Պողոս Տեր-Դավթյանի կենսագրությունը. անհրաժեշտ ճշգրտումներ և վերաշարադրման փորձ

20.07.2023 10:20
1405

Սամվել Ալեքսանյան, «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր․մշակութային» հանդեսի խմբագիր

Սյունյաց աշխարհը տվել է նվիրյալների մի համաստեղություն, որոնց սխրանքների շնորհիվ 1918-20 թթ. մեր երկրամասը թուրք-ադրբեջանցի զավթիչների համար մնացել է աննվաճ: Նրանց նահատակության գնով ստեղծվեց և երկու տարի գոյատևեց Հայաստանի առաջին հանրապետությունը, ինչին ձգտում էինք և որը երազում էինք վեց դար շարունակ:

Այդ համաստեղության ամենավառ ներկայացուցիչներից էր Պողոս Տեր-Դավթյանը:

Նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին և հատկապես Սյունյաց աշխարհին անձնվիրաբար ծառայելու բացառիկ դրսևորում է, փայլուն օրինակ, թե ինչպես պետք է գործել ու պայքարել, երբ թուրք-ազերին փորձում է նվաճել մեր սրբասուրբ երկրամասը:

Եվ այսօր, երբ թշնամին կրկին  ձգտում է ի կատար ածել հարյուր տարի առաջ չիրականացրած իր ցնորամիտ երազանքը, Պողոս Տեր-Դավթյանի ու նրա զինվորների, մարտական ընկերների վարքը սյունեցիներիս համար ընդօրինակման արժանի է դառնում վերստին ու նորովի:

«Սյունյաց երկիր» պարբերականը՝ իր syuniacyerkir.am կայքով և ֆեյսբուքյան Syuniac Yerkir Newspaper էջով, 2022 թ. մայիսի 2-ից սկսեց հոդվածաշար՝ նվիրված Պողոս Տեր-Դավթյանի կյանքին ու մարտական փառավոր ուղուն. նախաձեռնությունը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանինն էր:

Հոդվածների հրապարակումը շարունակեցինք մինչև այդ տարվա օգոստոսի 20-ը, երբ Կապան քաղաքում (դարձյալ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ ու ջանքով) կանգնեցվեց Սյունյաց աշխարհի լեգենդար զավակի կիսանդրին՝ դրանով իսկ ապահովելով նրա քարեղեն վերադարձը բնօրրան, որ տասնյակ տարիներ երախտապարտ սյունեցիների երազանքն է եղել:

Հիմա արդեն կարող ենք փաստել՝ Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացված է ըստ պատշաճի, Պողոս Տեր-Դավթյանն ընդմիշտ վերադարձել է Կապան, և մարդիկ (կամա-ակամա) ամեն օր մարզկենտրոնով քայլելիս կամ զբոսնելիս հաղորդակից են դառնում նրա սխրական կերպարին:

Մյուս կողմից՝ վաղուց ժամանակն է Պողոս Տեր-Դավթյանին առնչվող նյութերն ամբողջապես հրապարակել թերթային մեկ համարում: Վաղուց ժամանակն է ճշգրտելու նրա կենսագրությունը և վերաշարադրելու արժանահավատորեն:

Հենց այդ խնդիրների լուծմանն է կոչված «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարը:

Տասնամյակներ շարունակ, ցավոք, նրա կյանքն ու գործունեությունը մանրամասն և գիտական հետազոտության առարկա չեն դարձել, անգամ նրա անուրանալի ծառայությունները՝ պատմական մի քանի դրվագում, աննկատ է թողնվել կամ վերագրվել  ուրիշներին: Նրա գլխավորած բազմաթիվ ճակատամարտեր՝ Սյունիքի պաշտպանության համար մղված, դուրս են մնացել հրապարակված նյութերից կամ դրանց հեղինակների ուշադրությունից: Որոշ դեպքերում էլ ինչ-որ արհեստական, չհիմնավորված հավելումներ են կատարվել կենսագրության մեջ, ինչի կարիքը Պողոս Տեր-Դավթյանի կերպարն ամենևին չի ունեցել և չունի:

Դա է պատճառը, որ 2022-ին հրապարակված (վերոնշյալ) հոդվածաշարում ընթերցողը մի քանի դեպքում բախվել է իրարամերժ տեղեկությունների:

Թերթային սույն համարով փորձում ենք լույս սփռել բանավիճային հարցերի վրա՝ սեղանին դնելով ճշմարտությունը՝ ապացուցվածը, հիմնավորվածը, ակնհայտը, որն էլ ոգեշնչման բացառիկ աղբյուր կլինի ներկա ու գալիք սերունդների համար:

***

Նախևառաջ ներկայացնենք Պողոս Տեր-Դավթյանի համառոտ կենսագրությունը՝ այն տեսքով, որը, համոզված ենք, վիճարկման ենթակա չէ:

Ծնվել է 1880 թ. նոյեմբերի 12-ին Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղում: Հայրը՝ Սողոմոն, մայրը՝ Նազլու (Շրվենանց գյուղից, քույրն էր Գասպար Տեր-Մարգարյանի, ով հայտնի նավթարդյունաբերող էր ու բարերար):

1892 թ. ընդունվել է սովորելու Նախիջևանի քաղաքային (ռուսական) ուսումնարան (գիմնազիա), որի 6-րդ դասարանն ավարտել է հաջողությամբ: Նրա մորեղբայրը՝ Գասպար Տեր-Մարգարյանի եղբայրներից մեկը, այդ կրթօջախի դասատուներից էր:

