Որքան խորանում ենք Սյունիքի անցյալի մեջ և փորձում ենք վերծանել մեր երկրամասի՝ դարեր շարունակ աննվաճ լինելու գաղտնիքները, որքան ձգտում ենք հստակեցնել մեր բնօրրանի ներկա՝ ոչ սովորական ընթացքի ու գալիքի առաջնախնդիրները և ուղիները, այնքան հաստատուն է դառնում մեր համոզմունքը՝ հայոց Սյունիքի անվախճանության գլխավոր պայմանը կամ երաշխիքը (անվտանգային համակարգին հավասար) մշակույթն է՝ բոլոր դրսևորումներով։
Այս անգամ խոսքը մանրանկարչության՝ մինիատյուրայի մասին է, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։
Հազար երեք հարյուր տարի շարունակ՝ 6-7-րդ դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, Սյունիքը հանդիսացել է նկարազարդ ձեռագրերի կամ մանրանկարչության արարման չափազանց կարևոր տարածաշրջան։
Հիմնականում պատկերազարդվել են գրքեր, ավետարաններ, կրոնական-ծիսական ժողովածուներ, մատյաններ․․․
Մեր երկրամասի կարևոր առաքելությունն այդ ոլորտում, մի շարք հանգամանքների հետ մեկտեղ, պայմանավորված էր Սյունիքի եպիսկոպոսությանը վերապահված բացառիկ առաքելությամբ, ինչի մասին վկայում է Ստեփանոս Օրբելյանը (Սյունիքի պատմություն, Երևան 1986 թ․, էջ 80)․ «Ահա այսպես կազմակերպվեց ու մեծարվեց Սյունյաց եպիսկոպոսությունը, որը սկզբնավորվեց սուրբ Գրիգորից և իր որդիներից ու թոռներից, որոնք մետրոպոլիտներ են կոչվում։ ․․․ Հայոց մեջ նախաթոռ վարդապետությունը և (գրքերի) մեկնության ու թարգմանության իրավունքը միայն սրանց շնորհվեցին սուրբ Սահակի և երանելի վարդապետ Մեսրոպի կողմից»։
Հանդեսի սույն համարի խնդիրն է՝ հնարավորինս ամբողջական ներկայացնել արվեստի այդ ոլորտի սյունեցի գործիչներին, նրանց թողած ժառանգությունը, ընդ որում՝ Սյունիքի մարզի և ոչ թե պատմական Սյունիքի կտրվածքով, որի սահմանները ձգվում էին՝ արևելքում՝ մինչև Արցախ, արևմուտքում՝ Այրարատ, հարավում՝ Վասպուրական, հյուսիսում՝ Ուտիք և Գուգարք։
***
Սյունիքի ամբողջական դերն ու նշանակությունը՝ տարբեր ժամանակներում ստեղծված հոգևոր գանձերի և հատկապես նկարազարդ ձեռագրերի առումով, ցավոք, անհնար է լիարժեք ներկայացնել, քանզի այդ հարստության մեծ մասը դարերի ընթացքում կորստյան է մատնվել ու չի հասել հետագա սերունդներին։
Թուրք-սելջուկների և մյուս նվաճողների կողմից ոչնչացված ձեռագրերի ամենամեծ խմբաքանակն առնչվում է 1170 թվականին, երբ նրանք զավթեցին Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանի միջնաբերդ հանդիսացող Բաղաբերդը։ Ահա, թե ինչպես է այդ մեծ ողբերգությունը նկարագրում Սյունյաց տան պատմիչը․ «Այնտեղ ամբարված էին շատ կտակարաններ՝ թվով ավելի քան տասը հազար։ Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիր ու ցան եղան երկրի երեսին։ Մենք խղճահարության և կարեկցանքի ենք արժանի, որովհետև մեր կորուստն ու ավերածությունը առավել եղան, քան Երուսաղեմինը՝ Նաբուգոդոնոսոր արքայից․ չէ՞ որ սա մի ժամանակ դարձ ու նորոգում ունեցավ Կյուրոսի կողմից, իսկ մեզ համակեց վերջին թշվառությունը անդառնալիորեն ու հավիտենապես» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986 թ․, էջ 281)։
Այդ ողբերգությանն անդրադարձել է նաև մեր նշանավոր հայրենակից Մորուս Հասրաթյանը. «Բովանդակ Հայաստանի և Առաջավոր Ասիայի պատմության ու մշակույթի ստացած մեծագույն հարվածներից մեկն էր, ի մասնավորի Սյունիքին հասած մեծագույն աղետներից մեկը, որովհետև միաժամանակ նրա հին պատմության մի զգալի մասը ևս ջնջվեց վաչկատուն ցեղերի այդ բարբարոս արարքով»։
