Առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն». իսկ ի՞նչ են մտածում Սյունիքի պատմաբաններն ու բանասերները

24.01.2024 14:17
8134

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությունը հրապարակված է և, կարծում ենք, փաստաթղթին ծանոթ են մեր պատմաբանները, բանասերները, մանկավարժները, նաև նրանք, ովքեր իրենց մտավորական են համարում:

Առաջարկն այս օրերին լայնորեն և բուռն քննարկվում է մեր հանրության ամենատարբեր շրջանակներում:

Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր ենք համարում Սյունիքի դիրքորոշման հստակեցումը, քանզի այստեղից ավելի հավասարակշռված ու ողջամիտ են երևում մեր ազգային ու պետական գրեթե բոլոր հարցերի պատասխանները (բազմաթիվ փաստարկներ կան այդպես արտահայտվելու համար):

Սյունիքի դիրքորոշումը (տվյալ հարցում) կարող են արտահայտել առնվազն մարզի պատմաբանները, բանասերները, կրթական ոլորտի պատասխանատուները և ընդհանրապես աճող սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք:

Ուրեմն՝ ակնկալում ենք, որ մարզի՝ գոնե նշված ոլորտների ներկայացուցիչները կարտահայտեն իրենց դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ, եթե, իհարկե, սեփական կարծիք կամ դիրքորոշում ունեն և ի վիճակի են իրենց մտածումները գրավոր կամ ձայնագրված փոխանցել մեզ:

«Սյունյաց երկիրը» պատրաստ է հրապարակել յուրաքանչյուրի տեսակետը՝ առանց որևէ փոփոխության: Ընդ որում՝ առաջարկին կողմ կամ դեմ արտահայտվողները, կարծում ենք, շատ թե քիչ կհիմնավորեն իրենց դիրքորոշումը, այլապես ակնկալվող խոսակցությունը հեռու կլինի լրջությունից:

Այսպիսով՝ սպասում ենք մեր մտավորականների, մեր պատմաբանների ու բանասերների,  հանրակրթական դպրոցների տնօրենների և սիրելի ուսուցիչների արձագանքին:

***

Ընթերցողը, բնականաբար, մեր առաջարկությանը նախևառաջ կհակադարձի այսպիսի հարցով՝ իսկ «Սյունյաց երկիրը» ունի՞ կարծիք կամ դիրքորոշում: Եվ դա օբյեկտիվ հարցադրում կլինի:

Իսկապես, ո՞րն է մեր դիրքորոշումը, երբ ինքներս ենք ուրիշներից արձագանք ակնկալում ԿԳՄՍ նախարարության առաջարկի վերաբերյալ:

Հիմա՝ մեր դիրքորոշման մասին:

Նախ՝ հայոց ազգային-պետական ներկա վիճակում անպատեհ ենք համարում առաջարկվող փոփոխությունը և դրա շուրջ հանրապետության մասշտաբով քննարկումների կազմակերպումը, ինչին ականատես  ենք: Այսօր ազգովի կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, վտանգված է մեր պետականության լինելիությունը, խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ու ներկա ընթացքում նախևառաջ և ամբողջովին պետք է կենտրոնանանք այդ սպառնալիքներին դիմակայելուն միտված հարցերի վրա: Լուրջ չէ և նույնիսկ ազնիվ չէ նման իրավիճակում այլ հարցերով զբաղվելը...

Բայց եթե քննարկման է դրվել առաջարկը, ուրեմն խոսենք...

Առաջին. դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից և հատկապես հայոց գրերի գյուտից հետո հայ ժողովուրդը կուտակել է բացառիկ հարուստ փորձ կրթության, դաստիարակության, մանկավարժության ոլորտներում: Առանց չափազանցության՝ աշխարհի քիչ ժողովուրդներ տվյալ ոլորտում ունեն այնքան փորձ և ավանդույթներ, որքան հայ ժողովուրդը: Ասել է թե՝ տեղին չենք համարում Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի փորձը հիմք ընդունելը: Մյուս կողմից՝ եթե վկայակոչում ենք այդ երկրների ուսանելի կամ ընդօրինակման արժանի մոտեցումները, ապա խելամիտ կլիներ (գոնե համառոտությամբ) ներկայացնել այդ երկրների փորձը: Ավելին, որպեսզի հիմք ընդունենք այդ երկրների փորձը, ապա հարկ է նախևառաջ մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը, մեր ժողովրդի ներկա վիճակը, մեր երկրին սպառնացող վտանգները փոքր-ինչ համեմատել այդ երկրների պատմությանը, ներկա կացությանը:

Մեծագույն հարգանք ունենալով այդ երկրների ու նրանց ժողովուրդների հանդեպ, միաժամանակ պարտավոր ենք արձանագրել՝ համեմատություններ անելու որևէ եզր չենք տեսնում, որևէ հարցում նրանց հետ նույնական լինելու հիմքեր չենք տեսնում: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ պետք է լուծի կրթական համակարգը Հայաստանում, բայց չգիտենք, թե Ղազախստանում կամ Սաուդյան Արաբիայում, օրինակ, ինչ խնդիրներ են ծառացած դասագրքեր ստեղծելու ոլորտում, կրթության և դաստիարակության ոլորտում:

Երկրորդ. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկի հիմքում դնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատառումը՝ «Իսկ ինչո՞ւ չունենանք, ասենք, հայ պետականության պատմություն»:

Իսկապես, ինչո՞ւ չունենանք, բայց...

Այդ դեպքում պարզագույն մի քանի ճշտում պետք է կատարենք սկզբից ևեթ:

Արդյո՞ք հայ պետականության պատմությունն ընդգրկելու է, ասենք, Հայկական լեռնաշխարհի խոշորագույն հայկական պետության՝ Ուրարտուի կամ Վանի թագավորության պատմությունը (մ.թ.ա. 9-6-րդ դարեր): Կամ, օրինակ, Երվանդունիների (մ.թ.ա. 6-2-րդ դարեր), Արտաշեսյան (մ.թ.ա. 189-մ.թ. 1), Արշակունյաց (66-428 թթ.) հայկական թագավորությունների պատմությունը:

Կամ՝ Անի մայրաքաղաքով Բագրատունիների, Կապան մայրաքաղաքով Սյունիքի թագավորության, Վասպուրականի թագավորության, Կյուրիկյան կոչված ձորագետցիների թագավորության, Կարս-Վանանդի թագավորության, Սյունիք-Արցախ միասնական պետության, Աղվանքի հայոց պետության, Գարեգին Նժդեհի գլխավորած Լեռնահայաստան պետության պատմությունները:

Դարեր շարունակ հայոց պետականության և ինքնիշխանության ստույգ ու փառահեղ դրսևորումներ են եղել մելիքությունները: Հարց՝ հայ պետականության պատմությունն ուսումնասիրելիս անդրադառնալո՞ւ ենք, օրինակ, Քաշաթաղի մելիքությանը, որն ընդգրկում էր Սյունիքի մարզի ներկայիս տարածքը, ինչպես և Քարվաճառը, Լաչին կոչված դժբախտությունը, Կուբաթլին, Զանգելան կեղծված անվամբ Կովսականը: Անդրադառնալո՞ւ ենք արդյոք Խամսայի մելիքություններին, որոնք 17-19-րդ դարում հայոց Արցախի լիակատար ինքնիշանության վառ օրինակ են եղել: Անդրադառնալո՞ւ ենք երեք տասնամյակ գոյատևած և վերահառնումի հույսով շնչող Արցախի Հանրապետության հերոսական պատմությանը:

Ասել է թե՝ բոլոր այդ հարցերի պատասխանը պետք է տրվի նախապես, այլապես լիարժեք չի կարող լինել «Հայ պետականության պատմություն» ենթադրյալ առարկային կյանքի ուղեգիր տալը:

Երրորդ. «Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն»: Հարցի պատասխանը, որքան տեղյակ ենք, տվել է Պատմահայր Մովսես Խորենացին, երբ մեր ժողովրդի պատմությունն անվանեց «Հայոց պատմություն» (5-րդ դար):  Ընդ որում՝ «Հայոց պատմությունը» ոչ միայն դասագիրք է ծառայել հայ հասարակության հետագա սերունդների համար և կրթել նրանց հայրենասիրության ու քաղաքացիականության ոգով, այլ նմուշ և օրինակ է եղել բոլոր միջնադարյան հայ պատմիչների համար, ովքեր, իրենց երկերը շարադրելիս, հիմք են ընդունել Խորենացու ձևակերպումը:

5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսն իր պատմությունը կոչեց «Պատմություն Հայոց»:

4-րդ կամ 5-րդ դարի խոշոր պատմագիրներից մյուսը՝ Փավստոց Բուզանդը ևս իր նշանավոր երկը վերնագրեց «Պատմություն Հայոց»:

Կամ Ղազար Փարպեցին (5-րդ դար). դարձյալ «Պատմություն Հայոց»:

Թվարկումները կարող ենք շարունակել, բայց  կարիք չկա, քանի որ (ինչպես տեսնում ենք), մեր խոշորագույն պատմագիրները նախապատվությունը միանշանակ տվել են «Հայոց» բառին:

Լեզվական առումով ևս «Հայոց» բառը չպետք է խրտնեցնի. Հայք բառի սեռական հոլովը՝ Հայոց բառը նույնական է Հայաստանի  և Հայերի բառերի հետ: Ուրեմն՝ ինչո՞ւ հրաժարվել Հայոց բառից, երբ այդ բառն իր մեջ կրում է Հայաստանի իմաստը նույնպես: Իսկ Հայք բառը մեր աշխարհի անունն է, որը տրվեց Հայկ Նահապետի կողմից՝ Բելին սպանելուց հետո:

Եվ, այդ բոլորով հանդերձ, եթե անպայման ուզում ենք օգտագործել «Հայաստանի պատմություն» արտահայտությունը, ապա պարտավոր ենք սկզբից ևեթ ճշտում կատարել առանցքային մեկ հարցում նույնպես:

Ի՞նչ ասել է Հայաստան՝ աշխարհագրական իմաստով: Բացեք բոլոր հանրագիտարանները, բառարանները՝ Հայաստան նշանակում է Հայք, Հայոց աշխարհ, Հայոց բնաշխարհ՝ երկիր, որտեղ հայ ժողովուրդը ձևավորվել ու անցել է պատմական զարգացման բոլոր փուլերը:

Իսկ որտե՞ղ է հայ ժողովուրդը ձևավորվել և անցել պատմական զարգացման բոլոր փուլերը:

Նեղություն քաշեք և ծանոթացեք «Աշխարհացույցին» (6-7-րդ դարեր), մի քիչ էլ ծանոթացեք Վարդան Արևելցու «Աշխարհացույցին» (13-րդ դար), ծանոթացեք Կլավդիոս Պտղոմեոսի (90-168 թվականներ) «Աշխարհագրությանը», աշխարհագրական, քարտեզագրական այլ նյութերի ու կստանաք հարցի ստույգ և անվիճելի պատասխանը:

Այստեղ առաջ է գալիս լրջագույն մի նոր հարց՝ Սփյուռքի պատմությունը տե՞ղ է գտնելու առաջարկվող դասագրքում, չէ՞ որ առանց Սփյուռքի պատմության հնարավոր չէ պատկերացնել հայ ժողովրդի պատմության որևէ դասագիրք՝ ինչ անուն էլ որ ունենա:

Եվ իբրև ամփոփում մեր տեսակետի. ըստ պատշաճի ու գիտականորեն չի հիմնավորվում, թե ինչու պետք է «Հայոց պատմությունը» վերանվանվի «Հայաստանի պատմություն»:

Մեր առաջարկությունը.

ա) հարցը հանել օրակարգից և դադարեցնել դրա շուրջ քննարկումները,

բ) եթե, այնուամենայնիվ, հարցը պիտի մնա օրակարգում և քննարկվի, ապա պետք է  խնդրո առարկայի քննարկումն ամբողջապես դուրս բերվի կուսակցական և սիրողական հարթակներից ու տեղափոխվի միայն գիտական միջավայր,

գ) եթե իսկապես այս նախաձեռնության հեղինակները մի խումբ մանկավարժներ են ու եթե գաղտնիք չէ նրանց անվանացանկը, ապա բոլորին սիրով հրավիրում ենք Սյունիք՝ բաց բանավեճի, անկեղծ քննարկման. կրկնում ենք՝ այստեղից ամեն ինչ ավելի տեսանելի է:

 

Սամվել Ալեքսանյան

 

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26