Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են մի շարք փաստաթղթեր։
Մասնավորապես՝
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին։
Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմում ԵԱՀԿ–ին՝ Արցախի խնդրի կարգավորման հարցով ստեղծված Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։
Երկու նախարարները նախաստորագրել են (չեն ստորագրել) Համաձայնագիրը՝ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին։
Եվ ամենակարևորը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից (ԱՄՆ նախագահի վկայությամբ) ստորագրվել է Հռչակագիր Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին։
Առայժմ չենք շտապում վերջնական դատողություններ անել, քանի դեռ Հռչակագրին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխանները դեռևս չեն տրվել։
Եվ, այդ բոլորով հանդերձ, մի շարք իրողություններ արդեն իսկ կարելի է արձանագրել։
Եվ ուրեմն՝ իրականություն է դառնում Ադրբեջանի և Թուրքիայի՝ ավելի քան հարյուր տարվա երազանքը՝ ստեղծվում է «Զանգեզուրի միջանցքը»։ Ճիշտ է՝ միջանցքին տրվում է այլ անուն՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», բայց դրանից միջանցքային տրամաբանությունը և բովանդակությունը չեն փոխվում։
Հիշենք, դա այն միջանցքն է, որի ստեղծմանը դեմ են եղել Հայաստանի վերջին հարյուր տարվա բոլոր ղեկավարները՝ սկսած Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանից։
Արձանագրենք՝ Հռչակագիրը եռակողմ փաստաթուղթ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված երկկողմ փաստաթուղթ է, իսկ ԱՄՆ նախագահը ոչ միայն կողմ չէ, ոչ միայն երաշխավոր չէ, այլ ստորագրման արարողությանը ներկա գտնվող անձնավորություն է՝ վկա։
Արձանագրենք նաև՝ այդ Հռչակագրով Ադրբեջանը տիրոջ, փայատիրոջ իրավունք է ստանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո ի սկզբանե գտնվող Սյունիքի մարզի հարավային հատվածի նկատմամբ։
Եվ որպեսզի ընթերցողի ու մեր միջև այս զրույցը փոխըմբռնման ու ողջամտության հունով ընթանա՝ հիշենք Հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերը։
Ահա՝
«3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Հիմա՝ եթե Հռչակագիրն ամրագրում է, որ հաղորդակցությունները բացվում են՝ հիմնված «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա», ապա ինչպե՞ս հասկանալ Իլհամ Ալիևի հոխորտանքը՝ Ադրբեջանից Նախիջևան (և հակառակ ուղղությամբ) մեկնող ադրբեջանցին ճանապարհին ոչ մի հայի չպիտի հանդիպի։ Իսկ եթե հանդիպի՞․ նորի՞ց պիտի Բաքու տարվի կամ մեզ մո՞տ պետք է պատասխանատվության ենթարկվի՝ խաղաղության գործընթացին վնասելու համար։
Եթե միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու մասին է հռչակում փաստաթուղթը, ապա ինչո՞ւ բառ անգամ չի ասվում Սյունիքի հյուսիսից և արևելքից բռնազավթված հազարավոր հեկտար մեր հայրենական տարածքները վերադարձնելու մասին։
Եթե Հռչակագրում ընդգծվում է «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը», ապա ինչո՞ւ խոսք չկա Գորիս–Կապան և Կապան– Ճակատեն ճանապարհների ապաշրջափակման մասին, ինչո՞ւ խոսք չկա Երասխ–Ջուլֆա (Իրանի Իսլամական Հանրապետություն) երկաթգծի ապաշրջափակման մասին։
Եթե Հռչակագրով իբրև սկզբունք է որդեգրվում կողմերի հավասարությունը, ապա ինչո՞ւ փոխադարձություն կամ հայելային պարտավորություն չկա Ադրբեջանի կողմից։ Դե թող «Թրամփի ուղին», Մեղրուց բացի, ընդգրկեր նաև Նախիջևանի տարածքը (Ադրբեջանի նախագահը, ըստ մամուլի, կտրուկ դեմ է արտահայտվել այդ գաղափարին)։
