Առեղծված. այնքան սպասված Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումը դադարեցվե՞լ է

12.07.2022 14:16
20202

2020 թ. դեկտեմբերի 18-ի խայտառակությունից հետո, երբ թուրք-ազերիներին նվիրեցինք առաջնագիծը պաշտպանող մեր մարտական դիրքերը, նոր իրավիճակ ստեղծվեց սյունիքյան ավտոմայրուղիներում:

Այդ ժամանակ էլ ծնվեց մարզի որոշ հատվածներում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու գաղափարը:

Դրանց անհրաժեշտությունն ուղղակի հրամայական դարձավ 2021-ի աշնանը, երբ թուրք-ազերիներն օկուպացրին Գորիս-Կապան ավանդական մայրուղու՝ Որոտան գյուղի մերձակա հատվածը, ինչպես և Կապան-Ճակատեն, Կապան-Եղվարդ ճանապարհները:

Գորիս-Կապան մայրուղու շրջափակումը հաղորդակցության ուղիների արգելափակում չէր սոսկ: Դրա հետևանքով հումանիտար մտահոգիչ վիճակ ստեղծվեց Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերում: Ռիսկային դարձան մայրուղուն հարակից անտառների, արոտավայրերի, այգիների ու ջրային ռեսուրսների օգտագործումը:

Ստեղծված վիճակը հաղթահարելու համար առաջ քաշվեց այլընտրանքային մի քանի ճանապարհ կառուցելու ծրագիր, այդ թվում՝ Խոտ-Որոտան ճանապարհի կառուցման ծրագիրը:

Նպատակահարմար գտնվեց նոր մայրուղին կառուցել այն երթուղով, որտեղով 1960-ականներին պատրաստվել էր Խոտ-Որոտան ավտոճանապարհը:

Խազալ կապից Որոտան գետի ափ ձգվող մոտ 10 կմ երկարությամբ ճանապարհը 1960-ականներին դարձել էր Կապան-Գորիս-Երևան (և ընդհակառակը) երթևեկության ամենահարմար ուղին:

Այդ խճուղով էին շինանյութերն ու մեքենասարքավորումները հասցնում Որոտանի ափ, որտեղ կառուցվում էր Տաթևի հիդրոէլեկտրակայանը:

Ճանապարհը, սակայն, իր նշանակությունը կորցրեց 1971-ից հետո, երբ արդեն (1970-ի դեկտեմբերին) շահագործման հանձնվեց «Տաթև» հէկը:

Անցած հինգ տասնամյակի ընթացքում ճանապարհի առանձին հատվածներ քանիցս փլուզվել են, որոշ տեղերում սողանքներ են առաջացել, երկնահաս լեռնագագաթներից հսկայական քարաբեկորներ են թափվել, նաև հողակույտեր են առաջացել, ջրի անկառավարելի հոսքերն էլ տեղ-տեղ քշել-տարել են ճանապարհի երթևեկելի մասը, հենապատերը...

Երբեմնի այդ ճամապարհի երթուղով էլ 2021-ի սեպտեմբերին սկսեցին Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները...

Շինարարությունը վստահվեց «Ճանապարհ» ՍՊ ընկերությանը՝ Բալահովիտից:

Ըստ ծրագրի՝ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհը մեկ այլ ճյուղ պիտի ունենա, ինչն ավելի գրավիչ է դարձրել շրջանցող այդ ուղու կառուցումը: Չհասած Ծակեր, Գորիս քաղաքից Կապան ձգվող ճանապարհը մեկ ուրիշ այլընտրանքային ճանապարհով (մոտ չորս կմ երկարությամբ) պիտի միանա Խոտ-Որոտան ուղուն: Դա նշանակում է, որ Գորիսից Կապան գնալու համար  (Մ-2 -ով) հարկ չի լինի հասնել Խոտ գյուղ, որտեղից էլ՝ Որոտան:

Հարակից այդ ծրագրի իրագործումը հավանաբար կյանքի կկոչվի Խոտ-Որոտանը կառուցելուց հետո:

Խոտ-Որոտան ճանապարհի շինարարական աշխատանքներին մեր պարբերականը հետևում էր սկզբից ի վեր:

Եվ, առանց չափազանցության, հիացմունք էր պատճառում ճանապարհաշինարարների աշխատանքը, որը տեղում գլխավորում էր Գինեվան Ղազարյան երիտասարդ աշխղեկը:

Կառուցվող ճանապարհի աշխատանքային հրապարակներ էին բերվել ամենաժամանակակից մեքենաներ, որոնց զորությամբ էլ ճեղքվում-ընդլայնվում-հարթեցվում էին լեռնաբազուկները, զառիթափները:

Աշխատանքները շարունակվել էին նաև ձմռան ամիսներին. խնդիր էր դրված հնարավորինս շուտ և որակով ավարտել նոր ճանապարհի կառուցումը:

Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը բարձր է գնահատում ճանապարհաշինարարների աշխատանքը՝ «Անգամ ձմռանը, առավոտվա ժամը 7-8 -ից լսվում էր ճանապարհաշինական մեքենաների հռնդյունը»:

Յոթ-ութ ամիս տևած բուռն շինաշխատանքի արդյունքն այսօր տեսանելի է՝ հողային մեծածավալ աշխատանք, գրեթե ասֆալտապատման հանգրվան հասցված ճանապարհահատվածներ, առանձին տեղերում անհրաժեշտ խճի, քարերի, որոշ կոնստրուկցիաների կուտակումներ...