Սյունիքի գրչությունը խոշոր և անդառնալի կորուստ ունեցավ նաև 1435-ին՝ Լենկթեմուրի որդի Շահռուխի կողմից, իսկ մինչ այդ՝ Տաթևի վարդապետարանի գոյության տարիներին, վանքի Մատենադարանը կրկին ճոխացել էր ու հարստացել։
Տաթևում և մեր մյուս հոգևոր տաճարներում առկա ձեռագրական ժառանգությունը մեծ հարված ստացավ 1917 թ․ հեղափոխությունից հետո ևս։ Այդ շրջանում ու հատկապես Լեռնահայաստանի անկումից հետո Տաթևի վանքում տեղի ունեցածի մասին է պատմել Սյունյաց թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանը․ «Գրքերը պատառոտել են ու քարափով ներքև ածել, իսկ գյուղացիք հավաքել ու տարել են ծխախոտ քաշելու։ Գրքերից միայն հիսուն կտոր է․․․ ազատվել» (Վավերագրեր հայ եկեղեցու պատմության․․․, «Անահիտ» հրատ․, Երևան 1997, էջ 285)։
***
Սյունիքում ունեցել ենք մանրանկարչության երկու դպրոց։
Առաջինը, անշուշտ, Գլաձորի մանրանկարչության դպրոցն էր, որը գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում՝ 13-րդ դարավերջից մինչև 14-րդ դարի կեսը։
Հիշենք՝ Վայոց ձորում գործում էր միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառը։
Համալսարանի մասին առաջին հիշատակությունն առնչվում է 1291-ին, և գոյատևել է մինչև 1340-ական թթ․։
Համալսարանի է վերածվել Աղբերից վանք ուսումնագիտական կենտրոնից, որը գլխավորում էր Ներսես Մշեցին, ում էլ հաջորդեց Եսայի Նչեցին, ապա՝ Տիրատուրը, Հովհան Որոտնեցին։
Գլաձորի համալսարանի գտնվելու կոնկրետ վայրը թեև վիճելի է, բայց հետազոտողների մեծ մասը կարծում է՝ Գլաձորը նույն Թանատ վանքն է՝ հիմնված 7-8-րդ դարերում։
Համալսարանում գործող երեք լսարանից մեկն էլ գրչության արվեստի՝ մատենագիտության և մանրանկարչության բաժինն էր։
Գլաձորում մոտ 60 տարի բուռն զարգացում է ապրել մանրանկարչությունը։
Սկզբնական փուլը կապված է, այսպես կոչված, ավագ սերնդի մանրանկարիչներ Հովհաննեսի և Մատթեոսի գործունեությանը։
Այնուհետև ասպարեզ են եկել կրտսեր սերնդի վարպետները՝ Մոմիկը, Թորոս Տարոնացին, Պողոսը, ապա Ավագը և ուրիշներ։
Ըստ ոլորտի մի շարք մասնագետների՝ վերոնշյալ մանրանկարիչների ստեղծագործությունը թույլ է տալիս նրանց միավորել մի խմբի մեջ և համարել այն ինքնուրույն դպրոց։
Գլաձորի նկարիչների վրա որոշակի ազդեցություն է ունեցել Կիլիկիայի նկարիչների ստեղծագործությունը։ Մյուս կողմից՝ Կիլիկիայի մանրանկարչական արվեստը ծագել ու զարգացել է բուն Հայաստանի հետ սերտ փոխկապակցության մեջ և նրա հետ ունեցել ընդհանուր գծեր։
Հաջորդը Տաթևի մանրանկարչության դպրոցն էր։
Նախ՝ Տաթևում է գործել Սյունյաց բարձր տիպի դպրոցը կամ Սյունյաց վարդապետարանը, և որպես համալսարան հիշատակվում է 1390-ից, գոյատևել է մինչև 1435 թվականը։
Այստեղ էլ համալսարանն ունեցել է երեք լսարան, որոնցից մեկը գրչության արվեստով էր զբաղվում։
Գրչության արվեստի զարգացմանը հատկապես նպաստել է Գրիգոր Տաթևացու գործունեությունը։
Տաթևի համալսարանում էլ գործել է հայկական մանրանկարչության նշանավոր դպրոցներից մեկը՝ Տաթևի մանրակարչության դպրոցը, որտեղ էլ շարունակվել են Գլաձորի մանրանկարչության դպրոցի ավանդույթները։
Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ կես դար, որի նշանավոր ներկայացուցիչներն էին Գրիգոր Տաթևացին, Նաղաշ Հայրապետը, Աբրահամ Ծաղկողը և ուրիշներ։
Ձեռագրական մշակույթի նշանավոր միջավայր են եղել նաև պատմական Սյունիքի Երնջակ ու Ճահուկ գավառները, որտեղ նույնպես բարձր մակարդակի էր հասել մանրանկարչությունը (այդ գավառները ներկայումս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմում են)։
Սա այն դեպքն է, երբ մանրանկարչության հայտնի դպրոցների շարքում կարող ենք ավելացնել Երնջակի մանրանկարչության դպրոցը՝ խախտելով ավանդական դպրոցների մասին մինչև հիմա եղած պատկերացումը։
Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքի մոտ գտնվող Կուսանաց անապատում ձեռագրեր են ընդօրինակել շոռոթեցի տասից ավելի գրիչ, որոնցից հայտնի են Մարիամը, Մարգարիտը, Շուշանը, Գոհարը։ Միայն Մատենադարանում պահպանվում է 16-18-րդ դարերի 40-ից ավելի ձեռագիր՝ ընդօրինակված Շոռոթում։
Հայտնի են եղել նաև Երնջակ գավառի Ապրակունյաց Սուրբ Կարապետ վանքի, Քռնա գյուղի Սուրբ Աստվածածին վանքի, ինչպես և Ճահուկ գավառի Շահապոնքի, Օծոփի, Կուքիի (Կոգո) վանքերի գրչության կենտրոնները, որտեղ բազմաթիվ մանրանկարիչներ են գործել՝ Սիմեոն նկարիչը, Վարդան գրիչը, Կարապետ Ծաղկողը, Գավազանը, Հակոբ գրիչը, Մանուել Ծաղկողը, Հովհաննես փիլիսոփա Ծաղկողը, ուրիշներ։
Շոռոթից է Հովնաթանյանների հայտնի գերդաստանը (Նաղաշ Հովնաթան, Հակոբ Հովնաթանյան, Հովնաթան Հովնաթանյան, Մկրտում Հովնաթանյան, Հակոբ Հովնաթանյան, Աղաթոն Հովնաթանյան), որը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը, այդ թվում՝ մանրանկարչությունը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր՝ դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարագեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի գեղանկարչության համար։
Ինչպես նկատեցիք գերդաստանի նահապետը՝ հայ աշուղական արվեստի հիմնադիր, բանաստեղծ Նաղաշ Հովնաթանյանը (1661-1722 թթ․), նույնպես նկարիչ և ծաղկող է եղել։ Նրա նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում, ինչի համար էլ ստացել է «Նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։
1700-ականներին Նաղաշին հրավիրել են Էջմիածին՝ նկարազարդելու Մայր տաճարը։ Նրա որմնանկարներն այսօր էլ հիացմունք են պատճառում և Մայր Տաճարի պարծանքն են։
Խոսակցության առանձին նյութ կարող է լինել Հակոբ Նաղաշ Հովնաթանյանի գործունեությունը (Նաղաշ Հովնաթանյանի որդին է)։ Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը (1720 թ․)։ Հեղինակել է նաև հաստոցային նկարներ, իսկ 1720-30 թթ․, եղբոր՝ Հարություն Հովնաթանյանի հետ, նկարազարդել է մի Հայսմավուրք։
***
Համառոտ անդրադարձ համարի բովանդակությանը։
Նախ՝ ընդհանրական տեղեկատվություն է տրվում հայկական ձեռագրական գեղանկարչության մասին, որն ուրույն տեղ ունի գեղարվեստի համաշխարհային գանձարանում։
Ընդհանուր տեղեկատվություն ենք տալիս Սյունիքի մանրանկարչության մասին։
Առանձին անդրադարձ ենք կատարում (նաև սույն խմբագրականում) մանրանկարչության սյունիքյան դպրոցներին և մանրանկարչության մերօրյա դրսևորումներին։
