Կեղծ ծրար Պոլոսկով Մհերի՝ ընդդեմ «Սյունյաց երկրի» հայցին առնչվող դատական գործում. ի՞նքն է հեղինակը, Արամայիս ու Պերճ փաստաբաննե՞րը, «Հայփո՞ստը», թե՞ բոլորը միասին

26.07.2020 12:43
9519

«Սյունյաց երկրի» դեմ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի հայտարարած դատական պատերազմի ակտիվիստներից մեկը, ինչպես նշել ենք, Պոլոսկով Մհերն է՝ ընկերության գլխավոր տնօրենի աթոռը զբաղեցնող տղան:

Այդ պատերազմը, հավատացեք, ընթանում է ամենադաժան դրսեւորումներով:

Պատկերացնո՞ւմ եք՝ հանրապետության սահմաններում դիրքային մարտեր են եւ մեր հերոսների արյունն է հեղվում, երկրում վխտում է համաճարակը՝ ամեն օր մարդկային կյանքեր խլելով, հանրության մեջ խորանում է սոցիալական լարվածությունը, աղքատությունը նորանոր ընտանիքներ է մտնում, աշխատատեղեր են կրճատվում, բայց Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրենը՝ երկու փաստաբանով, շարունակում է մարտնչել Սյունիքի մարզային թերթի ու նրա խմբագրի դեմ՝ չխնայելով ոչինչ, խտրություն չդնելով միջոցների միջեւ:

Այդքանով հանդերձ՝ չի կարողանում ծնկի բերել «Սյունյաց երկրին». պարբերականը շարունակում է գործել բնականոն ռիթմով, նույնիսկ զարգացման խնդիրներ է լուծում…

…Մհերը 2018-ին  երեք հայց է ներկայացրել ընդդեմ «Սյունյաց երկրի» եւ Սամվել Ալեքսանյանի:

2020 թ. հուլիսի 22-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այդ հայցերից մեկի վերաբերյալ  (գործ թիվ ԵԴ/12130/02/18) հրապարակեց  վճիռ (դատավոր՝ Գայանե Խաչատրյան):

Վճռով դատարանը մերժեց Մհեր Պոլոսկովի հայցն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Անկեղծորեն՝ մտադրություն չունեինք այդ մասին տեղյակ պահել ընթերցողին, քանզի քաջարանյան հայցերով դատական գործերն այլեւս անհետաքրքիր են, բայց…

Այդ գործի դատավարության ընթացքում տեղ է գտել մի արտառոցություն, չլսված-չտեսնված մի երեւույթ, որի մասին հանրությունն անպայման պետք է իմանա: Մարդիկ պետք է իմանան, թե ինչպիսի ստոր մեթոդներով են ուզում ծնկի բերել լրատվամիջոցին եւ ընդդեմ «Սյունյաց երկրի» «հաղթանակներ» կերտելու պատրանք ստեղծել:

Արտառոցությունն առնչվում է տվյալ քաղաքացիական գործով հայցային վաղեմության խնդրին, որի վերաբերյալ (հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ) միջնորդություն էր ներկայացրել պատասխանող Սամվել Ալեքսանյանը:

Որպեսզի շարքային ընթերցողին պարզ լինի խնդիրը, հիշեցնենք՝ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմել դատարան՝ իր իրավունքների պաշտպանության հարցով:

Ընդ որում՝ հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից՝ հայցը հիմնավո՞ր է, թե՞ ոչ:

Եվ ուրեմն՝ գործի ելքի համար ի սկզբանե կարեւոր նշանակություն ուներ հարցը, թե երբվանի՞ց է սկսում հայցային վաղեմության ժամկետի հոսքը:

Վեճի առարկա հոդվածը՝ «17 ժամ շարունակ դադարեցված էր Քաջարանի կոմբինատի աշխատանքը. սաբոտա՞ժ, նախազգուշացո՞ւմ, թե՞…» վերտառությամբ,  Syuniacyerkir.am   կայքում հրապարակվել է 2018 թ. մայիսի 13-ին:

Դա նշանակում է՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսել է 2018-ի մայիսի 14-ից (մայիսի 13-ը կիրակի է եղել):

Ասել է թե՝ հայցադիմումը դատարան  ներկայացնելու՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի վերջին օրը 2018 թ. հունիսի 14-ն էր:

Բայց ահա հայցադիմումի վրա՝ մուտքագրման վերաբերյալ առկա է դատարանի դրոշմակնիքով գրառում՝ 18.06.2018 թ., եւ ըստ քաղաքացիական գործի կարգագրի՝ հայցադիմումը դատարանում ստացվել է 18.06.2018 թ. (սահմանված ժամկետի ավարտից չորս օր հետո):

Այդ ժամկետը ֆիքսված է նաեւ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:

Եվ ժամկետի բացթողումը հարգելի համարելու նպատակով, հայցային վաղեմություն կիրառելու մասին մեր միջնորդությունն ի չիք դարձնելու համար հայցվոր կողմը դիմում է աներեւակայելի հնարքի…

Այդ պահին, հայկական ժողովրդական հեքիաթների տրամաբանությանը հանգույն, երկնքից փոստային մի ծրար է իջնում եւ խցկվում  դատական գործի մեջ, ընդ որում՝ ոչ թե ծրարի բնօրինակն է իջնում, այլ ծրարի պատճենը:

Ո՞րն էր երկնքից իջած այդ  ծրարի առաքելությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Արամայիսը, չհասկանալով, որ հայցային վաղեմության ժամկետի ավարտը 2018 թ. հունիսի 14-ն է, պնդում է, թե հայցադիմումը փոստային առաքմամբ դատարան է ուղարկել հենց այդ ծրարով՝ 15.06.2018-ին (մտածելով, թե այդ օրն է ավարտվել ժամկետի հոսքը):

Հետո, երբ զննում ենք այդ ծրարը, պարզվում է ՝ ծրարի վրա առկա կնիքի ամսաթիվը ոչ թե 15.06.2018 է, այլ 14.06.2017 թվական (ընդ որում՝ ծրարի երեսին նման ամսաթվով երկու կնիք  կա):

«Հայփոստի» կայքից էլ պարզ  է դառնում, որ նշված ծրարի երեսին կպցրած RR 236173462 AM բեռնագիր համար-դրոշմանիշով առաքանին իբր  փոստային բաժանմունք է հանձնվել 15.06.2018-ին, սակայն հասցեատիրոջը (դատարանին) է հանձնվել 2018 թ. հունիսի 20-ին: Եվ դա այն դեպքում, երբ դրանից երկու օր առաջ (ծրարը ստանալուց երկու օր առաջ)՝ հունիսի 18-ին, հայցադիմումն արդեն իսկ մուտքագրված էր դատարանում (երեւի դատարանում  գուշակել են, որ նման հայցադիմում պարունակող ծրար են ստանալու առաջիկայում):

Այսպիսով՝ չի հաստատվում, որ գործով հայցադիմումն ու դրան կից փաստաթղթերը դատարան են ներկայացվել փոստային առաքմամբ:

Ի դեպ, «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա է «ստացման  եղանակ» տող, որտեղ պետք է նշվի, թե տվյալ հայցադիմումն  ինչ եղանակով է ներկայացվել դատարան (առձեռն կամ փոստով):

Մինչդեռ՝ տվյալ գործով «Դատալեքսում» այդ տողն ընդհանրապես բացակում է, եւ ոչ մի նշում՝ փոստով ստանալու մասին:

«Կեղծ ծրար» օպերացիան, սակայն, նոր դրսեւորում է ստանում վերջին դատական նիստում (1.07.2020 թ.):

«Հոգուն վրա է հասնում» «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նա մի տեղեկանք է մոգոնում եւ տալիս Մհերի փաստաբան Արամայիսին, որի համաձայն՝ 2018-ին (ամիսը եւ օրը չի նշում) Կոտայքի թիվ 2223 փոստային բաժանմունքում ընդունված ծրարի վրա դրված 2017 թ. օրացուցային կնիքի արտատիպը տեխնիկական վրիպակ է, պետք է լիներ 2018 թ.:

Ամոթը կորցրած գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, սակայն, տեղեկանքում չի նշում, թե խոսքը 2018-ի որ ամսվա եւ որ օրվա ընթացքում մուտք արված առաքանու մասին է:

Չի ասում, թե ինչպես կարող էր 2018-ին փոստային բաժանմունք  հանձնված ծրարի վրա երկու տեղ դրվեր կնիք՝ 14.06.17 թ. օրացուցային կնիքի արտատիպով:

Չի ասում, թե ուր է ծրարի բնօրինակը:

Չի ասում, թե ինչպես է պարզել, որ տեղի ունեցածը վրիպակ է:

Չի ասում, թե ով (որ աշխատակիցն է) վրիպակը թույլ տվել:

Եվ, այդուհանդերձ, Հայկ Կարապետյանի թուղթը դատարանում միայն ժպիտ է առաջացնում եւ չի կարողանում տապալումից-ձախողումից փրկել «Կեղծ ծրար» օպերացիան:

Արդյունքում՝ հայցվոր կողմը չի կարողանում ապացուցել, որ հայցադիմումը դատարան է ուղարկել փոստային առաքմամբ:

Հաստատվում է պատասխանող կողմի դիրքորոշման հավաստիությունը, որ հայցվորը բաց է թողել դատարան դիմելու համար սահմանված ժամկետը:

Ստեղծված իրավիճակում, անշուշտ, չենք կարող մեր ցավակցությունը չհայտնել փաստաբան Արամայիսի դասախոսներին, որ այդպես էլ չեն կարողացել հինգ տարվա ընթացքում  նրան ուսուցանել, թե նմանատիպ գործերով երբ է մեկնարկում եւ ավարտվում հայցային վաղեմության ժամկետը:

Թեեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն արդեն հրապարակվել է, բայց կարեւորագույն մի հարց մնում է չպարզաբանված եւ մշուշապատ:

Ինչպե՞ս է Մհեր Պոլոսկովի հայցադիմումին կից փաստաթղթերի փաթեթում հայտնվել այդ ծրարը:

Ինչպե՞ս է ստացվել, որ 2017 թ. կնիքով ծրարի վրա սոսնձվել է 2018 թ. դրոշմանիշ եւ այդպես էլ ուղարկվել դատարան:

Իրավիճակը, բնականաբար, տարբեր ենթադրությունների եւ հարցերի տեղիք է տալիս:

Նախ՝ մի՞թե չորս հազար հոգուց բաղկացած կոլեկտիվի ղեկավարը, ամսական մի քանի տասնյակ մլն դրամ «աշխատավարձ» ստացող Մհերն է այդ կեղծիքի հեղինակը:

Անկեղծորեն՝ չենք ուզում հավատալ, որ Մհերն այդքան իջել է…

Այդ դեպքում ո՞վ կամ ովքե՞ր…
Մհերի փաստաբաններ Արամայիսն ու Պե՞րճն են ծրարի հեղինակները՝ առանց Մհերի գիտության:

«Հայփո՞ստն» է ծրարի հեղինակը:

Մենք սպասում ենք, որ Մհերը, Արամայիսն ու Պերճը հրապարակավ բացատրություն կտան, թե ինչպես է կեղծ ծրար հայտնվել Մհերի հայցին առնչվող դատական գործում, այլապես…

Բանն այն է, որ քաջարանյան հայցերի շքերթում (ընդդեմ «Սյունյաց երկրի») մեկ ուրիշ պատմություն էլ կա՝ կեղծ ծրարի եւ կեղծ գրառման հետ կապված, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ տվալ գործով նախագահող դատավորը, մեր հիշեցումից հետո անգամ,  չտեսնելու է տվել ե՛ւ կեղծ ծրարը, ե՛ւ «Դատալեքս»-ի կեղծ գրառումը:

Եվ ուրեմն՝ քաջարանյան հայցերում երկու կեղծ ծրարի ոդիսականն  ու «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կեղծ գրառում-փաստը (որ խոսակցության առանձին նյութ է) կդառնան ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ԱԱԾ տնօրենին հանցագործության մասին հաղորդում տալու հիմք, եթե չստանանք Արամայիսի ու Պերճի, նաեւ Մհերի պարզաբանումը:

Հանրապետության իրավապահ մարմինները պետք է իմանան, որ քաջարանյան ծագումով հայցերի դատաքննության ընթացքում երկնքից ծրարներ են իջնում՝ գործի մեջ խցկվելով,  եւ «Դատալեքս╗-ում կեղծ գրառումներ են  կատարվում…

Արդյո՞ք դրանց չպետք է օրենքով սահմանված գնահատական տրվի:

Հ.Գ.

Համոզված ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. հուլիսի 22-ի վճիռը թիվ ԵԴ/12130/02/18 քաղաքացիական գործով՝ հայցվոր կողմը կբողոքարկի Վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանզի իրենք այդպես էլ չեն պատկերացնում, որ կարող են նաեւ պարտություն կրել:

Սակայն դա չի կարող կապ ունենալ մեր բարձրացրած հարցի հետ. ծրարի ոդիսականը պետք է պարզվի…

«Սյունյաց երկիր»

 

 

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07