Իրանցի փորձագետ. «Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանն անտարբեր չի մնա»

24.07.2026 12:52
489

Հուլիսի 22-23-ին Կապանում տեղի ունեցած Հայաստան–Իրան համաժողովին մասնակցած՝ Իրանի պատվիրակները, համաժողովի աշխատանքների ավարտից հետո, հանդիպում են ունեցել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում էին ճանաչված վերլուծաբաններ ու փորձագետներ Ալի Ռեզա Նազիֆը, Էհսան Մովահեդիանը, Մեհտի Սայեֆ Թաբրիզին, Շաիբ Բահմանը, Սեիդ Մեհտի Հյուսեինը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով ողջունեց հանդիպման մասնակիցներին, ինչպես և համառոտ տեղեկություններ փոխանցեց Հայաստան—Իրան՝ ավարտված համաժողովի արդյունքների մասին։

Այնուհետև կողմերը զրուցեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Սամվել Ալեքսանյանը՝ խմբագրակազմի և պարբերականի հետևորդների անունից, վերստին դատապարտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սանձազերծած ագրեսիան, որը, փաստորեն, նոր փուլ է թևակոխել վերջին օրերին։

Հանդիպման ընթացքում խոսակցություն ծավալվեց հատկապես TRIPP նախագծի շուրջ։

ԻԻՀ ներկայացուցիչները վերահաստատեցին այդ նախագծի հանդեպ իրենց երկրի վերաբերմունքի անփոփոխությունը, որն արտահայտվել էր դեռևս 2025 թ․ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի փաստաթղթերը։ Ասել է թե՝ TRIPP–ը շարունակում է մնալ կարմիր գիծ Իրանի Իսլամական Հանրապետության համար, եթե այն պետք է խոչընդոտի Հայաստան–Իրան բազմադարյա հաղորդակցության ուղիներին ու շփումներին, եթե այն սպառնալիք կստեղծի Իրանի անվտանգության համար։

Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց փաստեր՝ վերջին 100 և ավելի տարիներին՝ Մեղրու տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև անխոչընդոտ ճանապարհ բացելու ուղղությամբ վերոնշյալ երկու պետության  գործադրած ջանքերի վերաբերյալ, որոնք միշտ էլ մերժվել են հայկական իշխանությունների կողմից։

Ուստի և տեղի ունեցողը, ինչպիսի անվամբ ու փաթեթավորմամբ էլ ներկայացվի, ադրբեջանաթուրքական դարավոր երազանքի իրագործում է նշանակում, ինչպես և ընկալվում է Սյունիքում։

TRIPP նախագծի իրականացմամբ, դատելով հրապարակված փաստաթղթերից, Սյունիքը փաստորեն կվերածվի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման ասպարեզի՝ դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքներով։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական մյուս փոփոխություններին և արտահայտեցին գրեթե միասնական տեսակետ՝ առանց Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հնարավոր չի լինի տարածաշրջանում հասնել կայուն և երկարաժամկետ խաղաղության։

Անդրադառնալով տարածաշրջանում եվրոպական կառույցների դերակատարությանը, պարբերականի խմբագիրը մասնավորապես նշեց՝ «Եվրոպայի վերաբերյալ մեր ավանդական դրական ընկալումները վերջին տարիներին, կարելի է ասել, էական տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն անտարբեր պահվածքը, որ որդեգրել են եվրոպական կառույցները՝ Արցախում քրիստոնեական սրբավայրերի դեմ պետական մակարդակով իրականացվող վանդալիզմի կամ մշակութային ցեղասպանության հանդեպ։ Ակնհայտ է նաև Եվրոպայի երկերեսանիությունը Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում՝ առավելություն տալով Ադրբեջանի շահերին»։

Տարածաշրջանում հաստատվող խաղաղության վերաբերյալ նույնպես Սյունիքում այլ պատկերացում կա։ Քանի դեռ Սյունիքի հազարավոր հեկտար հողատարածքներ օկուպացված են, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է տարբեր պահանջներ ներկայացնել ՀՀ–ին, քանի դեռ շինծու մեղադրանքներով հայ գերիները տառապում են Ադրբեջանի զնդաններում, քանի դեռ պղծվում են Արցախի քրիստոնեական սրբավայրերը, քանի դեռ Հայաստանն ադրբեջանցիների պատկերացմամբ Արևմտյան Ադրբեջան է՝ խաղաղություն ասվածն ավելի շատ շարունակական զիջումների կամ շարունակական կապիտուլյացիայի տպավորություն է թողնում։

Մինչդեռ՝ սյունեցիների համար ավելի բաղձալի արժեք, քան իրական խաղաղությունն է՝ չկա ու չի կարող լինել, որը պայմանավորված է և՛ երկրամասի աշխարհագրական դիրքով, և՛ հազարամյակների պատմությամբ։

Նշվեց նաև՝ անհնար է չնկատել տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումն Արցախյան 3-րդ պատերազմից հետո, իսկ առաջացող վակուումը, ըստ էության, լրացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Այդ հանգամանքը, ինչպես և ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ հնարավոր ցամաքային ագրեսիան կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր սպառնալիքների դեմ–հանդիման։

Փորձագետներն այդ առումով ուշագրավ  տեսակետ հայտնեցին՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անտարբեր չի մնա։

Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի անդրադարձ են ունենում նաև երկրամասի ժողովրդագրական վիճակի վրա, որը ներկայումս երկրամասին սպառնացող ամենամեծ վտանգն է: Ուստի և շատ կարևոր է մարզի տնտեսության զարգացումը, այդ թվում՝ հայ–իրանական բարեկամության ու համագործակցության շնորհիվ։

Սյունիքում ողջունում են ցանկացած ներդրումային ծրագրի իրականացում, եթե դրանք չեն վնասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում քանիցս անդրադարձ կատարվեց հայ–իրանական բարեկամությանը, որը դիմացել է դարերի փորձություններին, որին խոչընդոտող որևէ նախագիծ չպետք է տեղ գտնի երկու երկրների հարաբերություններում։

 

 

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46