Համարը սկսում ենք «Էջմիածնի ավետարանի» կամ «Փղոսկրյա ավետարանի» վերջում զետեղված չորս մանրանկարը (նաև այդ մասին հոդված) ներկայացնելով՝ Զաքարիայի ավետումը, Մարիամի ավետումը կամ Ավետումը, Մոգերի երկրպագությունը և Մկրտությունը։
Մեծահամբավ Լիդիա Դուռնովոն էր, որ ապացուցեց դրանց հայկական ծագումը և վերագրեց VII դարին, եթե ոչ՝ ավելի վաղ շրջանի։
Ըստ Նիկոլայ Քոթանջյանի՝ «Հավանական է, որ այդ մանրանկարները նախնական պատկերաշարի մի մասն են եղել։ Ներկայումս հնարավոր չէ պարզել, թե սկզբնապես ինչպիսին է եղել այդ պատկերաշարը, քանի որ համեմատության համար չկան VI դարի ուրիշ նկարազարդված ձեռագիր ավետարաններ»։
Հիշեցնենք նաև՝ 989 թ․ թվագրվող «Էջմիածնի ավետարանի» գրչության վայրը Սյունյաց աշխարհի Բղենո Նորավանքն է, ինչի մասին հանգամանալից տեղեկատվություն ենք ներկայացրել մեր հանդեսի՝ այդ սրբավայրին նվիրված համարում («Սյունյաց երկիր․ մշակութային», № 8, 2022 թ․)։
Հայոց միջնադարյան մանրանկարչության մեջ (ինչպես առհասարակ միջնադարյան քրիստոնեական արվեստում) կարևոր տեղ է հատկացվել ոչ միայն Քրիստոսին, բիբլիական և ավետարանական կերպարներին, այլև սրբացված անձանց, պատմական դեմքերին ու ժամանակակիցներին։ Հայ միջնադարյան դիմանկարչությունն անտարբեր չի գտնվել սյունեցի նշանավոր գործիչների հանդեպ՝ Մովսես Խորենացի, Եսայի Նչեցի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Սյունեցի, Նաղաշ Հովնաթան, Եփրեմ վարդապետ Ղափանցի, Շմավոն վարդապետ Անգեղակոթցի, Թորոս Տարոնացի (ինքնանկար) և ուրիշներ։ Ուստի և պատշաճ ենք համարել այդ դիմանկարներից մի քանիսը ներկայացնել համարում։
Առանձին բաժնով ներկայացնում ենք Գրիգոր Տաթևացուն, Անանուն Սյունեցուն, Նաղաշ Հայրապետին, Աբրահամ Ծաղկողին և Երինե գրչուհուն (Շինուհայրից)։
Միջնադարյան Հայաստանում խոշորագույն մտածողներից (ով նաև հռչակավոր գրիչ ու մանրանկարիչ էր) Գրիգոր Տաթևացու առավել հայտնի ստեղծագործությունը՝ Ավետումը, համարի շապիկին է։ Իսկ այդ բաժնում՝ ներկայացվող հոդվածի հետ մեկտեղ, նրա մանրանկարներն են՝ Մատթեոս ավետարանիչ, Մարկոս ավետարանիչ, Ղուկաս ավետարանիչ, Հովհաննես ավետարանիչ։
Մեկ այլ բաժնում (ըստ արվեստաբան Աստղիկ Գևորգյանի) ներկայացնում ենք Սյունեցի այլ մանրանկարիչների՝ ըստ բնակավայրերի (13-17-րդ դարեր)։
Տաթև․ Թումա Կաֆայեցի, Ղազար, Մարկոս սարկավագ, Խաչատուր Երևանցի, Հովհաննես (Ովանես), Խաչատուր Ջուղայեցի, Ղուկաս քահանա և բազմաթիվ անանուն մանրանկարիչներ։
Ի դեպ, Տաթևի մանրանկարչական արվեստի մասին ամենավաղ տեղեկությունը ստանում ենք Նոր Ջուղայում պահպանված 10-11-րդ դարերի երկու ավետարանից, որոնք ժամանակին պատկանել են Տաթևի վանքին։
Շինուհայր․ Նկարիչ Ղուկաս, Նկարիչ Եփրեմ, անանուն նկարիչներ, Գրիչ Ղազար, Գրիչ Աստվածատուր։
Գրչության արվեստով են զբաղվել Շինուհայրի կուսանաց անապատի միանձնուհիներ Հռիփսիմեն, Մարիամը, Մարգարիտը, Հեղինեն։
Երինե գրչուհին ներկայացվում է առանձին հոդվածով։
Աղուերձ (Դարբաս)․ Գրիչ Հայրապետ, Նկարիչ Իսրայել, Նկարիչ Իսրայել Տրապիզոնցի, Նկարիչ Նահապետ, Նկարիչ Եփրեմ։
Գետաթաղ․ Գրիչ և նկարիչ Ղուկաս։
Հալիձորի հարանց անապատ և Տաթևի անապատ․ Ղուկաս դպիր, Հակոբ Շոռոթեցի։
Իրիցաթումբ (Բարձրավան)․ Գրիչ և ծաղկող Առաքել։
Մրուց կամ Մրոց, ըստ Ալիշանի՝ Մուրխուս․ Գրիչ Ղուկաս։
Լոր․ Գրիչ Աբրահամ, Գրիչ Վարդան։
Արևիս․ Գրիչ Գրիգոր։
