Արշավիր Խալափյանի հոխորտանքի ցերեկույթը Կապանում. մի քանի անդրադարձ

04.04.2023 15:07
75788

Երբ ապրիլի 3-ին՝ երկուշաբթի օրը, հասա խմբագրություն, գործընկերներս ինչ-որ տեսանյութ էին դիտում...

Չհասցրեցի անմիջապես տեղեկանալ, թե ով և ինչի մասին է խոսում, միայն նկատեցի, որ ելույթ ունեցողը դեմքի ջղային արտահայտությամբ է, երբեմն-երբեմն էլ շնչահեղձ վիճակում է հայտնվում...

Առանց խորանալու երևույթի մեջ՝ բարձրաձայնեցի՝ չգիտեմ՝ ով է այդպես նյարդայնացած խոսում, բայց հաստատ զայրացած է թուրքերի՝ Տեղ գյուղի վարչական տարածք ներխուժելու առիթով, որովհետև վերջին օրերին Սյունիքով և ամբողջ Հայաստանով շատ թե քիչ մտահոգ յուրաքանչյուր ոք միայն այդ մասին է խոսում:

- Չէ, չէ, Տեղ գյուղի տարածքն օկուպացնելու մասին չէ տեսանյութը, այլ մեր կայքի խմբագրական հոդվածի մասին՝ գրված Տաթևի վանքում մարտի 29-ին  տեղի ունեցած միջոցառման առիթով, Արշավիրն է՝ Խալափյան, պատասխանեցին գործընկերներս:

- Ավելի լավ, որ մեր խմբագրականն է քննարկում, ինչի՞ նման կլիներ, որ կարևոր այդ նյութին չարձագանքեին...

Գործընկերներս հորդորեցին անպայման դիտել, բայց չշտապեցի, երկուշաբթի օր էր, անելիքները՝ շատ...

Միայն այսօր առավոտյան դիտեցի Արշավիր Խալափյանի ֆեյսբուքյան մենախոսությունը:

Պարոնը ծանր է տարել մեր խմբագրական հոդվածը՝ «Իրական բարեկամությունը գործնական քայլեր է պահանջում և ոչ թե խոսքեր. այդպես են մտածում Սյունիքի ճակատագրով իրականում մտահոգվածները»: Առավել ծանր է տանում, որքանով հասկացանք, Սյունիքի մարզին առնչվող մեր մտահոգությունները, բայց առաջին իսկ րոպեներից մոռացել է պարբերականի խոսքը հերքելու իր նպատակադրությունը և վիրավորանքների ու զրպարտությունների տարափ ուղղել  մեր դեմ...

Սկզբից ևեթ տեսարանը չափազանց բեմական էր ու հետաքրքիր՝ ձեռքերի և մարմնի անիմաստ շարժումներ, դիմախաղեր՝ իբր հոգեկան ծանր ապրումների մեջ է, հոխորտանքի պլտպլտոց (խրոմե սապոգն ու մտրակն էին պակասում), անցած-գնացած-մահացած մարդկանց անունների անհարկի հիշատակումներ՝ իր տրեխները թաքցնելու և նորերի մեջ ամենանորը լինելու ստույգ բարբաջով: Եվ, իհարկե, ինքնասիրահարվածության հրավառություն, ամենավերին ճշմարտությունը կրողի առաքելություն. ինքն ազգային մասշտաբի գործիչ է, ինքը շատ բան գիտի, բայց չի կարող իջնել իր բարձր պատվանդանից և հավասարվել սովորական մահկանացուների լսարանին, մարդիկ պետք է կես խոսքից հասկանան իր իմաստուն մտքերը...

Բոլոր այդ հանգամանքները, սակայն, հետին պլան էին մղել խոսքը, ասելիքը...

25 րոպե մենախոսությունում որևէ կերպ չհերքվեց մեր խմբագրականում տեղ գտած մտքերից գոնե մեկը:

Ի դեպ, երբ ավարտեցի մենախոսության դիտումը՝ առաջին հարցը, որ ծագեց մեջս, հետևյալն էր՝ քանի՞ մարդ է խմբագրականը դիտել-ընթերցել, ինչպե՞ս է սյունիքյան լսարանն արձագանքել այդ հրապարակմանը:

Մոտ 35 հազար դիտում, հազարավոր հավանություններ խմբագրականում արտահայտված մտքերին...

