Հռչակավոր բերդը Որոտանա` չափազանց գեղեցիկ եւ հպարտ, որ հիշվում է Վարդանանց պատերազմի օրերից

07.09.2020 12:30
23107

Օգոստոսի 27-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Որոտան երկիր:

Առաջին կանգառը Հայաստանի նշանավոր բերդերից մեկն էր`Որոտնաբերդը:

Սյունյաց աշխարհի կարեւոր այդ ամրության մասին շատերն են գրել, իսկ առաջին գրավոր հիշատակությունը Վարդանանց պատերազմի պատմիչ Եղիշեինն է:

 

Որոտնաբերդ. հանրագիտարանային համառոտ տեղեկություններ

Եղիշեն Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450-ին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում:

Ստեփանոս Օրբելյանը  Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-94-ին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին:

1104-ին Որոտնաբերդը գրավել են սելջուկյան թուրքերը, 1219-ին Իվանե Զաքարյանը ազատագրել է Որոտնաբերդը եւ հանձնել Լիպարիտ Օրբելյանին:

1386-ին Լենկթեմուրի հորդաներն ասպատակելով Սյունիքը, գրավել են նաեւ Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել եւ Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց վերադարձել են, կրկին տիրել հայրենի բերդը):

1407-ին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը:

1724-ին Որոտնաբերդն ուրացած Մելիք-Բաղրից ազատագրել է Դավիթ Բեկը:

Որոտնաբերդն այժմ ավերակ է: Ունի հյուսիս-արեւմտյան- հարավ-արեւելյան ձգվածությամբ թամբի ձեւ: Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արեւմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները): Հարավ-արեւելքում, ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է: Վերջինիս հյուսիս-արեւմուտքում կառուցված է կրաշաղախով եւ բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արեւմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը: Միջնաբերդի արեւելյան մասում կան կիսաշրջանաձեւ պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ: Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը: Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով: Ուշագրավ են բերդի հարավ-արեւմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2 մ բարձրությամբ):

Որոտնաբերդից 3 կմ հյուսիս-արեւմուտք Որոտնավանքն է, իսկ արեւելյան մասում` միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855): 

(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երեւան 1982, էջ 651)

 

Որոտնաբերդն ըստ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի»

Գտնվում է այժմյան Սիսիան քաղաքից 8-9 կմ հարավ-արեւելք, Որոտան գետի աջ ափին, Մելիք-Թանգու կամրջի մոտ բարձրացող անմատչելի լեռան վրա:

Սյունիքի հայտնի շատ բերդերի նման տեղացիները Որոտնաբերդը նույնպես կապել են Դավիթ Բեկի անվան հետ` այն եւս կոչելով Դավիթ Բեկի բերդ:

Բերդը հավանաբար հիմնադրվել է 4-րդ դարում եւ ավելի քան 1330 տարի պահպանել իր գոյությունը, ականատես եղել Սյունիքում եւ ամբողջ Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններին ու կարեւոր դեր խաղացել դրանցից շատերում, մի շարք անգամ անցել ձեռքից ձեռք:

5-րդ դարում Հայաստանի ամենահայտնի եւ ամենաամուր բերդերից էր:

Վարդանանց պատերազմի ականատես պատմիչը` Եղիշեն, թվարկելով ապստամբների կողմից գրավված Հայաստանի մի քանի հռչակավոր բերդերը, դրանց թվում հիշատակում է նաեւ Որոտնաբերդը:

Որոտնաբերդն արտակարգ կարեւոր նշանակություն էր ստացել մանավանդ 10-12 –րդ դարերում` Կապանի թագավորության շրջանում: Այդ ժամանակներում Որոտնաբերդը հսկում եւ պաշտպանում էր Կապանի թագավորության հյուսիսային սահմանները:

11-րդ դարի վերջերից Որոտնաբերդը թագավորությանը սահմանակից մյուս ամրոցների եւ բերդերի հետ միասին, տասնամյակներ շարունակ կենաց ու մահու կռիվներ էր մղում Կապանի թագավորությունն օղակի մեջ առած սելջուկյան մեծաթիվ զորքերի դեմ: 1103 թ. Կապան մայրաքաղաքն ավերելուց հետո սելջուկներին, այնուամենայնիվ, հաջողվում է 1104 թ. գրավել Որոտնաբերդը` այն դարձնելով հենակետ Սյունիքի հարավային մասում հետագա նվաճումներ կատարելու համար:

Որոտնաբերդը սելջուկների իշխանության ձեռքին մնում է 115 տարի:

Օտար լծից ազատագրվել է Հյուսիսային Հայաստանի հետ միասին` Զաքարյան հայ իշխանների գլխավորած հայ-վրացական զորքերի գործողություններով 1210 թ.: Դրանից հետո, մինչեւ մոնղոլական արշավանքները, Որոտնաբերդը Սյունիքի մեծ մասի հետ միասին ենթարկվում էր Իվանե Զաքարյանի իրավասությանը, իսկ 13-րդ դարի 30-40-ական թթ. Սմբատ Օրբելյան իշխանը մոնղոլական Բաչու զորավարի համաձայնությամբ նորից իր ձեռքն է վերցնում Որոտնա երկիրն ու Որոտնա բերդը` այն հանձնելով իր եղբայր Տարսայիճին:

Մոնղոլական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Որոտնաբերդը մնում էր Օրբելյանների ձեռքին:

1406 կամ 1407 թ. կարակոյունլու Կարա-Յուսուֆի կողմից այն գրավվելուց հետո (իսկ դրանից առաջ` 1386 թ. Որոտնաբերդը գրավել էին Լենկ-Թեմուրի զորքերը) մինչեւ 18-րդ դարի սկզբները տեղեկություններ չկան: Անկասկած է, սակայն, որ Որոտնաբերդը շարունակում էր իր գոյությունը:

18-րդ դարի սկզբներին՝ Սյունիքի ազատագրական պատերազմների ժամանակ, Որոտնաբերդը գտնվում էր թուրք իշխողի ձեռքին, իսկ վերջինս` հենվելով իր անմատույց աթոռանիստի վրա, մեծ վտանգ էր ներկայացնում ազատագրական շարժման համար: Ուստի հասկանալի է դառնում, թե ինչու Դավիթ Բեկն այնքան կարեւորություն էր տալիս Որոտնաբերդի եւ նրա շուրջն ընկած գավառի ազատագրմանը: Դավիթ Բեկը լավ գիտեր, որ Որոտնաբերդի ազատագրումը կապված է դժվարությունների հետ: Սակայն հմուտ զորավարն իր ձեռքի տակ եղած փոքրաթիվ զորքով, ճկուն մարտավարությամբ 1725 թ. կարողանում է այն գրավել:

Դժվար է ասել, թե Որոտնաբերդը երբ է ավերվել ու շարքից դուրս եկել: Համենայն դեպս 19-րդ դարում այն այլեւս չի հիշատակվում իբրեւ կանգուն բերդ: Հավանաբար՝ Որոտնաբերդը փլատակների է վերածվել կործանիչ երկրաշարժերի հետեւանքով:

Որոտնաբերդի ավերակներն այժմ էլ կան եւ գտնվում են Որոտանի աջ ափին՝ լեռան կատարին: Գետափից մինչեւ բերդի պարիսպները վեր են խոյանում անմատչելի բազալտե ժայռեր, որոնք բերդն անմատույց էին դարձնում երեք կողմից: Բերդ կարելի էր մտնել միայն արեւմտյան կողմից դեպի բարձունքը ձգվող լեռնաճյուղի բավական հարթ կատարներով: Իսկ բերդի` դեպի վերջինս ուղղված կողմը պատած է աշտարակավոր բարձր ու ամրակուռ պարիսպներով:

Մինչեւ օրս էլ պահպանվել են պարսպի հատվածները եւ նույնիսկ այդ վիճակում հոյակապ տպավորություն են թողնում:

Երկարատեւ պաշարումներին դիմանալու նպատակով հոգ էին տարել նաեւ բերդի պաշտպաններին խմելու ջրով ապահովելու համար. բերդի պարիսպների կողմից փորել են գաղտնի գետնուղի` Որոտանից ջուր բերելու համար, իսկ բերդի ներսում պատրաստել են ջրի պահեստ` կրաշաղախով պատած շրջանաձեւ ջրամբար:

Ներկայումս գետնուղին փակված է եւ հազիվ է նշմարվում:

Մյուս կառուցվածքներից նշմարվում են առանձին շինությունների հետքերը:

 

Ստեփանոս Օրբելյանը Որոտնաբերդի մասին

Դեռեւս 5-րդ դարից հռչակված Որոտնաբերդի մասին հիշատակումներ ունի նաեւ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» երկում (Երեւան-1986):

Թվարկելով Սյունիքի անառիկ ամրոցները՝ դրանց շարքում նշում է նաեւ Որոտն բերդը. «որ անհասանելի է մարդկանց մուտքին, եւ միայն տերը կարող է մատչելի դարձնել»:

Պատմիչը հիշեցնում է նաեւ Որոտնաբերդը Զաքարե եւ Իվանե աթաբեկի ջանքերով ազատագրելու մասին, երբ ազատագրվեց Հայոց աշխարհը (հայոց 660 թվականին). «Թեպետ դա տեղի ունեցավ տարբեր թվականների, սակայն բոլորն էլ նրանք ու իրենց որդիները գրավեցին եւ մեր երկիրն ազատագրեցին սելջուկ-թուրքերի լծից»:

Կա մեկ ուրիշ հիշատակում եւս, որի համաձայն Իվանե աթաբեկը Լիպարիտ Օրբելյանին է հանձնում Որոտն բերդը. «Եվ քանի որ նա էր գլխավորել Սյունյաց ու այլ բերդերի գրավումը, նրան է հանձնում նաեւ Սյունիք, Որոտն, Բարգուշատ եւ ուրիշ բերդերը»:

Սյունիքում (այդ թվում` Որոտն երկրում) նոր ժամանակներ են սկսվում, երբ Սմբատ Օրբելյանը Մանգու խանին կատարած այցից հետո վերադառնում է հայրենիք. «Արդ` գալով հասնում է այս աշխարհը, որտեղ  ծայր է առնում խաղաղությունը. կարծես արեգակ է ծագում գիշերային խավարում: … Վերցնում եւ ազատագրում է բովանդակ Որոտն երկիրը…»:

 

Մորուս Հասրաթյանի մի ուշագրավ գրառում

Սիսիան (Սիսական) բերդավանում եւ ամուրն Որոտան ամրոցում իշխողները կայազորային զորամասեր էին պահում, զի գավառը խիտ հայ բնակչություն ուներ: Այդ պատճառով էլ մանավանդ խառնակ ժամանակներում վարչական կենտրոն պետք է համարվեին այդ բերդ-ավանները` Սիսիանը եւ Որոտանը, որին կոչում էին Ուրուտ:

(Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 137):

 

Ստեփան Լիսիցյանը Որոտնաբերդի մասին

Որոտան (Բազարչայ) գետի աջ ափին` հենց Մելիք-Թանգու կառուցած կամրջի գլխին, այնտեղ, որտեղով անցնում է ճանապարհը Տաթեւից դեպի Սիսիանի գլխավոր գյուղեր` Բռնակոթ, Սիսական` այժյան Սիսիան, Անգեղակոթ, ցցված է մի սեպ ժայռ, որի վրա տեղ-տեղ երեւում են պատերի հետքեր: Դա հռչակավոր Որոտնաբերդն է, որը տեղացիք սխալմամբ կոչում են Դավիթ Բեկի բերդ: Դա իշխում է այն կետին, որտեղով հնարավոր է անցնել գետի մեկ ափից մյուսը: Ժայռի գլխին գտնվող փոքր հրապարակը մատչելի է միայն գետի ափին հակառակ կողմից, թեեւ մեծ դժվարություններով. այդտեղ է, որ հարկ է եղել մուտքը կապել պատով:

(Զանգեզուրի հայերը, Երեւան 1969, էջ 39)

 

Թե ինչու են տեղացիները Որոտնաբերդն անվանում նաեւ Դավիթ Բեկի բերդ

Հանրահայտ է, որ 1736-37 թթ. Ղուկաս Սեբաստացին պատմագրեց Սյունյաց աշխարհում 18-րդ դարի 20-ական թթ. ծավալված հերոսամարտերը` փրկելով մոռացումից եւ դարձնելով հաջորդ սերունդների սեփականությունը:

Ղուկաս Սեբաստացին մեկն էր Վենետիկի Մխիթարյաններից:

Ըստ Ղուկաս Սեբաստացու՝ «Դավիթ Բեկի պատմությունը» գրքի` Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ մարտական գործողություններ են տեղի ունեցել նաեւ Սիսիանի տարածաշրջանում ու մասնավորապես Որոտնաբերդում. «Դավիթը եկավ Սյունյաց աշխարհ հասավ տիրոջ 1722,  հայոց 1171 թվականին ու բանակեց Սիսական գավառի սահմաններում, գեղեցիկ դաշտավայրում, Եռագագաթ բլրի մոտ:

Դավիթը Եռաբլուրում հարվածեց ղարաչոռլու կոչված թուրքերին…

…Իր Կապան գալու երրորդ տարին էր, Դավիթը պաշարեց Որոտնա բերդը, եւ Ծաղկազարդի տոնին, որ ամրոցի պաշարման չորրորդ օրն էր, հորդ անձրեւ եղավ (ո`վ սքանչելիք), եւ անձրեւի սաստկությունից պարսպի մի կողմն ինքնիրեն քանդվեց: Այդ տեսնելով նրանք ձայն տվեցին, խրախույս  կարդալով հարձակվեցին, մտան ներս ու կոտորեցին բոլոր օտարերկրացիներին, գրավեցին բերդը»:

(Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Երեւան 1987 թ.)

 

Որոտան երկիրը

Մատենագիտության մեջ` Որոտ, Որոտան գավառ, Որոտանի երկիր, Որոտանի ձոր, Որոտն, Որոտնա գավառ, Որոտու գավառ:

Դա մի գավառ է («երկիր» է) Սյունիք աշխարհում:

13-րդ դարից սկսած (երկար ժամանակ) այդպես է կոչվել Ծղուկ գավառի մեծագույն մասը, որն ընկած է Որոտն բերդի շուրջ:

Ըստ Մորուս Հասրաթյանի` «Որոտանի աջ ափը եւ ձախ ափից` Աղուդիից մինչեւ Հարժիս, որ բուն Ծղուկն է, 13-16-րդ դարերում ձախ ափում ունեցել է նաեւ Որոտանի (Որոտնա) ենթաշրջանը` իրեն ենթակա աջափնյա մեկուսի Լորաձորով ( Ձորեր) եւ նույնպես աջափնյակում Տաթեւի ենթաշրջանը:

Ծղուկի այս մեկուսի ծայրամասի գլխավոր կենտրոնը Որոտան ավանն է եղել` մոտակա Վաղադիի հետ, իրենց շրջակա այլ բնակավայրերով:

(Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 129)

 

Որոտան գետը

Որոտնաբերդը, ինչպես ասացինք, գտնվում է Որոտան գետի աջ ափին:

Այն Արաքսի ձախակողմյան վտակներից է, որն իր ստորին հոսանքում կոչվում է Բարգուշատի գետ եւ որն աջ կողմից թափվում է Հագարի գետի (Աղավնո գետի) մեջ` ապա նրա հետ միասին միանում Արաքսին:

Մատենագիտության մեջ նաեւ Բազարչայ է կոչվում, Ծղուկի գետ, Ծղկո գետ…

Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արեւմտյան մասից, Զանգեզուրի լեռների արեւելյան լանջերից, հոսում է Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններով:

Միջին հոսանքի շրջանում նրա ձորի խորությունը հասնում է ավելի քան 700 մ-ի:

Երկարությունը 175 կմ (Հայաստանի տարածքում` 119 կմ), ավազանը` 2020 քառ. կմ:

Որոտանի կամուրջներն են` Սատանի բնական կամուրջը, Հարժիսի կամուրջը, Մելիք Թանգու-անունով երկու կամուրջը:

 

Որոտան գյուղը

Գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 10 կմ հարավ-արեւելք, Որոտան գետի ձախ ափին, Մելիք-Թանգու կամրջից մի փոքր վերեւ, կիսաշրջանաձեւ, գեղատեսիլ վայրում, երբեմնի Որոտն գյուղի ավերակների տեղում:

Երեք կողմից պատված է բարձր ու լերկ ժայռերով, թաղված է մրգատու այգիների մեջ:

Որոտան է կոչվել 1968 թ. հուլիսի 3-ին:

Սյունիքի հնագույն եւ ամենանշանավոր գյուղերից է, որ Որոտնաբերդի հարեւանությամբ հարատեւեց ավելի քան հազար տարի, դարձավ Օրբելյան իշխանների նստավայր, սակայն ողբերգական ճակատագրով հայաթափվեց…

Որոտն-Որոտան գյուղը, որին Սիսիանի բանակիչները մինչեւ այժմ էլ Օրոտ-Որոտ են կոչում, հետագայում հորջորջվեց որպես Ուռուտ:

Շչորս Դավթյանը Որոտան գյուղի թուրք բնակիչների հետ կապված ուշագրավ մի դիտարկում է արել. «Նրանք չմասնակցեցին  ինչպես 1905-06 թթ., այնպես էլ 1918-20 թթ. ընդհարումներին ու իրադարձություններին: Բնիկ որոտանցիներն իրենց մարդաբանական կառուցվածքով թուրքերի նման չէին, ավելի շատ սպիտակամաշկ, հաճախ կապուտաչյա, կանոնավոր դիմագծերով, բավական ընդունակ մուսուլմաններ էին, որոնք պահպանել էին հայկական մի շարք սովորույթներ (թաղում էին դագաղով, նշում էին յոթը, քառասուն օրը, տարին, սգի մեջ եղած ժամանակ չէին սափրվում, խմորը վերջացնելուց հետո վրան խաչ էին քաշում…), գիտեին, որ իրենց նախնիները հայեր են եղել…» (Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երեւան 1997, էջ 75,76):

Որոտնաբերդին հարող տարածքում գերեզմանատուն կա, ուր հայկական գրերով տապանաքարեր եւ խաչքարեր կան մինչեւ 1500 թ. սկիզբը պարունակող թվագրությամբ:

1988-89 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածների եւ այնտեղից հայերի բռնագաղթի պատճառով գյուղի ադրբեջանցի բնակիչներն արտագաղթել են Ադրբեջան:

1988-ի մայիսից այդտեղ են եկել Ադրբեջանից բռնագաղթված հայեր, ինչպես եւ մերձակա գյուղերի մի քանի ընտանիքներ:

 

Մելիք-Թանգիի կամուրջը

Այդ կամրջի մասին շատերն են գրել:

Եվ որպեսզի խուսափենք անհարկի կրկնություններից, ներկայացնենք Հենզել Առաքելյանի գրառումը (Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները, Երեւան 2017, էջ 27):