Ակնհայտորեն երևում է, որ այս նախագծի շահառուներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Անգլիան, ՆԱՏՕ–ն և , իհարկե, Միացյալ Նահանգները։ Իսկ ո՞րն է Հայաստանի շահը, եթե միջանցքը գործելու է (ըստ Հռչակագրի) մեր ինքնիշխանության ներքո։ Ադրբեջանը, որպես ենթադրյալ միջանցքի լիարժեք փայատեր, որևէ մեկին հարկ չի վճարելու։ Իսկ եթե շահույթ ստացվի (այլ երկրների՝ միջանցքից օգտվելու պարագայում), ապա Հայաստանին հավասար բաժին պետք է ունենա Ադրբեջանը, ավելի շատ էլ՝ Միացյալ Նահանգները։
Եվ ի՞նչ է ստացվում․․․
Չմոռանանք՝ Ռուսաստանը և Իրանը շարունակում են մաս կազմել Հարավային Կովկասի ուժերի հարաբերակցության հաշվեկշռում։ ՌԴ–ի ներկայիս չափավոր պահվածքը, Իրանից հնչող ոչ միանշանակ արձագանքները չեն կարող վկայել այն մասին, որ նրանք այլևս այստեղ չեն։ Ավելին, ՌԴ–ն հայտարարարում է՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների կարգավորման բանալին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է, որից Հայաստանը չի հրաժարվել։
* * *
Հռչակագիրն ընթերցելուց հետո ուրիշ հարցեր էլ են ծագում․․․
Օրինակ, եթե Միացյալ Նահանգները ստանձնում է «Զանգեզուրի միջանցքի» սյուզերենությունը, ապա ինչո՞ւ չի ստանձնում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի դերը։
Եվ իսկապես, ո՞վ կամ ո՞ր երկիրը, միջազգային ո՞ր կազմակերպությունն է Հռչակագրի կատարման երաշխավորը լինելու, ծագող հարցերի լուծման արբիտրը լինելու։
Ադրբեջանը, իհարկե, միջազգային ոչ մի պայմանագիր չի կատարում և չի կատարելու, եթե հանկարծ ինչ–որ բան իր կամքին հակառակ լինի կամ եթե ինչ–որ անբարենպաստ (իր համար) հարց ծագի։ Արցախի և Լաչինի միջանցքի մասին միջազգային բազմաթիվ ատյանների որոշումները թղթի վրա մնալու փաստը՝ ահավասիկ։
Կամ՝ Վաշինգտոնյան փաստաթղթերի թանաքը դեռ չչորացած՝ օգոստոսի 10-ին, Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվում է մի հաղորդում առ այն, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում իրենց պատմական տարածքներում՝ Արևմտյան Զանգեզուրում։
Իսկ Ամերիկան... Եթե մի օր, ասենք, ամենակրիտիկական պահին Միացյալ Նահանգներն այստեղից փախչի, ինչպես փախավ Աֆղանստանից, Իրաքից և մի շարք այլ երկրներից, ի՞նչ ենք անելու մենք։
Եվ, ի վերջո, ի՞նչ ասել է 99 տարով վարձակալություն կամ ապապատվիրակում։ Նախիջևանն էլ հարյուր տարով (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) տվեցինք Ադրբեջանին՝ հետագայում կարգավիճակը վերանայելու պայմանով։ Վերանայեցի՞նք։
Թե որքանով է ողջամիտ գալիք սերունդների փոխարեն Սյունիքի այդ հատվածի ճակատագրի որոշումը, թե որքանով է սահմանադրական խնդրի այսկերպ լուծումը՝ քննարկման առանձին նյութ է։ Բայց մի՞թե չէր կարելի պայմանավորվել, ասենք, 5-10-15 տարով, որպեսզի համոզվեինք դրա արդյունավետության, ողջամտության, խելամտության մեջ։
* * *
Արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հեռանում են Հարավային Կովկասից...
Քաղաքագետների ու վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Վաշինգտոնյան փաստաթղթերը նախևառաջ ուղղված են Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության դեմ։
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը...
Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վ․ Պուտինը ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը 2020-22 թթ․ ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։
2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունն ուժի մեջ մնալու մասին է հայտարարել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Իսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվել էր՝ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:»։
Հիշենք, որ հայտարարությունը վավերացվել էր նաև ՀՀ վարչապետի ստորագրությամբ, ինչը մինչև հիմա հետ չի կանչվել։ Եվ դա այն դեպքում, երբ հայտարարության մյուս կետերը, որոնք ունեին շատ թե քիչ հայանպաստ ձևակերպումներ, չեն կատարվել։
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը...
