Հատվածներ «Ես եւ իմ հանքաշխարհը» գրքից

05.08.2020 09:23
8429

Արցախյան հերոսամարտ, մաս 3

Արցախյան ազատամարտի ժամանակ ավերվեց մեր քաղաքի գեղեցկությունը: Ազերիների ինքնաթիռների ռումբերը, ականներն ու հրթիռները ավերեցին շենքերը, զոհվեցին բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: Մի ամբողջ ընտանիք խոհանոցում, ճաշի սեղանի շուրջ նստած հրետակոծության զոհ գնաց: Շինարարների փողոցի հինգհարկանի շենքերից մեկի վրա ընկած ինքնաթիռի ռումբից մի ողջ շքամուտք հողին հավասարվեց, որի մեջ՝ տան պատերի, կահույքի ու կահ-կարասու հետ խառնված կենդանի մարդիկ էին: Հրաշքով փրկվողներ էլ եղան: Գնդիկավոր ռումբեր էին գցում, որոնք անընդհատ պայթելով, ավելի փոքր ու ավելի շատ գնդիկավոր ռումբեր էին բաց թողնում, դրանք էլ, իրենց հերթին պայթելով, մանրագնդակի չափ էին դառնում ու սպանում անմեղ մարդկանց: Այդ օրերին ավերածությունների ու զոհերի մասին լսելը սովորական բան էր դարձել:
Շահումյան փողոցի բարձրահարկում բնակվող երեք դպրոցական տղա փոքրիկ գնդիկ էին գտել և պայթեցրել, արդյունքում երեքն էլ զոհվեցին: Նրանց հուշաղբյուրը ինը հարկանի շենքի բակում է:
Մի օր երկու ինքնաթիռ մտավ մեր գեղեցիկ քաղաքը: Ինքնաթիռներից մեկը հենց քաղաքի նախագավիթում՝ Մսի կոմբինատի դիմացի սարալանջին առաջին ռումբը նետեց, երկրորդը մեր շենքի վրա գցեց, բայց ռումբն ավելի <<խղճով էր>>, մի քիչ շուտ ընկավ՝ շենքից 25-30 մետր հեռավորության վրա, հետո, երկուսով մանևրելով մեր Սպանդարյան փողոցի վրայով, թեքվեցին դեպի Շահումյան փողոց, և երկրորդ ինքնաթիռն իր առաջին մահաբեր ռումբը նետեց թիվ 7 դպրոցի դեմ դիմաց գտնվող շենքի ետնաբակում կանգնած հացի մեքենայի վրա, որը քիչ առաջ էր կայանել՝ իր շուրջը հավաքելով ապաստարաններից հաց առնելու համար դուրս եկած մարդկանց: Ինչպիսի սիրտ պետք է ունենաս ու երևակայություն, որ պատկերացնես հետևանքները՝ հացերն ու մարդկանց բզկտված մարմինները, արյան լճակների մեջ շաղախված, թափվել էին գետնին…
27 զոհ ու 40 վիրավոր… Երկրորդ ռումբը շպրտվել էր մեկհարկանի տնտեսական խանութի վրա: Արդյունքում՝ խանութի դիմաց և երկու կողմերում գտնվող հինգհարկանի երեք շենքերի բնակարաններ ներթափանցած ալիքն ու արկի բեկորները տների մեջ մեծ ավերածություններ առաջացրին և մարդկային կյանքեր խլեցին: Կային նաև վիրավոր, հաշմանդամ, աչքի լույսը կամ աչքն ամբողջովին կորցրած մարդիկ: Դեպքերն այնքան շատ են, տեր Աստված…:
Ինչպես էին թաղում զոհվածներին՝ վախվորած, 3-4 հոգով, քանի որ մեր երկու մեծ գերեզմանոցները գտնվում էին թշնամու թիրախի տակ, արագ տանում-հուղարկավորում, հետ էին գալիս:
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մենք բանակ չունեինք, քաղաքի ներսն ու դուրսը հսկում էին միլիցիայի տղաները: Միլպետը քաղաքի պարետն էր:

ԷԴԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 1947-ին Կապանի Աղվանի գյուղում: Գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելով, սովորել և 1967-ին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը և մեկնել խորհրդային բանակ, ծառայելով Բրեստում և Չեխոսլովակիայում: 1970-ին աշխատանքի է անցել ՆԳ Կապանի բաժնում, որպես ճանապարհային հսկողության տեսուչ, 1972-1977թթ՝ ավագ տեսուչ: Աշխատանքին զուգահեռ 1974-1979թթ սովորել և ավարտել է ՀՍՍՀ ՆԳՆ Ակադեմիան, ստանալով իրավաբանի մասնագիտություն: 1977-1982թթ. Նշանակվել է ՆԳ նախարարության ճանապարհապարեկային ծառայության բաժնի հատուկ դասակի հրամանատար:
1982-1990թթ Կապանի նգ բաժնի պետավտոտեսչության բաժանունքի պետն էր, իսկ 1990-1995թթ Կապանի նգ բաժնի պետը, միաժամանակ արտակարգ դրության Կապանի շրջանի պարետ:
1995-1996թթ աշխատել է Արմավիրի ՆԳ բաժնի պետ:
1996թ.նշանակվել է Սյունիքի մարզային նգ վարչության պետ:
1997-2000թթ ղեկավարել է ՀՀ ՆԳՆ Պետավտոտեսչության վարչությունը, իսկ 2000-ին նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, որտեղից էլ գեներալ-մայորի կոչումով անցել է պահեստազոր:
2000-2004թթ նա Սյունիքի մարզպետն էր:
2004-2006 նշանակվել է ՀՀ Կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ, իսկ 2006-2008թթ՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, ստանալով գեներալ-լեյտենանտի կոչում: 2008թ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետ, 2009-2010թթ՝ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2010-2013թթ. Արարատի մարզպետն էր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ և վեց թոռ:

1975-1994թթ որպես քարտուղար մեքենագրուհի աշխատելով ներքին գործերի Կապանի բաժնում, մոտիկից առնչվել եմ Էդիկ Սամսոնիչի հետ: Հատկապես արցախյան պատերազմի տարիներին բազմիցս զարմացել եմ նրա ինքնավստահության, անկոտրում կամքի, զսպվածության դրսևորումներով: Պահեր են եղել, որ ես հազիվ էի կարողանում զսպել էմոցիաներս, հաճախ էի հուզվում զոհերի և վիրավորների մասին լսելով՝ պատերազմ էր, իսկ նա իր խորհուրդներով կարողանում էր զսպաշապիկ հագցնել կանացի զգացմունքներիս.
- Հավաքիր քեզ, դու օրգանի աշխատող ես, այստեղ մանկապարտեզ չի, որ ազատություն տաս արցունքներիդ, դու պիտի կարողանաս քաղաքացուն նեղ պահերին սատար լինել, հուսադրել, ոչ թե նրա հետ լաց լինել:
Նրա աշխատասենյակում էի, երբ ռադիոհեռախոսով հայտնեցին մեր երկու ազատամարտիկներին՝ Արմեն Վարդանյանին ու նրա երևանցի ընկեր Աշոտին գերեվարելու և սպանելու մասին: Արմեն Վարդանյանը առաջին դասարանից մինչ այսօր մտերիմ ընկերուհուս՝ Մարիետայի ամուսինն էր, մի արտակարգ անձնավորություն: Հաճախ էին ամուսիններով երեխաների հետ ինձ հյուր գալիս: Ես միանգամից ՙՙմեխվեցի՚՚ տեղումս, հետո արագ դուրս եկա, որպեսզի մտնեմ արխիվային սենյակ ու ազատություն տամ արցունքներիս: Պետի ընդունարանում ինձ սպասում էր ընկերուհիս: Ես միանգամից կորցրեցի ինձ և արագ ետ դարձա պետիս մոտ ու, խուլ ու համրի նման, սկսեցի կմկմալով բառեր արտասանել: Էդիկ Սամսոնիչը գիտեր, որ Արմենը ընկերուհուս ամուսինն էր, ձեռքը դրեց ուսիս և ուղիղ նայեց աչքերիս մեջ.
- Գնա տուն մի քիչ հանգստացիր,-ասաց պետս:
- Ընդունարանում Արմենի կինն է՝ Մարիետան…
- Լսիր, հանկարծ զգացմունքներիդ ազատություն չտաս, կասես ոչինչ չգիտենք ու, իբր մի լուր իմանալու համար, կտանես քաղգծով տեղակալ Խաչատրյանի մոտ, ես հիմա նրան կզանգեմ մինչև ձեր գնալը: Ուղղակի խնդրում եմ, տղամարդու պես քեզ պահիր, ես մինչև որ դիակները չկարողանամ բերել, պետք չի ոչ-ոք իմանա, համ էլ կինն էլ է մեղք, միանգամից պետք չի ասել, մի քանի օր կսպասի, կկասկածի, նոր կասենք: Նորից եմ խնդրում…,-Էդիկ Սամսոնիչի բառերը միանգամից ազդեցին ինձ վրա, սովորական զգացմունքային մայր կնոջից վերափոխվեցի ներքին գործերի աշխատակցի և ՙՙինձ հավաքած՚՚ դուրս եկա պետիս աշխատասենյակից:
- Ներիր, Մարիետա ջան, պետի մոտ բան էի մոռացել: Ինչու՞ ես եկել, ինչ է պատահել:
- Արմենից երկու օր է լուր չունենք, սիրտս վատ բան է գուշակում,-Մարիետան թաշկինակը տարավ դեպի աչքերը,-երեկ Գոհարիկիս ծնունդն էր, չի զանգել, թեկուզ ասել էր, որ անպայման գալու է ծննդյան օրը:
- Ընկերուհիս, հետախույզ տղա է Արմենը, տեսնես որ ծառի կամ քարի տակ են թաքնվել, մի անհանգստանա: Պետս զբաղված է, արի գնանք տեղակալի մոտ, նա մի բան կիմանա…
- Վեց օր շարունակ աշխատանքից դուրս էի գալիս ու գնում Մարիետայի մոտ, նրան սիրտ տալիս, հետո վերադառնում էի տուն ու մի կուշտ լաց լինում Արմենի համար: Էդիկ Սամսոնիչը կարողացավ դիակները բերել վեց օր հետո՝ այլանդակված, տանջամահ արված՝ աչքերն էին հանել, ականջները կտրել, ոտքերի տակերը դաղել …
Մենք մի քաջ ազատամարտիկ ունեինք՝ Արմեն Հայրապետյանը: ճարպկության համար <<Միկրոբ>> էին ասում: Լուր ստացվեց Միկրոբի մահվան մասին:
Խորհրդային Միության ժամանակ ամեն ինչ կենտրոնացված և ղեկավարվում էր Մոսկվայի կողմից: Դրանց թվում էր նաև ներքին գործերի նախարարությունը, որի մեջ մտնում էին բոլոր հանրապետությունների ներքին գործերի կառույցները: Բազմիցս Կապանի և հարևան Զանգելանի շրջանների միլբաժինները համատեղ հետախուզական օպերացիաներ են կատարել և հայտնաբերել հանցագործ տարրերին: Այդ համագործակցությունը մտերմացրել էր երկու բաժինների անձնակազմի անդամներին: Պատերազմի ժամանակ, երբ գերիների փոխանակում էին անում, սահմանի երկու կողմերում թշնամի դարձած երկու հանրապետությունների միլ.աշխատակիցներն էին կանգնած, ու հենց այն լավ օրերի ընկերության շնորհիվ է, որ, ինչ-որ տեղ <<ուսադիրները վտանգելով>>, նրանք օգնել են մերոնց: Ահա այդպիսի մի փոխանակման ժամանակ Կապանի միլբաժնի պետ Էդիկ Բարսեղյանը խնդրեց երբեմնի իր ընկերոջից Միկրոբի դիակը:
- Ի՞նչ ես ասում, Էդի՛կ, մերոնք գլուխս կկտրեն: Քո Միկրոբի դիակի համար մեծ գումարներ են խոստացել: Ինձ ո՞վ թույլ կտա նրան ձեզ հանձնել: Բայց այստեղ մի տղայի դիակ կա, ոչ պակաս քաջ քո Միկրոբից՝ մինչև վերջին փամփուշտը կռվեց, հետո աչքներիս առաջ քաշեց նռնակի ձգանն ու ինքնասպան եղավ,- ասաց ու քաշեց դիակի երեսի ծածկոցը: Էդիկ Սամսոնիչը այդ ինչպիսի մեծ կամք դրսևորեց, որ, տեսնելով իր սիրելի Միկրոբի դիակը, չգոռաց, չբարձրաձայնեց, չմատնեց նրա ով լինելը, միայն սառը հայացքով գլխով հավանություն տվեց՝ մեր մարտիկին գովելու համար: Միկրոբին հեշտությամբ հանձնեցին:
- Էդի՛կ,-ռադիոհեռախոսով ազերի միլպետն էր խոսում,-ո՞նց քթիս տակից տարար քո Միկրոբին: Ես ո՞նց գլխի չընկա, որ հենց այդ քաջ տղան ինքը Միկրոբն էր, ոնց խաբեցիր, աչքդ էլ չթարթեցիր, որ ես կասկածեմ:
Թեկուզ նահատակված, բայց մերոնք <<ուրախ էին>>, որ հետ են ստանում հերոսների մարմիններն ու ամփոփում մայր հողում:
Ամբողջ բաժնի անձնակազմը՝ պետի գլխավորությամբ, տնից, տեղից կտրված, սահմանում էին կանգնում, նրանցից և ոչ-ոք ընտանիքը չհանեց քաղաքից, թեպետ ուշ-ուշ էին տուն գնում:
Էդիկ Սամսոնիչը քաղաքի պարետն էր նաև՝ մշտազբաղ, ժամանակ չուներ տեխնիկական գործերով զբաղվելու, բաժնի անկյունային շտամպն ու գերբով կնիքը իմ ձեռքին էին: Անցագրի ձև էի տպագրել գրամեքենայով, անցաթուղթ էի տալիս քաղաքը լքողներին:
- Ոչ մեկին չնեղացնես, ովքեր վախենում են տո՛ւր անցաթուղթը, թող գնան,- ասաց Էդիկ Սամսոնիչը:
Որպես պարետ, նրա մոտ հաճախ էին հավաքվում ոչ միայն մեր քաղաքի, այլև դրսից եկած, արցախյան պատերազմի ժամանակ տարբեր ոլորտներում ընդգրկված մարդիկ: Էդիկ Սամսոնիչը բոլորին հյուրասիրում էր, կերակրում: Մի անգամ նրա մոտ Վազգեն Սարգսյանն էր եկել ֆիդայինների հետ: Սեղան բացեցի: Լույս չկար սուրճ եփելու համար: Պետի հանգստյան սենյակում բարակ թիթեղից պատրաստված վառարան կար: Քսանի չափ բաժակ դրեցի վրան: Տղաները շտապում էին, որպեսզի սուրճն արագ եփվի, Էդիկ Սամսոնիչը լավ թեժացրեց վառարանը, այնպես թեժացրեց, որ մեկ մետրից մոտենալ հնարավոր չէր, ամբողջ սուրճը թափվեց: Բոլորը խնդում էին:
- Ռումբ ու ականին սովոր մարդիկ ենք, բայց վառարանը մեր հախից եկավ,-ասաց Վազգեն Սարգսյանն ու, առանց սուրճ խմելու, ծիծաղելով գնաց:

- Էդիկ Սամսոնիչ,-խնդրեցի պետիս,-մեր հանքաշխարհի մասին գիրք եմ գրում, խնդրում եմ մի քիչ պատմեք արցախյան պատերազմի ժամանակ Ձեր և բաժնի տղաների կատարած սխրանքների մասին:
- Ի՞նչ ես ասում,-բարկացավ պետս,-ինչ սխրանք՝ մենք մեր պարտքն ենք կատարել միայն: Ճիշտ է, ժամանակի թելադրանքով կատարել ենք անհնարինը՝ չխնայելով ոչ մեր, ոչ էլ մեր ընտանիքի անդամների կյանքը, թողնելով նրանց ռումբ ու ականի թիրախ դարձած հարազատ քաղաքում, բայց այն ժամանակ բոլոր հայերս մի ընդհանուր թշնամի ունեինք և մի նպատակ՝ ամեն գնով կանխել թշնամու առաջխաղացումը, պաշտպանել հայկական հողերն ու հայ մարդուն: Քանիցս թշնամու երախից ազատել ենք մեր առևանգված քաղաքացիներին, բայց ամեն մի զոհից հետո էլ վատ էինք զգում, որ չկարողացանք փրկել դեռևս կենդանի մարդուն: Ես մենակ չէի կարող պայքարել նախօրոք պատրաստված և մինչև ատամները զինված թշնամու դեմ, ինձ հետ էին ոչ միայն Կապանի, այլև ամբողջ Հայաստանի ՆԳ բաժինների տղաները: Հայկական բանակ դեռ չունեինք, բայց մեր և Հայաստանի բոլոր շրջաններում ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց կազմում մեր քաջարի հայորդիներն էին ընդգրկված: Բոլորն էլ անփորձ էին, իսկական կռիվ չտեսած, բայց արցախյան պատերազմում կոփվեցին, զորացան: Մենք անգամ անհրաժեշտ զենք ու զինամթերք չունեինք քաղաքը պաշտպանելու համար: Ինքդ ես հիշում, թե ինչպես Հայաստանի տարբեր տարածաշրջաններից տարբեր տեսակի զենք ու զինամթերք բերեցինք ու պահեստավորեցինք մեր բաժնում:
- Իհարկե հիշում եմ, Էդիկ Սամսոնիչ,-պետիս ընդհատեցի ես,-այսօրվա պես եմ հիշում նաև մեր բաժնի տուգանային հրապարակում կայանած ռուսական տանկերը, նրանց շեղաչք զինվորների համար ժամանակավորապես կազարմա՝ զորանոց դարձրած միլիցիայի շենքի առաջին հարկի աշխատասենյակները: Բա ինչպես էիք գնացել թուրքերի մոտ և ետ բերել մեր տարածքից գողացված կովերը:
- Լավ էլ հիշում ես: Դա 1990-ի նոյեմբերին էր. մեր Եղվարդ գյուղի կոլտնտեսությունից թուրքերը գողացել էին 128 գլուխ կթու կովեր: Ռուսական բանակի պարետի հետ գնացինք Կուբաթլուի տարածք, բանակցություններ վարելու, որտեղ՝ գետափին, լուրջ միջադեպեր տեղի ունեցան՝ ազերի ՙՙԳորշ գայլեր՚՚ խմբավորման զինված ավազակները հարձակվեցին մեզ վրա՝ նրանց թիրախում հիմնականում ես էի: Զանգելանի ՆԳ բաժնի պետի և դատախազի միջամտությամբ միայն փրկվեցինք և կարողացանք ետ բերել 120 գլուխ կովերը: Ութ հատը չգտանք:
- Էդիկ Սամսոնիչ, մեր տղաները պատմում էին, թե ինչպես էիք միայնակ հայտնվել թուրքերի ավտոմատավորների մեջ, մի քիչ պատմեք այդ մասին:
- Բա տղաներից էլ հարցնեիր, այ Նինա ջան,-ժպտաց Էդիկ Սամսոնիչը:
- Չէ, ուզում եմ, որ հատկապես Դուք պատմեք այդ մասին:
- 1992-ի ամռանը ահազանգ ստացանք, որ մեր Քաղառի պահեստների մոտ գտնվող իր այգուց կապանցի մի մարդու են առևանգել: Զանգեցի Զանգելանի միլպետ Ջափարովին և խնդրեցի օգնել գտնելու մեր գերեվարված քաղաքացուն: Ջափարովը խնդրեց միայնակ գնալ հանդիպման: Մենակ իջա քաղառի պահեստի և ազերի Աղքենդ գյուղի սահմանագիծ, բայց հայտնվեցի զինված ավազակների շրջապատում՝ Ջափարովը չկար: Նրանք զենքերը պահեցին ինձ վրա, ասացի իջեցրեք զենքերը, ես հիմա մերոնց էլ նշան կտամ, որ չկրակեն՝ դուք բոլորդ մերոնց թիրախի տակ եք: Ասացի ու ետ շրջվելով դեպի մեր տարածք, ձեռքս մի քանի անգամ ներքև սահեցնելով, իբր նշան արեցի, որ չկրակեն, այն դեպքում, երբ թիկունքիս ոչ-ոք չկար: Ավազակները հավատացին, որ մենակ չեմ ու հեռացան: Հաջորդ օրը Ջափարովը ինձ հանձնեց մեր քաղաքացուն, ով հիմա էլ դեռ կա՝ 90-ամյա Կալինին:
- Էդիկ Սամսոնիչ, թեպետ հոգնեցրի Ձեզ, բայց խնդրում եմ մի քիչ էլ պատմեք Ծավ-Շիկահող ենթաշրջանի գյուղեր տանող ճանապարհի սկզբնամասում թուրքերի հետ տեղի ունեցած բախումների մասին:
- 1992-ի ապրիլի 24-ին ահազանգ ստացանք, որ մեր Գեղանուշ գյուղի դեմ դիմաց ՙՙօռած քարի՚՚ տարածքում թուրքերը կրակել են մեր գյուղեր գնացող կարմիր գույնի ՙՙԺիգուլի՚՚ ավտոմոքենայի վրա, հավանաբար զոհեր ու վիրավորներ կան: Խաղաղ բնակիչներին օգնելու համար ժամը 13-ի սահմաններում մի քանի մեքենաներով արագ հասանք այնտեղ՝ Ղազանչի գյուղի հատվածում ազերիները մեր ճանապարհի երկու եզրից ուժեղ կրակահերթի տակ էին պահում մեր տարածքը: Գտանք մեքենան՝ բարեբախտաբար մարդիկ ողջ էին մնացել: Վտանգավոր էր մեքենայով վերադառնալ, կարող էինք ապահով ոտքով իջնել, բայց ես ինչպես կարող էի մեր մեքենաները թողնել թշնամուն. նստեցի մեքենայի ղեկին ու հենց կրակի տակով էլ քշեցի, տղաներն էլ հետևիցս: Ճիշտ է, մեր կյանքը վտանգեցինք, բայց եկանք տեղ հասանք: Այդ ընթացքում Շահումյան բանավանում տեղակայված մեր երկրապահ կամավորականների հենակետից հակակարկտային արկերով անընդհատ հարվածում էին Ղազանչի գյուղում թաքնված թուրքերի կրակակետերին:
- Էդիկ Սամսոնիչ, հաճախ էի բաժնի պատուհանից նայում, թե ինչպես էիք բաժնի տղաների հետ, զրահաբաճկոններ հագած, ավտոմատ զենքը ձեռքներիդ մեկնում մարտական դիրքեր և մտքումս խնդրում Աստծուն, որ ոչ մեկիդ բան չպատահի: Թեպետ պատահեց՝ զոհվեցին ավագ քննիչ Մարտուն Գրիգորյանն ու մեքենաների գրանցման և հաշվառման բաժանմունքի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
Շնորհակալ եմ շատ, որ համաձայնվեցիք թեկուզ շատ քիչ, չնչին տեղեկություններ տալ մեր բաժնի անձնակազմի հետ արցախյան պատերազմի ժամանակ կատարած հերոսություն ասեմ, թե սխրագործությունների մասին:
– Նինա ջան, այն ժամանակ մեր տեղը ով էլ լիներ, պիտի գնար առաջին գիծ, կանգներ արցախցիների կողքին, հետո գար տուն և կանգներ իր համաքաղաքացիների կողքին՝ արել եմ այն, ինչ որ պարտավոր էի անել…


Նինա Դանիելյան

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

23.04.2024 22:46

«Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում

23.04.2024 20:13

Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

23.04.2024 20:06

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

23.04.2024 17:12

Ադրբեջանում COP-29-ի անցկացումը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունք է․ Ալիև

23.04.2024 17:09

ՔԱՋԱՐԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՅՐ

23.04.2024 15:43

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ

23.04.2024 14:51

Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը․ Էրդողան

23.04.2024 14:49

Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ

23.04.2024 12:43

Տպագրվել է Արցախի Քաշաթաղի շրջանի հուշարձանների մասին պատմող գրքի անգլերեն տարբերակը

23.04.2024 12:27

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. Կառավարություն

23.04.2024 12:12

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

23.04.2024 11:12