Խմբագրությունում խորհուրդ տվեցին չարձագանքել Արշավիր Խալափյանին՝ հաշվի առնելով նրա խոսքի զրո նշանակությունը կապանյան լսարանում: Բայց պարոնը դուրս էր եկել լրագրային հոդվածը քննարկելու ավանդական ձևից ու կոռեկտության սահմաններից, ինչի համար սույն պատասխանը դարձավ անհրաժեշտություն:

Ինչի՞ց սկսենք՝ երևի շառլատանությունից, որ կարմիր թելի պես ձգվում է մենախոսության սկզբից մինչև վերջ:

Պարոն Խալափյանն ընթացքում բազմիցս մոլորվում է կամ գլխապտույտի մեջ ընկնում, մտնում այնպիսի թեմաների տիրույթ, որոնց մասին մեր հրապարակման մեջ բառ անգամ չկա:

Խոսում է Հայաստանի առաջին հանրապետության մասին, Հայ առաքելական եկեղեցու մասին, նույնիսկ Սուրբ գրքի առանձին դրույթների մեկնության վարժանքներ է անում և առաջ քաշում հավատացյալի իր տեսլականը (հիշեցնենք՝ Աստվածաշնչի վերջին մեկնիչները, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում են եղել, նրանցից հետո գալիս է Արշավիր Խալափյանը՝ 21-րդ դարում):

Գոնե հայերիս համար անբեկանելի մտքեր է արտահայտում՝ Սյունիքը Հայաստան է: Բայց և խուսափում է ամենագլխավորն ու կենսականը փաստել՝ Սյունիքն այլևս 2020-ի Սյունիքը չէ տարածքային առումով, մարզի տասնյակ կամ հարյուրից ավելի հեկտար հողատարածքներ հիմա թուրքի տիրապետության ներքո են, մի քանի օր առաջ էլ Տեղի վարչական տարածքից է բռնազավթում կատարվել:

Հա, մեր թերթին ռուսական ու հարավային (՞) կողմնորոշում է վերագրում...

Եվ, որ կարևոր է, բոլոր այդ և նման մի շարք հարցեր ոչ մի կապ չունեն (ինչպես նշեցի) խնդրո առարկա խմբագրականի հետ:

Ինքն ասում է, ինքն իր հետ վիճում, նորից զայրանում ու առաջ անցնում...

Ասվածն այնքան հակասական ու ոչ գիտական է, որ հնարավոր չէ քննարկումներ անել նշված հարցերի շուրջ, եթե նույնիսկ շատ ուզենանք:

Ստեղծված իրավիճակում միայն մի խորհուրդ կարող եմ տալ Արշավիր Խալափյանին՝ հին օրերի բարեկամության մղումով. եթե երբևէ ձեր միջավայրում խոսք բացվի Հայաստանի առաջին հանրապետության, Հայ առաքելական եկեղեցու մասին, եթե խոսք բացվի դավանաբանական կամ աստվածաշնչյան թեմաների շուրջ, ապա լռեք կամ փախեք այդ միջավայրից, թե չէ ձեր իսկ մերձավորների քրքիջն անգամ անխուսափելի կլինի:

Շառլատանությունը, սակայն, դրանով չի ավարտվում: Պարոնը փորձում է դեռևս վաղնջական ժամանակներում իրեն շնորհված «Փարիսեցի» հորջորջումն ուրիշներին վերահասցեագրել:

Որպեսզի նա հետագայում նորից չհայտնվի նման ծիծաղելի վիճակում՝ փորձենք մի փոքրիկ սեմինար (հեռավար) անցկացնել անձամբ Արշավիր Խալափյանի համար:

Եվ այսպես՝ ի՞նչ ասել է փարիսեցի:

Բացում ենք որևէ բացատրական բառարան և ընթերցում...