Օգոստոսի 8-ի Հռչակագրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչպես երևում է, կա երկու ՝ իրարամերժ կարծիք։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարում է՝«Եթե Սյունիքով ճանապարհը տրվի ԱՄՆ–ին, ապա Հյուսիս–հարավ ճանապարհը պարալիզացվելու է, ՌԴ–ն զրկվում է լոգիստիկ ճանապարհից, որը գնում է Իրան և Հնդկական օվկիանոս, ինչը տնտեսական եռման օջախ է նաև մեզ համար։ Իսկ «Զանգեզուրի միջանցքը» որևէ տնտեսական օգուտի գործակից չի ներկայացնում իրենից։ Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհաքաղաքական կետերից մեկն է, և այդ անցումը ոչ թե Թրամփի սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար։ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը փոխում է տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հանգեցնում է սահմանների փոփոխության և միտված է Հայաստանի մասնատմանը»։
Մինչ այդ՝ հարցին ոչ պակաս սրությամբ գնահատական էր տվել քաղաքագետ Ջաֆար Մոհամմադզադեն։
Ահա՝ «Եթե ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները հանգեցնեն ներկայիս աշխարհագրական սահմանների փոփոխության՝ «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով, Իրանը կարող է և պետք է վերանայի երկու հանրապետությունների ճանաչումը։ Այս պայմանագիրն Իրանի համար ավելի վնասակար է, քան Թուրքմենչայինը կամ Գյուլիստանինը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Խասան Աբբասին էլ հայտարարում է, թե երկու հարյուր տարի առաջ՝ 1828 թ․ Թուրքմենչայի պայմանագրով, Բաքվի հանրապետության ներկայիս տարածքը ժամանակավորապես՝ հարյուր տարով, օտարվել էր Պարսկաստանից։ Ժամկետը վաղուց լրացել է, և Բաքվի հանրապետությունը պետք է վերադառնա Իրանի կազմ։
Սակայն բոլորովին այլ կարծիք ունի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը․ «Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուռճացնում են նորություններում։ Իսլամական Հանրապետության պահանջները, որոնք կապված են այդ երթուղու հետ, հաշվի են առնվել․․․ Տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև այն, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա կամ էլ հյուսիս փակված չէ, հաշվի են առնված։ Միակ մտահոգությունն այն է, որ այդ ճանապարհը կառուցելու են ամերիկյան և հայկական ընկերությունները»։
Արդյո՞ք ներպետական այդ հակասությունն իրական է, թե՞ դիվանագիտական խաղ։ Եթե իսկապես նման հակասություն կա Իրանի հոգևոր առաջնորդի ու գործող նախագահի միջև, ապա, ենթադրում ենք, արտաքին քաղաքականության մեջ առաջնայնությունը տրվելու է հոգևոր առաջնորդի տեսակետին։
Եվ, այդուհանդերձ, չշտապենք եզրակացություններ անել ու սպասենք ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման հետագա հստակեցմանը։
* * *
Որքա՞ն տարածք է տրվելու ԱՄՆ–ին՝ Մեղրու տարածաշրջանից, «Թրամփի ուղին» ստեղծելու համար...
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, ով առաջինն էր բարձրաձայնել ենթադրյալ միջանցքը Միացյալ Նահանգներին արտապատվիրակելու մասին, հայտարարեց նաև՝ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կմ երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալության այդ ճանապարհը և բոլորով կօգտվենք դրանից»։
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրում, սակայն, հիշատակում չկա այն մասին, թե որքան երկարություն և լայնություն է ունենալու միջանցքը։
Մինչդեռ՝ Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման՝ Ծիրանաձոր (Արաքսի հունին զուգահեռ), ճանապարհի երկարության մասին տարբեր ժամանակներում տարբեր թվեր են շրջանառվել՝ 46 կմ, 43․5 կմ, 40 կմ․․․
Թվերի այս խաղի խորքում, սակայն, ադրբեջանաթուրքական հերթական որոգայթն է։
Ադրբեջանը, ըստ այդ երկրի մամուլի հրապարակումների, Նռնաձորի (երբեմնի Նյուվադիի) հատվածը վաղուց իրենն է համարում՝ 10-12 կմ խորությամբ։
Ըստ երևույթին Ադրբեջանում թևածող այդ տրամադրությունն է հաշվի առել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, երբ ենթադրյալ միջանցքի կամ հայ–իրանական սահմանի երկարությունը համարել է 32 կմ։
Այդ ամենը ենթադրության տեղիք է տալիս, որ ակնկալվող սահմանազատման–սահմանագծման ընթացքում՝ Նռնաձորի հատվածում, Ադրբեջանը բանակցային սեղանին կդնի տարածքային այդ պահանջը ևս։
