Յոթ տասնամյակով չափվող կենսագրություն

21.06.2023 12:19
1456

2022-ը հոբելյանական էր Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի համար: Լրացավ մարզկենտրոնի երաժշտական կրթօջախներից առաջնեկի հիմնադրման 70-րդ տարեդարձը, ինչն ունի նախապատմություն: 1948 թվականին, երբ աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը շրջագայում էր Հայաստանում, լինում է նաև Կապանում, ծանոթանում  հանքարդյունաբերությանը և լեռնագործների քաղաքին: Նաև հետաքրքրվում է, թե Կապանում, արդյոք, կա երաժշտական դպրոց: Բացասական պատասխան լսելուց հետո ծանր հոգոց է հանում ու ասում, իսկ ինչո՞ւ հանքափորի երեխան երաժիշտ չպիտի դառնա, դասական երաժշտություն լսի, ապա ավելացնում՝ անհապաղ հոգ տանել, որ բացվի երաժշտական դպրոց: Այս ամենից մի քանի տարի հետո՝ ավելի ստույգ՝ 1952 թվականի հոկտեմբերի 6-ին բացվել է դպրոցը, ինչը մեծ իրադարձություն էր ամբողջ Զանգեզուրի համար, քանզի դրանով հիմք դրվեց մարզի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:

Հունիսի 20-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ դպրոցի հոբելյանին նվիրված հանդիսություն և տոնական  համերգ

Տանտիրոջ իրավունքով օրվա խորհուրդը ներկայացրեց հաստատության տնօրեն Լիլյա Վարդանյանը՝ նշելով, որ դպրոցը գոյության ընթացքում տվել է երեք հազարից ավելի շրջանավարտ: Նրանցից շատերը համարում ունեն հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Կապանում այժմ գործող երաժշտական և արվեստի մանկական դպրոցների նախկին և ներկա տնօրեններն անցել են թիվ մեկ երաժշտականի քուրայով:

Դպրոցի անցած ուղին ներկայացվեց տեսաֆիլմի միջոցով, որը բովանդակում  էր թվեր ու փաստեր, մոտ ու հարազատ մարդկանց մասին տվյալներ: Պղնձահանքային կոմբինատի մսուր-մանկապարտեզի առաջին հարկում հատկացված սենյակում տեղադրվեց դաշնամուր, որ նվիրել էր Գեղանուշ գյուղի որբանոցի տնօրեն  Ավիս Էլչյանը: Նորաստեղծ դպրոցի տնօրեն նշանակվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, փողային գործիքների մեծ գիտակ Թորոս Լավչյանը, Ղափան գործուղվեց նաև Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան  երաժշտական ուսումնարանի շրջանավարտ, դաշնակահարուհի  Էլեոնորա  Կարապետյանը: Առաջին անգամ դպրոց ընդունվեց 49 սան՝ երեք  մասնագիտությունների գծով՝ ջութակ, դաշնամուր և կլարնետ: 1957-ին դպրոցի տնօրեն նշանակվեց ջութակահար Վոլոդյա  Կուրղինյանը: Իսկ 1966-ին կրթօջախի ղեկավարությունը ստանձնեց Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, դպրոցի նախկին սան Ռոմեո Մարտիրոսյանը, նրա ղեկավարության օրոք՝ 27 տարի, կրթօջախը վերածվեց երաժշտական կադրերի պատրաստման դարբնոցի:

1972-ին դպրոցը զբաղեցրեց երաժշտական ուսումնարանի նորակառույց մասնաշենքի երկրորդ հարկաբաժինը, որտեղ մինչև այսօր շարունակում է գործունեությունը:

1993-ից տնօրենի պաշտոնը ստանձնել է Ռուզան Ավանեսյանը, 2009-ից կրթօջախի տնօրեն նշանակվեց դպրոցի շրջանավարտ Լիլյա Վարդանյանը, ով պաշտոնավարում է մինչև այսօր:

2002 թ. դեկտեմբերի 5-ին դպրոցի 50-ամյակի առիթով Կապանի քաղաքապետարանի որոշմամբ դպրոցը կոչվեց մեծահամբավ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով:

Դպրոցի մանկավարժները այժմ երաժշտական կրթությունն իրականացնում են բարեհարմար պայմաններում, իսկ վերջերս դպրոցը համալրվել է ժամանակակից գույքով: Այս համատեքստում երախտագիտություն հայտնվեց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին, շնորհակալություն հղվեց դպրոցի նախկին տնօրեններին, հին ու նոր մանկավարժներին կրթօջախի կայացման գործում ներդրած ավանդի համար:

Հոբելյանի առթիվ բարեմաղթանքներ հղեցին դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ավանեսյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը:  Տեսակապի միջոցով դպրոցի հոբելյանը շնորհավորեց դպրոցի նախկին սան Միխայել Կարապետյանը: Եղան նաև պարգևատրումներ: Երկարամյա աշխատանքի և մանկավարժական արդյունավետ գործունեության համար դպրոցի երգչախմբի ղեկավար Անուշ Ասլանյանը, դաշնամուրի դասատուներ Հասմիկ Հարությունյանը, Լիլիթ Գրիգորյանը, ջութակի դասատու Ալվինա

Ղոնյանը, քանոնի դասատու Անուշ Դավթյանը արժանացան համայնքապետի շնորհակալագրերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներին:

Դպրոցի 70-րդ տարեդարձին նվիրված համերգը սկսվեց կրթօջախի անունը կրող Արամ Խաչատրյանի «Հին հույների պարը»՝ «Սպարտակ» բալետից, որ կատարեցին դպրոցի շրջանավարտներ Մարտա Հայրապետյանը և Սոնա Մկրտչյանը: Միջազգային մրցույթի դափնեկիր,  շվիահար Նարեկ Սարգսյանը (դասատու՝ Ալեն Սահակյան) հնչեցրեց Արարատ Պետրոսյանի ստեղծագործությունը:

Հոբելյանի առթիվ երաժշտական ողջույններ հղեցին դպրոցի նախկին շրջանավարտներ, այժմ Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը և դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանը՝ Արտեմի Այվազյան «Բարկարոլլա», ինչպես նաև դպրոցի շրջանավարտ, Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը, ով երգեհոնով հնչեցրեց Մակար Եկմալյանի «Գովեա Յերուսաղեմ»-ը (փոխադրումը՝ Վահագն Ստամբոլցյանի):

Հոբելյանական համերգին հանդես եկան դպրոցի շրջանավարտներն ու նախկին ու ներկա դասատուները, սաները: Համերգը եզրափակվեց դպրոցի մանկավարժների երգչախմբի (ղեկավար՝ Նորա Դավթյան) կատարումով, որը ջերմությամբ ընդունեց հանդիսականը:

Վահրամ Օրբելյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

01.08.2026 21:28

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ

01.08.2026 20:52

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08