Ակսել Բակունց․ ինքը հայոց երկիրն էր, մեր հողն ու հերկը․․․

03.06.2024 11:17
1986

125 տարի առաջ ծնվեց Ակսել Բակունցը...

Հոբելյանն առիթ օգտագործելով՝ ուզում ենք, նախևառաջ, գլուխ խոնարհել հայ արձակի աստեղային ճամփորդ, մեր մշակույթի զորավար, մեր ընթացքի առջևից այսօր էլ քայլող Ակսել Բակունցի հիշատակի ու կերպարի առջև։

Հոբելյանն առիթ է նորից և նորովի արժևորելու մեծագույն հայ արձակագրի արվեստը, նրանով ներշնչվելու և վեհացնող վայելք ապրելու համար։

Ճշմարիտ խոսք կա՝ կան անուններ, որոնք ինքնին վեհություն են և խորհրադանիշ։ Կան անհատներ, որոնք այս կամ այն ոլորտում ուղենշել և ուղենշում են ազգային մեր ընթացքը։

Հայ գրականության և հայ մշակույթի համար այդպիսի մի ուղենիշ-գագաթ է Ակսել Բակունցը։

Այնպես որ՝ բարեբախտություն է մեզ համար՝ տասնհինգ տարի հետո կրկին անդրադառնալ նրա ստեղծագործություններին, ներկայացնել նրա կերպարի, նրա հանճարեղ գործերի մեր ընկալումը։

Սյունյաց աշխարհի մթին կիրճերից բարձրացավ նրա գրանիտե հասակը, և կարողացավ տասը տարվա ընթացքում իր հավերժական տեղը գտնել մեր գրականության Մասյաց գագաթին։

Նա դարձավ արևելահայ արդի արձակի հիմնադիրը։ Եվ մինչև հիմա անխախտ մնաց առաջապահի նրա դիրքը։

Անշուշտ, նա գիտեր նախախնամության կողմից իրեն վերապահված առաքելությունը։ Եվ իզուր չէ, որ բանտային խուղում անգամ, ականատեսների վկայությամբ, հիշում էր Վահան Տերյանի երկաթագիր խոսքը՝ կարծեք իր համար գրված․

«Դու նահատակ պիտի լինես,

Մարգարե ու մարտիրոս,

Խարույկ ու խաչ պիտի ելնես

Ոչ իբրև ստրուկ, այլ՝ հերոս»։

 

* * *

Ակսել Բակունցը տասնամյակներ շարունակ եղել և մնում է հայ գրականության և ընդհանրապես հայ մշակույթի բացառիկ արժեքներից մեկը։

Տասը տարվա ընթացքում նա հրատարակեց երկու տասնյակի հասնող գրքեր՝ գեղարվեստական, գյուղատնտեսական և թարգմանական։ Շատ–շատ գործեր էլ մնացին կիսատ, մի մասն էլ կորավ։

Պատմվածքների հրատարակված ժողովածուներն են՝ «Մթնաձորը» (1927), «Սպիտակ ձին» (1929), «Անձրևը» (1935), «Սև ցելերի սերմնացանը» (1933), «Քեռի Դավոն» (1936), քնարական պատկերներ՝ «Աշոտը», «Անտառում» և «Աղոթքը»։

1920-30-ականներին հրատարակվել են նաև գեղարվեստական արժեք ունեցող ակնարկներ, տպավորություններ։

Արձակի փոքր տեսակի (պատմվածք, նորավեպ) հետ մեկտեղ Բակունցը ծավալվել է նաև վեպերում ու վիպակներում։ Խոսքը նախևառաջ նրա երկու ավարտուն վիպակի մասին է՝ «Հովնաթան Մարչ» (1927), «Կյորես» (1936)։ Ինչպես և՝ հատվածաբար մեզ հասած (ըստ վկայությունների՝ ավարտած) երեք վեպի մասին՝ «Կարմրաքար» (1929), «Որդի որոտման» (1932), «Խաչատուր Աբովյան» (1934-35)։

Իհարկե, հնարավոր չէր այդ ստեղծագործությունների գոնե մի մասի վրա շատ թե քիչ հանգամանալից հայացք ձգել, բայց հրապարակվող նյութերում ընթերցողը կգտնի անդրադարձներ։

* * *

Շատ կուզենայինք անդրադառնալ բակունցագիտության անցած ճանապարհին, բայց նման հնարավորություն (թերթի ծավալի սահմանափակ լինելու պատճառով) չունեցանք։ Այդուհանդերձ հարկ ենք համարում նշել այն գրականագետների անունները, ովքեր տասնամյակների ընթացքում զբաղվել են Բակունցի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ և հանրայնացմամբ։

Առաջին հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակներն էին (1925-30-ական թվականներին)՝ Արտաշես Կարինյանը, Արսեն Տերտերյանը, Հարություն Սուրխաթյանը, Խորեն Սարգսյանը, Ռաֆայել Աթայանը, Արշակ Չոպանյանը, Շավարշ Նարդունին, Պետրոս Զարոյանը և ուրիշ երախտավորներ։