Այնուհետև տեղափոխվել է Բաքու, ծառայում էր Բալախանու նավթահանքերում:

1914 թ. նոյեմբերի 21-ից ծառայության է անցել ցարական բանակում, ծառայել Բալխովյան 138-րդ հետևակային գնդում՝ Արևմտյան ռազմաճակատում:

Զորակոչվելուց հետո սովորել է Թբիլիսիի պրապորշչիկների դպրոցում, որն ավարտել է 1915 թ. օգոստոսի 20-ին՝ ստանալով պրապորշչիկի զինվորական կոչում:

Մասնակցել է 1914-15-16 թվականների կամպանիաներին (ռազմարշավներին): Ըստ Ա. Աշխատունու (Զաքար Յոլյանի)՝ համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան ռազմաճակատում կռվել է ընդդեմ գերմանացիների:

1917 թ. հուլիսի 2-ին ստացել է պոդպորուչիկի զինվորական կոչում:

1917 թ. հուլիսի 20-ին հրազենային վիրավորում է ստացել գոտկատեղի հատվածում: Վիրավորվելուց հետո վերադարձել կամ գործուղվել է Բաքու և նույն տարվա օգոստոսի 22-ից բուժումը շարունակել N 12 լազարեթում:

1918 թ. ստացել է պորուչիկի զինվորական կոչում:

Բաքվի հայոց ազգային խորհրդի նախաձեռնությամբ և նյութական միջոցներով 1918 թ. կազմակերպվեց երկու զորագունդ (երկուսը միասին՝ բրիգադա)՝ հայ ժողովրդի ինքնապաշտպանության համար: Զուտ հայկական զորամասը գործում էր Համազասպի գլխավորությամբ (Համազասպ Սրվանձտյան): Պողոս Տեր-Դավթյանը մտավ այդ զորամիավորման մեջ՝ N 8 գումարտակի հրամանատարի պաշտոնով:

Բաքվի դիմադրական պատերազմը տաճիկների դեմ սկսվեց 1918 թ. հունիսին: Տաճիկների դեմ կռվող 29 գումարտակի թվում էր Պողոս Տեր-Դավթյանի գլխավորած 8-րդ գումարտակը, որը կռվի սկզբից՝ Քյուրդամիրի առաջնագծից մինչև Բաքու և մինչև պատերազմի վերջին օրը՝ սեպտեմբերի 14-ը, կռվեց հերոսաբար (Քյուրդամիրը ներկայիս Ադրբեջանի վարչական շրջաններից մեկի կենտրոնն է, հայերենում՝ նաև Լպինք):

1918 թ. սեպտեմբերի 15-16-ից հետո հազարավոր հայեր հարկադրված Բաքվից նահանջեցին Իրանի Բանդարե Անզալի կամ Էնզելի քաղաք (նախքան իսլամական հեղափոխությունը հայտնի էր նաև Բանդարե Փահլավի՝ Փահլավիների արքայատոհմի անվամբ): Այդտեղ է անցել նաև Պողոս Տեր-Դավթյանը, որտեղից էլ տեղափոխվել է ռազմաքաղաքական ծանրագույն վիճակում գտնվող հայրենի Զանգեզուր, Գորիսում համագործակցել գործող պետական մարմնի՝ Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի հետ, որը գլխավորում էր բժիշկ, ազգային, պետական և հասարակական գործիչ Միքայել Պարոնյանը: Ի դեպ, այդ խորհուրդը 1918-20 թթ. կազմակերպական զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրը թուրք ավազակներից փրկելու, նաև Ղարաբաղը հայրենիքին միավորելու, թուրքամետ անգլիացիների հետ այդ նպատակով բանակցություններ վարելու ուղղությամբ:

1918 թ. աշնանը նշանակվել է Սիսիանի զորքերի շտաբի պետ, ապա՝ հրամանատար, որտեղ էլ համագործակցել է Զորավար Անդրանիկի հետ: Այդ ժամանակ էլ Սիսիան-Նախիջևան սահմանին՝ Սալվարդի մերձակա բարձունքներում կամ Աղոթարանում առաջին անգամ մարտ է գլխավորել (Զանգեզուրում)՝ ընդդեմ թուրքական զորքերի, որ փորձում էին ներխուժել Սիսիանի տարածք:

1918 թ. աշնանը մեկ ուրիշ ճակատամարտ էլ տվել է Բարձրավան (Մազրա) գյուղի մերձակայքում (ներկայումս՝ Մուցք): Ըստ բռնակոթցի Սամվել Սահակյանի՝ «Ուժերն անհավասար էին, թուրքերի բազմապատիկ անգամ գերակշռող ուժերի դեմ Պողոսի գլխավորած քաջերի ջոկատն էր»: Ճակատամարտն ավարտվեց թուրքերի պարտությամբ:

1919 թ. մարտի 31-ին Պողոս Տեր-Դավթյանը վերանշանակվել է Սիսիանի ուժերի հրամանատար՝ Արսեն Շահմազյանի կողմից, ով Զանգեզուրում (1919 թ. մարտից) փոխարինել էր Զորավար Անդրանիկին և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն էր կամ Զանգեզուրի ռազմաքաղաքական ղեկավարը:

1919 թ. հուլիսի 29-ին՝ գիշերային հարձակմամբ, Պողոս Տեր-Դավթյանը գրավել է Բազարչայ գյուղը, որը մեծամասնականների տիրապետության ներքո էր:

1919 թ. օգոստոսի 11-ին թուրքերը՝ մոտ 2 հազար հոգով (հեծելազոր և հետևակ) հարձակվում են Ղուշչիբիլակի վրա (ներկայումս՝ Կեչուտ, Վայոց ձորի մարզ): Ըստ Զաքար Յոլյանի՝ Պողոս Տեր-Դավթյանն իր զորամասով Սիսիանից հասնում է ղուշչիբիլակցիներին օգնության: Թուրքերի բոլոր հարձակումները հետ են մղվում, թշնամին նահանջում է մեծ կորուստներով: Մովսես Մովսիսյանի և գյուղի քահանա Տեր Գարեգին Աբրահամյանի գլխավորած այդ ճակատամարտին Պողոս Տեր-Դավթյանի մասնակցության այլ վարկածներ ևս կան:

1919 թվականին (ամիսը և օրը չկարողացանք ճշտել) թուրքերը գրավում են Սիսիանի Ալիլու (Սալվարդ) գյուղը. հարձակվում են Կարմինիլովկա գյուղի կողմից (հետագայում՝ Բիչանակ՝ Շահբուզի շրջան, Նախիջևանի տարածաշրջան): Պողոս Տեր-Դավթյանն իր զորամասով դուրս է գալիս հակահարձակման և թշնամուն մատնում անկարգ ու անկանոն փախուստի՝ ազատագրելով Սալվարդը:

1919 թ. օգոստոսին Պողոս Տեր-Դավթյանը 240 ձիավոր սիսիանցիներով տեղափոխվում է Ջուլ գյուղ (ներկայումս՝ Արտավան, Վայոց ձորի մարզ)՝ որպես Դարալագյազի զորաբաժնի մաս, որտեղից կասեցնում էր Նախիջևանից թուրքերի հարձակումները Վայոց ձորի ուղղությամբ:

1919 թ. սեպտեմբերի 2-ին Պողոս Տեր-Դավթյանը Ջուլի զորախմբի հրամանատարությունը ժամանակավորապես թողնում է իր տեղակալ Սմբատ Թորոսյանին և  մեկնում Երևան՝ տեսնելու իր նշանածին (անունը չհաջողվեց պարզել) և եղբորը՝ Հարությունին: Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը (մի քանի մարտիկների ուղեկցությամբ) Չիմքենդի վրայով գնում է Երևան, այնտեղից վերադառնում սեպտեմբերի 25-ին, իսկ սեպտեմբերի 27-ին նորից Ջուլում էր:

1919 թ. հոկտեմբերի 11-ին Պողոս Տեր-Դավթյանը, Սիսիանի ուժերի գլուխն անցած, մտնում է Սիսիան՝ գրավում Ղալաջեղ (Սառնակունք գյուղի մերձակայքում), Բալաք, Շաղաթ, Անգեղակոթ, Բռնակոթ և Ղարաքիլիսա գյուղերը՝ կտրելով կարմիրների՝ Բազարչայից դեպի Նախիջևան փախուստի ճանապարհը: Բոլոր գյուղերում ցնծությամբ են դիմավորում հրամանատարին:

1919 թ. հոկտեմբերի 13-ին Պողոս Տեր-Դավթյանը գրավում է նաև Բորիսովկա (ներկայումս՝ Ծղուկ, Սիսիանի տարածաշրջան) և Բազարչայ գյուղերը, գերում կարմիր բանակայիններին:

1919 թ. նոյեմբերի 3-ից 7-ը Սիսիանի ուժերը, Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ, Մեծ Իշխանասարի, Սև լճի, Քաչալ դաղի (Գլուխ Ձագեձորո) մերձակայքում, Եռաբլուրում ջախջախիչ հարված են հասցնում թուրք-ադրբեջանական գերազանցող ուժերին, որոնք փորձում էին հյուսիսից ներխուժել Գորիս քաղաք, իսկ արևմտյան ուղղությամբ շարժվել դեպի Նախիջևան: Պողոս Տեր-Դավթյանի հեծելազորն ու հետևակը հակահարձակումը սկսում են Մեծ Իշխանասարի լանջերից, որն արդեն իսկ գրավված էր թուրքերի կողմից:

Սերգեյ Մելիք-Յոլչյանն այսպես է գրում սիսիանցիների հարձակման մասին. «Այդ նույն ժամանակ Եռաբլրի կողմից՝ Քաչալդաղի մյուս ծայրից, երևում է Սիսիանի հեծելազորը՝ Պողոս Տեր-Դավթյանի և Զաքար Տեր-Ղազարյանի ղեկավարությամբ: Եվ ապա թրերը բարձրացրած ձիաները քշում ու գրոհում են թշնամու վրա: Սարսափահար թշնամին խուճապահար ուզում է փախչել և տասնյակներով ընկնում մերոնց սրերի հարվածներից»:

Մեծ Իշխանասարի և Սև լճի ճակատամարտի օրերին (3-7 նոյեմբերի 1919 թ.)՝ այդ վայրերից գիշերային ռազմերթ կատարելով, Պողոս Տեր-Դավթյանի և Զաքոյի հեծելախումբն անցնում է Զաբուղ-Ավդալար շրջանի թիկունքը և կռվի երրորդ օրը՝ լույսը չբացված, հանդուգն ու անսպասելի հարվածներով խուճապի մատնում թուրքական զորամասերին, որոնք լքեցին պաշտպանական դիրքերը և ցրվեցին տարբեր ուղղություններով:

1919 թ. նոյեմբերի վերջին Արսեն Շահմազյանին, ով հաջողությամբ գլխավորել էր Զանգեզուրի հերոսամարտը, փոխարինում են Սերգեյ Մելիք-Յոլչյանով՝ որպես շրջանի քաղաքական մասի ղեկավար, և գեներալ-մայոր Նիկոլայ Ղազարյանով՝ որպես զինվորական մասի ղեկավար: Զինվորական տեսակետից շրջանը բաժանվում է երեք մասի. Սիսիանի ուժերի հրամանատար կրկին նշանակվում է Պողոս Տեր-Դավթյանը:

1920 թ. հունվարի 19-20-ին Սիսիանի ուժերը, Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն են ունենում Շուռնուխի օպերացիային՝ Կատարիի բարձունքից (խոսքը Կապանի մերձակայքում գտնվող Կատար լեռան մասին չէ, այլ Շուռնուխից արևմուտք գտնվող բարձունքի մասին): Պողոսի ջոկատը Կատարի էր հասել Ղարաքիլիսա-Յայջի (Հարժիս)-Տաթև-Երիցաթումբ դժվարին և ձյունածածկ ճանապարհով: Այդ օպերացիայի ընթացքում Նժդեհի վաշտերը հարձակման էին անցել Կապանի կողմից, իսկ Յապոնի (Հովհաննես Պարոնյանի) զորամասը հարձակման էր անցել Գորիսի Որոտան և Էյվազլար գյուղերից՝ բարձրանալով Թասի լեռնանցքով: Օպերացիան նախաձեռնել և գլխավորում էր Զանգեզուր-Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատար Դրոն (Դրաստամատ Կանայան): Շուռնուխի օպերացիան հունվարի 20-ին ավարտվեց փայլուն հաղթանակով. Գորիսի և Կապանի միջև ընկած տարածությունը՝ Դոնդարլու-Շուռնուխ-Ասկիլում՝ թուրքերի կողմից բռնազավթված մոտ 30 գյուղ մաքրվեց լիովին:

1920 թ. սեպտեմբերի 9-ին Պողոս Տեր-Դավթյանին շնորհվում է շտաբս-կապիտանի զինվորական կոչում:

1920 թ. հոկտեմբերի 15-ին Սիսիանի ժողովրդական ուժերը, Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ, ապստամբության դրոշ պարզեցին Սիսիանում և տարածաշրջանն ազատագրեցին բոլշևիկներից ու բոլշևիկացած մուսավաթականներից:

1920 թ. հոկտեմբերի 20-21-ին Պողոս Տեր-Դավթյանի գլխավորած սիսիանցիների զորամասը հարձակվեց Անգեղակոթի վրա և այնտեղից դուրս մղեց մեծամասնական ուժերին՝ նրանց հետ մղելով մինչև Ղարաքիլիսա:

1920 թ. հոկտեմբերի 20-21-ին՝ Բաքվից Գորիս ժամանած տաճկական ասկյարները (1200 հոգով) մտնում են Յայջի (Հարժիս): Պողոս Տեր-Դավթյանի գլխավորած ուժերը, Անգեղակոթն ազատագրելուց հետո, կողմնակի ճանապարհով մոտենում են Յայջի գյուղին և թշնամուն հանկարծակիի բերելով գրավում գյուղի արևմտյան բարձունքները (Խութիսը), կանգնեցնում նրանց առաջխաղացումը, ապա մի նպաստավոր հովտում (մառախուղի պայմաններում) շրջափակման մեջ գցում և ջարդում թուրք-ասկյարներին: Ըստ Զաքար Յոլյանի՝ այդ հովիտը մեր գրականության մեջ անվանվում է «Գանգերի հովիտ»:

1918-20 թթ․իրադարձություններին մասնակցած կամ ականատես եղած հարժիսցի ծերունիները ցույց էին տալիս այդ ճակատամարտի վայրը։ Հիմք ընդունելով նրանց պատմածը և ժողովրդական հիշողությունը՝ այդ վայրը կոչվել ու առայսօր կոչվում է ոչ թե «Գանգերի հովիտ», այլ՝ «Ջնջոցի հովիտ»՝ Դահնին (Դիհնին) դուզ (դահնայ բառից, որը բարբառով նշանակում է «ջնջոց» փոխառությունն իրանական աղբյուրից է)։

Յայջուց Պողոս Տեր-Դավթյանն անցնում է Տաթև, ապա Մալդաշ, որտեղ մեծ ճակատամարտ է տեղի ունենում Ինչաբելում Գարեգին Նժդեհից պարտություն կրած և նահանջող տաճկական զորքերի հետ: Ճակատամարտն ավարտվում է Պողոսի հաղթանակով: Այդտեղից նա հասնում է Վերին Խոտանան, որտեղ էլ  տեղի է ունենում երկու հերոսների՝ Պողոսի և Նժդեհի հանդիպումը:

1920 թ. հոկտեմբերի վերջին Դարալագյազի հայկական զորամասի հրամանատարության կարգադրությամբ Պողոս Տեր-Դավթյանը (հեծյալ հարյուրյակով) ազատագրում է Բազարչայը և խուզարկու արշավանք ձեռնարկում՝ մի քանի օրում հասնելով Գորիս քաղաքի բարձունքներին: Եռաբլրի սարահարթում, սակայն, բոլշևիկյան զորամասերի հետ լուրջ կռվի է բռնվում, որը շարունակվում է երեք օր (նոյեմբերի առաջին օրերն էին): Ի վերջո Պողոս Տեր-Դավթյանը ստիպված է լինում նահանջել Յայջի գյուղի ուղղությամբ, մեծ դժվարությամբ անցնելով հորդացած Որոտան գետը՝ գետանցի ժամանակ կորցնելով 14 հոգի: Մինչ այդ Յայջուց նամակ էր հղել Նժդեհին՝ օգնության խնդրանքով, որն այդպես էլ չհասավ (այդ հարցին կանդրադառնանք): Որոտանի կիրճով Պողոս Տեր-Դավթյանը շարժվում է դեպի Ղարաքիլիսա:

1920 թ. նոյեմբերի 12-ին մեծ ու բախտորոշ ճակատամարտ է տեղի ունենում Ուզ (Ույծ) գյուղի մերձակայքում: Պողոս Տեր-Դավթյանի զորամասը, օգտվելով մառախուղից, խելահեղ հարձակման է անցնում: Պողոսին են միանում Չիմքենդից վերադարձած գորիսեցիների խումբը, ինչպես և նոր կազմավորված գյուղական ջոկատները: Տալով 100-ի չափ զոհ՝ թուրքերը բռնում են փախուստի ճանապարհը: Սակայն հրամանատարը ճակատամարտի վերջին փուլում վիրավորվում է:

1920 թ. նոյեմբերի 20-ին, պատշաճ բուժօգնություն չստանալով, Պողոս Տեր-Դավթյանը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին: Աճյունը հողին է հանձնվում Ղարաքիլիսայում, իսկ 1920 թ. դեկտեմբերի առաջին օրերին կատարվում է արտաշիրմում և դիակը տեղափոխվում ծննդավայր՝ Վերին Խոտանան: Հուղարկավորությունը տեղի է ունենում 1920 թ. դեկտեմբերի 4-ին:

***

Իսկ հիմա Պողոս Տեր-Դավթյանի կենսագրությանն առնչվող այն հարցերի մասին, որոնք շրջանառվում են, բայց և բանավիճային են:

Նախ՝ Պողոս Տեր-Դավթյանի մարտական ուղին ամբողջովին ճշտված չէ: Նկատի ունենք հատկապես 1918-20 թթ. Զանգեզուրի ինքնապաշտպանությանն առնչվող գործունեությունը: Սույն հոդվածի առաջին մասում ներկայացրինք այն ամենը, ինչ մինչև հիմա հրապարակվել է տարբեր հեղինակների կողմից և որոնց վերաբերյալ տարակարծություններ չկան:

Ասել է թե՝ պարտք ունենք ճշտելու, պարզելու (տարեթվերով, ամիսներով ու օրերով, տեղավայրերով) բոլոր այն մարտական գործողությունները, որոնց մասնակցել է կամ որոնք տեղի են ունեցել նրա հրամանատարությամբ:

Այնուհետև՝ ստացվել է այնպես, որ Պողոս Տեր-Դավթյանին առնչվող հոդվածների որոշ հեղինակներ իբրև սկզբնաղբյուր օգտագործել են նաև Քրիստափոր Սողոմոնյանի նոթագրությունը՝ այս կամ այն փաստի արժանահավատությունը հիմնավորելու նպատակով: Սակայն Քրիստափոր Սողոմոնյանի նոթագրության կամ «Անմահության ճամփաներով» հուշատետրի բնօրինակը չկա: Հերոսի հարազատների վկայությամբ՝ տարբեր մարդիկ կրկնօրինակել-վերարտադրել են այդ հուշատետրը, իսկ թե որքանով են հավատարիմ մնացել բնագրին՝ դժվար է ասել: Պողոս Տեր-Դավթյանին նվիրված հոդվածների հրապարակման ընթացքում (2022 թվական) մենք խնդրանք հնչեցրինք՝ եթե պահպանվում է նոթագրության բնագիրը, ապա տրամադրեք խմբագրությանը՝ հանրայնացնելու համար: Ստացանք միայն Արմեն Սողոմոնյանի արձագանքը, ով տրամադրեց նոթագրության մեկ հատվածը կամ համառոտագրված տարբերակը, որը զետեղում ենք թերթի սույն համարում, որը (այդուհանդերձ) չի կարող սկզբնաղբյուրի նշանակություն ունենալ: Այնպես որ՝ քանի դեռ չկա հուշատետրի բնագիրը, միշտ խնդիրներ են առաջանալու նոթագրությանը հղումներ կատարելիս:

Այդ մեծ հայի, այդ քաջ սյունեցու՝ Պողոս Տեր-Դավթյանի երկրային կյանքը ողբերգական ավարտ ունեցավ: Բռնակոթյան մեր հանդիպումների ժամանակ նորից լսեցինք վարկածը՝ պաշտոնականից բացի, այն մասին, թե ինչպես է 1920 թ. նոյեմբերի 12-ին՝ Ուզի ճակատամարտում, վիրավորվել Պողոս Տեր-Դավթյանը: Մեծ ցավ ու ափսոսանք առաջացնող այդ վարկածն այսօր էլ չենք մանրամասնում ու քննարկում: Ոչ թե ճշմարտությունը թաքցնելու համար, այլ տվյալ վարկածի հավաստիությունը հիմնավորող փաստերի բացակայության պատճառով:

Վիրավորվելուց հետո անգամ Պողոսի վիճակն անհուսալի չի եղել: Զաքար Յոլյանը, նույն ինքը՝ Ա. Աշխատունին, Պողոս Տեր-Դավթյանի մահվան 30-ամյակի կապակցությամբ հեղինակած հոդվածում գրում է՝ «Այդտեղ նա վիրավորվում է գլխից, շատ թեթև կերպով և նույն օրը անձամբ նամակ է գրում և դեղորայք, բժիշկ կամ բուժակ խնդրում՝ իր վերքը բուժելու համար: Նամակը Դարալագյազ չհասած՝ արյունահոսությունից և արյան վարակումից վախճանվում է այդ աննման հերոսը...»:

Ի՞նչ է ստացվում. ութ օրվա ընթացքում սուրհանդակը Սիսիանից չի հասել Դարալագյազ, որը (վատագույն դեպքում) մեկ օրվա ճանապարհ է... Իսկ Բռնակոթի բժշկական հենակետում, փաստորեն, չեն կարողացել դադարեցնել արյունահոսությունը (վիրավորվել էր աջ հոնքի վերևի մասից): Եվ երկրորդ սուրհանդակը չուղարկեցին...