Ներկայացնում ենք Սյունիքի տարբեր բնակավայրերում գրված ավետարանները՝ արժեքավոր մանրանկարների ձևավորմամբ․ Փուխրուտի ավետարան, Աղուդի վանքի ավետարան, Տանձավերի երկու ավետարան, Խոտանանի ավետարան, Տաշտունի ավետարան, Վահրավարի ավետարան։
Համարի եզրափակիչ մասում Անանուն Սյունեցու մանրանկարներն են՝ Քրիստոսի կյանքն ու գործունեությունը պատկերող մի քանի սյուժեներով՝ Ավետում, Ծնունդ, Տյառնընդառաջ, Մկրտություն, Այլակերպություն, Խաչելություն։
Համարն ավարտում ենք՝ փոքր ինչ շեղվելով մանրանկարչությունից․ մի բարձրարժեք փորագրանկար է, որին ընթերցողը գուցեև ծանոթ է Հայր Ալիշանի «Սիսականի» սկզբնաթերթից։ Զարմանալի ստեղծագործություն է․ Շողակաթ Դևրիկյանը վերծանում է այդ նկարը և ցույց տալիս, թե ինչպես է Ղևոնդ Ալիշանը պատկերացրել մեր և ձեր պաշտելի Սյունիքը։
***
Հարկ ենք համարում վերստին նշել՝ խնդիր չենք դրել համարում ներկայացնել սյունեցի բոլոր մանրանկարիչներին կամ նրանց, ովքեր գործել են Սյունիքում։
Պատճառներից մեկին անդրադարձանք վերևում՝ սյունիքյան մշակութային գանձերի մեծ մասը դարերի ընթացքում կորսվել է։
Պատճառներից հաջորդը նույնպես նշել ենք՝ հիմնականում կենտրոնանում ենք Սյունիքի ներկայիս մարզի մանրանկարիչների ու գրչավայրերի վրա։ Իսկ դա նշանակում է, որ դուրս են մնում Սյունյաց աշխարհի Գեղաքունի, Սոթք, Աղահեճ կամ Քաշաթաղ, Երնջակ, Ճահուկ, որոշ չափով նաև՝ Կովսական, Բղեն գավառների գրիչներն ու ծաղկողները։
Այնուհետև՝ մոտ տասներեք դար ընդգրկող ժամանակաշրջանը (Սյունիքի կտրվածքով) ամբողջական և հանգամանալից ուսումնասիրության չի ենթարկվել՝ մեզ հետաքրքրող տեսակետից։
Մի ուրիշ հանգամանք էլ. մեզ հայտնի բոլոր գրիչներին, ծաղկողներին, մանրանկարիչներին չէ, որ հասցրել ենք անդրադառնալ։ Անգամ Տաթևի վանքում գործած մի շարք մանրանկարիչներ դուրս են մնացել հետազոտողների ուշադրությունից։ Նույնիսկ նշանավոր բանաստեղծ, գիտնական, մանկավարժ, գրիչ ու ծաղկող Առաքել Սյունեցու (Գրիգոր Տաթևացու քրոջ որդին է)՝ Անգեղակոթում 1422-ին ընդօրինակած ավետարանին անդրադարձ չենք կատարել։
Առհասարակ անգեղակոթցի մի քանի գրիչների և ծաղկողների թողած ժառանգությանը չհասցրինք ծանոթանալ (և՛ ժամանակի, և՛ թերթի ծավալի սղության պատճառով)՝ Մովսես Անգեղակոթցի, Մատթևոս երեց գրիչ, Գրիչ Գրիգոր Անգեղակոթցի։
Առանձին խոսակության կարոտ է 15-րդ դարի կեսերին հայոց մեջ մեծ համբավ ունեցած՝ Տաթևի վանահայր Շմավոն վարդապետ Անգեղակոթցու գործունեությունն ու թողած ժառանգությունը։
Բացթողում ունենք Գորիսի տարածաշրջանի առնչությամբ․ նկատի ունենք առանձնապես ԺԷ դարի գրիչ և ծաղկող Մովսես երեցին, ով նորոգեց 1490 թ․ ավետարանն՝ ավելացնելով իր չափածո խոսքը։
Գրիչ Մովսես երեցը հեղինակ է նաև մի շարակնոցի (1652 թ․)․ ինքը ներկայանում է Ղափանա երկրի Ծագաձոր գավառի Գորիս գյուղացի։
Մովսես երեցը 1653 թ․ ծաղկել է նաև խնձորեսկցի գրիչ Մարտիրոսի հեղինակած ավետարանը։
Կամ Գրիչ Սարգիս քահանան, ով 1657 թ․ հեղինակել է մի ավետարան։ Նա նույնպես ներկայանում է Ղափանա երկրի Գորիս գյուղացի։
Գրիչ և ծաղկող Մովսես երեցն ու Գրիչ Սարգիսը նշանավոր են մեկ այլ առումով ևս՝ առաջինը նրանք են Գորիս անվանումն օգտագործել գրավոր աղբյուրներում։