Բակունցագիտության նոր փուլ սկսվեց 1950-ականների վերջին, որի առաջնեկը «Ակսել Բակունցի ստեղծագործությունը. հոդվածների ժողովածու»-ն էր։

Այնուհետև ընթերցողի սեղանին դրվեցին Ռաֆայել Իշխանյանի, Սուրեն Աղաբաբյանի, Էդուարդ Ջրբաշյանի, Հրանտ Թամրազյանի և ուրիշների հոդվածներն ու ուսումնասիրությունները։

Այնուհետև՝ Վլադիմիր Ղազախեցյան, Սերգեյ Աթաբեկյան, Կիմ Աղաբեկյան, Ժենյա Քալանթարյան...

Բակունցագիտության մեջ 1970-ականներից սկսած  նոր խոսք ասաց Դավիթ Գասպարյանը: Առանձին պետք է դիտել նրա վաստակը՝ իր բերած կենսագրական նորություններով և գրողի անտիպ ժառանգության հավաքչական աշխատանքով: Այս տեսակետից հսկայական նոր նյութեր են պարունակում նրա «Փակ դռների գաղտնիքը. Չարենցը, Բակունցը և մյուսները» (1994),  «Ակսել Բակունց. ժառանգություն» (1999), «Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց. մեղադրական գործ N4131» (1999), «Ակսել Բակունց. կյանքը և ստեղծագործությունը» (2009) աշխատությունները: Նա է հայտնաբերել և հրապարակել «Խաչի ստրուկները» համր ֆիլմի սցենարը, Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի հույժ կարևոր  «Ցուցմունքները»: Շրջանառության մեջ է դրել Ակսել Բակունցի կորած համարվող «Հայկական մանրէ» վիպակի հետ կապված իրողությունները: Հայտնի է, որ տպագրության է պատրաստել Բակունցի անտիպ նյութերի ժողովածու՝ որպես գրողի քառահատորյակը լրացնող հինգերորդ հատոր:

Արցախի Հանրապետությունում ևս կային գրականագետներ, ովքեր զբաղվում էին գրականագիտությամբ։ Նրանցից մեկը Նարինե Հովհաննիսյանն էր, ում ատենախոսության թեման էր «Մարդու և բնության պատկերման արվեստը Բակունցի արձակում»։ Հետագայում գրքի վերածված այդ ատենախոսության որոշ բաժիններ լրամշակվել և հրատարակվել են առանձին–առանձին՝ «Ակսել Բակունցը և ազգային գաղափարախոսությունը», «Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպը», «Հայ կնոջ կերպարը Ակսել Բակունցի արձակում»։

Բակունցագիտության մեջ յուրօրինակ տեղ են զբաղեցնում գրողին նվիրված բանաստեղծությունները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողին։ Խոսքը մասնավորապես Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Վահրամ Ալազանի և Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունների մասին է։ Դրանց թվում է Չարենցի գոհարակերտ հուշարձանը՝ նվիրված Ա․ Բ–ին՝ «Եվ բառերի համար քո մարմարյա․․․»։

Բակունցի ստեղծագործությունների վերաբերյալ գնահատող խոսք են ասել Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Մարիետա Շահինյանը, Սամուիլ Մարշակը, Յուրի Սամարինը, Սերո Խանզադյանը…

Այսօր կուզենայինք առանձնացնել Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի և Սերո Խանզադյանի  գնահատանքի խոսքերը։

Ավետիք Իսահակայն «Նրա ստեղծագործությունների վրա․․․ անհատական կնիքն է դրված, այնքան թարմ են և ինքնուրույն և զգացված ամեն մի պատկերն ու արտահայտությունը․․․ Այս ժողովածուի («Սև ցելերի սերմնացանը») մեջ կան շատ մեծ վարպետությամբ ստեղծված պատմվածքներ։ Գեղեցիկ են շատ «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Բրուտի տղան»։ Այնքան նուրբ են հյուսված այս պատմվածքները, մանավանդ «Միրհավը», «Բրուտի տղան», այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ ես տեսնում, այնպես կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական ներկան դառնում է երազ․․․»։

«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է»։

Մարտիրոս Սարյան «... Մշտասևեռ, ներհուն և թախծոտ հայացքով նա ասես հավաքել էր ուզում նորածագ արևի փրկարար զորությունը և կիզել ինչ–որ անլուծելի գաղտնիքների հանգույցը։ Մինչև այսօր էլ այրում են մեր հոգին սրբազան երդման պես անարատ նրա «Ծիրանի փողը», «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Սև ցելերի սերմնացանը» և, վերջապես, իր՝ Խաչատուր Աբովյանի նման ողբերգականորեն անավարտ «Խաչատուր Աբովյանը»։ Հավերժ սիրելի և աչքերիս առջև կենդանի կանգնած Ակսելի յուրաքանչյուր բառի ու դարձվածքի մեջ մերթ մրմնջում են, մերթ՝ երգում Հայաստան աշխարհի երկնահաս լեռներն ու անդնդախոր վիհերը, անհուն երկինքն ու արագավազ գետերը, և այդ ամենից վեհ ու պայծառ Հայաստանի հրաշք արևը»։