Ինչպես նշեցինք, առայժմ որևէ խոսք չկա ենթադրյալ միջանցքի լայնության մասին։
Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար տեղին ենք համարում հիշել տվյալ հարցի քննարկումը 2001 թվականին՝ Քի Վեսթում։ Հայ–ադրբեջանական բանակացություններում հարցն այսպես էր դրված․ Մեղրիով՝ Արաքսի ափով, Ադրբեջանին տրվելիք միջանցքը, որ ունենալու էր 40 կմ երկարություն և 8 մ լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանն այդ միջանցքից օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ չէր վճարելու։ Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կմ–ոց էստակադայով՝ կամրջակապով, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, բայց այն չափից դուրս թանկ էր ստացվում։ Ուստի և առաջարկվեց 8 մ լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրի հանդիպելու դեպքում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա։ Դրանով նվազագույնի էր հասցվելու Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների ու Մեղրիի բնակիչների շփումների հավանականությունը։
Հայկական բնակավայրերի մոտ էստակադաների կառուցումը՝ անցումը գետնից վեր բարձրացնելը, լուծում էր մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապի ապահովում։ Ճիշտ է, մեծ հաշվով Հայաստանի տարածքը 8 մետրով նեղանում էր և բացի այդ, Հայաստանը կորցնում էր Արաքս գետից՝ ամբողջ 40 կմ երկարության վրա, օգտվելու հնարավորությունը, սակայն, մյուս կողմից, էստակադաների հատվածում Հայաստանը կարող էր ունենալ մեկից ավելի կամուրջ, որոնք միմյանց կկապեին Հայաստանն ու Իրանը, ինչպես այսօր դա իրականացվում է մեկ կամրջով։ Հաշվի առնելով հայկական բնակավայրերի քանակն Արաքս գետի երկայնքով՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու Իրանն ամբողջ ցամաքային կապը կապահովեին Նռնաձորի, Ալվանքի, Մեղրիի կայարանամերձ հատվածի և Ագարակի տարածքներով։
Վերջին հաշվով, սակայն, կողմերը հրաժարվել են այդ տարբերակի հետագա քննարկումից։
Այո, այդպես էին 25 տարի առաջ պատկերացնում Մեղրիի ճանապարհը (իհարկե, այդ ժամանակ զուգահեռաբար քննարկվում էր նաև Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է ունենար 20 կմ լայնություն)։ Եվ միջանցք ասվածն այդ ժամանակ մեր տարածքում ենթադրում էր միայն ավտոճանապարհ, որի համար 8 մ լայնությունը բավարար էր համարվում։
Հիմա, սակայն, խոսքը ոչ միայն ավտոճանապարհի, այլև երկաթգծի, գազատարի, նավթամուղի և մալուխային գծերի մասին է։ Գումարած այդ ենթակառույցներին սպասարկող տարածքները։ Ասել է թե՝ ենթադրյալ միջանցքի լայնությունը «Թրամփի ուղում» բազմապատիկ անգամ մեծ պետք է լինի, քան նախատեսվում էր 2001–ին։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ մինչև 1-2 կմ լայնություն, ինչն (այդ դեպքում) էականորեն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։
Այս ամբողջ պատմության մեջ՝ բազմաթիվ հարցականների խառնաշփոթում, չափազանց կարևոր մի հարց էլ կա, որ անշրջելի է եղել և՛ երեկ, և՛ այսօր՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը ենթադրյալ միջանցքի հարցը գործնականում լուծելուց առաջ չի ուզում խորհրդակցել մեղրեցիների հետ, մի՞թե տեղի բնակիչների կարծիքը չպիտի հաշվի առնվի։
Իսկ միգուցե Մեղրի համայնքի բնակիչները կամ Մեղրի համայնքի ղեկավարը տվյալ հարցով տեղական հանրաքվե նախաձեռնեն, ինչի հնարավորությունն ընձեռում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը։
Մի հանգամանք ևս, որ ենթադրյալ միջանցքի պարամետրերը որոշելիս հնարավոր չի լինելու շրջանցել։ Նկատի ունենք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը Մեղրիում՝ դրանցից բխող խնդիրներով։
* * *
Եվ ինչն է ուշագրավ այդ ամենից հետո՝ տղերքը՝ Երևանի հրահանգով, զուռնա–դհոլով, խոհանոցային փառատոներով են արձագանքում Սյունիքի հարավում հայոց ինքնիշխանության աճուրդ–հանդեսին։
Այլևս չենք էլ զարմանում ու զայրանում, չէ՞ որ տեղական գործիչներից ոմանց համար հայոց ինքնիշխանությունից, Սյունիքի տարածքային ամբողջականությունից վեր ուրիշ ու վեհ արժեքներ էլ կան՝ երկատված պաշտոն, սեփական բիզնես, պետական ինդուլգենցիաներ...
Սամվել Ալեքսանյան