«Սյունյաց երկիրը» 19 տարեկան է

30.09.2022 10:24
30383

2003 թ. հոկտեմբերի 1-ին էր, երբ լույս տեսավ  «Սյունյաց երկիր» մարզային պարբերականի անդրանիկ համարը...

Թերթի ամեն տարեդարձին ավանդաբար շնորհավորանքի խոսքեր ենք հղել միմյանց, նաև մեր ընթերցողին, բարեկամներին, գործընկերներին, այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր որևէ կերպ մասնակցություն են ունեցել լրագրի կենսագրության կերտմանը:

Այսօր էլ կուզենայինք հետևել բարի այդ ավանդույթին, նույնիսկ երախտավորների անուններ հնչեցնել, սակայն...

Հայրենական մեր տունը՝ Սյունիքը վտանգի մեջ է, թշնամին բռնազավթել է երկրամասի տարածքների մի մասը, մեր սահմանները որերորդ անգամ ողողվում են հայոց քաջազունների արյամբ: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե վաղը կամ մյուս օրն ինչ նոր անակնկալներ են սպասվում առաջնագծի մեր դիրքապահներին...

Սեպտեմբերյան եռօրյա պատերազմից հետո անգամ պարզ չէ, թե ինչ պատկեր ունի շփման գիծը Մեծ Իշխանասարի մատույցներում, Սև լճում, Ներքին Հանդում...

Ստեղծված իրավիճակի ծայրաստիճան վտանգավորության վերաբերյալ, կարծեք, բոլորս նույն կարծիքին ենք, բայց թե ինչպես կարելի է խուսափել հերթական կապիտուլյացիայից, ինչպես է հնարավոր խույս տալ մարդկային ու տարածքային նոր կորուստներից՝ միասնական դիրքորոշում չկա, ինչն ավելի է սրում պահի վտանգավորությունը:

Մինչդեռ մեր պետական ու քաղաքական այրերն իրար միս են ուտում և այնքան ուժեղ չեն, որ հայոց պետականության ու ազգի համար վճռորոշ այս պահին  (գուցե ժամանակավոր) մի կողմ դնեն անձնական, կուսակցական տարաձայնությունները և համախմբվեն հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ...

Այդ ամենը տեղի է ունենում տարօրինակ զարգացումների համապատկերի վրա...

Մեր դարավոր բարեկամներից ենք երես թեքել կամ միգուցե նրանց շահերի տիրույթից ենք այլևս դուրս հայտնվել, ինչն  առավելապես դրսևորվեց Ադրբեջանի վերջին ագրեսիայի օրերին:

Հարյուրամյակներ շարունակ (ու մինչև այսօր) հային մորթազերծ անող ոսոխին վերափոխվածի, քաղաքակրթվածի, խաղաղասերի պատմուճան հագցնելու ծիծաղելի խաղեր ենք տալիս:

Հազար տարի (սելջուկների ժամանակից սկսած) հայոց Արցախի համար կռվելուց ու նրա հպարտ ընթացքն ապահովելուց հետո ինչ-որ մեկը՝ նահապետի ծիրանիով, հայտնվում է եթերում և հայտարարում, թե Արցախի հարցը փակված է, թե Հայաստանն այլևս անելիք չունի Արցախում: Ու մեզ առաջարկում է հաշտվել այդ մտքի հետ:

Պաշտոնական խոսակցություններում և հայտարարություններում էլ բոլորը վկայակոչում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, բայց այդ փաստաթղթի շատ թե քիչ հայանպաստ դրույթներն ի սկզբանե չեն գործում, իսկ թշնամական երկրի գործողությունները տեղի են ունենում՝ հաշվի չառնելով տվյալ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Արցախյան պատերազմների հերոսների կերպարներով ու սխրանքներով էլ այլևս չենք հպարտանում, հանուն հայրենիքի նահատակվածները հիմա սոսկ վիճակագրության նյութ են:

Երկրապահ կամավորականները կամ, ինչպես հիմա ենք անվանում, աշխարհազորայինները (որոշ բացառություններով) ծնկաչոք ու շվարած վիճակում են: Երբեմնի գեներալները, որոնց փառքն էինք երգում  երեք տասնամյակ, որոնց երկրի տեր էինք կարծում, չկան ու կարծեք չեն էլ եղել: Իսկ նորահնար գեներալները հանրությանն ավելի շատ հայտնի են մեր տարածքներն ու պաշտպանական դիրքերը թշնամուն հանձնելով, երբեմն էլ իրենց փթթող բիզնեսով:

Հանրության մեջ էլ սպասումներ ենք առաջացրել և առաջացնում այն երկրներից, որոնք լուռ էին և՛ Մեծ եղեռնի ժամանակներում, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մեր ժողովրդին պատժում էին նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների արյունոտ ձեռքերով, երբ մեր դեմ կիրառում էին նույնիսկ արգելված զենքեր: Սպասումներ այն երկրներից, որոնք սեպտեմբերի 12-14-ի եռօրյա պատերազմին արձագանքեցին և արձագանքում են կիսահասցեական կամ հասցեական կոչերով, բայց ոչ կոնկրետ գործերով, ինչին հաջորդում են հրադադարի գրեթե ամենօրյա խախտումները՝ խլելով նորանոր կյանքեր...