Սերո Խանզադյան «Ակսել Բակունցը հայ գրականության ծիրանի փողն է՝ իր երբեք չմարող ելևէջներով։ Մեր բարձրիկ լեռնաշխարհի, մեր խորունկ ձորերի, մեր քարուժայռ հողի այդ քնքույշ միրհավ-երգչի ձայնը լսելի, հարազատ ու մնայուն է ոչ միայն Մթնաձորի ու Այու սարի լանջերին, այլև տափաստանների ու ծովերի լայնքերում։ Բակունցը Եղիշե պատմիչ-վիպասանի նորոգված ոգին է, մեծ մանրանկարիչ Սարգիս Պիծակի գույների նովելային վերածնունդը, Խաչատուր Աբովյանի «Վերքի» առաջին վիպասանողը»։

Մի դիտարկում էլ՝ Բակունցի ստեղծագործությունը (որոշ գրականագետների կողմից) զուգահեռվել է նորվեգացի մեծ գրող Կնուտ Համսունի (1859-1952թթ․), ռուս մեծ բնախույզ–գրող Միխայիլ Պրիշվինի (1873-1954 թթ․) և ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկու (1892-1968 թթ․) ստեղծագործությունների հետ։

* * *

Բակունցի գրական ակունքները․․․ Գրականագիտության մեջ այդ հարցի շուրջ բանավեճի մասնակիցների մեծ մասի կարծիքով Բակունցի արվեստը Թումանյանի ավանդների ստեղծագործական շարունակությունն է։ Ըստ Սուրեն Աղաբաբյանի՝ Բակունցի հերոսները կարծես Թումանյանի հերոսներն են նոր պայմաններում։

Միևնույն ժամանակ՝ խառնվածքով ու գեղարվեստական մտածողությամբ Բակունցը հաճախ հիշեցնում է Տերյանին։

Այդ բոլորով հանդերձ՝ Բակունց արձակագիրը շարունակում է հայ ռեալիզմի ավանդները, բերում ուրույն բովանդակություն՝ ստեղծելով նոր դպրոց հայ արձակի մեջ՝ առայսօր ազդելով գրական ճաշակի վրա։

Հարցը ներկայացնում ենք ըստ գրականագետ Հրանտ Թամրազյանի։

Ուշագրավ է նաև Սուրեն Աղաբաբյանի դիտարկումը՝ «Ակսել Բակունցի համար հայկական պատմության ամենագրավիչ կերպարն էր Խաչատուր Աբովյանը»։ Չմոռանանք՝ Բակունցը մասնակցեց նաև «Աբովյանի հարցի» գիտական լուծմանը, որը, իհարկե, ոչ միանշանակ ընդունվեց։

Համարում կարևորել ենք Բակունցի գրական կապերը․ այդ տեսակետից առանձնացրել Չարենց–Բակունց բարեկամությունն ու գրական կապերը։ Երկու մեծ, անկրկնելի և աննման գրողների՝ փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված մաքուր ու անխարդախ բարեկամության մասին շատերն են գրել։ Նախընտրեցինք սակայն Սուրեն Աղաբաբյանի խոսքը՝ «Ակսել Բակունց» մենագրությունից։

***

Համարի խնդիրներից մեկն էլ, անշուշտ, Բակունցի կենսագրությունն ու ստեղծագործությունների մատենագիտությունը ներկայացնելն է։

Երկու հարցն էլ տարիների ընթացքում գրականագետներից շատերի ուշադրությանն են արժանացել։ Առավել ուշագրավ է Ռաֆայել Իշխանյանի մենագրությունը՝ «Ակսել Բակունց կենսագրություն և մատենագիտություն» (Երևան-1960)։

Սակայն կենսագրությունն ու մատենագիտությունը (ըստ այդ մենագրության) առանձին–առանձին չզետեղեցինք համարում, որի համար երկու պատճառ կար։ Նախ՝ ծավալը մեծ էր և մեր թերթի տվյալ համարի ձևաչափին չհամապատասխանող։ Երկրորդ, այդ աշխատանքը կատարվել էր 1950-ականների վերջին, որից հետո, բնականաբար, հարստացել էր մատենագիտությունը, իսկ կենսագրությանն առնչվող փաստերն ու հանգամանքներն ավելի էին ճշգրտվել։

Եվ ուրեմն՝ գրողի կենսագրությունն ու մատենագիտությունը (լրագրի ձևաչափին համապատասխան) ներկայացնելու ողջամիտ տարբերակը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի ուսումնասիրությունն էր՝ «Ակսել Բակունցի կյանքի և ստեղծագործության հիմնական տարեթվերը»։

