Իսկապե՞ս մարզպետը տեղեկացվում է մարզի պաշտոնյաների եւ հանրային գործիչների հեռախոսազանգերի մասին, արդյո՞ք գաղտնալսումներ է կատարում հիմնարկներում կամ մարդկանց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքում

24.01.2018 15:52
1436

Հարցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին

Հարգելի պարոնայք

Ձեզ ենք դիմում Սյունիքի մարզի բնակչության մի ստվար հատվածին խիստ մտահոգող հարցի առիթով:

Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող Վահե Հակոբյանի մի շարք արտառոց եւ տարօրինակ հայտարարություններ ու գործողություններ (հատկապես մարզի պաշտոնյաների, մտավորականների, հանրային գործիչների, առանձին քաղաքացիների կողմից) ընկալվել եւ ընկալվում են իբրեւ մեսիջ ու նույնիսկ հրապարակային խոստովանություն առ այն, որ ինքը քաջատեղյակ է, թե մարզի որ պաշտոնյան, հանրային գործիչը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչն ում է հեռաձայնում, ով ում հետ ինչ խոսակցություններ է ունենում:

Վերջին անգամ նման բովանդակությամբ հայտարարություն արվել է 2017թ. դեկտեմբերի 27-ի մարզխորհրդի նիստում:

Քանիցս էլ բարձրաձայն հորդոր է հղել իր ենթականերին՝ հիշելու, թե ինքը ոչ վաղ անցյալում որտեղ է աշխատել՝ ակնարկելով, որ յուրաքանչյուրի մասին ամեն ինչ գիտի:

Մարզպետի նման տարօրինակությունների հետեւանքով Սյունիքում ամիսներ շարունակ թեւածում է խոսակցությունը, ավելի ճիշտ՝ իշխում է մտայնությունը կամ կասկածը, որ Վահե Հակոբյանը կարողանում է տեղյակ լինել շատերի հեռախոսազանգերին, կարողանում է ինչ-ինչ ճանապարհով մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ հավաքել՝ իր համար անցանկալիներին վարկաբեկելու, իր կերպարը մերժողներին շանտաժի ենթարկելու համար:

Շրջանառվում է նաեւ կարծիքը, որ կապի օպերատորների տեղական կառույցներից կարողանում է պարբերաբար վերցնել իրեն հետաքրքրող մարդկանց հեռախոսազանգերի տպագիր բացվածքը եւ իմանալ, թե ով ում հետ կապ ունի:

Կարծում ենք՝ դժվար չէ պատկերացնել, թե նման խոսակցությունները բացասական որպիսի անդրադարձ են ունենում հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա:

Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մարդ վախենում է հեռախոսով կապվել «Սյունյաց երկրի» խմբագրության հետ եւ հաղորդակցվում է միջնորդի օգնությամբ:

Օրինակներ ունենք, երբ պաշտոնյան հրավիրվել է մարզպետի մոտ եւ հարցաքննվել, թե այսինչ օրը եւ այսքան րոպե ի՞նչ հեռախոսային խոսակցություն է ունեցել թերթի խմբագրի հետ: 

Ստեղծված իրավիճակը չլսված-չտեսնված ոտնձգություն է մարդու իրավունքների եւ  ազատությունների դեմ:

Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրության եւ գործող օրենքների դեմ, որոնցով երաշխավորված է մարդու անձնական տեղեկությունների, մասնավոր կյանքի գաղտնիության ապահովումը:

Հարկ ենք համարում հիշեցնել ՀՀ սահմանադրության հոդված 33-ը՝ «1)Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք: 2)Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով… 3)Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաեւ Սահմանադրության հոդված 34-ը՝ «1)Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: 2)Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնությամբ՝ օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: 3)Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին եւ պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված կամ այլեւս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում»:

Ընդ որում՝ սահմանադրական այդ կետերի խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով, ինչպես եւ Սյունիքում իշխող սարսափի ու շանտաժի մթնոլորտը ցրելու նպատակով խնդրում ենք՝ նախ՝ ճշտել՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան ծառայությունները Վահե Հակոբյանի համար մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու լիազորություն եւ առաջադրանք ունեն, արդյո՞ք գործող օրենսդրությամբ մարզպետը մարդկանց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու լիազորություն ունի:

Խնդրում ենք նաեւ հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք մարզպետը կապի օպերատորների կառույցներից վերցնում է իրեն հետաքրքրող մարդկանց հեռախոսազանգերի տպագիր բացվածքները եւ դրանց օգնությամբ ճշտում, թե ով ում հետ է հեռախոսով կապվել: Եթե կապի օպերատորներն առնչություն չունեն այդ ամենի հետ, ապա հարկ է ճշտել՝ ի՞նչ ճանապարհով է մարզպետն իմանում, թե ով ում հետ է հեռախոսային խոսակցություն ունեցել:

Եթե դրանք դատարկ խոսակցություններ են, ապա ինչո՞ւ եւ ինչի՞ հիման վրա է մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտարարում իր՝ յուրաքանչյուր պաշտոնյայի խոսակցությունների վերաբերյալ մանրամասն իրազեկվածության մասին:

Արդյո՞ք դա սովորական շանտաժ է՝ մարզի բնակչությանը եւ հատկապես պաշտոնյաներին ու հանրային գործիչներին ահաբեկելու համար: 

Հարգելի պարոնայք

Նշված հարցերից յուրաքանչյուրը հանրային գերակա շահ համարվող խնդիր է: Եվ ամեն մի հարց ճշտելու խնդրի առջեւ ենք կանգնած: Առաջնահերթ հարցը, այդուհանդերձ, կապի օպերատորների վրա մարզպետի ունեցած հնարավոր ազդեցությունն է, ինչի համար էլ սույն դիմումն ուղղում ենք նաեւ կապի երկու օպերատոր կազմակերպության ղեկավարներին՝ ակնկալելով հրապարակային պատասխան եւ երաշխիք, որ մարզպետը չի կարող գաղտնալսել մարդկանց հեռախոսային խոսակցությունները եւ չի կարող իմանալ, թե ով ում է զանգահարում:

Հարգանքով

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

Առաջիկա շաբաթվանից կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար

24.03.2023 23:14

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

24.03.2023 21:48

Մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զենք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել. Սերժ Սարգսյան

24.03.2023 21:43

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

24.03.2023 21:37

Երասխում զոհված Արշակը կարատեի Հայաստանի չեմպիոն էր, աշխարհի գավաթակիր

24.03.2023 21:25

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

24.03.2023 19:17

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ

24.03.2023 17:00

Սիսիանում նախընտրական կրքերը բարձրակետին են հասել

24.03.2023 16:51

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահման

24.03.2023 15:01

ԿԳՄՍ նախարարի խոսքով Բարձրագույն կրթության ինտեգրման հարցը նոր չէ, որի շուրջ վերլուծական աշխատանքը իրականացվում է արդեն մի քանի տարի

24.03.2023 14:59

Իրանում 7 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

24.03.2023 11:20

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

24.03.2023 10:50