Իշխանությունները շատ վտանգավոր ճանապարհ են բռնել. փորձագետները` Փաշինյանի խոսքերի մասին

20.02.2024 14:34
334843

Մինչև վերջերս Երևանին հաջողվում էր չեզոքություն պահպանել ուկրաինական հակամարտության հարցում, բայց հիմա ՀՀ ղեկավարությունը որոշել է չափազանց վտանգավոր ճանապարհով գնալ։

Ուկրաինայի թեմայով Հայաստանի վարչապետի սկանդալային արտահայտությունները վկայում են Արևմուտքի կողմից որոշակի ճնշումների և երկրի ռազմավարական կուրսի փոփոխության մասին։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Երեկ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կարծիքով Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին 1991թ.-ի Ալմա Աթայի հռչակագիրը պետք է գործի նաև Ուկրաինայի իրավիճակում, և եթե այդ հռչակագիրը հիմք է հանդիսանում Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման համար, «նույնը պետք է կիրառելի լինի Ուկրաինայի նկատմամբ»:

Սուրենյանցի կարծիքով՝ նախկինում Հայաստանին միշտ հաջողվում էր չեզոքություն պահպանել երկու բարեկամ երկրների հակամարտության պարագայում։ Կարելի է հիշել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որտեղ մեծ հաշվով Երևանը կարողացավ լավ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թբիլիսիի հետ։ Մինչև վերջերս Հայաստանը ձեռնպահ էր մնում հրապարակային հայտարարություններից, որոնք կարող էին կա՛մ խնդիրներ ստեղծել Ուկրաինայի հետ, կա՛մ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց վերջին կես տարում այդ քաղաքականությունը վերանայվում է, իշխանությունները բավական վտանգավոր ճանապարհ են բռնել, և նրանց գործողությունները արկածախնդրության են նման։

«Սկզբում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն էր Ուկրաինա և, մասնավորապես, Բուչա, ապա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մի քանի անհաջող ձևակերպումներն Ուկրաինայի թեմայով։ Իսկ երեկ Մյունխենում Փաշինյանը հատեց ռացիոնալիզմի բոլոր սահմանները՝ ապացուցելով, որ իր խնդիրն իսկապես երկրի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունն է»,-նշեց Սուրենյանցը։

Փորձագետը վարչապետի հայտարարությունը համարում է անխոհեմ և չմտածված։ Նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի ձեռքն է անցել։ Հենց թեկուզ պրագմատիկ տեսանկյունից այս հայտարարությունը բավական վտանգավոր է։

Նույնիսկ արևմտյան պարբերականներն են գրում ուկրաինական ճակատի հնարավոր փլուզման մասին, և հասկանայի չէ, թե ինչի էր պետք նման իրավիճակում միանշանակ ուկրաինամետ դիրքորոշում որդեգրել։ Ռուսաստանն ինքն էլ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին երբեք չի ստիպել իր կողմից լինել ուկրաինական հակամարտության հարցում։ Մոսկվային միանգամայն ձեռնտու է նաև գործընկերների չեզոքությունը։ Բայց Փաշինյանն իր հայտարարությամբ խախտեց այդ չեզոքությունը։

«Վարչապետն իր տեսակետը բացատրեց նրանով, որ Ուկրաինայում մեծ պատմական համայնք կա, որի նկատմամբ վերաբերմունքը միշտ ջերմ է եղել։ Բայց նա մոռանում է, որ աշխարհի խոշորագույն հայկական համայնքն ապրում է Ռուսաստանում։ Եվ անհասկանալի է, թե ինչպես կարելի է արտահայտել դիրքորոշում, որն արմատապես հակասում է թեկուզ ձևական, բայց դաշնակցային մոտեցումներին, իսկ հետո ակնկալել, որ այդ դաշնակցի հետ հարաբերություններում ճգնաժամը չի խորանա։ Այս ամենը մեզ հուշում է, որ Փաշինյանը Արևմուտքի քաղաքական արբանյակ դառնալու ուղեգիծ է որդեգրել»,-ասաց փորձագետը։

Ալմա Աթայի հռչակագրին հղումները տարօրինակ են նաև այն պատճառով, որ այդ փաստաթուղթը Հայաստանի բուն խնդիրներն այդպես էլ չլուծեց, և Փաշինյանը հռչակագիրը նաև Ուկրաինայի և Ռուսաստանի «վզին փաթաթելու» ոչ մի պատճառ չուներ։

Սուրենյանցը Փաշինյանի խոսքերը գնահատում է որպես խոնարհում Արևմուտքին և նրա կողմից ճնշումների վկայություն, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համատեքստում։ Եվ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանի պահանջը նույն Արևմուտքն է լեգիտիմացրել։

Քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը կարծում է, որ Արևմուտքը Հայաստանը «պոկել է» Ռուսաստանից՝ փոխարենը Երևանին անվտանգության ապահովման առումով ոչ մի շոշափելի բան չտալով:

Նրա խոսքով` եվրոպացի գործընկերները չեն ուզում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Եթե նրանք ցանկանային ինչ-որ բան անել Հայաստանի համար, ինչպես անում են Իսրայելի կամ Ուկրաինայի համար, ապա առնվազն Ադրբեջանին պատժամիջոցներով կսպառնային, իսկ Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերեին։ Փոխարենը Եվրոպան Ադրբեջանին տարեկան 16 մլրդ դոլար է փոխանցում էներգակիրների դիմաց, այդ գումարները ծախսվում են նաև զենք գնելու համար, որով սպանում են հայ զինվորներին։

Խաչիկյանի խոսքով՝ նույն Գերմանիան, որը կազմակերպել էր երկու երկրների առաջնորդների հանդիպումը Մյունխենում, ժամանակին խոստացել էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ թույլ չտալ։ Բայց նույնիսկ մատը մատին չխփեց, որ կանխի դրանք, իսկ այսօր դատարկ, ոչինչ չնշանակող խոստումներ է տալիս։

«Գերմանիան և առհասարակ Եվրոպան իրենց խոստումներով «կտրեցին» Հայաստանը Ռուսաստանից, ինչպես և հարյուր տարի առաջ՝ Հայաստանին ստիպեցին սխալ ընտրություն կատարել, ինչը կորուստների հանգեցրեց։ Եվ փոխարենը ոչինչ չտվեցին, ոչ մի օգնություն։ Իսկ այսօր եվրոպացիները շնորհավորում են Ալիևին ընտրություններում հաղթանակի առթիվ, ասես ոչինչ չի եղել։ Հայերին հերթական անգամ «գցեցին»։ Ուկրաինային ասում են «կռվեք», Հայաստանին ասում են «հանձնվեք»։ Ուկրաինային կոչ են անում չմոռանալ «Գոլոդոմորը», իսկ մեզ կոչ են անում մոռանալ սեփական անցյալը։ Սա երկակի ստանդարտների քաղաքականություն է»,-ավելացրեց նա։

Խաչիկյանն անհնար է համարում Ադրբեջանի առջև «ծնկաչոք» խաղաղության հասնելը։ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս թույլի դիրքերից, դա արատավոր և հիմար պահվածք է։ Այն, ինչ անում են իշխանությունները, բնորոշ է կա՛մ հիմարներին, կա՛մ գործակալներին։ Այս համատեքստում նա հիշեցրեց Մյունխենում Փաշինյանի և բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպման մասին։

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56