Իրանը զգուշացնում է Թուրքիային եւ Ադրբեջանին

25.10.2022 12:29
689

Կապանում հոկտեմբերի 21-ին բացված Իրանի հյուպատոսությունը բացահայտ զգուշացում է Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք չեն թաքցնում իրենց երազանքը՝ ձեւավորելու «Զանգեզուրի միջանցք», որը ցամաքային ուղիղ կապ կստեղծի Նախիջեւանի հետ: Դրա համար նրանց անհրաժեշտ է ոչ թե սոսկ Մեղրիի որոշակի հատվածը, այլեւ ողջ Սյունիքի մարզը: Թուրքական ուժերը ոչ միայն երազում են, այլեւ մեթոդաբար պատառներ են պոկում՝ նպատակ ունենալով վերացնել սահմանն Իրանի ու Հայաստանի միջեւ: Արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր սահման կունենան: Թեհրանը ոչ մի կերպ իրադարձությունների նման զարգացում չի կարող թույլատրել, քանի որ միացյալ թուրքական պետությունը սպառնալիք է Իրանի համար. ինչպես Ադրբեջանը, որը, երբեք չենք հոգնի կրկնել, ստեղծվել է լոկ Իրանի Իսլամական Հանրապետությանը թյուրքական պահանջներ ներկայացնելու համար, այնպես էլ Թուրքիան միայն կարող են անկարգություններ հրահրել Ատրպատականում՝ հեռանկարում այն Իրանից պոկելու եւ իրենց վերահսկողության տակ վերցնելու համար՝ կիրառելով իրենց իսկ հնարած տեսությունը, որ այնտեղ «եղբայր ադրբեջանցիներ» են ապրում: Հենց այդ պատճառով Թեհրանը հյուպատոսություն է բացում հենց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում»՝ այդ կերպ հայտարարելով, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան շարունակեն դրսեւորել այդ տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները, ամեն բան կարող է շատ վատ վերջանալ: Իսկ այդ ուղերձը հաստատելու համար Իրանը Սյունիքից ոչ շատ հեռու անցկացնում է «Հզոր Իրան» զորավարժությունները: Ավելին՝ հյուպատոսարանի հիմնադրման առիթով Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Կարելի է ենթադրել, որ Իրանի այդ քայլերը հավաստի տեղեկատվության արդյունք են, որ Թուրքիան Ադրբեջանին կրկին սադրում է հարձակվել Հայաստանի վրա: Հնարավոր նոր պատերազմը կանխելու համար են իրանցիները միջոցառումների այսպիսի տպավորիչ ու առարկություններ չհանդուրժող շարք նախաձեռնել: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին ու Թուրքիային պետք է հնարավորություն տար մի քանի անգամ ավելացնել տնտեսական համագործակցությունը, հեշտացներ զորքերի տեղաշարժը եւ քաղաքական հսկայական դիվիդենտներ ապահովեր Ալիեւի կլանի համար: Թուրքիային թվում էր, թե Իրանն այժմ զբաղված է անկարգություններով, որոնք նրան, անկախ հյուպատոսարանի բացումից եւ զորավարժություններից, կզրկեն սյունիքյան իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից, եւ Թուրքիան ռազմական գործողությունների մեկնարկի որոշում կկայացնի: Ըստ արտասահմանյան փորձագետների՝ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որոշումը պետք է արագ կայացնի, մինչդեռ ուշացման արդյունքում Իրանը «ավելի ու ավելի մեծ ռազմական ուժեր կտեղափոխի Հայաստան, եւ շուտով Կապանում ոչ թե սոսկ խաղաղ հյուպատոսություն կլինի, այլ կհայտնվեն դրոններ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայության փորձ ունեցող մարդիկ՝ քաղաքացիական հագուստով»:

Աբդոլլահիանի՝ Երեւանում գտնվելու արդեն առաջին օրվա արդյունքներով, ինչպես գրում է news.ru-ն, կարելի է ենթադրել, որ Թեհրանը մտադիր է Երեւանի հետ երկկողմ համագործակցության նոր մեկնարկի սկիզբ դնել՝ հնարավորինս արագ բացելու «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքը: Այդ երթուղին Իրանը Եվրոպայի հետ կկապի Հայաստանի տարածքով: Ընդ որում՝ Երեւանի ու Նյու Դելիի միջեւ հարաբերությունների մերձեցման ֆոնին, ինչը նկատվում է վերջին ժամանակներս, կարելի է ասել, որ այդ նախագծին կարող է միանալ նաեւ Հնդկաստանը: Իսկ ինչո՞ւ Իրանը որոշեց նոր ուղիներ կառուցել մեկուսացված Հայաստանով, որը ելք չունի դեպի ծով, եւ հնդկական իշխանություններն ինչպե՞ս են օգնելու նրան այդ գործում: «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման գաղափարն Իրանի իշխանությունները հնչեցրել են 2016 թ.: Սակայն դրան շուտով հաջորդեց կորոնավիրուսի համավարակը՝ սրբագրումներ մտցնելով հետագա քայլերի մեջ: Բայց հիմա, երբ համաշխարհային ճգնաժամ է տիրում, Թեհրանը որոշել է արագացնել նախագծի իրականացումը՝ սեփական նախագծերով տեղավորվելու տրանսպորտային նոր իրականության մեջ եւ նվազեցնելով կախվածությունը ԱՄՆ-ից, Իսրայելից, ինչպես նաեւ Թուրքիայից, որն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ակտիվացել է Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները միայն ամրացնում են նրա դիրքերը: Չնայած ոչ բարեկամական միջավայրին, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներին, Թեհրանը, միեւնույն է, շարունակում է նոր ուղիներ որոնել՝ իր ապրանքները ԵՄ առաքելու համար: Պատճառները միանգամայն հասկանալի են: «Պարսից ծոց-Սեւ ծով» տարանցիկ միջանցքը գրեթե երկու անգամ կարճ է, քան Սուեզի ջրանցքի ուղին, իսկ բեռների տեղափոխումն էլ ավելի էժան է: Նոր ճանապարհն սկիզբ է առնում Իրանի հարավային Բենդեր-Աբբաս նավահանգստից եւ, անցնելով Իրանի ողջ տարածքով, հասնում է Հարավային Կովկաս՝ վրացական սեւծովյան Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ: Այնուհետեւ բեռները նավերով կտեղափոխվեն բուլղարական Բուրգաս եւ Վառնա նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Հունաստան եւ Եվրոպայի այլ երկրներ: Այս տարբերակի դեպքում երթուղու առանցքային երկիրը դառնում է Հայաստանը, որն արդեն երկար տարիներ շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
«Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ մեր երկիրը կկառուցի իր ճանապարհները կոնտեյներային մեծ ծավալի բեռներ տեղափոխելու համար: Եվ չնայած դա երկար ժամանակ ու միջոցներ է պահանջում, իրանական իշխանությունները շարունակում են նախապատվությունը տալ Հայաստանի հետ համագործակցությանը՝ հայտարարելով, որ պատրաստակամ են օգնել ենթակառուցվածքների ստեղծման հարցում: «Հայաստանը պլանավորում է տարանցիկ նոր ճանապարհ ստեղծել Իրանից դեպի Վրաստան: Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- նշել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Հեյրուլլա Հադեմին: Այստեղ իսկապես հարց է առաջանում, թե ինչու է Թեհրանը հենվում «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի ստեղծման անհրաժեշտության վրա, եթե իր տարածքում գրեթե պատրաստ է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը Պարսից ծոցը կապում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի միջոցով: Այդ երթուղին գրեթե պատրաստ է, մնում է կառուցել Ռեշտ-Աստարա հատվածը Իրանի հյուսիսային մասում: Այդ նպատակով Ադրբեջանն Իրանին նույնիսկ 500 մլն դոլարի վարկ է տվել: Բաքուն հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից օգնել, միայն թե միջանցքը կառուցվի եւ հնարավորինս շուտ շահագործման հանձնվի: Թեհրանն առանձնապես չի ձգտում այդ համագործակցությանը, չնայած միշտ խոսում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարեւորության մասին: Ադրբեջանի միջով տարանցիկ ճանապարհը, ամենայն հավանականությամբ, Թեհրանին չի բավարարում այն պատճառով, որ Բաքուն սերտորեն համագործակցում է Իսրայելի եւ Թուրքիայի հետ: Իրանում վստահ են, որ, օրինակ, միջուկային գիտնական Ֆահրիզադեին սպանել են իսրայելական հատուկ ծառայությունները՝ ադրբեջանական Սիթալչայ բազայից, որը Բաքվից 