Գարիկ Մուսաելյանի ոդիսականը. և քանի-քանի մարդիկ են նման իրավիճակում հայտնվել  Արցախի բռնազավթումից հետո

28.02.2024 12:25
1229

Խմբագրություն էր դիմել Կապանի բնակիչ Գարիկ Մուսաելյանը, ում հուզող խնդիրը, կարծում եմ, տասնյակ մարդկանց է առնչվում: 2008-2009 թվականներից մինչև 44-օրյա պատերազմն ընտանիքով բնակվել է Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի Դիցմայրի-2 գյուղում, որն ինքն է հիմնել, այնտեղ վերաբնակեցրել չորս ընտանիք: Մոր՝ Արեգնազան Բարսեղյանի հետ տարբեր բանկերից ու վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել և տնտեսություն հիմնել, զբաղվել հիմնականում հողագործությամբ, ստացված եկամտով վարձատրել իրենց միացած մարդկանց, պարտաճանաչ մարել վարկերը, հոգացել սեփական ապրուստը:

Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո: Նշված տարածքը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ իր և մոր վարկերի համար երաշխավորներն ու համավարկառուները փաստի առաջ են կանգնել, հայտնվել սև ցուցակում: Գարիկ Մուսաելյանն էլ հայտնվել է բյուրոկրատական քաշքշուկների և դատական գործընթացների մեջ, ինչը հուշեց զրույց ունենալ նրա փաստաբան Հրայր Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան, նախ, մինչև հիմնախնդիրը լուսաբանելը, կուզեինք, որ հակիրճ ներկայանաք, քանի որ առաջին անգամ եք մեր հարթակում։

Շնորհակալ եմ, որ մեր հարցին ականջալուր եղաք... Որպես փաստաբան, փաստաբանական գործունեություն եմ իրականացնում Սյունիքի մարզում։ 2010 թվականից իրավաբանության ոլորտում եմ, 2017 թ. սկսած արդեն մասնագիտացված փաստաբանական գործունեություն եմ իրականացնում, փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո ստացել եմ արտոնագիր, գործունեության իրականացման նպատակով դարձել անհատ ձեռնարկատեր: Միևնույն ժամանակ համագործակցում եմ տարբեր հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ։

– Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք զբաղվել խնդրո առարկայով։

– Գործունեությանս շրջանակում անցյալ տարի ինձ դիմել են Գարիկ Մուսաելյանը և Արեգնազան Բարսեղյանը՝ մայր և որդի, նշելով, որ հայտնվել են շատ դժվարին կացության մեջ։ Գարիկին ճանաչել եմ դեռևս դպրոցական տարիներից, մանկուց նկատել եմ, որ պրպտող, չարչարվող տեսակ է և ամեն ինչը կյանքում տեսնում է չարչարվելով ստեղծելու մեջ։ Եվ ինձ համար զարմանալի չէր, որ Գարիկ Մուսաելյանը ժամանակին որոշել էր տեղափոխվել ազատագրված տարածքներ՝ գյուղ հիմնելու և այդտեղ իր տնտեսությունն ունենալու հաստատ մտադրությամբ: Նրան նաև Դիցմայրի-2 բնակավայրում էի հանդիպել. իմ աչքով տեսել հիմնած տնտեսությունը, ստեղծած ենթակառուցվածքները:

Ինձ դիմելիս հայտնեցին, որ այդ ամենը կորցրել են, որովհետև 2020 թվականին ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստիպված էին իրենց տնտեսությունը թողնել Դիցմայրիում և հապճեպ՝ իրենց մեքենայով, ինչ հնարավոր է՝ այդ պահին վերցնել և տեղափոխվել Կապան:

Նշեցին նաև, որ երկու խումբ վարկային պարտավորություններ ունեն: Առաջին խումբը «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությանն է առնչվում, և այդ պահին դատական պրոցես է ընթանում, որն արդեն վճռահատության փուլում էր: Այս առումով Գարիկ Մուսաելյանին փոխանցեցի, որ հատուցումների գործընթացում ճիշտ կլինի՝ որպես երրորդ կողմ ներգրավվի Հայաստանի Հանրապետությունը: Այս համատեքստում Գարիկ Մուսաելյանը տեղեկացրեց, որ ինքը դիմել է Սյունիքի մարզպետարան, և մարզպետի ու տեղակալների մակարդակով իրեն խոստացել են, որ կմիջամտեն, որ գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը հատուցումների հարցով է զբաղվում, Արցախից և ազատագրված տարածքներից բռնի տեղահանված անձանց իրավունքներով, նրանց կորցրած ունեցվածքի հատուցման խնդիրներով: Եվ հայտնեց, որ այդ փուլում, որպես իրավաբան, իրեն օգնելու կարիքը չի տեսնում, քանի որ կարծում է, թե տարածքային իշխանությունն ամենը կանի իր լիազորությունների շրջանակում:

Բնականաբար, «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության պահանջները դատարանի կողմից բավարարվեցին, որովհետև Գարիկ Մուսաելյանն ակտիվ գործողություններ չկատարեց դրա դեմն առնելու համար, և, հավատալով պետական իշխանություն ներկայացնող տարածքային կառույցի ներկայացուցիչներին՝ վստահ էր, որ անգամ դատարանի վճիռ լինելու դեպքում այդ խնդիրը կլուծվի, և երաշխավորներն իրենց ինչքն ու ունեցվածքը վտանգի տակ չեն դնի: Բայց եղավ այն, ինչ եղավ, և «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կատարողական թերթ ուղարկեց հարկադիր կատարման ծառայություն, այսինքն՝ բռնագանձման պրոցես սկսեց:  

– Իսկ այդ ընթացքում իրեն ինչպես դրսևորեց մյուս կազմակերպությունը՝ «Ակբա» բանկը, որից Մուսաելյանը ևս վարկեր էր վերցրել:

– «Կամուրջ»-ին զուգահեռ՝ «Ակբա» բանկը դիմեց դատարան, և էլի մի քանի գործով  ցանկանում էր ստանալ այն գումարները, որոնք ժամանակին հատկացրել էր Գարիկ Մուսաելյանին ու մորը՝ Արեգնազան Բարսեղյանին: Երբ «Ակբա» բանկը դիմեց դատարան, ես արդեն Գարիկ Մուսաելյանին հուշեցի, որ ճիշտ կլինի ինձ վստահի և թույլ չտա, որ գործն ընթանա այնպես, ինչպես «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության դեպքում: Համաձայնեց, և սկսեցինք այդ գործերով առաջ շարժվել:

Դատական գործերով Գարիկ Մուսաելյանի և Արեգնազան Բարսեղյանի անունից առարկություններ եմ ձևակերպել և ներկայացրել դատարան, որոնցում հիմնական շեշտադրումն արվել է, ավելի ստույգ՝ երկու ասպեկտով ենք մեր առարկությունները ձևակերպել։ Առաջին տեսանկյունն այն էր, որ Գարիկ Մուսաելյանին և Արեգնազան Բարսեղյանին ժամանակի ընթացքում՝ վարկերը տրամադրելիս, վարկային գործակալները գնացել և տեղում՝ Դիցմայրի-2 գյուղում, ուսումնասիրել են Գարիկ Մուսաելյանի տնտեսության զարգացման ներուժը, համոզվել, որ նրան հատկացված վարկերով ոչ թե ավտոմեքենա է գնվել, այլ Դիցմայրի-2 գյուղում ջերմոցային տնտեսություն է հիմնվել, ենթակառուցվածքներ ստեղծվել, ոռոգման համակարգ  տեղադրվել: Այսինքն՝ այդ վարկերի կիրառությունը եղել է «Դիցմայրի-2»-ում տնտեսություն զարգացնելը:

Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական բանկը  վերահսկում է բանկերի գործունեությունը, բնականաբար, Գարիկ Մուսաելյանը վստահ էր, որ Դիցմայրի-2 գյուղը, որ գտնվում է ազատագրված տարածքներում, հայկական հող է, և եթե նա նախապես իմանար, որ այդ տարածքները կարող են ինչ-որ մի օր ադրբեջանական վերահսկողության տակ անցնել, բնականաբար, ինքն այդտեղ ներդրումներ չէր կատարի: Բացի այդ՝ եթե Գարիկ Մուսաելյանն այդքան իրավագիտակից չէ և չէր կարող հեռահար պլաններ մշակել կամ կանխատեսել, ապա «Ակբա» բանկը և Կենտրոնական բանկը, որ վերահսկում են վարկերի տրամադրման գործընթացը, կարող էին ուղղակի քաղաքացուն հուշել՝ այդտեղ  ներդրումներ չկատարել, քանզի դա հետագայում կարող է անցնել Ադրբեջանին:

– Արդ, իսկ ո՞րն է երկրորդ ասպեկտը:

– Երկրորդ ասպեկտը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տվյալ դատական գործերով, ի դեմս իր իշխանական մարմինների, ներգրավվի որպես պատասխանող կողմ, որպես պատասխանող կողմի ինքնուրույն պահանջ չունեցող երրորդ անձ: Քանզի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից պետք է ապահովվի հայրենիքի ու իր քաղաքացիների պաշտպանությունը՝ թե իր անվտանգության ուժերի, թե բանակի և այլնի միջոցով: Մի խոսքով՝ այս ամենը պիտի կազմակերպվեր  Հայաստանի Հանրապետության կողմից: Միևնույն ժամանակ՝ պետք է մենք ունենայինք այնպիսի կառույցներ, որ նախապես իրազեկեին բնակչությանը հնարավոր զարգացումների մասին և հնարավորություն ընձեռեին՝ այդ տարածքներից դուրս գալ ու իրենց հետ տեղափոխել գոնե այն, ինչը հնարավոր էր:

– Կարելի՞ է ասել, որ պաշտպանական կառույցների թերություններ կային՝ մանավանդ մարդկանց էվակուացնելու առումով:

– Ես զինուժի մասնագետ չեմ, բայց, որպես փաստաբան, կարծում եմ՝ պետությունը քանի որ իր քաղաքացիների անվտանգության երաշխավորն է (քանի որ այժմ Գարիկ Մուսաելյանի որդուն զորակոչել է բանակ, և ասում է՝ դու՝ որպես ՀՀ քաղաքացի, քո սահմանադրական պարտքը պիտի կատարես հայրենիքի հանդեպ) պետք է քայլեր ձեռնարկել: Մյուս տեսակետից, որպես հարկատու, մարդիկ ակնկալում են, որ այդ հարկերից գոյացած միջոցները կնպատակաուղղվեն պետության անվտանգային ընդհանուր կառուցակարգը, ինչպես և մարդկանց իրավունքները պահպանելուն և պաշտպանելուն:

– Արդեն ասվածից պարզ դարձավ, որ դատական գործընթացներ են եղել, հակիրճ ներկայացրեք այդ ամենը:

– Մեր բոլոր առարկությունները, միջնորդությունները միտված էին այն բանին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քննվող գործերով ներգրավվի: Այս մարտավարությունը փաստաբանական, կամ որ միևնույն է՝ իրավական առումով ողջամիտ է, ուստի և այդ քայլին դիմեցինք: Դրան զուգահեռ, Գարիկ Մուսաելյանն ինչպես անձամբ, այնպես էլ իմ միջոցով դիմեց պետական մարմիններին, այսինքն՝ սրան զուգահեռ ինքն անընդհատ գնում-գալիս էր մարզպետարան՝ հաշվի առնելով վերջինիս՝ կառավարության տարածքային մարմին լինելը:

Եվ ինչպես «Կամուրջ» վարկային ունիվերսալ կազմակերպության դեպքում էր, այս փուլում ևս Գարիկ Մուսաելյանին վստահեցրին, հավատացրին, խոստացան, թե ինքը կարող է հաշտության համաձայնագիր կնքել «Ակբա» բանկի հետ և այդ հաշտության համաձայնության շրջանակում վստահ կարող է լինել, որ առնվազն 2023 թ. հոկտեմբերի դրությամբ ամբողջությամբ իրեն հատուցած կլինեն այն ամենը, ինչ կորցրել է Դիցմայրի-2 գյուղում: Եվ ինքը կկարողանա կատարել իր վարկային պարտավորությունները, ու անհրաժեշտություն չի առաջանա երաշխավորների ունեցվածքը վտանգի տակ դնել, նրանց հաշվին բռնագանձումներ կատարել: Եվ հաշվի առնելով, որ Գարիկ Մուսաելյանը հավատով էր լցված իր պետության ու տարածքային կառույցի ներկայացուցիչների նկատմամբ, ինձ փոխանցեց, որ այս մի դեպքում մենք նույն ուղղությամբ չգնանք, և ինքը հաշտության համաձայնություն կկնքի «Ակբա» բանկի հետ, առանց պետության ներգրավվածության՝ հավատալով, որ պետության տարածքային կառույցի պատասխանատու անձինք իր կողքին են:

Կնքվեց երկկողմ հաշտության համաձայնագիր, կազմվեց ժամանակացույց, բանկը փորձեց իր մարդկային վերաբերմունքը դրսևորել. (ըստ ժամանակացույցի)՝ սկզբնական շրջանում մեծ բեռ չդրեց Գարիկ Մուսաելյանի վրա, և պարտավորությունների հիմնական բեռը բաշխեց 2023 թ. հոկտեմբերից հետո, այսինքն՝ եթե սկզբում ամսական պիտի վճարվեր 50-60 հազար կամ մինչև 100 հազար դրամ, հոկտեմբերից սկսած՝ 600-700 և ավելի հազար դրամ: Եվ մարդիկ հայտնվեցին անելանելի վիճակում. դիմեցին և՛ մարզպետարան, և՛ տարբեր հիմնադրամներ: Բայց քանի որ բանկը լրջորեն սկսեց անհանգստացնել, Գարիկ Մուսաելյանի հետ մի հանրագումարային խնդրանք-դիմում կազմեցինք ու հասցեագրեցինք ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Սյունիքից ընտրված պատգամավորներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ՀՀ Սյունիքի մարզպետ և ՀՀ Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանին, նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Թադևոսյանին, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանին, ԱՀ պետական նախարար Սամվել Շահրամանյանին, Արցախի Հանրապետության պաշտոնատար այլ անձանց, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին:

Այդ գրությունն էլեկտրոնային փոստով ուղարկվել է հասցեատերերին: Գրությանը կից  շարադրվել են այն բոլոր իրողությունները, որոնց միջով անցել է Գարիկ Մուսաելյանի և Արեգնազան Բարսեղյանի ընտանիքը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողություններից, դրանից հետո տարբեր պետական կառույցներ դիմելու գործընթացներից, նշվել է որտեղ է դիմվել, ինչ նպատակով, ինչպիսի դատական գործեր են եղել, ովքեր են երաշխավորները, ովքեր են ներգրավված եղել դատական պրոցեսներում, ինչ արդյունքների ենք հասել, ինչու ենք հավատացել և «Ակբա» բանկի հետ հաշտության համաձայնագիր կնքել. այս ամենը նկարագրվել է և ըստ էության՝ նաև շարադրվել են այն դիմումների ու դրանց պատասխանների մասին, որոնք հասցեագրվել են այս գրությունից առաջ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Եվ արդյունքում ստացված 12.12.2023 թ. գրությունը, որով նշվել է, թե Արցախի կառավարության 2021 թ. մարտի 17-ի թիվ 222-Ն որոշմամբ հաստատված 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվարին կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է երկու տեսակ աջակցություն: Ըստ էության Գարիկ Մուսաելյանի ընտանիքն ընդգրկված է այդ երկու ծրագրից մեկում: Արցախյան ներդրումային հիմնադրամին հասցեագրված գրությանն ի պատասխան՝ 19.06.2023 թ. ստացվել է Մարդու իրավունքի պաշտպանի պատասխանից տարբերվող պատասխան՝ հասցեագրված Արեգնազան Բարսեղյանին, որում նշված էր. «Ի պատասխան Ձեր կողմից 19.06.2023 թ. Արցախի ներդրումային հիմնադրամին ներկայացված դիմումի՝ տեղեկացնում ենք, որ շահառու ճանաչվելու համար Ձեր կողմից լրացված 41 հազար 120-րդ առցանց դիմումը գտնվում է մշակման փուլում»: Նաև պատասխանը տրվել է, որ այդ գործընթացի արդյունքում իրենք կիրազեկվեն, թե ինչպես  կարող են այդ հատուցումը ստանալ:

– Ինչքա՞ն է կազմում մայր գումարը:

– Մոտավորապես ինը միլիոն դրամի չափով են վարկային պարտավորությունները:

– Կոպիտ ասած՝ Մուսաելյանը որքա՞ն է պարտք բանկերին:

– Ութ միլիոն 300 հազար դրամ, բայց քանի որ վարկային պարտավորությունների ժամանակացույցից շեղվել է, այդտեղ տույժ, տուգանք, տոկոս հասկացություններ են գործում:

Հարցն այն է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Արցախի Հանրապետությունը կազմալուծվեց, և մարդիկ կորցրեցին տարիների չարչարանքով ստեղծված ինչքն ու ունեցվածքը: Համենայն դեպս՝ գիտակցելով, որ բանկային պարտավորությունները հնարավոր չէ կատարել՝ Գարիկ Մուսաելյանն ու ես «Ակբա» բանկի Կապանի մասնաճյուղի կառավարչին հանդիպեցինք, ով մեզ  խորհուրդ տվեց էլի խնդրանքով դիմել «Ակբա» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին և տեղեկացնել, որ անհասկանալի գործընթացների արդյունքում նոր հաստատված հաշտության համաձայնությամբ և տրված ժամանակացույցով Մուսաելյանի ընտանիքը չի կարող կատարել իր վարկային պարտավորությունները: Նաև նշվել է, որ իրենք ամբողջ ընտանիքով պատրաստ են կատարել ամսական 50-60 հազար դրամ վարկային պարտավորություն և ի զորու չեն կատարելու այն վարկային պարտավորությունը, որը նախատեսված է 2023 թ. հոկտեմբերից սկսած՝ 600 հազար դրամի չափով: Բանկի գլխավոր գործադիր տնօրենի կողմից ստացվել է պատասխան, որ բանկն այլևս չի կարող ընդառաջել, ու խնդրել են՝ վարկային պարտավորությունները պատշաճ կատարել: Այս գրությունը մենք ստացել ենք 2024 թվականի հունվարի 29-ին: «Ակբա» բանկն արդեն դիմել է դատարան և պահանջում է կատարողական թերթ ուղարկել հարկադիր կատարման ծառայություն:

Դրանից հետո, բնականաբար, Գարիկ Մուսաելյանի ընտանիքին այլ բան չէր մնում անելու, քան մտածել ուղեբեռը հավաքել, եթե ուղեբեռ կարելի է անվանել այն փոքր ունեցվածքը, որը հնարավոր է տեղափոխել, և մտածել՝ արդյո՞ք ճիշտ է, որ իրենք մնում են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Որովհետև քաղաքացիությունը, որքան էլ նշանակում է երկրի հանդեպ ունեցած պարտականությունների բարեխիղճ ու ճշտորեն կատարում, ենթադրում է նաև պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանություն։ Ի դեպ Գարիկ Մուսաելյանը ներգրավված է հայրենիքի պաշտպանության գործընթացում, ինքը պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն կրող անձ է ներկայումս, որի մասին նշվել էր 2023 թ. սեպտեմբերի 2-ի գրության մեջ: Բացի այդ, նրա որդին այժմ գտնվում է պարտադիր զինծառայության մեջ, որի մասին նույնպես նշվել էր 2023 թ. գրությամբ:

– Այնուամենայնիվ, ո՞րն է խնդրի լուծումը, ի՞նչ ելք կա՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից:

Խնդրի լուծումն ունի մեկ ուղի՝  պայմանավորված  պետական մակարդակով կամք դրսևորելու մեջ: Եթե կա ցանկություն և աջակցություն: Եթե չկա աջակցություն, նշանակում է մենք չունենք այն պետական կամքը, որ պիտի լիներ քաղաքացուն աջակցելու հարցում: Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել՝ անուններ չտալով՝ ուղղակի կան տեղեկություններ, որ անգամ մարզային մակարդակով շատ ընտանիքներ աջակցություն են ստացել: Կարծում եմ՝ Գարիկ Մուսաելյանի և Արեգնազան  Բարսեղյանի ընտանիքը նույնպես արժանի է պետական մակարդակով աջակցության:

– Իսկ Գարիկ Մուսաելյանն ինչ-որ բան ունի՞ վաճառելու, թե ամեն ինչ մնացել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո:

– Այնտեղից՝ Դիցմայրի-2-ից հնարավոր չի եղել տնտեսությունը տեղափոխել: Մնացել են այնտեղ՝ շենք-շինություններ՝ բնակելի տներ՝ առնվազն չորս հատ, մեկը, որքան հիշում եմ՝ անավարտ, ջերմոցային տնտեսություն, կառուցվում էր երկրորդ ջերմոցը, կար ենթակայան, ոռոգման համակարգ, մի խոսքով՝ կային բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են գյուղացիական տնտեսություն վարելու համար: Գարիկ Մուսաելյանը սկզբից իր ընտանիքով էր տեղափոխվել, իրենց տնտեսությունն ընդլայնելուն զուգահեռ, այլ ընտանիքներ էին տեղափոխվել Դիցմայրի-2, հույս կար, որ լուրջ բնակավայրի կվերածվեր «Դիցմայրի-2»-ը:

– Հիմա ի՞նչ իրավիճակում է Գարիկ Մուսաելյանի  ընտանիքը:

– Գարիկ Մուսաելյանը, հուսալով, որ պետական աջակցություն կլինի, սահմանամերձ Սյունիք բնակավայրում փորձում է ստեղծել իր տնտեսությունը, ընդամենն ուզում է, որ որևէ աջակցության ծրագրով մարվեն իր վարկային պարտավորությունները, որ իր երաշխավորները, մեղմ ասած, իր հոգուն ծանրացած չլինեն, և որոշակի աջակցություն տրվի իրեն՝ սահմանամերձ Սյունիք բնակավայրում տնտեսություն հիմնելու համար: Փաստ է, որ Գարիկ Մուսաելյանը ներկայումս աղաղակում է, թե իրեն չեն աջակցում, իր վարկային պարտավորություններն ու երաշխավորները ծանրացած են իր ընտանիքի  վրա: Հետևաբար՝ երբ ասում եմ՝ չկա պետական աջակցություն, սա նկատի ունեմ: Փաստորեն, պետությունը տեր չկանգնեց իր մի մասնիկը հանդիսացող ընտանիքին:

Մի մտահոգություն ևս. կարծում եմ՝ իշխանության տարածքային կառույցը քաղաքացուն հուզող խնդիրները ճիշտ չի ներկայացնում հանրապետական մակարդակի իշխանություններին, ըստ իս՝ այս պարագայում ևս զեկուցելու խնդիր ունենք։ Ես չգիտեմ, թե Գարիկ Մուսաելյանի խնդիրն ինչպես է ներկայացվում, օրինակ, հանրապետության վարչապետին, համապատասխան նախարարություններին, աջակցող հիմնադրամներին: Բայց բոլոր գրությունները, որոնք ուղարկվում են հանրապետական մակարդակով՝ վարչապետին, ԱԺ պատգամավորներին... Տրամաբանությունը հուշում է, որ այդտեղից հանձնարարական պիտի իջեցվի, և մարզպետարանում պատասխանատու անձինք պետք է այդ դիմումներով սկսեն զբաղվել: Ինձ համար, օրինակ, այս պահին անհասկանալի է, այդ մարդիկ զբաղվո՞ւմ են մեր գործով, թե՞ ոչ: Եթե զբաղվել են՝ ի՞նչ ընթացքի մեջ է և ո՞ր փուլում, ինչո՞ւ է ձգձգվում այդ գործընթացը, եթե այս պրոցեսը ձգձգվում է, ապա մի այլ պարագայում ինչպե՞ս են կարողացել ուրիշներն արդեն հատուցում ստանալ:

Զրույցը՝

Վահրամ Օրբելյանի

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29