Մեր ժողովրդի թևածումը դեպի լույս ու գեղեցկություն՝ անցնում է բեմարվեստով

30.09.2022 11:27
30447

Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային»  եռամսյա հանդեսի հերթական՝ 7-րդ համարը:

Այն նվիրված է Սյունիքի թատերական անցյալին ու ներկային:

Հանդեսի հերթական համարը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության  աջակցությամբ:

Համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի հեղինակած խմբագրականով, որը ներկայացնում ենք ստորև:

https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_07.pdf

***

Ահա և ընթերցողի սեղանին է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 7-րդ համարը, որ նվիրված է թատերական Սյունիքին:

Համարը չի հավակնում թեմայի՝ լրումի բերված ամբողջականություն, քանզի թեման տարողունակ է ու ծավալուն, և հանդեսի մեկ համարում ամբողջն ընդգրկելն անհնար է:

Սյունիքի թատերական կյանքի անցած ճանապարհն ու ներկան լիովին հասկանալի չէին լինի, եթե, նախ և առաջ, չանդրադառնայինք հայ թատրոնի պատմությանը, թատերագիտությանը, դրամատուրգիային առնչվող որոշ հարցերի:

Սյունիքյան թատրոնի ներկա վիճակն ու անելիքները չէինք պատկերացնի, եթե չպարզաբանեինք թատերական արվեստի ոլորտում ներկայացվող պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, թատրոնին ներկայացվող նորօրյա պահանջները:

Այդ իսկ պատճառով զրուցում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի, դրամատուրգ, արձակագիր, «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ: Նաև ներկայացնում ենք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի հոդվածը հայ թատրոնի մասին:

Այդ նյութերը, մինչև հանդեսի հրատարակումը, հրապարակվել են syuniacyerkir.am կայքում, և դրանց հանդեպ մեր լսարանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել...

***

Թատրոնը՝ իբրև մարդկային հոգեվիճակ և վարքագիծ՝ խաղի ձևով արտահայտվող, դեպի դարերի խորքը ձգվող արմատներ ունի Սյունիքում: Այդ մասին իմանում ենք Քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», մասնավորապես «Պատմության» մեջ տեղ գտած՝ Սյունյաց Բակուր իշխանի տանը Նազենիի մասնակցությամբ տեղի ունեցած տեսարաններից:

Դա մի հետաքրքիր վերհուշ է հեթանոսական ժամանակներում մեզանում եղած թատերական արվեստի սկզբնական դրսևորումների մասին:

Միջնադարյան թատրոնի հաջորդ փուլը գուսանական երգասացությունն է, որի նախնական կերպը նույնպես թատրոնն է եղել, ինչի բազմաթիվ օրինակներ հենց Սյունիքում են տեղ գտել:

Սերո Խանզադյանն էլ նշում է՝ «Մեր քաղաքը՝ Գորիսը, հնուց ի վեր հռչակված էր իր թատերասեր լինելով: Դեռևս պահպանվում է Ձագեձոր բերդում եղած անտիկ թատրոնի սրահը՝ փորված ժայռերի մեջ՝ ամֆիթատրոնի նման, որտեղ երկու հարյուր մարդ կարող էր տեղավորվել»:

Մեկ ուրիշ աղբյուրի համաձայն (Արշալույս Արշարունի, Հայ ժողովրդական թատերախաղեր, Երևան-1961)՝ Սյունիք-Զանգեզուրի գյուղերում տարածված էին ժողովրդական թատերախաղերը: Դրանց թվում էին Բարեկենդանի օրերին ժողովրդական ներկայացումները...

Ժողովրդական ներկայացումները 19-րդ դարավերջին փոխակերպվեցին ավելի կազմակերպված թատերական ներկայացումների: Զանգեզուրի գավառակենտրոն Գորիսում 19-րդ դարի 80-ականներին արդեն ունեինք թատերական կյանքը կազմակերպող կառույցներ, թատերախմբեր: 20-րդ դարասկզբին, կարելի է ասել, Սյունիքում արդեն կար պրոֆեսիոնալին մոտ գտնվող թատերական արվեստ: Ի դեպ, դարասկզբին գավառային կենտրոնում ներկայացումներ էին կազմակերպում նաև ռուսական փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչները:

