Սամվել Ալեքսանյան. ««Սյունյաց երկրի» միջազգային երկու մրցանակի հասցեատերն առաջին հերթին մեր Սյունիք հայրենիքն է»

13.11.2025 14:48
1976

Մոսկվայում հոկտեմբերի 26-ին և 29-ին միջազգային մրցանակների արժանանալուց և Սյունիք վերադառնալուց հետո զրուցեցինք Սամվել Ալեքսանյանի հետ՝ մեր շնորհավորանքը նրան փոխանցելու և հետաքրքրող որոշ հարցերի պատասխանը ստանալու նպատակով:

Պարոն Ալեքսանյան, նախ շնորհավորում ենք Ձեզ՝ «Անկեղծ տեսակետ» և «Եվրասիայի ձայն. ոգեշնչել» միջազգային մրցանակներին արժանանալու կապակցությամբ:

Շնորհակալ եմ անչափ: Միջազգային այդ մրցանակները գնահատանք են մեր ամբողջ խմբագրակազմին, մեր ընթերցողներին ու հետևորդներին, մեր պարբերականի բարեկամներին ու աջակիցներին: Այո, հատկապես մեր փոքրաթիվ կոլեկտիվին, որը, առանց չափազանցության, հրաշքներ է գործում:

Ի՞նչ զգացողություն ունեիք մրցանակները ստանալու պահին:

«Եվրասիայի» մրցանակը ստանալուց րոպեներ առաջ, երբ հաղորդավարներ Նիկոլայ Բասկովն ու Սվետլանա Զեյնալովան ներկայացնում էին «Եվրասիայի ձայն. ոգեշնչել» անվանակարգի ֆինալիստներին, «Ռոսիա» ազգային կենտրոնի մեծ դահլիճի բեմի ընդարձակ էկրանին հայերեն գրվեց «Սյունյաց երկիր», Армения…

Դահլիճը ծափահարում էր… Անհնար էր չհուզվել, մեր սրբազան Սյունիքի անունն էր հանրայնացվում…

Գրեթե նույն ջերմ մթնոլորտն էր առաջին մրցանակը հանձնելու ժամանակ: Հայաստանի պատվիրակները՝ իմ բարեկամներ Արման Աբովյանը, Աննա Ստեփանյանը, Արսեն Դումանյանը, այդ պահին մի ուրիշ տրամադրություն հաղորդեցին դահլիճին: Հարգանք նրանց. ոչ միայն իրենք էին ոգևորվել, այլ ոգևորել էին ներկաներին տասնյակ երկրների պատվիրակներ ողջունում էին Սյունյաց աշխարհին…

Մրցանակը ստանալուց հետո, մինչև ուշ գիշեր, տոնակատարությունը շարունակվում էր, և շատ-շատ պատվիրակներ մոտենում էին ինձ ու Սյունիքի մասին տեղեկություններ հարցնում:

Մի խոսքով՝ երկու մրցանակի հանձնման արարողությունները բացառիկ հնարավորություն էին Սյունիքը ներկայացնելու գործում:

Եվ սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ «Սյունյաց երկրի» միջազգային երկու մրցանակի հասցեատերն առաջին հերթին մեր Սյունիք հայրենիքն է:

Չմոռանանք, որ «Եվրասիայի» մրցանակին արժանանալու համար հիմք էին ընդունել նաև էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որ իրականացվել էր հոկտեմբերի 6-ից 19-ը:

Տարածված տեսանյութերում լսվում է նաև Ձեր խոսքը՝ առաջին մրցանակը ստանալու պահին: Եվ Դուք, ինչպես միշտ, կարևորեցիք հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Քանիցս առիթ եմ ունեցել ասելու՝ Սյունիքն աշխարհի այն անկյուններից է, որի բնակիչների մեծագույն փափագը խաղաղությունն է:

Սյունիքն այն երկրամասն է, որի համար անկախ պետականությունից և ինքնիշխանությունից վեր արժեք գոյություն չունի:

Եվ այդ ամենը պայմանավորված է հազարամյակների մեր պատմությամբ ու աշխարհագրական դիրքով:

Սյունիքն այն երկրամասն է, որի բնակիչների համար թանկ է ժողովուրդների բարեկամությունը: Իսկ այդ առումով առանձնահատուկ է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը: Ավելին ասեմ՝ մեր տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ու պահպանելու գործում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դերն այլընտրանք չունի:

Այդ մտքերն էլ տեղ գտան իմ խոսքում:

Հետադարձ հայացք ձգելով՝ ուրիշ ի՞նչ տպավորությունների մասին կուզենայիք պատմել:

– Գիտե՞ք, երբ մեկ հարկի տակ միանգամից հավաքվում են տասնյակ ժողովուրդների ներկայացուցիչներ ու երբ օրեր շարունակ շփվում ես տարբեր երկրների, ազգերի և ազգությունների ներկայացուցիչների հետ, վերստին համոզվում ես՝ բնության մեջ ավելի մեծ արժեք կամ երևույթ, քան ժողովուրդների բարեկամությունն է, քան հանրային կամ ժողովրդական դիվանագիտությունն է, չկա:

Այդ միջավայրում, այդ շփումների ընթացքում ավելի ես համոզվում, որ պատերազմները կանգնեցնելու և ժողովուրդների խաղաղ ընթացքն ապահովելու լավագույն ուղիներից մեկը հանրային դիվանագիտությունն է:

Տպավորված եմ բոլոր միջոցառումների կազմակերպական բարձր մակարդակով, ամեն մի մանրուք նախատեսված էր:

Միջոցառումները ցույց տվեցին երիցս, որ Ռուսաստանի Դաշնությունը ժողովուրդների բարեկամության վեհ գաղափարն իրապես կրող և խորհրդանշող երկիր է:

Ի՞նչ կուզենայիք ավելացնել ասվածին:

Բոլոր այդ աշխատանքների գլխին հիմնականում ու նախ և առաջ կանգնած էին «Россотрудничество»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ իր աշխատակազմով, և «Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, ինչպես և «Եվրասիայի» հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնց իմ և մեր պարբերականի ընթերցողների, հետևորդների երախտագիտությունն եմ փոխանցում:

Երբ հոկտեմբերի 29-ին ինձ հանձնվեց «Անկեղծ տեսակետ» 4-րդ միջազգային մրցույթի դափնեկրի կոչումը և երբ իջնում էի բեմահարթակից՝ ամբողջ դահլիճի ծափահարությունների ներքո, առաջինն ինձ մոտեցան և ուրախությունս, նաև հուզմունքս կիսեցին «Եվրասիայի» խորհրդի անդամ Միքայել Բադալյանն ու ՌԴ արտգործնախարարության աշխատակից, Սյունյաց աշխարհի բարեկամ Սերգեյ Չաշչիխինը, ով տևական ժամանակ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաքելության ղեկավարն է:

Ես նրանց նույնպես մեր խմբագրակազմի, մեր ընթերցողների ու հետևորդների, անձամբ իմ շնորհակալությունն եմ փոխանցում:

Այդ օրերին Հայաստանից և հատկապես Սյունիքից հարյուրավոր զանգեր էի ստանում՝ շնորհավորանքներ, մաղթանքներ, գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր:

Եվ գիտե՞ք՝ ինչն էր ուշագրավ, գրեթե բոլորն այդ մրցանակների առաջին հասցեատերը համարում էին մեր բնօրրան Սյունիքը, ինչն ինձ ավելի է ոգևորում և մղում հետագա ակտիվ ստեղծագործական աշխատանքի:

Այդ ամենը որերորդ անգամ ցույց տվեց, որ «Սյունյաց երկիրը» բոլոր սյունեցիների պարբերականն է, Սյունյաց աշխարհի մերօրյա դժվարին ընթացքի դրոշակակիրներից մեկը: Իսկ նրանք, ովքեր (այդուհանդերձ) փորձում են իրենց մանր էությամբ և բացակա ներկայությամբ խոչընդոտել իր տեսակի մեջ եզակի կանթեղի՝ «Սյունյաց երկրի» ընթացքին, վերստին հաստատում են, որ իրենք օտարական են՝ ընդամենը հանգամանքների բերումով այստեղ ժամանակավորապես հայտնված։

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

                                       

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47

ԵՄ-ն ցանկանում է ամեն կերպ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում. Զախարովա

04.12.2025 16:26

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ․ զրուցել տարբեր թեմաների շուրջ

04.12.2025 15:20

Մեծ Բրիտանիան շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ

04.12.2025 14:52

Թոշակը դժվար է բարձրացնել, քանի որ թոշակառուների թիվը շատ մեծ է. Նիկոլ Փաշինյան

04.12.2025 14:37

Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է

04.12.2025 12:53