70 կմ հեռավորության վրա է: Դեռ անցյալ տարի Բաքվի ու Թեհրանի միջեւ քաղաքական սկանդալ գրանցվեց. իրանական իշխանությունները Բաքվին կասկածեցին Իսրայելի հետ ռազմական սերտ համագործակցության մեջ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Պուրեսմաիլը հայտարարեց, որ «Ադրբեջանի ու Իսրայելի նման համագործակցությունը չի բխում Բաքվի շահերից եւ սպառնում է նրա գոյությանը»: Դրանից հետո Իրանի զինված ուժերը խոշոր զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի հետ սահմանի մոտ, ինչը սարսափ առաջացրեց Բաքվում: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Թեհրանը չեն պատրաստվում միայնակ իրականացնել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքը: «Այս հարցում կարեւոր է նաեւ Իրան-Հայաստան-Հնդկաստան եռակողմ պլատֆորմի ձեւավորումը»,- հոկտեմբերի 21-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Հաշվի առնելով Հնդկաստանի կարեւոր դերը՝ այդ հարցում մենք միասնական կարծիք ունենք, որ անհրաժեշտ է եռակողմ պլատֆորմ՝ այդ ճանապարհին մեր պլաններն իրագործելու համար: Որպեսզի առավել արդյունավետ աշխատենք այդ միջանցքի ստեղծման ուղղությամբ»,- ասել է Աբդոլլահիանը: Հայաստանի եւ Հնդկաստանի մերձեցումը միանգամայն նոր համագործակցության օղակ է: Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերադարձավ Նյու Դելիից, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ հնդկական զինատեսակների գնման նպատակով: Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների՝ կողմերը մի շարք պաշտպանական համաձայնագրեր են ստորագրել, որոնց համաձայն՝ Հայաստանը գնել է «Փինակա» հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռային «Կոնկուրս» համակարգեր, 80-մմ ականանետներ եւ այլ զինատեսակներ: Բացի այդ, Երեւանը դիտարկում է հնդկական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի եւ կամիկաձե-ԱԹՍ-ների ձեռքբերման հնարավորությունները: Նյու Դելին պատրաստվում է դառնալ Հայաստանի ռազմավարական կարեւոր գործընկերը «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարության հարցերում: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Հայաստանն ու Հնդկաստանը միավորվում են՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի բարեկամական հարաբերությունները հավասարակշռելու համար: Անցած ամիս «The Economic Times» հնդկական հանդեսի խմբագիր Պրանաբ Դհալ Սամանրան հրապարակել է հոդված՝ «Հնդկաստանը չի կարող անտեսել «երեք եղբայրների» վտանգավոր արկածները Հայաստանում եւ այլուր» վերնագրով: Վերլուծաբանը զգուշացրել է, որ եթե այդ երկրներն ամրապնդվեն Հարավային Կովկասում, ապա կկարողանան համագործակցել նաեւ այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Քաշմիրում, որը լարվածության օջախ է Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ: «Թուրքիան ու Ադրբեջանը միշտ աջակցել են Պակիստանի դիրքորոշմանը Քաշմիրի հարցում: Իր հերթին՝ Պակիստանը պաշտպանել է Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում: Հավանաբար, Հնդկաստանի շահերից է բխում, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունենա եւ չտրորվի, քանի դեռ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայով»,- շեշտել է Սամանրան: Հաստատելով ռազմական համագործակցություն՝ կողմերը մտադիր են ստեղծել անվտանգության ընդհանուր կենտրոն՝ հետախուզական տեղեկատվության փոխանակման եւ «ահաբեկչական վտանգի դեմ» պայքարի համար: Հնդկական իշխանությունները Երեւանին ռազմական օգնություն կցուցաբերեն, եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները:
https://hhpress.am/

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25