Ջոնաթան Գուդմանը մինչեւ ե՞րբ է հանդուրժելու Հրաչ Ջաբրայանի գոյությունը Կապանում

16.01.2015 17:30
3186

Ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում Կապանի լեռնահանքային կոմբինատում. ահա գլխավոր հարցերից մեկը, որ 2014-ի տարեվերջին շրջանառվում էր մարզկենտրոնում եւ շրջանառվում է հիմա` տարեսկզբին:

«Սյունյաց երկիրը» դեկտեմբերին փորձեց հարցազրույց ունենալ այդ ձեռնարկության վարիչ Հրաչ Ջաբրայանի հետ: Բայց նա, Կապանում ապրելով սովորական «գաստարբայտերի» հոգեբանությամբ, հակառակ Հայաստանում գործող օրենքների, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Լրատվամիջոցից նրա փախչելով, սակայն, ծագած հարցերը չէին կարող սպառվել կամ մարվել ինքնըստինքյան: Ընդհակառակը` հարցերը նոր սրություն ձեռք բերեցին վերջին շրջանում, երբ նա տեւական ժամանակով բացակայում էր Կապանից:

Եվ ստիպված մեր մտահոգություններին փորձում ենք հաղորդակից դարձնել ձեռնարկության սեփականատիրոջ` «Դանդի փրիշս մեթալս» ընկերության տնօրենների խորհրդի գլխավոր նախագահ Ջոնաթան Գուդմանին:

Հարգելի՛ պարոն Գուդման, Դուք շատ լավ տեղյակ եք, որ Կապանի լեռնահանքային կոմբինատը քաղաքաստեղծ ձեռնարկություն է: Իսկ դա նշանակում է, որ Կապանի լեռնահանքային ձեռնարկության վիճակը հետաքրքրում է մարզկենտրոնի ամեն մի բնակչի: Եվ ստեղծված իրավիճակի համապատկերի վրա անհրաժեշտություն է առաջացել քննարկել Հրաչ Ջաբրայանի վարքագիծը: Ո՞ւմ հետ կարող ենք քննարկել նրա վարքագիծը, ո՞ւմ հետ կարող ենք ճշտել արգահատելի բովանդակությամբ այն ասեկոսեների իսկությունը, որ պտտվում են նրա անվան շուրջ:

Արդեն ասացինք, որ Հրաչը Կապանում ապրում է սովորական «գաստարբայտերի» հոգեբանությամբ, այլապես ինքը հարգանքով կվերաբերվեր Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող մեր հարցումներին:

Մեկ օրինակ. 2014թ. ապրիլի 10-ին Հրաչը հայտարարեց, որ մոտ 200մլն դրամ է ներդնելու Կապանի նախադպրոցական հաստատությունների վերանորոգման գործում, ինչն ուրախությամբ ընդունեցինք: Պարոն Հրաչը, սակայն, հանրությունից թաքցրեց (անգամ մեր հրապարակային հարցումից հետո), թե ինչ սկզբունքով է ընտրել այդ աշխատանքները կատարող շինարարին, թաքցրեց շինկազմակերպության ու նրա պատասխանատուի անվանումները, թեեւ ՀՀ օրենքների համաձայն ի սկզբանե հրապարակված պիտի լինեին այդ անունները:

Տարին ավարտվել է, եւ գլուխը քարը` գաղտնի է պահում շինարարի անունը, թող գաղտնի պահի, բայց… Ուզում ենք պարզել, խոստացած 200մլն դրամի չափով ներդրումն իրագործվե՞ց, թե՞ ոչ, ո՞ր մանկապարտեզում ինչ աշխատանքներ կատարվեցին: Հարցը պատահական չէ, դեռեւս տարվա առաջին կեսին Կապանի մանկապարտեզներից մեզ հուշում էին ծպտված շինարարի թույլ տված թերությունների մասին: Հրաչն անուշադրության մատնեց մեր այդ հարցումը եւս («Սյունյաց երկիր», N316, 22 ապրիլի 2014թ.):

Իսկ ահա Կապանի կոմբինատի մի քանի աշխատողներ ուզում են ճշտել (եւ չգիտեն ում դիմել)` ա) ի՞նչ հանգամանքների պատճառով է Հրաչի եղբայրը հեռացել կոմբինատից, բ) ինչպե՞ս է ստացվել, որ կոմբինատում, Հրաչի եղբոր կողմից ընկերության անվտանգության համակարգը ղեկավարելու ընթացքում, գողությունները շատացել են, իսկ նա երբեք պատասխանողի դերում չի հայտնվել:

Նման դիպվածների թվարկումը կարող ենք շարունակել, բայց…

Հարգելի՛ պարոն Գուդման, մենք հիշում ենք 2011-ին Կապան կատարած Ձեր այցը: Հիշում ենք Ձեր ելույթը Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում: Տոնական այդ օրը ե՛ւ Դուք, ե՛ւ Ձեր օգնականն այնքա՜ն շատ օգտագործեցիք «հայրենիք», «հայրենասիրություն» արտահայտություններն ու «Վարդան Մամիկոնյան», «Գարեգին Նժդեհ» անվանումները: Իհարկե, մենք այն ժամանակ այդպես էլ չիմացանք, թե խոսքը որ հայրենիքի, ինչ հայրենասիրության, որ Վարդան Մամիկոնյանի ու որ Գարեգին Նժդեհի մասին է: Բայց եթե նկատի եք ունեցել մեր իմացած հայրենիքը, հայրենասիրության մեր պատկերացումը, մեր իմացած Վարդան Մամիկոնյանին ու Գարեգին Նժդեհին, ապա Դուք չպետք է խուսափեք Հրաչ Ջաբրայանի` շատ վաղուց օրակարգային դարձած հարցը քննարկելուց: Եթե դրա համար հանկարծ բավարար հիմքեր չգտնեք, ապա կարող եք մի թեթեւ հայացք ձգել կոմբինատի ֆինանսատնտեսական գործունեությանը:

Իհարկե, Հրաչի գնալով Կապանը շատ բան է կորցնելու. այլեւս մակարոնատեսք մի քանի աղջիկ որոշումներ չեն կայացնելու մարզկենտրոնին առնչվող հարցերի վերաբերյալ, այլեւս չենք ունենալու կիսագրագետ բանսարկուի պիղծ խոսքից կախ ընկած նախավերջին ականջը, այլեւս հայտնի մանկապարտեզի ողորմելի վարիչը ստիպված չի լինելու անմեղ երեխաների շուրթերով ձոներգությամբ զբաղվել` առ Հրաչ, այլեւս ոչ ոք Կապանին նոր եւ խորթ արժեհամակարգ չի պարտադրելու` դեպուտատի թեկնածուի պահվածքին հանգույն, այլեւս հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից մեկի ղեկավարը կուսակցական պրիմիտիվ խաղեր չի տալու (վա՜յ այն կուսակցությանը, որի լուսավորիչը Հրաչն է), այլեւս մեր հկ-ներից մի քանիսի «խիզախ» ղեկավարները ֆիննախի ակտերից հետո առիթներ չեն ունենալու (մի քանի մանեթի դիմաց) կոմբինատի տնօրենին երդում տալու` «Մենք քեզ հետ ենք...», այլեւս ոչ ոք կապանցիներին համատարած գողության մեջ չի մեղադրելու, այլեւս կապանցի հանքագործը ստիպված չի լինելու իր իրավունքներն ու շահերը պաշտպանել դատարանում, ոչ ոք այլեւս «հայրենասիրություն» բառը չի դարձնելու ծամոն եւ շիրմա, այլեւս Կապանի ընդերքի հաշվին փող դիզող ինչ-որ մեկը կապանցի չքավորին օգնելիս չի ասելու` «Ես ձեզ օգնում եմ իմ գրպանի հաշվին», ֆեյսբուքյան հարթակում նվազելու է Կապանին առնչվող քննարկում-շառլատանությունը` հայերեն բառ ու բանին անհարիր ոճով ու մտածելակերպով, այլեւս…
Իսկապես, այսքան «կորուստներ» ենք ունենալու Հրաչի հեռանալով, բայց ոչինչ… Մարդիկ մի կերպ կդիմանան:

Իրականում, մինչդեռ, Հրաչն ու իր սպասյակների փաղանգն այլեւս չպիտի կարողանան խոչընդոտել մարզկենտրոնի զարգացմանը. դա ժամանակի հրամայականն է եւ թելադրված է հանրային շահով: Եվ ելքը մեկն է` հնարավորինս արագ նրանց հեռացնել ասպարեզից, եթե նույնիսկ հարգարժան Ջոնաթան Գուդմանն այս անգամ եւս չտեսնողի ու չնկատողի կեցվածք ընդունի:

Ի դեպ, ժամանակն է խոստովանել` կապանյան ծագումով այդ սպասյակներն էին, որ կարողացան հաջողությամբ սեպ խրել կապանցի հանքագործների ու կոմբինատի ղեկավարության միջեւ:

Քաղաքաստեղծ այդ ձեռնարկության դրությունը, կարծում ենք, գոնե ուշացումով պետք է անհանգստացնի նաեւ Սյունիքի մարզպետարանին ու Կապանի քաղաքապետարանին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25