Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ կոնգրեսի 50-րդ նստաշրջանին

06.04.2026 23:09
308

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, որպես Հայաստանի Հանրապետության նորընտիր պատվիրակության անդամ, մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքներին։

Նստաշրջանի մեկնարկին պաշտոնապես հաստատվել և վավերացվել են ազգային նոր պատվիրակությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության հնգամյա մանդատները։ Այսպիսով, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջիկա հինգ տարիների ընթացքում լիարժեք քվեարկության և մասնակցության իրավունքով կներկայացնի Հայաստանի տեղական իշխանությունների շահերն ու առաջնահերթությունները համաեվրոպական այս կարևորագույն հարթակում։

Նստաշրջանի առաջին աշխատանքային օրը հագեցած էր ինչպես կազմակերպչական, այնպես էլ ռազմավարական կարևորության հարցերով, մասնավորապես՝

Լիագումար նիստի ընթացքում տեղի է ունեցել Կոնգրեսի նոր նախագահի ընտրությունը, որին հաջորդել է նորընտիր նախագահի պաշտոնական ելույթը և 50-րդ նստաշրջանի օրակարգի հաստատումը:

Օրակարգի գլխավոր հարցերից էր Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացը տեղական և տարածքային մակարդակներում: Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները։

Տեղական իշխանությունների պալատի նիստում, որտեղ ընտրվել են Պալատի նախագահն ու 7 փոխնախագահները, ներկայացվել են Լիտվայում և Մոնակոյում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրարկման վերաբերյալ մոնիթորինգային զեկույցները, որոնց հաջորդել են հարցուպատասխաններ տվյալ երկրների ներքին գործերի նախարարների հետ:

Տվյալ օրվա աշխատանքներն ամփոփվել են «Առողջապահության հասանելիությունը ճնշման ներքո. մարտահրավեր բոլոր տարածքների համար» խորագրով թեմատիկ բանավեճով, որտեղ ընդգծվել է տեղական իշխանությունների դերը բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու գործում:

***

Կոնգրեսի երկրորդ օրը, որպես հանձնաժողովի լիիրավ անդամ, համայնքի ղեկավարը Եվրոպայի պալատում մասնակցել է ԵԽ Կառավարման, քաղաքացիական ներգրավվածության և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստին, որի հանրային հատվածում հանձնաժողովը քննարկել և ընդունել է ռազմավարական նշանակության մի շարք զեկույցներ ու բանաձևերի նախագծեր.

«Ինչպե՞ս պայքարել ափամերձ տարածքների էրոզիայի դեմ». Զեկույցն ընդգծում է ծովի մակարդակի բարձրացման և ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության աճին հարմարվելու նոր մոտեցումների հրատապ անհրաժեշտությունը:

«Վիճելի հիշողություններ. ինչպե՞ս կարող են տեղական և տարածքային իշխանությունները կառավարել հակասական մշակութային ժառանգությունը». Փաստաթուղթն ուղեցույց է տրամադրում համայնքներին՝ հակասական կամ մոռացված հուշարձանների և մշակութային վայրերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում շահագրգիռ կողմերին ներգրավելու համար: Այսպիսի մասնակցային մոտեցումը խթանում է ժողովրդավարական ներառականությունը, հանդուրժողականությունը և երկխոսությունը:

Հանձնաժողովը հաստատել է նաև նոր զեկույցների մշակման տեխնիկական առաջադրանքները, որոնց շուրջ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում.

Ուկրաինայի վերականգնում. Նախատեսվում է մշակել ուղեցույցներ տեղական և տարածքային մակարդակներում Ուկրաինայի տնտեսությունների կայուն վերականգնման և վերակառուցման համար:

Կենսաբազմազանության կորուստ. Նոր զեկույցը կանդրադառնա այն աննախադեպ ճնշմանը, որի տակ գտնվում է կենսաբազմազանությունը, և կդիտարկի տեղական իշխանությունների դերը բնապահպանական այս ճգնաժամի հաղթահարման գործում:

Կոռուպցիայի կանխարգելում. Կմշակվի գործնական ստուգաթերթ, որը տեղական իշխանություններին կտրամադրի անհրաժեշտ գործիքակազմ կոռուպցիոն ռիսկերը կանխելու և բարեվարքություն խթանելու համար:

Նիստի ավարտին ներկայացվել են նաև տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված վերջին աշխատանքները, ինչպես նաև հաստատվել է հանձնաժողովի 2026-2027 թվականների աշխատանքային ծրագիրը:

***

Ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոռն Բերգեն:

Քննարկվել և քվեարկությամբ ընդունվել են բանաձևեր «Ազատ ընտրություններ տեղական և տարածքային մակարդակներում» և «Ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեմ պայքարը» թեմաներով։ Այս կարևորագույն քննարկումները հանդիսանում են Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտի (New Democratic Pact for Europe) ձևավորման առանցքային բաղադրիչները:

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել Մոլդովայի կառավարության գլխավոր քարտուղար Ալեքսեյ Բուզուն՝ ներկայացնելով ԵԽ Նախարարների կոմիտեում Մոլդովայի Հանրապետության նախագահության ծրագիրը և պատասխանելով պատվիրակների հարցերին։

Տեղի են ունեցել թեմատիկ բանավեճեր՝ «Միջազգային անկարգություն, տարածքային հետևանքներ» և «Տեղական ժողովրդավարության պահպանումը Վրաստանում» խորագրերով։

Ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ՝ լիագումար նիստում հաստատվել են նաև արհեստական բանականության կիրառման ոլորտում տեղական և տարածքային իշխանությունների կարողությունների հզորացման, ինչպես նաև տեղական ու տարածքային մակարդակներում սոցիալական իրավունքների ապահովման վերաբերյալ բանաձևերի և հանձնարարականների նախագծերը:

Եվրոպական մակարդակով ընդունվող այս որոշումները մեծապես նպաստում են ապահով, նորարար և իրավունքահեն համայնքների կառուցմանն ու զարգացմանը:

***

Եվրոպական բարձրագույն այս հարթակում աշխատանքային վերջին օրվա առանցքային քննարկումները նվիրված էին տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերներին:

Կապանի և մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարևորություն ուներ «Սահմաններից մինչև համայնքներ. գլոբալ տեղաշարժեր, տեղական արձագանքներ» խորագրով թեմատիկ բանավեճը: Քննարկումների առանցքում էին սահմանամերձ համայնքների դիմակայունության բարձրացումը, անվտանգային մարտահրավերները և համայնքների կառավարման ճգնաժամային արձագանքման մեխանիզմները, որոնք կենսական նշանակություն ունեն մեր քաղաքի համար։

Նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձևերն ու քննարկումները, որոնք միտված են «Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտի» ձևավորմանը, հնարավորություն են տալիս եվրոպական լավագույն փորձը տեղայնացնել նաև Կապան համայնքում։

Կապանի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի զարգացման, միջազգային հարթակներում Կապանի ձայնը լսելի դարձնելու և բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարեկեցության ապահովման:

Արցախ Միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը

02.05.2026 23:18

3 կարևոր պահ այսօրվա այցերից, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ. Արման Թաթոյան

02.05.2026 23:11

Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է, ուժեղ Հայաստանում համաներում լինելու է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

02.05.2026 21:57

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը, ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները․ Տեր-Պետրոսյան

02.05.2026 21:53

Արման Թաթոյանը Լճափում խոսել է գյուղի խնդիրների լուծումների մասին

02.05.2026 21:34

«Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը». Սամվել Կարապետյան

02.05.2026 14:06

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկ է փոխանցել պակիստանյան միջնորդներին

02.05.2026 12:07

«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթի 7-րդ էպիզոդը

01.05.2026 23:24

Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս. Իշխան Սաղաթելյան

01.05.2026 23:11

2027 թվականին մայիսի 1-ը Սամվել Կարապետյանի հետ այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

01.05.2026 22:51

Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը. Արման Թաթոյան

01.05.2026 22:35

Հաջիևի պնդմամբ՝ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից

01.05.2026 20:54