Հաջորդ հարցը. Պողոս Տեր-Դավթյանն ազգային ու պետական այն գործիչներից է, որի կերպարը (վաղ թե ուշ) տեղ է գտնելու գեղարվեստական բարձրարժեք գործերում: Եվ արդեն իսկ տեսնում ենք առաջին նշաններն արվեստի տարբեր ճյուղերում: Ուշագրավ է, օրինակ, կապանցի ճանաչված գեղանկարիչ Ուբակի (Ռուբեն Կոստանդյան) վրձնած գեղանկարը, որ տեղ է գտել սույն համարի առաջին էջում: Ուշագրավ է 2022 թ. օգոստոսի 20-ին Կապանի կենտրոնում կանգնեցված կիսանդրին (քանդակի հեղինակ՝ կապանցի Գագիկ Ալեքսանյան, ձևավորող-դիզայներ՝ Անդրեաս Օհանջանյան), որից քաջություն, վեհություն և հպարտություն է ծորում: Գնահատելի է վերիշենցի քանդակագործ Նարեկ Օրդյանի գիպսե քանդակը, որի հիման վրա պիտի ձուլվեր պղնձյա արձան: Երկու գեղանկարի հանդիպեցինք Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցում (հեղինակները հայտնի չեն):

Պողոս Տեր-Դավթյանի կերպարին հանդիպում ենք «Գարեգին Նժդեհ» ֆիլմում: Պողոսի կերպարը հրաշալիորեն մարմնավորել է Խորեն Լևոնյանը: Սակայն կա մի հարց, որին անդրադարձել են նաև կինոքննադատները: Դա ֆիլմի սցենարի աղավաղված վիճակն է, ավելի ճիշտ ֆիլմի սցենարի որոշ դրվագների պատմական հիմքերի ոչ արժանահավատությունը: Դրա հետևանքով էլ կեղծվել է նաև Պողոս Տեր-Դավթյանի կերպարը:

Վերին Խոտանանցի Հայկ Հայրապետյանն էլ առաջին քայլն է կատարել Պողոս Տեր-Դավթյանի կերպարը գեղարվեստական գրականություն տեղափոխելու ուղղությամբ, որը տեսնում ենք նրա հեղինակած «Վերջին Սպարապետը» գեղարվեստավավերագրական պատումի մեջ (Երևան-2002): Պատումը նվիրված է հայ ժողովրդի փառապանծ զորահրամանատարներից մեկին՝ Թովմաս Նազարբեկյանին, ում անունը նույնպես ոսկե տառերով է գրված հայոց ռազմարվեստի պատմության մեջ: Այդ գործում Պողոս Տեր-Դավթյանին որպես Սպարապետ Թովմաս Նազարբեկյանի համհարզ ներկայացնելը հիմնավորման կարիք ունի: Միևնույն ժամանակ՝ եթե Հայկ Հայրապետյանը նպատակահարմար է գտել պատումի մեջ ներկայացնել Պորուչիկ Պողոսին (երկու դրվագով), ապա ողջամիտ կլիներ ներկայացնել նրա մարդկային էությունը բնորոշող վեհ գծերով կամ դրվագներով:

Գարեգին Նժդեհի և Պողոս Տեր-Դավթյանի հարաբերությունների հարցը: Դա պետք է դիտարկել 1918-20 թթ. իրադարձությունների համապատկերի վրա: Ցավոք, Պողոսը չտեսավ Սյունիքի լրիվ ազատագրումը և Լեռնահայաստանի հռչակումը: Պողոսին (հետմահու) Նժդեհի տված գնահատականը բացառիկ է իր խորությամբ, ջերմությամբ ու ցավով՝ «Մեր պաշտելի Պողոսը, այդ մեծ ու հերոս նահատակը»: Պողոսի և Նժդեհի ջերմ հարաբերությունների մասին իմանում ենք նաև նրանց նամակներից: Սակայն պատմագիտությունը սիրում է փաստերի հավաստիություն, այլ բան է փաստերի իրարամերժ ընկալումը կամ մեկնաբանությունը, որոնցում (բնականաբար) ազատ են պատմագիրները: 1918-20 թթ. Նժդեհն ու Պողոսը նույն դերն էին կատարում Սյունիքում, մեկը՝ Կապանում և Գողթնում, մյուսը՝ Սիսիանում ու Գորիսի հյուսիսային և արևմտյան ենթաշրջաններում: Այնպես որ՝ կարիք չկար վերոնշյալ ֆիլմում ցույց տալ, թե ինչպես է Պողոսն իր մարմնով պաշտպանում Նժդեհին և այդպես էլ զոհվում: Կարիք չկար շրջանառության մեջ դնել «տեղեկությունը», թե Պողոսի հուղարկավորության ժամանակ (Վերին Խոտանանում) ելույթ է ունեցել Նժդեհը, ընդ որում՝ մեջբերելով նաև նրա խոսքը, որն իրականում չի հնչել: Իսկ թե ինչո՞ւ Նժդեհը չարձագանքեց Պողոսի՝ օգնություն հայցող նամակին՝ գրված 1920 թ. նոյեմբերի սկզբին Յայջուց (Հարժիսից)՝ դա հիմնավոր բացատրություն ունի. այդ ժամանակ Նժդեհի վիճակն էլ Կապանում ծանր էր:

Զորավար Անդրանիկի հետ Պողոս Տեր-Դավթյանի ունեցած հարաբերությունների մասին: Հիշենք՝ Անդրանիկը Նախիջևանից՝ Կապուտջուղի լեռնանցքով Զանգեզուր անցավ (զորքի և գաղթականության հետ) 1918 թ. հուլիսի 23-ին: Օգոստոսի 4-ին Զորավարն արդեն Գորիսում էր: Նրա գալուստը ողջունեց Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհուրդը: Բուն Զանգեզուրին Անդրանիկը հրաժեշտ տվեց 1919 թ. մարտի 25-ին: Այդ 8-9 ամսվա ընթացքում Զորավարը, կարելի է ասել, Սյունիք-Զանգեզուրի զինվորական մասի փաստացի ղեկավարն էր: Եվ ուրեմն՝ Սիսիանի տարածաշրջանի հայկական զորքերի հրամանատարի պաշտոնում Պողոս Տեր-Դավթյանը չէր կարող նշանակվել առանց Զորավարի համաձայնության: Դա նշանակում է նաև, որ Պողոսի հանդեպ Զորավարը մեծ հավատ և վստահություն ուներ, քանզի Սիսիանի զորամասը խնդիր ուներ Սյունիքը պաշտպանել և՛ Նախիջևանի կողմից, և՛ հյուսիսից (Դարալագյազի ու Բազարչայի ուղղությամբ), և՛ հյուսիս-արևելքից՝ Եռաբլրից, Մեծ Իշխանասարի ու Սև լճի կողմից: Իսկ չափազանց պատասխանատու այդ գործի գլխին կարգվեց Պողոս Տեր-Դավթյանը:

Ե՞րբ է Զորավար Անդրանիկը ճանաչել Պողոս Տեր-Դավթյանին: Հրապարակվող նյութերն այդ հարցին տարբեր և իրարարամերժ պատասխաններ են տալիս: Մեկ ասում են՝ ծանոթացել են Բալկանյան 1-ին պատերազմում, մեկ ուրիշն էլ՝  Դիլմանի ճակատամարտում: Երկու տեսակետն էլ, մեղմ ասած, հիմնավորման կարիք ունի: Մեր կարծիքով՝ Անդրանիկ-Պողոս ծանոթությունը և համագործակցությունը սկիզբ են առել Սյունիք-Զանգեզուրում: Եվ կարճ ժամանակամիջոցում նա արժանացել է Զորավարի վստահությանը: Համոզված ենք նաև՝ Զորավարը տեղյակ է եղել Պողոսի նախընթաց գործունեությանը, նկատի ունենք Բաքվի ինքնապաշտպանական մարտերին նրա հերոսական մասնակցությանը:

Պողոս Տեր-Դավթյանի կուսակցականության հարցը: Ոմանք նրան համարում են սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, մեկ ուրիշն էլ՝ հիմք ընդունելով Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ, 1917-1920» գիրքը, համարում է ՀՅԴ անդամ, անգամ նրան վերագրում այսպիսի խոսքեր՝ «Ես կատարել եմ իմ պարտականությունը, նախ՝ որպես հայ և երկրորդ՝ որպես դաշնակցական»: Նշված երկու կուսակցության արխիվներում մեր որոնումներն արդյունք չտվեցին: Սակայն, ծանոթ լինելով Պողոսին առնչվող մոտ 30 հրապարակումի, մեր տեսակետն ունենք՝ Պողոսը դժվար թե որևէ կոնկրետ քաղաքական ուժի անդամ լիներ: Նրա կուսակցությունը, որքանով հասկանում ենք, հայ ժողովուրդն էր, իսկ նպատակը՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, Սյունիքն Ադրբեջանին միացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի ձախողումը: Իսկ Եղիշե Իշխանյանի վերը նշված վկայակոչումին կարելի է հավատալ միայն պայմանով, եթե դաշնակցություն ասելով (այդ ժամանակ) հասկացվում էր հայ ժողովրդի ազատության ու արժանապատվության համար մաքառող զինական ուժ:

Իսկ ընդհանրապես՝ նոթագրությունն արժեք է ձեռք բերում սկզբնաղբյուրների հետ համեմատելուց հետո միայն:

Պողոս Տեր-Դավթյանի կրթության հարցը: Բազմաթիվ հոդվածներում շրջանառվող տեղեկությունները, թե կրթություն ստանալու նպատակով նա մանկությունից տեղափոխվել է Բաքու և սովորել ռուսական գիմնազիայում, որն էլ ավարտել է 1901-ին, չի հիմնավորվում:

Չի հիմնավորվում Քրիստափոր Սողոմոնյանի պնդումը, թե 1898-ից սովորել է Նովոչերկասկի հեծելազորային դպրոցում, թե 1907 կամ 1908 թվականից (հինգ կամ վեց տարի ժամանակով) սովորել է Բեռլինի պոլիտեխնիկական ինստիտուտում:

Բանակային ծառայություն, մարտական ուղի: Սույն հոդվածի սկզբնամասում որոշակիորեն անդրադարձանք այդ հարցին: Սակայն Պողոս Տեր-Դավթյանի զինվորական ծառայությանը կամ մարտական ուղուն առնչվող որոշ դրվագներ նույնպես ճշգրտումի, հիմնավորման կարիք ունեն: Խոսքը հետևյալի մասին է՝ իբր 1901-ին զորակոչվել է ցարական բանակ, որտեղ սովորել է զինվորական ուսումնարանում և ավարտել այն:

Իբր մասնակցել է 1904-05 թթ. ռուս-ճապոնական պատերազմին և մասնավորապես Մուկդենի ճակատամարտին (1905 թ. փետրվարի 20-ից մինչև նույն թվականի մարտի 10-ը), ստացել սպայի կոչում, պարգևատրվել Գեորգիևյան խաչով, «Բարաբել» մակնիշի ատրճանակով, Սուրբ Ստանիսլավսկի շքանշանով, Սուրբ Վլադիմիր սրով:

Իբր ռուսական ջոկատը՝ Պողոսի հրամանատարությամբ, Դիլմանի ճակատամարտում մասնակցել է Խալիլ բեյի թուրքական կորպուսի ջախջախմանը (Դիլմանի ճակատամարտը տեղի է ունեցել 1915 թ. ապրիլի 17-18-ը):

Իբր 1905-ին Պողոսը Բաքվում տեղի հայերից դրուժինա է ստեղծել և պաշտպանել հայ բնակչությանը, հետո էլ շտապել Ղարաբաղ և Զանգեզուր, որտեղ հայ-թաթարական հայտնի բախումներն էին:

Իբր մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912 թ. հոկտեմբերի 9-1913 թ. մայիսի 30)՝ հայկական կամավորական վաշտի կազմում՝ Անդրանիկի հրամանատարությամբ, արժանացել Բուլղարիայի մարտական խաչի:

Իբր եղել է Սպարապետ Թովմաս Նազարբեկյանի համհարզը:

Իբր 1919 թ. մարտին Հայաստանի ռազմական նախարար Արարատովը գնացել է Սիսիան և Լոր գյուղում՝ Պորուչիկ Պողոսի դաշտային շտաբում, հրապարակել վարչապետ Խատիսյանի հրամանագիրը՝ Նժդեհին, Ռուբեն Նարինյանին և Պողոսին գնդապետի կոչում շնորհելու մասին, բայց Պողոսը հրաժարվել է այդ կոչումից:

Շատ հարգելի և լուսահոգի տիկին Ալմարան Պողոսին գնդապետի զինվորական կոչում է վերագրում, որը նույնպես սխալ է:

Բախմաչունց Արտավազդն էլ (Վերին Խոտանանից) Հայկ Հայրապետյանին պատմում է, թե Պողոսի հետ երեք տարի Կովկասյան ճակատում կռվել է թուրքի դեմ:

Ուզի ճակատամարտը տեղի է ունեցել 1920 թ. նոյեմբերի 12-ին, մինչդեռ շատերն այդ ճակատամարտի օր են նշում նոյեմբերի 5-ը, որը սխալ է:

Ցավոք, Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցում, որ կրում է Պողոս Տեր-Դավթյանի անունը, նույնպես սխալ տեղեկություններ են զետեղված հերոսին նվիրված անկյունում: Երկու նախադասություն աղավաղված այդ գրառումից՝ «1919 թ. Սիսիանի Իշխանասարի բարձունքներում ջախջախիչ հարված տվեց Խալիլ և Նուրի փաշայի զորքին: 1920 թ. սեպտեմբերին Վերին Խոտանանի և Ինչաբելի մատույցներում ուժեղ հակահարված է տալիս 11-րդ կարմիր բանակի զորամասերին: Անհավասար մարտերում ծանր վիրավորվում և զոհվում է»:

Որքան էլ տարօրինակ է՝ անճշտությունները տեղ են գտել նաև Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանաքարի վրա կատարված գրառումներում: Գրված է՝ «Սողոմոնի որդի Պողոս Տեր-Դավթյան, ծնվել է 1880. XII. 12, մահացել է՝ 1920. XI. 28, 1918-19 թթ. Զանգեզուրի ժողովրդական ինքնապաշտպանության հերոս»: Մինչդեռ՝ մահացել է ոչ թե 1920 թ. նոյեմբերի 28-ին, այլ նոյեմբերի 20-ին: Զանգեզուրի ժողովրդական ինքնապաշտպանության հերոսն էր ոչ թե 1918-19 թթ., այլ 1918-20 թթ.: Ծնվել է ոչ թե 1880 թվականի դեկտեմբերի 12-ին, այլ 1880 թ. նոյեմբերի 12-ին:

***

Ինչպես նշեցինք հրապարակման սկզբնամասում՝ «Սյունյաց երկրի» սույն համարի գլխավոր խնդիրներից մեկը Պողոս Տեր-Դավթյան հերոսի կյանքի և մարտական ուղու ճշգրտումն ու ամբողջացումն է:

Ուրախ կլինենք, եթե մեր կողմից կասկածի տակ առնված տեղեկությունները հավաստվեն պատշաճ ու գիտական հիմնավորումներով, սկզբնաղբյուրների մատնանշմամբ:

Եվ, այդ բոլորով հանդերձ, առաջարկվող համարում նյութերը ներկայացնում ենք նախնական տեսքով՝ ինչպես հրապարակվել է, քանզի դրանք պարունակում են չափազանց հարուստ տեղեկություններ Սյունյաց աշխարհի ամենանշանավոր զավակներից մեկի, հանուն Սյունիքի ազատության իր երիտասարդ կյանքը զոհաբերած անձնավորության՝ Պողոս Տեր-Դավթյանի մասին:

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57