19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թատերական աշխույժ կյանք կար Մեղրիում: Ավելի ստույգ՝ 1882-ին  այնտեղ արդեն կար կազմակերպված թատերախումբ, իսկ 1905-ին ձևավորվել էր թատերասերների ընկերություն:

 

***

Անդրադառնալով անցյալին՝ չէինք կարող շրջանցել գեղարվեստական ինքնագործունեությունը, որը գուցե և այնքան էլ հասկանալի երևույթ չէ ներկայիս սերնդի համար:

Գեղարվեստական ինքնագործունեությունը ժողովրդական ստեղծագործության ձևերից էր, երբ սիրողների ուժերով էր ստեղծվում ու կատարվում գեղարվեստական երկը, երբ մարդիկ հանդես էին գալիս կոլեկտիվով կամ միայնակ:

Ինքնագործ արվեստի զարգացմանը նպաստել են թատրոնի, երաժշտության, կերպարվեստի առաջադեմ բազմաթիվ գործիչներ, որոնց կազմակերպած խմբերը հասել էին կատարողական բարձր մակարդակի:

Գեղարվեստական ինքնագործունեության մեջ ընդգրկվել են բնակչության լայն զանգվածներ:

Ինքնագործ կոլեկտիվներ են կազմակերպվել ակումբներում, մշակույթի տներում, կրթօջախներում, գործարաններում, զորամասերում...

Ինքնագործունեության հիման վրա աճել են բազմաթիվ դրամատիկական և երաժշտական պրոֆեսիոնալ թատրոններ:

Գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցներով (շատ դեպքերում) համալրվում էին պրոֆեսիոնալ կոլեկտիվները:

Երկրի, հանրապետության, շրջանների մասշտաբով անց էին կացվում գեղարվեստական ինքնագործ խմբերի փառատոներ:

Սյունիքի մարզն ընդգրկող չորս շրջանի բնակավայրերի մեծ մասում տասնամյակներ շարունակ գործել են թատերական ինքնագործ խմբեր, որոնցից մի քանիսի մասին տեղեկություններ ենք ներկայացնում:

***

Թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձևը, նրա զարգացման առավել բարձր աստիճանը ժողովրդական թատրոններն էին:

Դրանք ստեղծվում էին ստեղծագործական առումով հասուն, ճանաչված, մշտապես գործող դրամատիկական և երաժշտական կոլեկտիվների հիման վրա, որոնք ունեին կայուն թատերախումբ, գեղարվեստական առումով լիարժեք խաղացանկ, ներկայացումների պատրաստման և ելույթների նորմալ պայմաններ:

Առաջին ժողովրդական թատրոնները երկրում ստեղծվել են 1959-ին, իսկ 1977-ին Հայաստանում արդեն գործում էր 31 ժողովրդական թատրոն:

Ժողթատրոնները կիսապրոֆեսիոնալ թատրոններ էին, որ ղեկավարում էին գլխավոր ռեժիսորը կամ ռեժիսորը, ինչպես և նկարիչը (բեմական մասի վարիչը), երաժշտական թատրոններում՝ նաև դիրիժորը, խմբավարը, բալետայիններում՝ բալետմայստերը, ովքեր սովորաբար հաստիքային աշխատողներ էին:

Դերասանները և ներկայացման մյուս մասնակիցները տվյալ բնակավայրի դերասանական շնորհք ունեցող մարդիկ էին կամ պարզապես թատերական գործը սիրողներ, ովքեր հասարակական հիմունքներով էին մասնակցում թատերախմբերի աշխատանքներին:

Նշված ժամանակաշրջանում ժողովրդական թատրոններ են գործել նաև Սյունիքի մարզն ընդգրկող Գորիսի, Կապանի, Մեղրու և Սիսիանի շրջաններում:

ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգիայի 1962 թ. որոշմամբ ժողովրդական թատրոնի կոչում է շնորհվել Գորիսի շրջանային կուլտուրայի տան թատերական խմբին:

1964-ին ժողովրդական թատրոնի կոչում շնորհվեց Մեղրու շրջանային կուլտուրայի տան թատերական խմբին:

1981-ին ժողովրդական թատրոնի կոչում շնորհվեց Սիսիանի շրջանային կուլտուրայի տան թատերական խմբին:

Ժողովրդական թատրոնի կոչում ունեին Կապանի Պոեզիայի և Երիտասարդական թատրոնները:

Հանդեսի սույն համարում որոշակիորեն անդրադառնում ենք դրանց գործունեությանը նույնպես:

***

Սյունիքի թատերական կյանքում, անշուշտ, մեծ դեր են խաղացել և խաղում  տեղի պետական դրամատիկական թատրոնները:

1932 թ. ապրիլի 23-ին Կոմունիստական կուսակցության կենտկոմն ընդունեց որոշում «Գրական գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին», որը, ըստ էության, նաև թատերական գործը նոր աստիճանի բարձրացնելու ծրագիր էր: Որոշ ժամանակ անց դրանից բխող որոշում ընդունեց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը:

Այնուհետև Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունեց մի շարք շրջաններում թատրոններ ստեղծելու մասին:

1933-ին պետական թատրոն ստեղծվեց Մեղրիում, 1935-ին՝ Կապանում, 1936-ին՝ Գորիսում:

Թե ինչ ճակատագիր ունեցավ Մեղրու պետական թատրոնը՝ չկարողացանք պարզել:

1951-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ լուծարվեց Կապանի պետական թատրոնը, որը վերաբացվեց միայն 1958-ին:

Գորիսի պետական թատրոնն էլ լուծարվեց 1961-ին, վերաբացվեց  1985-ին, ինչին անդրադարձ ենք կատարում:

Համարում անդրադառնում ենք նաև Սյունիքի տիկնիկային թատրոններին, բայց, ցավոք, անցյալ ժամանակով: Եվ, այդուհանդերձ, չի կարելի չտեսնել՝ որոշակի աջակցության դեպքում հնարավոր է վերականգնել և́ Կապանի, և́ Գորիսի տիկնիկայինները, որոնք տարիներ առաջ մեծ հեղինակություն էին վայելում մարզի երեխաների (և ոչ միայն) միջավայրում, որոնք այսօր էլ պահանջված են:

***

Սխալ կլիներ կարծել, իհարկե, թե թատերական Սյունիք ասվածը միայն պետական և ժողովրդական թատրոններն էին, թատերական ինքնագործ խմբերը, տիկնիկային թատրոնները:

Սյունիքի թատերական կյանքն անհնարին էր և է պատկերացնել առանց հանրապետության մյուս պրոֆեսիոնալ թատերախմբերի և հատկապես մայրաքաղաքային խմբերի հյուրախաղերի, ինչպես և թատերական փառատոների:

Համարում անդրադառնում ենք 1996 և 1999 թվականներին Սյունիքում կազմակերպված փառատոներին, «Արմմոնո-2009» փառատոնին, որ անցկացվել է Կապանում, «Թատրոն-X» փառատոնին, որին մասնակցել է նաև Կապանի թատրոնը:

Ոչ պակաս ուշագրավ էին թատերական գործիչների սյունիքյան այցելությունները, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնի սյունիքյան դրվագները, որոնց նույնպես անդրադարձ ենք կատարում:

***

Հանդեսի սույն թողարկումն առիթ է երախտագիտության խոսք ուղղելու հայ թատերարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, ովքեր տարբեր ժամանակներում խաղացել են սյունիքյան բեմահարթակներում, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել երկրամասի թատերական կյանքի կազմակերպմանը:

Վահրամ Փափազյան, Հովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Ամո Խարազյան, Ավետ Ավետիսյան, Մհեր Մկրտչյան, Ժասմեն, Վաղարշ Վաղարշյան, Երվանդ Մանարյան, Իշխան Ղարիբյան, Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Խոստիկյան, Ռաֆայել Քոթանջյան, Գուրգեն Ջանիբեկյան, Հենրիկ Մալյան, Դավիթ Մալյան, Գալյա Նովենց, Գուժ Մանուկյան, Երվանդ Ղազանչյան...

