքն է:

Եթե ​​այս համաձայնագիրը ստորագրվի, այն չի ազդարարի խաղաղության նոր դարաշրջանի արշալույսը: Ավելի շուտ, կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական գլխի պաշտոնական ավարտը։ Սա երկխոսության և հաշտեցման միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. դա խաղաղություն է, որն իրականացվում է հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով: Այն կստորագրվի ոչ թե արժանապատվորեն, այլ հրաժարումով, գուցե նույնիսկ հուսահատությամբ:

Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը դա հիանալի հասկանում է։ Նրանք գիտեն, որ պայմագիրը չեն կնքում հայ ազգի հետ: Նրանք պայմանագիր են կնքում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական լոյալիստների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը։ Այսքան քչի համար այսքան շատ բան զիջելով՝ Փաշինյանը կարող է ապահովել (Ալիևի-խմբ.) ստորագրություն, բայց ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն և, իհարկե, ո՛չ պատմության ներում», - գրել է Օսկանյանը։

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53