Ընդ որում՝ սկիզբ է դրվել այնպիսի ճանապարհի կառուցման, որը ներկայիս կիսակառույց վիճակում նույնիսկ բազմապատիկ անգամ դյուրին կարող է դարձնել Գորիս-Կապան երթևեկությունը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, հաղորդակցության ուղիների քաոսի մեր օրերում՝ 2022 թ. ապրիլից դադարեցվել են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները: Եվ ճանապարհաշինական մեքենաները երրորդ ամիսն է՝ պարապուրդի մատնված  կանգնած են շինհրապարակներում:

Թե ինչ պատճառով է կիսատ թողնվել կամ դադարեցվել ճանապարհի կառուցումը, պաշտոնական որևէ բացատրություն առայժմ չկա: Փոխարենը շրջանառվում են ամենատարբեր ու հակասական խոսակցություններ:

Իսկ շինարարության հետ կապ ունեցած խոտեցիներից քաղած կցկտուր տեղեկատվությունից պարզ է դառնում, որ 2021-ի սեպտեմբերին մեկնարկած շինարարությունը դեռևս նախագիծ-նախահաշիվ չունի, որ մինչև հիմա շինարարի հետ պայմանագիր կնքված չէ, որ մոտ մեկ մլրդ դրամի համարժեք աշխատանքի դիմաց դեռևս ամբողջական ֆինանսավորում կատարված չէ... Շինարարին ասել էին՝ սկսեք, և ամեն ինչ օրինական հունի մեջ կմտնի, բայց...

Մի հանգամանք ևս. նախագծի բացակայության կամ նախագծողների անպատասխանատվության  հետևանքով կառուցվող ճանապարհին քանիցս սողանքներ են առաջացել՝ փոշիացնելով մինչ այդ կատարածը: Եվ ճանապարհաշինարարը ստիպված է եղել նոր երթուղով առաջ գնալ՝ կատարելով կրկնակի ծախսեր...

Սյունիքում ակնկալում են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լույս կսփռի Խոտ-Որոտան ճանապարհին առաջացած անհեթեթ իրավիճակի վրա:

Սյունիքում սպասում կա նաև, որ այդ ճանապարհի կառուցումը կվերսկսվի ու ավարտին կհասցվի հնարավորինս շուտ: Մասնագետների կարծիքով՝ մեկ-երկու ամիսը բավարար կլինի, որ ավարտին հասցվեն հողային աշխատանքները: Եվ դա հնարավորություն կտա, որ Գորիս-Կապան երթևեկությունը վերստին իրականացվի Մ-2 մայրուղով, եթե, իհարկե, մեզ համար անհայտ և ուրիշ խանգարող հանգամանքներ չկան...

Մինչդեռ պարզ չէ՝ ճանապարհաշինական կազմակերպությունը կդիմանա՞ ամիսներ շարունակ տևող պարապուրդ-փորձությանը, արդյո՞ք ընկերության մասնագետները գլուխները կախ կսպասեն խնդրի հանգուցալուծմանը, թե՞ կցրվեն և իրենց համար նոր աշխատատեղ կգտնեն (գուցե արդեն իսկ ցրվել են):

Խոտ-Որոտան կառուցվող ճանապարհին ստեղծված անորոշությունն արդարացի մտահոգություն է առաջ բերել Խոտ գյուղում մեկ այլ առումով ևս:

Արոտավայրերի սակավությամբ հայտնի գյուղի դաշտավայրերի մի մասը հնարավոր չէ արդյունավետ օգտագործել՝ հողային աշխատանքների կատարման ընթացքում՝ ճանապարհից արոտավայրեր ձգվող արահետների ոչնչացման հետևանքով:

Անավարտ հողային աշխատանքների պատճառով խաթարվել է նաև Խազալ կապի այգիների ոռոգման համակարգի գործունեությունը: Եվ համայնքային իշխանության ջանքով ժամանակավոր լուծում է գտնվել, որը, սակայն, մշտական ու արդյունավետ լինել չի կարող: Առուների վերականգնումը հնարավոր կլինի, եթե ավարտին հասցվեն հողային աշխատանքները:

Հ. Գ.

Խոտ-Որոտան ճանապարհի ամոթալի ոդիսականին ծանոթանալու համար «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը ճանապարհաշինական տեղամաս էր այցելել հուլիսի 10-ին:

Երբ արդեն բարձրացել էինք Որոտանի կիրճից ու կանգ առել Խոտի մերձակայքում գտնվող ջրամբարի մոտ («Տաթև» հէկի օրվա կարգավորիչ ջրամբարն է), մեր առջև՝ ոչ այնքան հեռվում (արևելյան ուղղությամբ), պարզորոշ երևում էր Կուբաթլիից դեպի Էյվազլար մոգոնված անվամբ տեղանք ձգվող մայրուղին, որտեղ ադրբեջանցիները բուռն շինարարական աշխատանքներ են իրականացնում:

Վերջին անգամ այդ վայրերով անցել էինք 2019-ի աշնանը. գնացել էինք Լալազարի  կամուրջ, Դավիթ Բեկի կողմից հիմնադրված Դավութլու (Դաութլու, Դավուդլու) գյուղ, Բղենո բերդ...

Մի նեղ ու դժվարմատչելի ճանապարհ էր այն օրերում, իսկ հիմա՝ լայնահուն ճանապարհ, որն առավել բարեհարմար են դարձնում...

 

Սամվել Ալեքսանյան

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37