Դրան ավելացրել ենք դրվագներ Բակունցի կենսագրությունից՝ լուսանկարներ և տեքստեր, այդ թվում՝ գրողի կողմից 1924 թ․ փետրվարի 24-ին գրված «Իմ համառոտ կենսագիրը» և 1932 թ․ մայիսի 5-ին գրված «Ինքնակենսագրությունը»։

Ներկայացվող նյութերի թվում է «Արձակագրի արյունակիցները․․․» հոդվածը՝ տարիներ առաջ մեր պարբերականի կողմից պատրաստված։

* * *

Համարի տարբեր բաժիններում, բնականաբար, անդրադարձներ է կատարվում Բակունցի ստեղծագործություններին։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ առանձին մի բաժնում ներկայացնում ենք հոդվածներ գրողի ստեղծագործությունների մասին։ Շատ ենք ափսոսում, որ համարի նախապատրաստության ընթացքում հավաքված կամ պատրաստված մեծաթիվ հոդվածներից մի քանիսն են միայն տեղ գտել համարում։ Դրանք են Հրանտ Մաթևոսյանի  երեք անդրադարձը, Դավիթ Գասպարյանի  «Բնաշխարհի հազարամյա գիրքը», սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի հոդվածը՝ «Բյուրեղ Բակունց», սփյուռքահայ գրող, հրատարակիչ Շավարշ Նարդունու հոդվածը «Մթնաձոր» ժողովածուի մասին, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի հոդվածը՝ «Շարունակվում է Շենի հին կռիվը», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Արզումանյանի հոդվածը՝ «Ձիապատկերի գունաձևումների խորհրդաբանությունը Ա Բակունց, Հ Մաթևոսյան, Մ Գալշոյան», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի հոդվածը՝ «Կանայք Ակսել Բակունցի կյանքում»։

* * *

Համարում որոշակի անդրադարձ է կատարվում կորուսյալ հայրենիքի թեմային, քանզի Արևմտյան Հայաստանին՝ Երկիր Նաիրիին վիճակված ճակատագիրն այսօր էլ ուղեկցում է մեզ, որի ամենաողբերգական օրինակը հայոց Արցախի հետ տեղի ունեցածն է։

Բակունցն էր, որ գրականության մեջ թարմ պահեց կորուսյալ հայրենիքի հիշատակը՝ սկիզբ դնելով թեմատիկ–գաղափարական ավանդույթի, որը հետագայում հիմք դարձավ գրական արգասավոր շարժման։ Հողի կանչ, հողի պաշտամունք, Երկրի կարոտ․․․ Ահա այդ թեման է իշխում «Ծիրանի փողը», «Լառ Մարգարը», «Սև հացը» պատմվածքներում, «Քեռի Դավոն» ակնարկ–պատմվածքում, «Արմաշ» ակնարկում․․․ Թեման չի շրջանցվել «Կարմրաքար» վեպում, «Կյորես» քրոնիկոնում։

Թեման համարում ներկայացնում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը։

Ներկայացնում ենք նաև «Ծիրանի փողը» պատմվածքն ամբողջապես։ Դա էլ պատահական ընտրություն չէ։ Հենց այդ պատմվածքում է Բակունցը համարձակվում խոսք բացել կորուսյալ Սասունի մասին, հայրենազրկման ողբերգական հետևանքների մասին, հայրենի հողի կարոտի և կանչի մասին, հողերի ու հիշատակների մասին, հայրենի եզերք վերադառնալու սպասումի մասին։

Բակունցը չէր կարող չգիտակցել, որ դրանով ինքն իրեն հարվածի տակ է դնում, բայց չընկրկեց ու գնաց ճշմարտության ճանապարհով...

* * *

Բակունցը որոշակի ներդրում ունի գրաքննադատության ոլորտում։ Հիշենք նրա հոդվածներից մի քանիսը՝ ««Հորձա՞նք», թե՞ փորձանք», «Միքայել Նալբանդյանը որպես պամֆլետիստ», «Ջոնաթան Սվիֆթը և նրա գիրքը», Ն․ Գոգոլի «Տարաս Բուլբան»  և այլն։

Դրանց, իհարկե, չենք անդրադարձել։

Մինչդեռ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Բակունցի ճառը խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարում (կրճատումներով)։

Բակունցը, առանց չափազանցության, այսօրվա գրական հայերենի ճարտարապետներից է։ Կարևորելով այդ հարցը՝ ներկայացնում ենք Ռաֆայել Իշխանյանի հեղինակած հոդվածը՝ «Բակունցը հայ գրականության լեզվի մասին»։