Նրանք ի սկզբանե մերն էին ու մերն են, եթե անգամ ժամանակին չգային Սյունիք, բայց եկան և ավելի հարազատ ու մերձավոր դարձան մեզ, եկան և նոր որակի բարձրացրին մեր լեռնաշխարհի թատերական խմբերի գործունեությունը:

Ինչպես չհիշենք Ալեքսանդր Շիրվանզադեին, ով դեռևս 1930-ականների սկզբին կարևորեց Կապանում պետական թատրոն հիմնելու խնդիրը:

Ինչպես չհիշենք Սոս Սարգսյանին, ով գրեթե ամեն տարի այցելում էր Սյունիք, իսկ 2004-ին նախաձեռնեց Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի մասնաճյուղի հիմնումը Գորիսում:

Ինչպես չհիշենք մեծն Ակսել Բակունցին, ով, կարևորելով թատրոնի դերը, 1916-ին անձամբ է ընդգրկվել Գորիսի ինքնագործ թատերախմբում՝ խաղալով Ակսելի դերը նորվեգացի դրամատուրգ Բյոռնսոնի «Նորապսակներ» դրամայում:

Կամ վաղամեռիկ Ազարիա Ադելյան գրողը՝ մեծ մեղրեցին, որի պատմվածքների ու պիեսների վրա էր հիմնված Մեղրու թատերական կյանքը 20-րդ դարասկզբին:

Անվանի դերասաններ Բենիկ Բժիկյանը, Չարենցի հայրենակից ու դասընկեր Աղասի Ալոյանը և դերասանների այն բույլը, ովքեր հիմնադրեցին Գորիսի պետական թատրոնը և տարիներ շարունակ՝ 1930-60-ականներին ապահովեցին ակտիվ ստեղծագործական կյանք:

Ամո Խարազյանը, ով «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատրոնով 1925-ին հյուրախաղերով եկավ Կապան, իսկ մեկ տարի անց տեղում հիմնադրեց Հանքափորների թատրոնը՝ սկիզբ դնելով պրոֆեսիոնալ թատրոնին, որի հիման վրա էլ 1935-ին, Սուրեն Միրզոյան տնօրենի և ռեժիսորի գլխավորությամբ ստեղծվեց Կապանի պետական թատրոնը:

Հրաշալի Երվանդ Մանարյանը, ով երեք անգամ Երևանից տեղափոխվեց Գորիս և ստանձնեց տեղի թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը:

Ինչպես կարելի է երախտագիտությամբ չհիշել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի դերասանական կուրսին, որ 1958-ին ամբողջ կազմով եկավ Կապան ու վերածնունդ տվեց վերաբացված թատրոնին:

Ինչպես չհիշենք մեծն Կարեն Դեմիրճյանին, ով 1985-ին Գորիսում վերաբացեց 1961-ին լուծարված պետական դրամատիկական թատրոնը:

Եվ, անշուշտ, Վազգեն Սպարապետը, ով 1994-ի զինադադարից հետո կարևորեց Գորիսի պետական թատրոնի շենքի նորոգումը, որ վնասվել էր Արցախյան պատերազմի ժամանակ:

***

Մեզ հետաքրքրող թեմաներից էր թատերական կադրերի պատրաստման սյունիքյան փորձը: Այդ նպատակով էլ անդրադառնում ենք Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղին, որ գործել է 2004-17 թվականներին՝ Շանթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Անդրադառնում ենք Արթուր Գաբրիելյան եռանդուն երիտասարդի մերօրյա ջանքերին՝ ուղղված Կապանում և Քաջարանում ստուդիական և դպրոցական կրթություն կազմակերպելուն:

***

Կա մի իրողություն, որին փորձել ենք համակողմանի հայացք ձգել՝ դա Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնների ներկայիս գործունեությունն է...

Ի վերջո հենց նրանց ուսերին է հիմնականում ծանրացած ոչ միայն Կապանի ու Գորիսի, այլև ամբողջ մարզի բնակչության թատերական սպասարկման գործը:

Իհարկե, այդ թատրոնների ներկայիս գործունեությունն արտացոլող հրապարակումներ կան համարում, բայց... Առավել կարևոր է տեսնել, թե նրանց վիճակն ինչպես է գնահատում ԿԳՄՍ նախարարությունը:

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը  (սույն համարում հրապարակվող հարցազրույցում) անդրադարձել է Գորիսի թատրոնին՝ նշելով՝ «Մենք այսօր, իհարկե, կառավարման խնդիր ունենք Գորիսի թատրոնում: Եվ դրա մասին չի կարելի չխոսել...»: Այնուհետև հավելել է՝ «Արդեն իսկ կան Գորիսի թատրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախատեսում ենք մյուս տարի հատկացնել նորոգման գումարները»:

Պարոն փոխնախարարն անդրադարձավ նաև հարցին, թե որո՞նք են լավագույն թատրոնի (թատերական կոլեկտիվի) նախարարության պատկերացումները. «Ամենակարևոր չափանիշը, երբ թատրոն այցելելը դառնում է պահանջ: Դա այն թատրոնն է, որ մի անգամ այցելելով այդ թատրոն՝ ձևավորվում է պահանջ՝ նորից վերադառնալու այնտեղ: ... Ամենալավն այն թատրոնն է, որ կարողանում է շոշափել հանդիսատեսի նյարդերը, հանդիսատեսի հոգեկան ու հոգևոր ձգտումները, կարողանում է երկխոսության մեջ մտնել հանդիսատեսի հետ»:

Իսկ որքանո՞վ է այդ թատրոնների ներկայիս գործունեությունը տեղավորվում այն դաշտում, որը, ըստ թատերագետ Գրիգոր Օրդոյանի, բնորոշ է թատերական արվեստի զարգացման ներկա փուլին: Ահա՝ «Արդի թատրոնի բնութագրական հատկությունը նրա այժմեականությունն ու ժողորդավարությունն է, իսկ երբեմն էլ սոցիալական ուղղվածությունը: Գրականության և թատրոնի միջև առաջացած «տարաձայնությունները», որը փորձել են հաղթահարել դեռևս անցած դարավերջից, արդի բարեփոխումների միայն մի մասն են: Թատրոնը շատ դեպքերում հրաժարվել է անգամ բեմից, դուրս է եկել փողոց, ազատվել է ռեժիսորի վաղեմի իշխանամետ դրսևորումներից և վերանայել հանդիսատեսի հետ իր նախկին փոխհարաբերությունները: ... Թատրոնն ինքնակազմակերպման եղանակով վերագտնում է նոր արտահայտչամիջոցներ... Գնալով համոզվում ենք, որ թատրոնն այլևս էլիտար հանդիսականի համար չէ, այն սկսել է խոսել հասարակության լայն զանգվածների լեզվով՝ գիտակցելով և բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին համարժեք խնդիրներ: ... Այսօր դրամատիկական ներկայացումների կողքին՝ թատրոններում գնալով մեծ տեղ են զբաղեցնում երգարվեստի, պարարվեստի, անգամ մի շարք կրկեսային ժանրերի հանդիսանքները: Սա, թերևս, ավանդական թատերարվեստի նորօրինակ փոխակերպման դրսևորումներից է, որին խոսակցական բառապաշարներում ընդունված է անվանել «շոու»»:

Եվ, այնուամենայնիվ, դա ժամանակակից թատերախաղի ուրույն տեսակ է, բայց ոչ դրամատիկական թատերարվեստ:

Թե ինչպես են այդ դիտարկումներին վերաբերվում մեր թատրոնների գեղարվեստական ղեկավարները, կուզենայինք իրենցից լսել:

Մինչ նրանց լսելը, հետևյալը պետք է փաստենք՝ Սյունիքի երկու թատրոնն էլ ջերմություն են ուզում, իսկ առաջին հերթին՝ պետական աջակցություն, տեխնիկական, բեմական հնարավորությունների արդիականացում, մայրաքաղաքից պրոֆեսիոնալ դերասաններ և ռեժիսորներ հրավիրելու հնարավորություն:

***

Սյունիքյան թատրոնի հովիտը մեծ ու արևոտ հովիտ է. այնքա͂ն երախտավորներ ունենք, որոնցից ամեն մեկի մասին պիտի երբևէ խոսենք: Նրանք մեր հոգևոր դաշտի նվիրյալներն էին և են, այդ դաշտի մունջ մշակները, առանց որոնց թատրոնի մասին խոսելն անիմաստ է: Այնպես որ՝ մենք պարտք ունենք կերտելու նրանց և հատկապես դերասաններից յուրաքանչյուրի դիմանկարները, ինչը, ցավոք, մեզ չհաջողվեց սույն համարում:

Թատրոնն այն միջավայրն է, որտեղ մեկտեղված են և́ մեր մայրենին ու գրականությունը, և́ մեր պատմությունն ու պարարվեստը, և́ մեր երաժշտությունն ու կերպարվեստը, և́... Դրանցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր բաղադրիչ է բեմարվեստում: Ափսոս, որ չհաջողվեց խոսակցություն ծավալել երաժշտության, ինչպեսև բեմանկարչության մասին, բայց կարողացանք, գոնե համառոտությամբ, ներկայացնել Ռոբերտ Կամոյանին, Վազգեն Խշտոյանին, Գևորգ Պարոնյանին և Վահրամ Խաչատրյանին, ովքեր մեծ ներդրում ունեցան բեմանկարչության ոլորտում:

Համարից դուրս մնացին երաժշտական թատրոնին (օպերային և բալետին) սյունիքյան առնչություններն արտացոլող նյութերը: Նկատի ենք ունեցել հանգամանքը, որ հանդեսի 6-րդ համարում (նվիրված Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակին) Աննա Ասատրյանի  հոդվածով անդրադարձ ենք կատարել Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերային:

Նաև այն հանգամանքն ենք հաշվի առել, որ հանդեսի 5-րդ համարում (նվիրված երաժշտական Սյունիքին) անդրադարձ է կատարվել օպերային արվեստում և բալետում ներդրում ունեցած մեծահամբավ սյունեցիներին՝ Տաթևիկ Սազանդարյանին, Կոնստանտին (կրտսեր) Օրբելյանին, ինչպես և բալետի ոլորտի երևելի սյունեցիներին՝ լատվիական ազգային բալետի հիմնադիր Ելենա Տանգիևա-Բիրզնիեցին, «Էստոնիա» օպերայի և բալետի պետական թատրոնի մենապարուհի Սվետլանա Բալոյանին, թուրքմենական բալետի նշանավոր ներկայացուցիչ Էդիսա Սարվազյանին:

Համարում հնարավոր չէր առավել հանգամանալից անդրադառնալ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնների պատմությանը, երկու դեպքում էլ դրանք ծավալուն նյութեր են՝ սույն հանդեսի տրամաբանության մեջ չտեղավորվող:

***

Թատրոնն աշխարհը մաքուր պահելուն միտված ազնիվ ջիղ է...

Մյուս կողմից՝ ոչ մի տեղ մենք մեզ այնքան չենք գտնում, որքան թատրոնում:

Համարը սկզբից մինչև վերջ կառուցված է հենց այդ հայեցակարգի նկատառությամբ:

Ու այդ նկատառությամբ էլ ավարտում ենք. նախ՝ ի ցույց ենք դնում Մշո Սուրբ Կարապետը, որը միջնադարյան միմոսների, լարախաղացների և ընդհանրապես թատերական հանդիսախաղերի հովանավորն էր հայոց մեջ: Իսկ վերջում... Վերջում Սյունյաց աշխարհի օլիմպոսն է՝ Կապուտջուղը, որն իր մեջ հիշողություններ է պահում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի սյունիքյան առաքելության և Գարեգին Նժդեհի մասին:

Այդ ամենը համեմվում է հայոց մեծ քնարերգուի, Սյունյաց աշխարհի մեծ զավակի՝ Համո Սահյանի խոսքերով՝ «Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, / Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է...» :

Դրանք ուղերձներ են բոլոր սյունեցիների անունից՝ Սյունիքը եղել և մնում է հայոց պետականության ողնաշարը...

Մեր պատմության և հույսի ամբարտակն է ճաք տվել. հյուսիսի և արևմուտքի բարեկամներին էինք թիկունք կարծել, բայց... Որերորդ անգամ պատմությունն ապացուցում է՝ ազգային մեր լինելիությանը, ազգային մեր զորացումին հիմք և թիկունք կարող ենք լինել միայն ու միայն մենք՝ ինքներս՝ մեր զորական ուժի, հայրենատեր լինելու մեր առաքելությունը գիտակցելու և, իհարկե, մեր մշակույթի միջոցով, որի առանցքային բաղադրիչն է մեծն թատրոնը...

 

Սամվել Ալեքսանյան

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03