Կարողացել ենք միայն (համարի նախապատրաստման ընթացքում) Գորիսի տարածաշրջանին ԺԷ դարում առնչվող որոշ հիշատակարաններ փոխադրել գրական հայերենի, որն ի կատար է ածել ճանաչված գրաբարագետ Հակոբ Քյոսեյանը։
Բացթողումների թվարկումը դադարեցնենք՝ հուսալով, որ հետագայում կգտնվեն Սյունիքի գրչության արվեստով և հատկապես մանրանկարչությամբ հետաքրքրվող նվիրյալներ ու ավելի հանգամանալից և ամբողջական կներկայացնեն Սյունիքի մանրանկարչությունը։
***
Հանդեսի սույն համարը Սյունիքի մանրանկարչությունը ներկայացնելու առաջին փորձն է։ Ուստի և խոսք լինել չի կարող ամբողջական մատենագիտության մասին, որի մեջ ներառված կլինեին Սյունիքի մանրանկարչությունն արտացոլող գրքերը, ուսումնասիրությունները և մյուս հրապարակումները։
Այդքանով հանդերձ հայտնի են մի շարք արվեստաբաններ, ովքեր ծանրակշիռ ավանդ ունեն հայ մանրանկարչության սյունիքյան հատվածն ուսումնասիրելու և հանրայնացնելու գործում։ Նրանցից մի քանիսի մասին համառոտ տեղեկություններ՝ իբրև հարգանք նրանց անվանն ու կատարած աշխատանքին։
Ալեքսեյ Սերգեյի Ուվարով (1825-1885 թթ․), հեղինակել է «Էջմիածնի ավետարանը» հոդվածը (տե՛ս «Труды археологического съезда», М., 1887)։ Տվել է 35 նկարազարդ ձեռագրի, այդ թվում՝ «Էջմիածնի ավետարանի» նկարագրությունը։
Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովո (1885-1963 թթ․)։ 1936-ից Հայաստանի պետական պատկերասրահի հրավերով տեղափոխվել է Հայաստան։ Նրա բազմամյա և բազմակողմանի ուսումնասիրությունների մեջ առանձին տեղ է գրավում «Հին հայկական մանրանկարչություն» ալբոմը, որի մեջ, «Էջմիածնի ավետարանի» նկարներից բացի, զետեղված են նույն ավետարանի փղոսկրյա կազմի նկարները։
Ֆրեդերիկ Մակլեր (1869-1938 թթ․), ֆրանսիացի հայագետ։ Գրել է ավելի քան հարյուր աշխատություն՝ նվիրված Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, բանասիրությանը և արվեստին։ Նրա ջանքերով 1920 թ․ Փարիզում հրատարակվել են նաև «Էջմիածնի ավետարան»-ի սկզբում և վերջում զետեղված մանրանկարները։
Աստղիկ Բագրատի Գևորգյան (1919-2011 թթ․), արվեստագիտության թեկնածու։ Նրա հեղինակությամբ լույս են տեսել «Վայոց ձորի և Որոտանի մանրանկարչությունը․ 13-17-րդ դարեր» (2003 թ․), «Հայ մանրանկարիչներ․ մատենագիտություն, IX-XIX դդ․» աշխատությունները։
Գարեգին Ա Հովսեփյանց (1867-1952 թթ․), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ, արվեստաբան, փիլիսոփայության դոկտոր, ծննդավայրը՝ հայոց Արցախի Շամքորի շրջանի Չարդախլու գյուղ։ Հայ մանրանկարչությանը նվիրված աշխատություններում անդրադարձել է նաև Սյունիքի գրչության կենտրոններին, առանձին ծաղկողների։
Ալեքսեյ Նիկոլաևիչ Սվիդին (1886-1976 թթ․), արվեստաբան։ «Հին Հայաստանի մանրանկարչությունը» գրքում (1939 թ․) անդրադարձել է Սյունիքի մանրանկարչությանը։
Սիրարփի Միհրանի Տեր-Ներսեսյան (1896-1989 թթ․), բյուզանդագետ, միջնադարագետ, արվեստաբան, հայագետ։ Հեղինակած շուրջ 140 մենագրությունների և հոդվածների մի մասը նվիրված է հայկական նկարազարդ ձեռագրերին, որոնց մեջ տեղ են գտել նաև սյունիքյան ձեռագրեր։ Նրա երկու կարևոր հոդվածում՝ գրված 1944-45 («VII դարի մի երկ՝ նվիրված պատկերների պաշտպանությանը») և 1946 թվականներին («VII դարի հայ մանրանկարչությունը և «Էջմիածնի ավետարանի» մանրանկարները»»), հակառակ մինչ այդ ընդունված տեսակետի, ապացուցվում է, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդներից են, որ ունեցել են մանրանկարչություն։ Նա 1933 և 1964 թվականներին «Էջմիածնի ավետարանի» սկզբի (989 թ․) և վերջի (VII դար) մանրանկարների օրինակով բացահայտեց՝ հայերը VII-X դարերում ունեցել են ինքնատիպ բարձրարվեստ մանրանկարչություն։