Նա մարտնչում էր գրականության լեզվի ժողովրդական ոգու, ժողովրդական սկզբունքների հաղթանակի համար, ինչը ենթադրում էր բառապաշարի հարստացում՝ նաև բարբառների հաշվին։ Իսկ Կյորեսի լեզվի մասին առանձնահատուկ գորովանքով էր խոսում՝ «…Չուտեիր ու չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպե՜ս քաղցր ու նուրբ հնչյուններով խոսում է լվացարարուհի Մինան, ինչպե՜ս էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում ու բառերը նստում էին, ինչպես փափուկ մալանչներ... Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում  կարկաչում էր Ցուրտ աղբյուրը...»։ Բայց և ցավով էր նկատում իր կողմից փառաբանված գորիսյան բարբառի կործանումը «Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր` նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում: Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր, Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...» ։

* * *

Բակունցը որոշակի հետք է թողել նաև թարգմանչական արվեստում։ Դրա լավագույն օրինակն է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի թարգմանությունը (1934 թ․)։ Ի դեպ, գրել է նաև վեպի հայերեն թարգմանության բառարանը։

Բակունցն էր, որ առաջաբանով (Նախաշավիղ) և ծանոթագրություններով, գրական հայերենի փոխադրեց Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»։

«Վա՜յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարող, քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանագիրք»:

«Նախաշավղում» Բակունցը նշում է՝ «...Մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությամբ` ավելի հարուստ: Առակների մեկնաբանությունները չենք բերել, համարելով հնացած ավելորդաբանություն: Համարյա անփոփոխ են վերնագրերը: Բացի այդ, աշխատել ենք ըստ կարելույն պահել բնագրի ոճը, միաժամանակ նպատակ դնելով նյութը մատչելի դարձնել ընթերցողների լայն խավերին»։

 Բակունցի ժառանգության մեջ բավականին տեղ են գրավում հրապարակախոսական էջերը, գյուղատնտեսության և գյուղի հարցերին նվիրված ակնարկները, նամակներն ու պաշտոնական գրությունները, լրագրային հրապարակումները։

 Բակունցը զգալի ավանդ է ներդրել նաև հայկական կինեմատոգրաֆիայի ձևավորման մեջ․ այդ մասին է Վահրամ Օրբելյանի հոդվածը՝ «Բակունցը՝ կինոսցենարիստ»։

* * *

1920-30-ականներին հայ ժողովուրդն ունեցավ իր տաղանդավոր զավակներից շատերի կորուստը։ Չարենցն էր ասում՝ հողմը քշեց ու տարավ նաիրյան հունդը, որ արմատ չձգի մայր հողի մեջ․․․ Ազգային այդ ողբերգության կրողներից մեկն էլ Ակսել Բակունցն էր։

Հավատաքննության ենթարկված Ակսել Բակունցի ողբերգական բռնամահը չէր կարող տեղ չգտնել համարում։ Իհարկե, չափազանց դժվար էր առանց կսկիծի ու ցավի թերթել նրա կյանքի այդ ժամանակաշրջանին առնչվող նյութերը, բայց․․․

Մի քանի հրապարակմամբ կամեցանք ցույց տալ, թե ինչպես մեծ գրողը դարձավ արյունոտ խրախճանքի ու կամայականության զոհ։

Այդ նյութերին ծանոթանալիս, իհարկե, Բակունցի կերպարի հանդեպ մեր սերն իրոք անսահման է դառնում։

Մյուս կողմից՝ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ կկարողանա՞նք անցյալում թողնել հավատաքննությունը, թե՞ կշարունակենք շունչ տալ դրա նոր դրսևորումներին։ Կկարողանա՞նք տեղ չթողնել, որ մեր առջև նույնպես չծառանա Աթա ապորն ուղղված հարցը՝ «․․․ Թե հայերը թուրքի են սպանում, ախր դուք էլ հայ եք, բա ձեզ ինչո՞ւ են սպանում»։

Բակունցի ողբերգական բռնամահի հանգամանքներին ընթերցողը կարող է ծանոթանալ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի ուսումնասիրությունից՝ «Ակսել Բակունց մեղադրական գործ 4131, ֆոնդ 3036, ութ հատորով, 384 վավերագիր», Ակսել Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի ցուցմունքներից (15.09.1954 թ․) և Գուրգեն Մանուկյանի՝ Բակունցի բանտային կյանքին առնչվող  հուշագրությունից։

Ներկայացվող նյութերը, կարծում ենք, ամբողջական պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես մարեց հայ արձակի ամենաշողուն աստղը։

* * *

Բակունցը երկրի համար աղետալի ժամին ոչ միայն եղավ ռազմաճակատի առաջնագծում, այլև մասնակցեց պատերազմներից հյուծված, եղեռնից ջլատված հայրենիքի վերականգնմանը։

