Մելիքսեթ Պողոսյանը թողնում է Սյունիքի մարզպետի պաշտոնը...

03.03.2022 12:36
105846

Մարտի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը և բավարարվել է այսօր...

Չենք ուզում խորանալ հարցի մեջ՝ իր կամքով ու սեփական որոշումո՞վ է հրաժարական տվել, թե՞ կառավարության առաջարկությամբ. դա խոսակցության առանձին թեմա կարող է լինել:

Այսօր այլ հանգամանքների վրա ենք ուշադրություն հրավիրում:

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնեց 2020թ. դեկտեմբերի 9-ին:

Հիշենք այդ օրերին հանրապետությունում և հատկապես Սյունիքում ու մեր երկրամասի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը...

Խոստովանենք՝ շատ քչերը կարող էին համարձակվել և համաձայնվել տվյալ պահին ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը:

Մելիքսեթ Պողոսյանը համաձայնվեց...

Համաձայնվեց՝ կշեռքի նժարին դնելով իր փառահեղ կենսագրությունն ու բարոյական  անաղարտ նկարագիրը:

Համաձայնվեց՝ հստակ գիտակցելով, որ տարբեր կողմերից իր դեմ վարկաբեկիչ արշավներ են լինելու, հայհոյանքների և պիտակների տարափ:

Համաձայնվեց՝ քաջատեղյակ լինելով, որ համայնքային, նույնիսկ տարածքային իշխանությունների որոշ  պատասխանատուների (հայտնի տեղից) հանձնարարված է (ամեն գնով) բոյկոտել Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը...

Ստեղծված իրավիճակում նա խնդիր ուներ աստիճանաբար հաղթահարել այդ կացությունը, ինչի համար աշխատում էր գիշեր ու ցերեկ, աշխատում էր՝ ուշադրություն չդարձնելով մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոցի գրեթե ամենօրյա գրոհներին: Աշխատում էր՝ ունենալով նաև իր իսկ գլխավորած մարզպետարանի մի ստվար խմբավորման, իշխանության որոշ օղակների անթաքույց դիմադրությունը: Մի խոսքով՝ իրականության հետ առերեսվում էր մեն-մենակ...

Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների հերոս Մելիքսեթ Պողոսյանի պաշտոնավարման օրերում, ցավոք, մենք ունեցանք 2020 դեկտեմբերի 18, 2021թ. մայիսի 12 և նոյեմբերի 16, ունեցանք Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն մայրուղիների հայտնի  հանգույցների անեքսիա...

Չենք թաքցնում՝ այդ իրավիճակներում շատերը կոնկրետ քայլեր էին ակնկալում Մելիքսեթ Պողոսյանից, բայց... Միամտություն կլիներ գործնական քայլեր սպասել Սյունիքի մարզպետից (անկախ  հանգամանքից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը) այն պարագայում, երբ նման հարցերը վճռվում էին և վճռվեցին երեք երկրի ղեկավարների փոխհամաձայնությամբ...

Արտաքուստ խաղաղ ու հավասարակշռված Մելիքսեթ Պողոսյանը, սակայն, այդ ամբողջ ընթացքում հոգեբանական, մարդկային ծանր ապրումներ էր ունենում՝ տեսնելով, որ իր գործառույթների շրջանակում չի կարողանում խոչընդոտել Սյունիքի  անդամահատմանը, որը եղել և մնում է մեր բաց վերքը...

Երևի արժե առաջին անգամ բարձրաձայնել, որ պաշտոնավարման ընթացքում (բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով)  առնվազն երկու անգամ  նա հրաժարականի դիմում է գրել, բայց խորհուրդ են տվել՝ առայժմ չներկայացնել...

Մինչև վերջ նրա ընդդիմախոսները մեղադրում էին՝ ինչու՞ համաձայնվեց գործող  իշխանության հետ համագործակցել:

Այդ հարցին ինքն ի սկզբանե հստակ պատասխան ուներ, ինչը քանիցս արտահայտեց՝ «Ես հայրենիքի զինվոր եմ ու չէի կարող 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ձեռքերս ծալած նստել կամ ստանձնել կողքից հայեցողի դեր: Ես պիտի լինեի այնտեղ, որտեղ իմ կարիքը զգացվում էր, որտեղ կարող էի փոքր-ինչ նպաստ բերել Սյունիքին»:

Ի դեպ, Մելիքսեթ Պողոսյանի դեմ գրոհներն այնքան հետևողական էին  ու նենգ, որ դրանց հեղինակները  չէին ուզում տեսնել այն գործերը (շատ թե քիչ), որ նրա նախաձեռնությամբ իրականացվում էին մարզում՝ սահմանների պաշտպանության ամրապնդումից մինչև հանրային համերաշխության ճաք տված պատի հնարավոր վերականգնում:

Այսպիսով՝ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի պատմության ամենավճռորոշ փուլում գլխավորեց մեր երկրամասի տարածքային իշխանությունը:

Հիմա, խոստովանենք, մարզում  համեմատաբար ներքին խաղաղ իրավիճակ է, թեև հայտնի հիմնախնդիրները շարունակում են մնալ հայոց ազգային օրակարգում: Եվ ուրեմն, ինչպես տեսնում ենք, նրա ծառայությունից կարելի է հրաժարվել...

Բայց, բոլոր հակասություններով և իրարամերժ կարծիքներով հանդերձ, ուզում ենք շնորհակալություն հայտնել Մելիքսեթ Պողոսյանին՝ մեր երկրամասի պատմության դժվարագույն օրերին Սյունիքի տարածքային իշխանությունը գլխավորելու համար:

Ուզում ենք փաստել նաև՝ Մելիքսեթ Պողոսյանը Սյունյաց աշխարհի արժանավոր զավակներից է և շարունակում է մնալ Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների հերոսը: Նա, Սյունիքի փոխմարզպետի կարգավիճակով, առաջնորդը եղավ մեր մարզի աշխարհազորի, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմ սանձազերծեց Հայոց Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ:

Եվ ուրեմն՝ հաջողություն մաղթենք Մելիքսեթ Պողոսյանին՝ վստահ լինելով՝ անհրաժեշտության դեպքում  նա՝ իր հերոսական ջոկատով, երիցս կհայտնվի մեր սրբազան հայրենիքի պաշտպանության առաջնագծում:

 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50