Ալվիդա Միրզոյան, Էրմիտաժի թանգարանի Արևելքի բաժնի թանգարանավար, ավագ գիտաշխատող։ Նա է «Գրիգոր Տաթևացի և Անանուն Սյունեցի» ալբոմի հեղինակը, որը հրատարակվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։
Սեդրակ Գևորգի Բարխուդարյան (1898-1970 թթ․), հնագետ, պատմաբան, վիմագրագետ։ Հեղինակ է ««Էջմիածնի ավետարանի» գրչության վայրը»» մենագրության (1958 թ․)։
Ստեփան Խաչատուրի Մնացականյան (1917-1994 թթ․), ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։ Հեղինակ է 989 թ․ ««Էջմիածնի ավետարանի» մանրանկարների ուսումնասիրության հարցի շուրջ»» մենագրությանը։
Սյունիքի մանրանկարչությունը մեր ժամանակներում նույնպես արվեստաբանների, հայագետների ուշադրության կենտրոնում է։
Գնահատելի է Նիկոլայ Քոթանջյանի «Էջմիածնի ավետարանը» գիրքը («Անահիտ» հրատարակչություն-2000)։
Գնահատելի է Կարեն Մաթևոսյանի գործունեությունը․ արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հեղինակն է «Մոմիկ» գիրք-ալբոմի (Երևան, 2010)։
Ուշարժան են մեր հայրենակից, մեծահամբավ արվեստաբան Սեն Հովհաննիսյանի հեղինակած «Սյունիքի մարզ» (2015 թ․) և «Նախիջևան․ ցեղասպանություն» (2015 թ․) գրքերը։
Հարգանքի է արժանի մեր հայրենակից Սերգեյ Ջհանգիրյանի գործունությունը և հատկապես նրա «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գիրքը (2023 թ․)։
***
Արվեստագետներից ոմանք մանրանկարչությանը վերաբերում են իբրև անցյալի, քանզի 19-րդ դարասկզբից այն դադարել է լինել արվեստի «գործող» ոլորտ։
Եթե նույնիսկ հիմքեր կան այդպես մտածելու, բայց․․․ Մի՞թե մանրանկարչությունը նորօրյա դրսևորումներ չունի, մի՞թե այն պահանջված չէ մեր օրերում։
Այդ հարցերի պարզաբանմանն է նվիրված սույն համարի մի ամբողջ բաժին, որում ընդգրկված են արվեստաբան Ավետ Ավետիսյանի և Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ հարցազրույցները, ինչպես և Գորիսի պետական համալսարանի կերպարվեստի դասախոս Սիլվա Ասատրյանի հոդվածը։
Ընթերցողը, անշուշտ, հնարավորություն ունի ծանոթանալու նշված նյութերին։ Սակայն հարկ ենք համարում այդ ամենի հիման վրա մի քանի հետևություն անել։
Նախ՝ մանրանկարչությունը (մի քանի տեսակետից) շարունակում է մնալ պահանջված, պատահական չէ, որ շատ նվիրյալներ են զբաղվում այդ արվեստով։
Կան մանրանկարների նախօրինակը վերարտադրող նկարիչներ։
Վերարտադրելով ամբողջական հորինվածքը կամ հորինվածքի որևէ դրվագ՝ յուրօրինակ կապ է ստեղծվում անցյալի մշակութային գանձերի հետ։
Մանրանկարչությունն ունի ուսուցողական գործառույթ։ Նաև մանրանկարչությամբ են մեզ փոխանցվում Սուրբ գրքում ամփոփված աստվածային ճշմարտությունները։
Մանրանկարչությունն այսօր էլ մնում է կարևոր գործոն գրքերի պատկերազարդման ոլորտում։
Միջնադարում կիրառած նյութերի բաղադրիչներն այսօր էլ ուսումնասիրվում և դրանց հիման վրա վերականգնվում են ներկեր ու գործնական կիրառություն ստանում։