Հետաքրքիր դրվագ՝ այդ շրջանին առնչվող։ 1920-ականներին նա կազմեց մի աշխարհագիր, որի համաձայն Զանգեզուրը (առանց Մեղրիի) զբաղեցնում էր 4152 քառ. կմ տարածք՝ վարչականորեն բաժանված Գորիսի, Կապանի և Սիսիանի գավառակների, բաղկացած Գորիս  քաղաքից և 137 գյուղից։ Յոթ ամիս անց Բակունցն ուղղում է կատարում աշխարհագրի մեջ՝ գյուղերի թիվն ավելացնելով 20-ով։ Բայց դա տեքստային վրիպակի շտկում չէր։ Այդ ժամանակ Կովկասի կառավարիչների որոշմամբ փոփոխություններ էին կատարվում Անդրֆեդերացիայի երեք հանրապետության սահմանների մեջ։ Բակունցն այդ նպատակով ստեղծված  պետական հանձնաժողովի անդամ էր։ Եվ նրան, երկրամասի անգերազանցելի իմացության շնորհիվ, հաջողվում է չափարարներին համոզել՝ սահմանաթմբերը տեղադրելու այնպես, որ Զանգեզուրից (հատկապես Կապանի տարածաշրջանից) օտարված քսան գյուղ վերստին համարվեն Հայաստանի մաս։

Մեր ժամանակների համար հույժ կարևոր պատմական այդ անցքի վրա լույս սփռելու համար ներկայացնում ենք Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովում Հայաստանի հողժողկոմի ներկայացուցիչ Ակսել Բակունցի զեկուցագրերը։

* * *

Բակունցի գործերն ունեն նաև պատմական ընդգծված տեսանկյուն, ավելի ճիշտ՝ դրանց մի մասը հայ գյուղի պատմական անցյալի տարեգրումն է, յուրօրինակ սկզբնաղբյուր՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Սյունիքի համար։ Վերընթերցենք նրա ցանկացած գործ «Գավառական նամականիից», «Մեր գյուղերում» ակնարկաշարից։ Եվ կհամոզվեք վերստին՝ հանձին Բակունցի գործ ունենք մեծ հետազոտողի և վավերագրողի հետ։ Դժվար է պատկերացնել, որ այսօրվա կամ ապագայի պատմագիրը երբևէ կկարողանա թղթին հանձնել Գորիսի, Սիսիանի, Կապանի այդ ժամանակվա լիարժեք պատմությունը՝ առանց Բակունցի ստեղծագործությունների պատշաճ իմացության։ Նա, հիրավի, մեր բնաշխարհի, մեր երկրամասի բացառիկ գիտակն էր։ Ուշագրավ են նաև դարերի խորքից եկող տեղանունները, որոնք արտահայտվել են նրա ստեղծագործություններում, որոնք հավաքելու, ի մի բերելու տեղորոշելու, ստուգաբանելու պարագայում կունենանք պատմաաշխարհագրական մի բացառիկ հանրագիտարան Սյունիքի մասին։

* * *

Բակունցի ողբերգական բռնամահից անցել է 87 տարի, բայց նրան հիշում են Սյունիքի ամենատարբեր բնակավայրերում, նրա մասին սերնդեսերունդ փոխանցված հիշողություններ են շրջանառվում։

Մեղրիում, օրինակ, հիշում են, որ 1926 թ․ Բակունցը երկրաբանների հետ այցելել է իրենց տարածաշրջան։ Հիշում են գրողի ակնարկը՝ կուրիսեցի Անդրեասի մասին։ Մեղրեցիները գիտեն, որ իրենց «Գյուղատնտեսի այգին» հիմնվել է Բակունցի հոգածությամբ։ Հիշում են Վահրավարում․․․

Բազմաթիվ են Բակունցի հետ կապված հիշողությունները Կապանի տարածաշրջանին և մասնավորապես Ներքին Հանդին, Ծավին, Շիկահողին առնչվող։

Հիշում են Սիսիանի տարածաշրջանում․ դրա լավագույն օրինակը Համո Սահյանի ակնարկն է՝ «Արևը բարձրանում է սարից»։

Եվ, որ հետաքրքիր է, գյուղերում հանդիպած շատ–շատ մարդիկ դարձել են նրա հերոսների նախատիպեր։

* * *

Հիշողություն և հուշարձանացում․․․ 1964 թվականին Գորիսում բացվեց Ակսել Բակունցի հրաշալի հուշարձանը, քանդակագործ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Գրիգոր Բադալյան։ Այդ մասին է «Սովետական Հայաստան» թերթի 1964 թ․ հունիսի 16-ի հրապարակումը։

Գրողի կիսանդրին է՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի բակում, քանդակագործ՝ Միքայել Ղուկասյան։

Խարկովի Վ․ Դոկուչաևի անվան ագրարային համալսարանում Բակունցի հուշաքարի բացման արարողությունն է (25 մայիսի 2019 թ․), որին մասնակցում էր նաև Գորիսի պատվիրակությունը։

Հուշատախտակի տեղադրումն է Գորիսի Կոմիտասի փողոցի այն շենքի պատին  (13 հունիսի 2019 թ․), որտեղ գործել է քաղաքի երբեմնի ծխական դպրոցը, որտեղ 1905–10 թթ․ ուսում է ստացել Բակունցը։