Իսկ մինչ այդ թուրք-ազերիները, կանգ չառնելով ոչնչի առջև, համառորեն փորձում են լուծել այն խնդիրը, որ չկարողացան լուծել 100 տարի առաջ՝ 20-րդ դարասկզբին: Այն ժամանակ մեր նախնիները Զանգեզուրյան հերոսամարտ անունով կռիվը տվեցին՝ նախ Զորավար Անդրանիկի, ապա Արսեն Շահմազյանի, այնուհետև Դրոյի, Գարեգին Նժդեհի և նրանց համախոհներ Պողոս Տեր-Դավթյանի, Խաչատուր Մալինցովի, Յապոնի և մյուս հերոսների գլխավորությամբ:

Եվ ջարդեցինք թշնամուն նույն Սև լճում ու Մեծ Իշխանասարում, նույն Ներքին Հանդում ու Զաբուղի ձորում, նույն Աղոթարանում ու Գողթանասարում...

Չլուծված այդ խնդիրն է այսօր փորձում լուծել թշնամին...

Սակայն հիմա, որքան էլ ցավալի է, Սյունիքի մասշտաբով չունենք այն ուժը կամ  անհատը, որ կկարողանար բոլորիս ջանքերը մեկտեղել, բոլորիս մեկ դրոշի տակ կանգնեցնել: Չկա այն ընտրյալը (կոչվածների մեջ), որ կկարողանար հեծնել Դավիթ Բեկի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի՝ անտերունչ դարձած և մեր լեռնաշխարհում վրնջացող երիվարը, ու մեզ առաջնորդ լինել...

Սա է պահի ողբերգականությունը պայմանավորող կարևոր հանգամանքներից մեկը:

Եվ թող չասեն, թե ժամանակները փոխվել են, թե հիմա ուրիշ ժամանակներ են...

Մի՞թե Սյունիքի անձեռնմխելիության և անվտանգության ապահովման հարցում շահագրգիռ երկրների հետ համագործակցելը չի տեղավորվում ժամանակի տրամաբանության մեջ:

Մի՞թե հայոց անխորտակելի ոգին արթնացնելը չի  տեղավորվում ժամանակի տրամաբանության մեջ:

Մի՞թե միասնական լինելու, հայրենատիրության գաղափարի շուրջ համախմբվելու համար ժամանակն արգելքներ է հարուցում:

Մեր ազգային ու պետական գործիչները (հատկապես վերջին՝ սեպտեմբերյան պատերազմից հետո) մի տեսակ գուժկան են դարձել, և իրար հերթ չտալով, ամեն օր խոսում են հնարավոր նոր կապիտուլյացիայի, նոր կորուստների մասին և, կարծեք, մեզ պատրաստում այդ ամենին:

... Այսօր մեր հույսը մեր լույս տղերքն են, մեր վահագնաբոց տղերքը, մեր փառապանծ զինվորականները: Որքան էլ ջարդված-փշրված-նվաստացած՝ նրանք են իրենց կյանքի գնով պաշտպանում մեր սահմանները:

Նրանց զինելու, գուրգուրելու, առաջնագծում նրանց վստահված մարտական դիրքերը գոնե ուշացումով լիարժեք և աբողջապես կահավորելու, ամրապնդելու գործին պետք է ուղղենք մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը:

Մեր ազգային-հայրենասիրական ոգին արթնացնելով, հայրենիքի փրկության գաղափարի շուրջ համախմբվելով, հայոց բանակին ժամ առաջ նոր շունչ տալով, հույսներս նախևառաջ մեզ վրա դնելով կարող ենք փրկել իրավիճակը... Կեղծ է շրջանառվող, հանրությանը համառորեն ներարկվող այն թեզը, թե մենք անօգնական վիճակում ենք, անզոր ենք, անկարող ենք, ոտի տակ ընկած ենք:

Հավատացեք, մենք կանք, մենք լինելու ենք, մենք ուժեղ ենք, մենք մեծ գործերի ընդունակ ենք, թեև փոքր ածու ենք...

Եվ ուրեմն՝ ո՛չ մի խեղճություն, ո՛չ մի խուճապ, ո՛չ մի նահանջ, մեր հերոս նախնիների, մեր ծնողների, Արցախյան վերջին պատերազմներում նահատակված մեր արևաբույր տղաների հիշատակի ոչ մի ուրացում...

Պատմության ընթացքում ավելի ծանր փորձությունների մեջ ենք գտնվել, այն էլ՝ պետություն և պետականություն չունենալու պայմաններում, բայց դուրս ենք եկել նման իրավիճակներից, դուրս ենք եկել արժանապատվորեն ու հաղթանակած...

Հիմա էլ անպայման դուրս ենք գալու այս իրավիճակից...

Մի մոռացեք՝ մեզ հետ է Աստված, մեզ հետ է Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի վրիժակ ոգին...

Ահա այսպիսի ցավերով ու մտածումներով ենք դիմավորում «Սյունյաց երկիր» թերթի հերթական  տարեդարձը: Այն լրագրի, որ մոտ երկու տասնամյակ եղել ու շարունակում է մնալ մեր երկրամասի բաբախող սրտի մի զարկերակը...

Սամվել Ալեքսանյան

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17