Ըստ Սիլվա Ասատրյանի՝ «․․․ Մանրանկարչությունն իր ուղղակի ազդեցությունն ունի նոր «ծնվող» նկարչի վրա և, որ կարևոր է, այն կենսական է, անշրջանցելի։ Դա գեղանկարչության հիմքն է, նրա անբաժանելի մասը, իսկ երկուսը միասին կազմում են կերպարվեստի հոգին ու մարմինը»։
Այնուհետև՝ մանրանկարչությունը, նրա առանձին տարրերը, ինչպես նախկինում, հիմա էլ լայնորեն օգտագործվում են կիրառական արվեստում։ Այո, դեկորատիվ և կիրառական արվեստը, դիզայնը չեն կարող չկրել մանրանկարչության ազդեցությունը՝ հատկապես մարդկանց գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տեսակետից։
Ավելի հարուստ ու բազմազան են մեր ազգային տարազի, հագուստի և մանրանկարչության առնչությունները։ Նախ՝ մանրանկարչությունը լուրջ սկզբնաղբյուր է հայերիս ունեցած տարազի վերաբերյալ՝ տարբեր դարերում։ Մյուս կողմից այսօր էլ հայկական տարազի և հագուստի որոշ դրսևորումներում տեսնում ենք մանրանկարների վերարտադրություն։
Հայկական միջնադարյան դասական գորգերին և հետագա դարաշրջանների գորգերին բնորոշ են եղել հատկանիշներ, որոնց շնորհիվ էլ առանձնանում են արևելյան երկրների գորգերից։ Ամենից առաջ բուսական և կենդանական մոտիվների խիստ ոճավորված պատկերներով։ Դրանցից որոշները չափազանց նման են միջնադարյան մանրանկարչության մոտիվներին։ Հայկական գորգերի կոմպոզիցիաներում երբեմն կրկնվում են հայ մանրանկարչությանը բնորոշ սյուժետային գծեր՝ բնության զարթոնք, գարնանամուտ, ծիսական արարողություններ։ Այսօր էլ այդ ամենը տեսնում ենք կարպետագործության, գորգագործության ոլորտներում։
Ընդհանրացնելով վերը նշվածը՝ կարող ենք փաստել՝ մանրանկարչությունն արվեստի չծերացող ոլորտ է․․․
Համարի նյութերը նախապատրաստելիս պարզ դարձավ՝ այսօր հանրապետությունում գործում են մանրանկարչի արվեստն ուսուցանող բազմաթիվ խմբակներ։
Մանրանկարչության դասարաններ կան Հայ առաքելական եկեղեցու Հայորդյաց տներում։
Արվեստի այդ ճյուղը մեր երեխաներին հասանելի ու հասկանալի դարձնելու գործում մեծածավալ աշխատանք է կատարում (2017 թվականից) Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիան։
Կարծում ենք՝ Սյունիքում ևս աշխատանքներ պետք է տարվեն՝ դպրոցականներին «Ծաղկելու արվեստ» ստուդիայի գործունեությանը հաղորդակից դարձնելու համար։
***
Մանրանկարչությունը, իր հիմնական առաքելությունից զատ, սկզբնաղբյուրային հսկայական նշանակություն ունի ոչ միայն հայ արվեստի պատմության համար։ Այն աղբյուրագիտական մեծաքանակ նյութեր է պարունակում հայ ժողովրդի, այս դեպքում՝ Սյունիքի պատմության համար։
Փաստը, որ դարերի ընթացքում հազարավոր ձեռագրեր ենք կորցրել (ինչին անդրադարձանք վերևում), միայն ցավ ու ափսոսանք է պատճառում․․․
Ասել է՝ վերացնել, ոչնչացնել մշակութային ժառանգությունը՝ նշանակում է հավելյալ հնարավորություն ընձեռել մեր վայ հարևաններին՝ կեղծելու տարածաշրջանի պատմությունը։
Միգուցե և վերոնշյալ հանգամանքը չհիշեինք, եթե մեր ժամանակներում նույնպես (այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև)՝ պետական մակարդակով, չիրականացվեր մշակութային «ցեղասպանություն» հայոց Արցախում։
Գործնական քայլեր չձեռնարկելով Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար՝ ակամա կասկածի տակ կդնենք հազարամյակներով հարատևած իրողությունը, որ Արցախը հայ ժողովրդի բնօրրաներից է։
Սամվել Ալեքսանյան