Բառի առաջին իմաստով՝ փարիսեցի կոչվելու համար պետք է նախևառաջ լինել այն կուսակցության անդամը, որը սպասարկում է իշխանավորների և ունևորների շահերը:

Բառի երկրորդ իմաստով՝ փարիսեցին երկերեսանին է կամ կեղծավորը: Դա, օրինակ, այն դեպքն է, երբ Արշավիր Խալափյանը «Սյունյաց երկրի» խմբագրին ամեն տեսնելուց ջերմորեն ողջունում է, որպիսություն հարցնում, թերթի որդեգրած գծին հավանություն տալիս, հետո էլ (ինչ-որ մեկին դուր գալու կամ ինչ-որ մեկի պատվերը կատարելու համար) նրան հրապարակավ վիրավորում կամ զրպարտում:

Կամ, երբ Արշավիր Խալափյանը գալիս է թերթի խմբագրություն և խնդրում՝ բարձրաձայնել իր՝ Սյունիքի մարզպետի արժանավոր թեկնածու լինելու մասին՝ պատրանք ստեղծելով, թե դա հանրային պահանջ է:

Ահա, թե ոսկեղենիկ մեր հայերենում որ դեպքերում են օգտագործում փարիսեցի բառը. եթե ասվածը քիչ լինի, ապա նոր օրինակներ կբերենք:

Անցնենք սեմինարի երկրորդ հարցին. պարոն Խալափյանը, հավատալով ինչ-որ կիսագրագետի, ասում է՝ թեմի առաջնորդական տեղապահին տեր մակդիրով դիմելը մահացու մեղք է: Եվ ուրեմն՝ հոգևորականներին դիմելիս ո՞ր դեպքերում է օգտագործվում տեր մակդիրը:

Հարցի պատասխանը կարելի է գտնել ամենատարբեր բառարաններում, որոնցում նախևառաջ բացատրվում է տեր բառի իմաստը:

Հարգելի Արշավիր, սովորիր, երևի քեզ ոչ ոք չի ասել, դու էլ չես կարդացել կամ լսել ու չես հասկացել:

Տեր մակդիրն օգտագործվում է բազմաթիվ դիմելաձևերում (գրավոր կամ բանավոր)՝ կաթողիկոսից մինչև քահանա, իսկ վարդապետի դեպքում, որ ձեզ հետաքրքրել է, Հոգեշնորհ Տեր, Վարդապետ, Հայր Սուրբ:

***

Արշավիր Խալափյանն իր մենախոսության մեջ հիշում է Հայաստանում գրանցված 70 և ավելի կուսակցություններից մեկին՝ Կոմունիստական կուսակցությանը, որին նաև պատմական որոշակի փուլում բոլշևիկյան կուսակցություն են անվանել:

Պարոնն ինձ դասում է բոլշևիկյան գաղափարախոսությունը կրողների շարքը:

Որպես պատմաբան՝ փորձեմ հիշել բոլշևիկների մեկ-երկու հատկանիշ, նաև փորձենք զուգահեռներ անցկացնել բոլշևիկների և նորօրյա որոշ ինքնակոչների վարքագծի միջև, որից հետո տեսնենք, թե մեզանից ով է այդ գաղափարախոսության նորօրյա կրողը:

Այսպես՝ առավել արմատական բոլշևիկները տեղի-անտեղի աղմկում էին և փորձում իրենց կոլեկտիվում, գյուղում կամ քաղաքում «պետականամետ» լինելու, Լենինի գործին անմնացորդ նվիրված լինելու տեսիլ ցուցադրել:

Հանրության մեջ անպայման թշնամիներ էին փնտրում-հնարում և ցույց տալիս, որ իրենք անաչառ են «հեղափոխության» թշնամիների դեմ:

Ոտնակոխ էին անում բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին սեփական կարծիք հայտնել: Խոսում էին երկրի անունից, պետության անունից և պետությունն ու երկիրը համարում իրենցը և միայն իրենցը:

Հատկապես 1930-ականներին կոչ էին անում իրավապահներին՝ հետապնդել մարդկանց, ձերբակալել մարդկանց...

Արշավիրի ելույթը լսելով՝ հիշեցի մեր պատմության այդ խառնակ ժամանակները և փաստեցի, որ այսօր՝ 2023-ին, գործ ունենք բոլշևիզմի ամենավտանգավոր վերապրուկի՝ նեոբոլշևիզմի հետ. մի բան է ավելացել վեր նշված մեթոդներին՝ հիմա նեոբոլշևիկները դիմացինին ծածուկ ձայնագրում են և ձայնագրությունը իրավապահներին ներկայացնում:

Այդքանով հանդերձ փառք եմ տալիս բարձրյալին... Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե Արշավիր Խալափյանն իշխանություն ունենար: Կապանցիների կեսը հիմա աքսորավայրերում կլիներ...