Ժամանակ առ ժամանակ Գորիսում անց են կացվել գիտաժողովներ՝ նվիրված Բակունցի գրական ժառանգությանը։ Ուշագրավ էին հատկապես գրողի 110 և 120 ամյակներին նվիրված գիտաժողովները՝ գրականագիտության երևելի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բակունցի տարեդարձերի առիթով մշտապես միջոցառումներ են կազմակերպվել հայոց Արցախում, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Մթնաձորից մինչև Մռավ հարյուր տարի շարունակ հնչում էր Միրհավի կանչը․․․

Բակունցի տարեդարձերի առիթով գրեթե միշտ Գորիս էր այցելում հայոց Արցախի պատվիրակությունը։ Երբեք չենք մոռանա 2022 թ․ հունիսի 13–ը․ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Արցախի պատվիրակությունը վերջին անգամ է այցելում Գորիս, որ ամիսներ հետո հայոց հնամենի այդ երկրամասը շրջափակման մեջ է հայտնվելու, ավելի ուշ՝ հայաթափվելու, որ մեր մեծ բարեկամ  Վարդան Հակոբյանը հրաժեշտ է տալու երկրային կյանքին և նրա շիրիմը նույնպես մնալու է բռնազավթված, դավաճանված, ուրացված Արցախում։

Գորիսում նաև ավանդույթի ուժ են ձեռք բերել Բակունցի մանկության հետքերով, գրողին առնչվող վայրերով շրջագայություն-ուխտագնացությունները։ Դրանցից մեկը՝ կապված Մեծ Իշխանասար կատարած ուխտագնացության հետ (5 հուլիսի 2020 թ․), ներկայացնում ենք համարում։ Ըստ Վախթանգ Անանյանի՝ Իշխանասարը և նրա մերձակայքը Բակունցի պաշտելի վայրերից էին։ Ինքը՝ Բակունցն էր ասում Վախթանգ Անանյանին՝ «․․․ Ախ, ուրիշ բան չեմ ուզում, քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը․․․»։

* * *

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի տուն–թանգարանը, որը, Սիլվա Կապուտիկյանի բնորոշմամբ՝ «․․․Սրբություն է մեզ համար, կրկնակի սրբություն, որովհետև փոխարինում է նաև Բակունցի շիրմին»։

Թանգարանը լուսանկարներով ցուցադրելուց բացի ներկայացնում ենք նաև տուն–թանգարանի բացման տարեգրությունը (17 սեպտեմբերի 1970 թ․)։

Թանգարանն ունի հուշամատյան՝ երեք գրքով։ Համարը պատրաստելու ընթացքում ծանոթացանք հուշամատյանի գրառումներին։ Համարում զետեղել կարողացանք միայն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանի, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի, գրող և հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի, բանաստեղծի եղբայր Վահան Բակունցի գրառումները։

Հուշամատյանի երեք գրքին ծանոթանալիս ուշագրավ  մի հանգամանք նկատեցինք՝ հանրապետությունում, Արցախում հավանաբար չկա մի բնակավայր, որի ներկայացուցիչներն այցելած չլինեն տուն–թանգարան և իրենց տպավորություններն արտահայտած չլինեն։ Դա ևս վկայություն է այն իրողության, որ Բակունցը վայելել ու վայելում է համաժողովրդական սեր ու հարգանք։

Մի փոքր ավելի ընդարձակ է Սերժ Մանուկյանի տպավորությունը (մամուլում հրապարակված), ով եկել էր Աշտարակից՝ տուն–թանգարանին նվիրելու Հենրիկ Մամյանի հեղինակած գեղանկարը։

Բակունցի ձեռագիր մասունքներից ենք (թանգարանում պահվող) մի քանիսը ներկայացնում։

Եվ, իհարկե, տուն–թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի հետ հարցազրույցն է, որ վարում է Սուսաննա Բաբաջանյանը։

Տուն–թանգարանի գործունեության մեջ, հատկապես վերջին շրջանում, զգալի տեղ է զբաղեցնում գրականագիտական բաղադրիչը, որը պայմանավորված է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի աշխատանքով։ Որքան տեղյակ ենք՝ այսպիսի սկզբունք է որդեգրել երիտասարդ գրականագետը՝ «Մեր խնդիրը ոչ թե պետք է լինի գրողի կյանքի դաժան պատմությունը ներկայացնելը, այլ ցույց տալը՝ ո՞րն է նրա կենդանության գաղտնիքը, ինչո՞ւ են մնայուն նրա երկերը»։

Բակունցագիտության ոլորտում նրա ուշագրավ հոդվածներից են՝ «Կանայք Ակսել Բակունցի կյանքում», «Ակսել Բակունց– Հայկ Դանղյան թանգարանի նվիրյալները», «Յո՞ երթաս, Սիրաս», «Հովհաննես Թումանյան–Ակսել Բակունց կենսագրական նոր փաստեր և առնչություններ»։

