Տանձավերի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները

25.03.2026 11:06
137

Տանձավեր գյուղը գտնվում է պատմական Սյունիքի Մյուս Բաղք (որը կոչվում է նաև Քաշունիք) գավառում՝ Վանանդաձորում1՝ Գազբոյլի լանջերից սկիզբ առնող Քաշունիք գետի վերին հոսանքի ձախափնյա մի գեղատեսիլ և անտառով շրջապատված հովտում: Բարձրությունը ծովի մակերևույթից մոտ 1650 մ է:

Տանձավեր, Տընձըվէր բնակավայրի անունը այլ նշանակություն չունի: Տեղանքի տանձաշատ լինելու համար գյուղն անվանվել է Տընձավէր = տանձ + ի + վայր: Ուրիշ անուն մեզ հայտնի չէ: Տանձավերցիները խոսում են Շրվենանց գյուղի խոսվածքով, լայն առումով՝ Կապանի խոսվածքի մեջ է ընդգրկվում2։

Հազարամյակներ այս հովիտը եղել է մարդու բնակության և կենսագործունեության վայր, իսկ միջին դարերում՝ միջգավառային բանուկ ճանապարհների խաչմերուկ. մասնավորապես՝ Բաղաց ձորից եկող պատմական ճանապարհը, որը կապում էր Բաղաբերդը Տաթևի հետ, անցել է Գիրաթաղի լեռնանցքով կամ Մեծ Խոռնով3, այնուհետև՝ Մալդաշով կամ Մեծ Տափով4, որը արոտավայր էր Տանձատափի և Տաթևի շրջակա գյուղացիության համար, և այնուհետև՝ Խողվանի լեռնանցքով դեպի Տանձատափ ու Տաթև: Միջնադարյան ճանապարհներից մեկն էլ, որը Աճանանի ձորը կապում էր Տաթևի հետ, անցնում էր Խոտանան-Տանձավեր-Խողվանի լեռնանցք-Տանձատափ գծով5:

Տանձավերին առանձնահատուկ գեղեցկություն են հաղորդում շրջակա անտառներն ու հանդերը, ժայռերն ու արոտները, գյուղի տարածքում կան բնական քարանձավներ, որոնցից հիշարժան են Մութաղբյուրն ու Սառցատունը:

Մութաղբյուր քարանձավը գտնվում է դաշտի եզրին՝ անտառի հարևանությամբ: Այն մոտ 10 մ տրամագծով և 3 մ խորությամբ ձագար է, որի հատակի քարերի փլվածքի միջով ջուր է հոսում: «Հասնելով դրան մենք տեսանք ուղղահայաց պատերով մի վիհ: Նրա հատակին ժայռաբեկորներ էին թափված և ծառեր էին աճում: Հորի խորությունը մինչև փլվածքը մոտ քսան մետր էր և անցնելով այդ հատվածը ես մոտեցա վերը հիշատակված աղբյուրին: Փլուզումը անցքը նեղացրել էր և անցնել չհաջողվեց, թեև լսեցի ջրի խոխոջյունը ինձանից մի քանի մետր ցած: Տղաները գտան մի ուրիշ անցք և դուրս եկան ոսկորների մի մեծ կույտի վրա: Հավանաբար գայլերն այստեղ էին քարշ տալիս իրենց զոհերին»,- կարդում ենք 1980-ական թվականների վերջերին տարածքի քարանձավները ուսումնասիրած արշավախմբի ղեկավարի գիտա-գեղարվեստական ակնարկում: Մութաղբյուրի քարանձավից քիչ հեռու գտնվում է Սառցատոն (Սառցատուն) կոչվող ուղղահայաց պատերով քարանձավը, որի հատակին կլոր տարի ձյուն ու սառույց կա: Սառցատունը ունի նաև ուղղահայաց խորություն՝ մոտ 20-25 մետր, որի հատակին նույնպես կլոր տարի կոնաձև ձյան բուրգ կա6: Քարանձավագետները Սառցատունը ուսումնասիրելիս հայտնաբերեցին մարդկությանը դեռևս անհայտ բուսականություն և աշխարհում տեսակով հազվագյուտ սպիտակ ճիճուներ, որոնց անվանում են նաև ստորերկրյա ձկներ7: Այս քարանձավներն ունեն սրբազան նշանակություն շրջակա բնակիչների համար և հնարավոր է՝ պաշտամունքային դերով ուշագրավ են եղել դեռևս Ք.ա. II-I հազարամյակներում8:

***

Հնագիտական գտածոները վկայում են, որ վաղ բրոնզեդարից (մ.թ.ա. 2900-2500 թթ.) սկսած Տանձավերի շրջակայքը եղել է մարդու բնակատեղի: Այստեղ գրանցվել և հաշվառվում են երկու հնավայր-դամբարանադաշտեր. մեկը Տանձավերի հնավայրն է, որը գտնվում է գյուղից մոտ 500 մ հյուսիս՝ ընդարձակ բացատում, մյուսը՝ Միջակարտ հնավայրն է, որը գտնվում է Տանձավերից մոտ 2 կմ հյուսիս-արևելք՝ Մաճ գյուղատեղին մոտ: 1974 թվականին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից այստեղ իրականացվել են պեղումներ: Ըստ դրանց արդյունքների՝ Տանձավերի հնագույն մշակույթը ընդգրկվում է Քուրարաքսյան (բրոնզեդարյան)՝ մ.թ.ա. 2900-2500 ժամանակաշրջանում թվագրվող մշակութային խմբում, իսկ Միջակարտինը՝ Լճաշենմեծամորյան (վաղ երկաթի դար)՝ մ.թ.ա. 1200-900 մշակութային խմբում9: Հայտնաբերված խեցեգործական և մետաղագործական նյութական մշակույթի նմուշները մեծ տեղեկություններ են մեզ փոխանցում տեղի բնակիչների տնտեսության, կենցաղի առանձնահատկությունների, տեխնիկական հնարավորությունների, տնտեսական կապերի մասին և արժեքավոր աղբյուր են հանդիսանում արտադրական գործունեության մակարդակը բնութագրելու համար:

Տանձավերի հնավայրը ավերվել է մելորացիայի հետևանքով: Հնավայրի զգալի մասը հերկվել է և օգտագործվում է որպես մշակելի տարածք: Դամբարանադաշտի հարևանությամբ տարածվում է հին Տանձավեր գյուղատեղին: Արտաքուստ դամբարանները 1-2 մ բարձրությամբ հողաթմբեր են, որոնց մոգական շրջագծերը շարված են անմշակ բազալտով: Հնավայրը զբաղեցնում է 6 հա տարածք10։

Տանձավեր գյուղի արևմտյան հատվածում պեղվել է մ.թ.ա. III հազարամյակի (մ.թ.ա. 2900-2500) քարայր-դամբարան: Այն վաղ բրոնզեդարյան թաղում է ներկայացնում և գտնվում է ավերված վիճակում: Տեղում հավաքված նյութը սև փայլեցրած կամ արծաթագույն մակերեսով ու կարմիր աստառով քրեղանների ու գավաթների չամբողջացող մասեր են11: Թաղումը կատարված էր ժայռի ծնկաձև խորացող խորշում: Դատելով ճեղքի հյուսիսում գտնվող վատ պահպանված ոսկորների դիրքից՝ գլխով հյուսիս ուղղված կմախքը պառկեցված է եղել աջ կողքի վրա, կծկված վիճակով: Կմախքի մոտ ընկած էին նախապես կոտրվելուց հետո մասնակի վիճակով դամբարանախուց նետված ամանների բեկորներ, վարազի ժանիքից պահպանակ, ոսկրե բիզ, վանակատե քերիչ-կոկիչներ: Կմախքը և ուղեկցող նյութերը, ներծծված լինելով կարմիր օխրայով, ծածկված էին 50-60 սմ հաստության հողաշերտով: Կարմիր օխրան բրոնզեդարյան բնակիչների համար հավանաբար ասոցացվում էր արյան հետ: Ինչ վերաբերվում է ժայռի ճեղքին կամ քարանձավին, ապա այն, ինչպես ցույց են տալիս հետազոտողները, հների պատկերացումներում կապվել է մայր հողի ընդերքը տանող մուտք-ելք գաղափարի հետ և զուգորդվել իգական նախասկզբի գաղափարին, ինչպես և արտահայտել է տուն, արգանդ իմաստը: Հետևաբար՝ թաղումը քարանձավում կամ ժայռախորշում ենթադրում էր բնական ճանապարհով վերադարձ մայր հողին12:

Ավելի ուշ ժամանակաշրջանի են պատկանում Տանձավեր գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք գտնվող Միջակարտ կոչվող վայրի դամբարանադաշտի մի դամբարանաթմբից հայտնաբերված նյութերը: Թմբի տակ գտնվում էր քարարկղային դամբարան, որն ուղղված էր արևելքից արևմուտք: Կմախքը, որը երկարագանգ տեսակի էր, պատկանում էր մոտ 45 տարեկան տղամարդու և գտնվում էր դամբարանի արևմտյան մասում, դրված էր աջ կողքի վրա, ծալած վերջավորություններով: Նկարագրված առարկաներից ամենևին չեն տարբերվում նշված դամբարանադաշտից մոտ 1 կմ արևելք՝ Մաճ գյուղատեղում պատահականորեն բացված դամբարանի նյութերը: Այդ դամբարանից հայտնաբերվել էին սկահակ, խեցանոթներ, քրեղաններ և բրոնզե մեկ ճակատակալ՝ երկրաչափական զարդանախշերով, որոնք հավանաբար կապված են երկնային լուսատուների պաշտամունքի հետ13:

Հայտնաբերված նյութի համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ Զանգեզուրի այս հատվածը նույնպես հանդիսացել է Հայկական լեռնաշխարհի մշակույթի միասնական շրջաններից մեկը14:

***

Գյուղը Տանձավայր անվամբ հիշատակվել է XIII դարում` Ստեփանոս Օրբելյանի կողմից՝ որպես Տաթևի եպիսկոպոսարանին հարկատու Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի բնակավայր15, սակայն կան կարծիքներ, որ հիշյալ հարկացուցակը, որից օգտվել է Սյունյաց պատմիչը, թվագրվում է IX դարով: Ելնելով սահմանված հարկի մեծությունից (8)՝ կարելի է ենթադրել, որ Տանձավայրը փոքր չափի գյուղ էր: Հին գյուղատեղին (V-XVIII դդ.) գտնվում է գյուղից մոտ 500 մետր հյուսիս, որի արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանի և ավերված եկեղեցու մնացորդները:

Դարեր ի վեր այս հողերը հանդիսացել են Տաթևի վանքի կալվածքները, որոնց կալվածագրերը և նվիրատվական վկայագրերը մեզ են հասել Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական» երկի միջոցով:

Տանձավերում են գտնվում XV դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները, որից պահպանվել են արևելյան և հյուսիսային պատերը:

Այս եկեղեցու հետ կապված գյուղում կա մի ավանդազրույց. 1930-ական թվականներին, երբ խորհրդային իշխանությունները փակում էին եկեղեցիները, ավերում, գնդակահարում էին հոգևորականներին, Տանձավերի կոլեկտիվ տնտեսության նախագահը կամ գյուղապետը ավերում է եկեղեցին ու այդ քարերով իր համար կառուցում տուն ու գոմ: Տեղի բնակիչները ասում են, որ այդ դեպքից հետո գյուղապետը անիծվում է Աստծուց, ու նրա՝ եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում: Բոլորը մեռնում են, իսկ տունը մնում է դատարկ: Այդ տունը մինչև հիմա կիսավեր վիճակով գտնվում է գյուղում ու համարվում է անիծված վայր:

Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին՝ հաստ տրավերտինե սյուներով: Այս եկեղեցին խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերը օգտագործվել էին որպես շինանյութ և ոչնչացվել:

Տանձավերի շրջակայքում կան բազմաթիվ բնակատեղեր, որոնք գտնվում են Քաշունի գետի ափերին: Տեղացիներին հայտնի են դրանց միայն մի քանիսի անունները:

Ուշ միջնադարում Տանձավերը հիշատակվել է գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցում արտագրված ձեռագրերի հիշատակարաններում, որոնցից պահպանվել են երկուսը16:

Դրանցից առաջինը պահվում է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի հարուստ ձեռագրատանը, թվագրվում է 1619 թվականով և պատկանում է Խաչատուր քահանայի գրչին: Այն սյուժետային մանրանկարներով հարուստ, բավական գեղեցիկ ավետարան է, որի պատվիրատուն է Տանձավերում տանուտիրություն անող գերդաստանի ներկայացուցիչ տիկին Խանին։

Երկրորդ ձեռագիրը, որ արտագրվել է Տանձավերում, նույնպես ավետարան է, թվագրվում է 1620 թվականով և նույնպես պատկանում է Խաչատուր քահանայի գրչին17:

Համաձայն հետագա հիշատակարանի՝ 1727 թվականին, երբ Կապանում ընթանում էր Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարը, այս ավետարանը փոխադրվել է Վայոց Ձորի Շատին գյուղի մոտի Շատինյա վանք:

Հավանաբար շատ բնակավայրեր, որոնց թվում նաև Տանձավերը, ավերվել կամ արտագաղթել են, ինչի պատճառով Տանձավերի ավետարանը 1727 թվականին տեղափոխվել է Շատին: Ինչպես հայտնի է թուրքական այդ հսկայական զորքը Հալիձորի մերձակայքում ջարդվել է Կապանի զինյալների կողմից, բայց չնայած դրան՝ տարածաշրջանի կրած վնասներն ու կորուստները դեռ տևական ժամանակ  զգացվում էին:

Հիշյալ դեպքերից 9 տարի անց՝ 1736 թվականին, ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացին Մուղանում Նադիր Շահի թագադրության արարողությունից վերադառնալիս անցնում է Տանձավերով և գյուղը նկարագրում որպես ամայի. «Եւ ապա ելեալ ի վանաց անցանելով Տանձաւեր ամայի գիւղ, հասանք Իրիցվանիկ»18:

Նադիր Շահի տիրապետությունը իր հետ բերեց ոչ երկարատև քաղաքական կայունություն և համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծեց Սյունիքի և Արցախի հայերի համար՝ վերականգնելու թուրքերի կողմից ավերված բնակավայրերը և որոշակիորեն աշխուժացնելու հոգևոր-մշակութային կյանքը: Վերականգնված և վերաբնակեցված հայկական գյուղերի թվում էր նաև Տանձավերը: Գյուղը կրկին վերահաստատվում է որպես Տաթևի եպիսկոպոսարանի տիրույթ: 1781 թվականի Տաթևի նոր հարկացուցակում (Քեոթուկ) Տանձավերն ու Մաճը հիշատակվել են որպես Մաղանջուղի գավառի Տաթևին հարկատու բնակավայրեր19:

Ծանոթագրություններ

1. Քաշունիք գետի հովիտը Վանանդաձոր անվամբ հիշատակել է Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ «Տվեցին Խողվանի գյուղը Վանանդաձորից...» (Ստեփանոս Օրբելյան, 1986, էջ 276):

2. Քումունց Մ., Տանձավեր. մատենագրական տեղեկություններ, խոսվածքը, պատմահնագիտական հուշարձաններ. www.sarc.am

3. ՊԲՀ, 1981, թիվ 1, էջ 135:

4. ՊԲՀ, 1981, թիվ 1, էջ 135։

5. ՊԲՀ, 1981, թիվ 1, էջ 134:

6. Սարգսյան է. Գ., Քարանձավները բացում են իրենք գաղտնիքները, «Հայաստան» հրատ., Երևան, 1989, էջ 235, 236 (Սարգսյան է. Գ., 1989)։

7. Սարգսյան է. Գ., 1989, էջ 274:

8. Քումունց Մ., Պատմական Սյունիքի Բաղք գավառի Շոռնոխ բնակավայրը (ստուգաբանության փորձ), «Էջմիածին», թիվ Ժ, 2021, էջ 50-66։

9. Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ., Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Հնագիտական հետազոտություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, էջ 10-11 (այսուհետ՝ Հնագիտական հետազոտություններ, 2015)։

10. Հնագիտական հետազոտություններ, 2015, էջ 140, 141:

11. Խնկիկյան, Օ., Պեղումներ Տանձավեր և Շիկահող գյուղերում, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 2, 1975, էջ 239 (այսուհետ՝ ՊԲՀ, 1975, թիվ 2)։

12. Խնկիկյան Օ. Ս., Սյունիքի մ.թ.ա. IV-I հազարամյակի թաղման ծեսի մեկնության փորձ, «Բանբեր Երևանի համալսարանի», 1993, թիվ 3, էջ 128, 129։

13. ՊԲՀ, 1975, թիվ 2, էջ 241:

14. ՊԲՀ, 1975, թիվ 2, էջ 239:

15. Ստեփանոս Օրբելյան, 1986, էջ 401:

16. Այս ավետարանների մասին ավելի մանրամասն՝ մանրանկարների պատկերներով, կարող եք տեսնել սույն աշխատության ներդիրներում:

17. Մատենադարան 293, ավետարան, Մայր ցուցակ հայէրեն ձեռագրաց Մաշտոցի անուան մատենադարանի, հատոր Ա, կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, ՀՍՍՀ ԳԱԱ հրատ., Երևան, 1984, էջ 726:

18. Աբրահամ Կրետացի, Պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1973, էջ 155։

19. Մատենադարան 6271, էջ 677։

 

 

Սերգեյ Ջհանգիրյան

Հատված «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գրքից

 

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Տանձավերի սրբավայրեր այցելեց 2026 թ. մարտի 24-ին:

Մեզ ընկերակցում էր գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Ավետիսյանը, ում մեր շնորհակալությունն են փոխանցում:

Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով

25.03.2026 12:29

«Թվերից այս կողմ». Պարգևավճարներ, հաշվարկներ և փակ տվյալներ

25.03.2026 11:33

Տանձավերի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները

25.03.2026 11:06

ՀԱՄԼԵՏԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԵՎՍ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ ԿՈՒՆԵՆԱ

25.03.2026 11:01

Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր. AP

25.03.2026 10:59

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

25.03.2026 10:57

Արաղչին ողջունել է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի դեմ պատերազմի դատապարտումը

25.03.2026 10:54

Մելանյա Մարտիրոսյանի մասին՝ հոբելյանի առիթով

25.03.2026 09:46

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին

24.03.2026 22:48

«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքաստի 3-րդ էպիզոդը

24.03.2026 22:03

Երևան–Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան

24.03.2026 21:51

Սիսիանը աշխատանքային եռուզեռի մեջ է (տեսանյութ)

24.03.2026 20:50