***

Հաջորդը... Արշավիր Խալափյանը հռչակում է «Սյունյաց երկրի» դեմ նոր արշավ սկսած խմբակի «մանիֆեստը»:

Հարգելի Արշավիր, հավանաբար տեղյակ ես, թե քանի-քանիսն են՝ իշխանական ու ֆինանսական անսահման ռեսուրսներով և ամենաճղճիմ մեթոդներով, 20 տարվա ընթացքում պատերազմ մղել թերթի դեմ:

Բոլորն էլ ժամանակի ընթացքում պատմության աղբանոցում են հայտնվել:

Զգույշ մնա, որ նման ճակատագրի չարժանանաս, ափսոս ես: Քեզ ոգեշնչողներին ու պատվիրատուներին, նաև անհայտ ծագումով այն մարդուկին, ում համար մրմնջում ես, Չարենց կարդա, իրենց վարքագծի մասին է գրել՝

«Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝

Դավերը սև մարդուկների այդ անկար-

Օ͂, չհասած քղանցքներին անգամ քո՝

Վայր են թափվում...»:

***

Պարոն Խալափյան, այդ բոլորով հանդերձ, քո մենախոսության ամենալացացնող պահն այն էր, որ ուզում էիր Ֆրանսիա տերությանը պաշտպանողի դերում հանդես գալ: Անկեղծորեն՝ խղճացի այդ պետությանը, մի՞թե Նապոլեոն Բոնապարտի երկրի, մեծ լուսավորիչների երկրի փրկության հույսն Արշավիրն է... Տես, թե որքան տխուր են աշխարհի գործերը... Իսկապես աշխարհակարգ է փոխվում:

Հայաստանի 3-րդ հանրապետության համար լաց եղա. մի՞թե իմ պետությունն այն վիճակում է հայտնվել, որ դու, այն էլ այդ մակարդակով, նրա հույսն ես դարձել...

Ուկրաինայի համար տառապանքդ տեսա. հիմա արդեն վստահ եմ՝ եթե դու կաս, այլևս Ուկրաինային պարտություն չի սպառնում:

***

Միգուցե Արշավիր Խալափյանի մենախոսություն-խաղն այդչափ անհեթեթ ու ծիծաղելի չլիներ, եթե ինքը եթեր մտնելուց առաջ կանգներ հայելու առաջ, նախ՝ իրեն ուշադիր նայեր ու իրեն հարց տար՝ իսկ ո՞վ եմ ես, որ ստանձնում եմ լրատվամիջոցի դեմ, ազատ խոսքի դեմ, մարդկանց սեփական կարծիքի դեմ հոխորտալու անփառունակ դերակատարությունը:

Հայելու առաջ առերեսվելիս հաջորդ հարցը պիտի ուղղեր իրեն՝ իսկ քանի՞ լումա արժե իմ խոսքը Կապանում (Սյունիքի մասին չեմ խոսում), իսկ ինչո՞ւ պետք է իմ ֆեյսբուքյան բեմադրությունն ինչ-որ բան նշանակի Կապանում:

Մի վերջին անգամ էլ պիտի կրկին հարցներ իրեն՝ և իսկապես՝ ո՞վ եմ ես և ի՞նչ եմ ինձանից ներկայացնում...

Այդ բացթողումներն են պատճառը, որ հիմա ափսոսանք եմ ապրում՝ ինչո՞ւ ինքս չստորագրեցի «Սյունյաց երկիր» հրաշալի այդ խմբագրականը՝ «Իրական բարեկամությունը գործնական քայլեր է պահանջում և ոչ թե խոսքեր. այդպես են մտածում Սյունիքի ճակատագրով իրականում մտահոգվածները»:

Ինչ վերաբերում է ժողովուրդների հետ մեր բարեկամությանը... Աշխարհի ժողովուրդների մեծագույն մասը հայ ժողովրդի բարեկամն է: Եվ այդուհանդերձ՝ բախտորոշ հանգրվանում հայտնված Հայաստանը, Սյունիքը գործնական ու միայն գործնական դրսևորումներ են ակնկալում բոլոր այն ժողովուրդներից, ովքեր իբրև բարեկամ են հանդես գալիս, մնացյալը լիրիկա է կամ շոու...

Հ.Գ.

Սույն հրապարակումը պատասխան խոսք է Արշավիր Խալափյանի ֆեյսբուքյան մենախոսությանը, որ սփռվել է 2023 թ. ապրիլի 2-ին:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25