* * *

Բակունցը որքան հմայիչ է իր ստեղծագործություններում, նույնքան էլ՝ կյանքում՝ որպես մարդ։

Ասել է՝ որքան շատ բան կարող ենք վերցնել Բակունցի գեղարվեստական ժառանգությունից, նույնքան (գուցե և ավելի) կարող ենք սովորել Բակունցից՝ որպես բարձր բարոյականության տեր, մարդկանց ցավերով ու հոգսերով ապրող, զգայուն և չափազանց բարի մարդուց։

Դրանում ևս մեկ անգամ համոզվում ենք, երբ ծանոթանում ենք ժամանակակիցների հուշերին։

Հարկ ենք համարում երախտագիտության խոսք ասել լուսահոգի Նինա Հովսեփյանի, Ջուլիետա Թունյանի և Քաջիկ Միքայելյանի հասցեին, ովքեր ժամանակին հավաքեցին և 1999 թ․ հրատարակեցին «Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում»  գրքույկը։

Ցավոք, այդ հուշերից մի քանիսը կարողացանք ընդգրկել համարում՝ Արտաշես Ծատուրյան (Ակսել Բակունցի մասին), Գուրգեն Մահարի (Ակսելյան քանդակներ), Գուրգեն Մանուկյան (Ակսել Բակունցի բանտային կյանքից), Վարվառա Բակունց–Չիվիջյան (Ցուցմունքներ)։

* * *

Ակսել Բակունցին Լենինգրադից հղած «թղթում» Չարենցն ուշագրավ միտք է հայտնում՝ «Մենք շատ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ»։

Այդ եզրահանգումը, առանց վերապահումի, կարող ենք օգտագործել և՛ Չարենցի, և՛ Բակունցի պարագայում։

Մեր սերնդի խնդիրն է՝ գոնե ուշացումով լրացնել չարվածը, բաց թողնվածը։

Բակունցն արխիվ չունի, ամեն ինչ, կարծեք, հրո ճարակ է դարձել։

Դեռևս գտնված չէ գրողի գերեզմանը, և այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում։

Որոնողական պատշաճ աշխատանք չի տարվել և տարվում նրա կորսված ձեռագրերը, անտիպները հայտնաբերելու ուղղությամբ։

Բակունցի հիշատակն առ այսօր պատշաճորեն հավերժացված չէ մայրաքաղաքում։

Անհրաժեշտ է ի մի բերել ժամանակ առ ժամանակ անցկացվող գիտաժողովներում և այլ առիթներով Բակունցի ստեղծագործությունների մասին հնչող զեկուցումները, հոդվածները, ուսումնասիրությունները և դրանք հրատարակել առանձին ժողովածուով։

* * *

«Բրուտի տղան» պատմվածքում Բակունցը մտահոգություն-ցանկություն է հայտնում՝ «Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը»։

Այսօր վերստին կարող ենք փաստել՝ այդ ցանկությունն իրականություն է դարձել։ Եվ 125 տարի անց Ակսել Բակունցի անունն ու վաստակը, ինչպես ալպիական ծաղիկները, թարմ ու բուրավետ են։

Տասնամյակներ շարունակ երբեմն թվում էր, թե կորուսյալ հայրենիքի մասին Բակունցի մտածումները մնացել են հեռավոր անցյալում։ Սակայն Արցախյան ողբերգությունը ստիպեց նորովի հիշել և նորովի իմաստավորել կորուսյալ հայրենիքի վերաբերյալ ակսելյան մտքերը։ Դրա արտահայտություններից է համարի վերջին էջը՝ հայոց սրբազան լեռան՝ Արարատի պատկերով և հայրենակարոտ Հազրոյի խոսքով, որի հանդեպ  հայ ժողովրդի որևէ սերունդ (ներկայում և ապագայում) չպետք է կորցնի հավատը՝ «Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կլինի»։

Նորովի է իմաստավորվում նաև նախրապան Պետու կերպարը․․․ «Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, որ կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ։ Փարթամ կանաչի տակ փտում են ոսկորները Պետու»։ Այդպես է՝ հող հայրենին ավելի է կարծրանում, ավելի է հայրենանում ու քաղցրանում իր նահատակ զավակների արյամբ․․․

Եվ ինչպիսի փորձություններով էլ անցնենք, միևնույն է, հայոց երկրի ու հայոց արժանապատվության համար նահատակված ամեն մի հայորդու անուն (ի վերջո) սրբություն է լինելու, ոգեշնչման աղբյուր, և նրանց շիրիմների շուրջբոլորը  կանաչն  ավելի փարթամ է լինելու, ավելի մուգ, ինչպես մահակը զենքով փոխարինած, թուրքի գնդակից խրամատում զոհված Պետու դեպքում, ում մահով  գյուղը նույնիսկ լաց չեղավ, քանզի հոգսեր շատ ուներ․․․

 

Սամվել Ալեքսանյան

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01