Ահա` «…Տաթեւի հետ հաղորդակցությունը կարգավորելու նպատակով Մելիք-Թանգին բավականին շինարարական աշխատանքներ կատարեց նաեւ դեպի հարավ, դեպի Ձորերի ենթաշրջան: Ճանապարհները կարգավորելուն զուգընթաց նա 1855 թվականին սերունդներին թողեց նաեւ մի հոյակապ կամուրջ: Այն գտնվում է Դավիթ Բեկի բերդի ստորոտին, Որոտան գյուղի հարեւանությամբ:

Միաթռիչք այդ ճարտարապետական գոհարը կանգուն է մինչեւ օրս եւ իր ուսերի վրա կարողանում է կրել անգամ ամենածանր բեռնատարները:

Ասում են` երբ ավարտվել է կամրջի կառուցումը, Մելիքն ասել է` եթե ժայռը չփլվի, կամուրջը չի քանդվի:

Կամուրջը ներկայումս էլ կոչվում է նրա անվամբ` Մելիք-Թանգու կամուրջ»:

Երկու բարձր ժայռի միջեւ, միակամար, 25 մ երկարությամբ բազալտե, կրաշաղախ կամրջի մասին գրառում է կատարել Երվանդ Լալայանը. «…Մելիք-Թանգին շինում է Որոտնա կամուրջը, որը ձգվում է համանուն գետի վրա, Որոտն բերդի մոտ, ինչպես եւ Անգեղակոթի կամուրջը»:

Մատենագիտության մեջ շրջանառվում է տեսակետ, թե իբր Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի (երբեմնի Շահվերդլար) կամուրջը նույնպես Մելիք-Թանգի երկրորդն է կառուցել, որը սխալ է:

Որոտնաբերդն ու Որոտնավանքը` Համո Սահյանի ոգեշնչման աղբյուր

Համո Սահյանի մի քանի բանաստեղծություններում Որոտնաբերդը երեւում է որպես բնության առեղծված, որպես հայ ժողորդի անկոտրում ոգու խորհրդանիշ:

Ահա այդ բանաստեղծությունների ցանկը.

  • Քարափների գլխին` Որոտնաբերդ (հ. 2, էջ 11),
  • Ապրես դու կյանք (հ. 2, էջ 331),
  • Լուսնյակ գիշեր է (հ. 2, էջ 338),
  • Եղել է եւ չիք (հ. 2, էջ 361),
  • Այն աշխարհից (Դ. ծ., էջ 26),
  • Ո՞ւր է տանում (Ի. բ. չ., էջ 158):

Հիշենք դրանցից մեկը` «Քարափների գլխին` Որոտնաբերդ».

Քարափների գլխին՝ Որոտնաբերդ,

Քարափների ծունկին՝ Ծիծեռնավանք,

Քարափների շուրթին՝ երկնքի շերտ,

Քարափների շուքին՝ ջրվեժի զանգ...

Խորքում գանձ ունեն քարափները,

Թիկունքներին ունեն անտառ ու հերկ...

Միայն մի բան չունեն քարափները,-

Քարափները չունեն կարապի երգ:

***

Համո Սահյանի երկու բանաստեղծություններում հիշվում է նաեւ Որոտնավանքը.

Որոտնակիրճ է,

Որոտնաբերդ է,

Որոտնավանք:

Քարերի ճիչ է,

Սարերի երթ է,

Դարերի ջանք…

(հ. 2, էջ 331)

***

Լեռներն ի վար քարերի երթ,

Քարերի լուռ տեղատարափ…

Քանդուքարափ Որոտնաբերդ,

Որոտնավանք քանդուքարափ…

(Ի.բ.չ., էջ 158)

Պատրաստեց Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները` Նոննա Միրզոյանի, Արամ Դավթյանի, Կարեն Հովհաննիսյանի եւ «Սյունյաց երկրի»

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25