Կապանի կոմբինատում նշվեց հանքագործի եւ մետալուրգի օրը

17.07.2017 15:00
2469

Հայաստանում հանքագործի եւ մետալուրգի օրը պաշտոնապես նշվում է 2008 թվականից, սակայն տոնի պատմական արմատներն ավելի խորն են. դեռեւս 1975 թվականին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր, որ հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործի եւ մետալուրգի օր: Երկրորդ տարին անընդմեջ Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշում են մասնագիտական տոնը, ձեռնարկություն, որ այսօր տնօրինում է ռուսաստանյան «Պոլիմետալ» ընկերությունը: Տոնի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնում ձեռնարկության աշխատակիցների երեխաների համար զվարճալի ծրագիր էր պատրաստվել՝ տիկնիկային ներկայացում Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով, 13 տարեկանից բարձր երեխաների համար ցուցադրվեց «Առաջին դեմք» կատակերգությունը, կազմակերպվեցին խմբային խաղեր, կոմբինատի աշխատակիցների համար անցկացվեցին շախմատի, շաշկու եւ նարդու մրցաշարեր:

Իսկ ձեռնարկության աշխատակիցների պարգեւատրման արարողությունն ու համերգային ծրագիրը տեղի ունեցան մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, որի բերմահարթակը ձեւավորվել էր օրվանը համահունչ: Հանքագործների կոլեկտիվին առաջինը շնորհավորեց «Պոլիմետալի» գլխավոր տնօրենի՝ արտադրական հարցերով տեղակալ Վիտալի Սավչենկոն, ով գլխամասային ձեռնարկության շնորհավորանքներն էր բերել կապանցիներին: Բարեմաղթանքների խոսքերից զատ, բանախոսը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Կապանի կոմբինատում հաջողվել է ավելացնել արտադրության ծավալը, որն առկա է ե՛ւ լեռնանցման աշխատանքներում, ե՛ւ հանքանյութի արդյունահանման եւ հանքաքարի հարստացման գործընթացներում: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանքահարստացման ֆաբրիայում պլանավորվում է ներդնել ավտոմատացման համակարգ, հնարավորինս ձեռնարկությունում կրճատվելու է ձեռքի աշխատանքը:

«Կարծում եմ՝ այս եւ մյուս միջոցառումները հնարավորություն կընձեռեն ամեն տարի, նաեւ յուրաքանչյուր ամիս բարելավել տեխնիկատնտեսական ցուցանիշները, այսօրվա դրությամբ կայուն է կոմբինատի աշխատանքի ռիթմը, կոլեկտիվն աշխատում է շահույթով, ներդրումներ են արվում կոմբինատի զարգացման նպատակով: Եվ տեսանելի են այդ զարգացման ուղղությունները», - հավաստիացրեց Վ.Սավչենկոն:

«Պոլիմետալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսի հրամանով արտադրական ձեռքբերումների համար ձեռնարկության չորս աշխատակից խրախուսվել է: Վ. Սավչենկոն պատվոգրեր հանձնեց հանքի լեռնանցումային եւ մաքրման ստորգետնյա աշխատանքներ կատարող ինքնաթափի վարորդ Արարատ Աղալոյանին, հանքի սպասարկման տեղամասի ստորգետնյա լեռնային աշխատանքների բանվոր Սուրեն Ներսիսյանին, հարստացման ֆաբրիկայի մանրացման, ֆլոտացիայի եւ ջրազրկման տեղամասի զտիչագործ Արթուրիկ Պողոսյանին, հարստացման ֆաբրիայի մանրացման, ֆլոտացիայի եւ ջրազրկման տեղամասի ֆլոտատոր Մհեր Գրիգորյանին:

Շնորհավորական խոսք ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը. «Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, ամուր նյարդեր, այս լեռնաշխարհում ձեր աշխատասիրությունը դաստիարակվել է դարերի ընթացքում, ինչը ձեզ վստահություն է հաղորդում, որ յուրաքանչյուր դեպքում կհասնեք ձեր նպատակին: Ձեր յուրաքանչյուրի կատարածը մեծ ներդրում է «Պոլիմետալ» ընկերության զարգացման գործում, երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, թող ձեր ընտանիքները հպարտանան այն բանի համար, որ դուք աշխատում եք Կապանի լեռնահարստացման կոմբինատում: Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում նոր հաջողություններ»: Կապանի «ԼՀԿ» ընկերության գլխավոր տնօրենի կողմից հանքագործի եւ մետալուրգի օրվա առթիվ մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, նախաձեռնության, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ձեռնարկության մի խումբ աշխատակիցներ արժանացան շնորհակալագրերի:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւս հանդես եկավ շնոհակալական խոսքով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Կարծում եմ՝ ավելորդ է ընդգծել, թե ինչ դեր ու նշանակություն ունի Կապանի լեռնահարստացման կոմբինատը քաղաքի տնտեսության, սոցիալական եւ կենցաղային կյանքում նույնիսկ: Ձեր ընկերությունում աշխատող մարդիկ, այդ թվում՝ նաեւ մեր գործընկերները, ովքեր ժամանել են բարեկամ երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, մտածում են «Պոլիմետալի» վարկը բարձր պահելու մասին: Այդ ամենը կարեւորելով ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի ընկերությունն ունենա նշանակալի հաջողություններ, որովհետեւ, ինչպես նշեց գլխավոր տնօրենը, այդ ամենն ուղղակիորեն անդրադառնում է մեր քաղաքի կյանքի վրա: Ինչեւէ, շնորհավորելով բոլորիդ՝ ցանկանում եմ անվտանգ աշխատանք եւ բարեկեցություն՝ ձեր ընտանիքներին»: Կապանի քաղաքապետը Դմիտրի Ուշկովին շնորհակալագիր հանձնեց Կապանի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության համար:

«Պոլիմետալ» ընկերության ձեռնարկություններում անց են կացվում մասնագիտական վարպետության մրցույթներ: Տոնական օրվանն ընդառաջ անցկացված մրցույթի նախապայմաններից մեկն աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումն էր: «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ընկերության գլխավոր ճարտարագետ Նիկոլայ Գլուշկովը պատվոգրեր եւ հուշանվերներ հանձնեց հաղթողներին եւ մրցանակակիրներին: Հաղթող են ճանաչվել ստորգետնյա բարձիչ-տեղափոխող մեքենայի մեքենավար Էդուարդ Հովակիմյանը, ինքնաթափի վարորդ Արմեն Արշակյանը, ստորգետնյա հորատող կայանքի մեքենավար Անդրանիկ Մարտիրոսյանը: Լավագույն խորաճեղք վնասազերծող է ճանաչվել հանքի հորատանցող Աշոտ Հարությունյանը: Ընկերության գլխավոր ճարտարագետը նշեց, որ մրցույթի գլխավոր «դատավորն» էր եւ դժվար էր ընտրել լավագույններին, քանզի բարձր էր մասնակիցների մասնագիտական վարպետությունը:

«Պոլիմետալի» սոցիալական քաղաքականությունն այն է, որ հանքագործներն աշխատանքին զուգընթաց լիարժեք ապրեն, մասնակից լինեն մշակութային կյանքին, վարեն առողջ ապրելակերպ: Հանքագործի եւ մետալուրգի օրվա առթիվ կոմբինատում աշխատակիցների շրջանում կազմակերպվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, շաշկու եւ նարդու մրցաշարեր: Ձեռնարկության գլխավոր տնօրենի՝ անձնակազմի գծով տեղակալ Սերգեյ Սմոլնիկովը հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնեց պարգեւներ՝ գավաթներ եւ հուշանվերներ: Շախմատի բլից մրցաշարում հաղթող է ճանաչվել տեսահսկման համակարգերի ավագ աշխատակից Արթուր Գրիգորյանը, շաշկու մրցաշարում՝ հանքի պլանավորման բաժնի ճարտարագետ Պավլուշա Ներսիսյանը, նարդու մրցաշարում՝ հարստացման ֆաբրիկայի եռակցող Արեգ Հայրապետյանը: Մասնավորապես, ֆուտբոլի մրցաշարում յոթ թիմերի միջեւ պայքարում հաղթող է ճանաչվել գլխավոր մարկշեյդերի թիմը, վոլեյբոլի ութ թիմերի պայքարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հանքի թիմը:

Միջոցառման ավարտին հնչեց «Պոլիմետալի» օրհներգը, որ նվիրված է ընկերության ոսկե կապիտալին՝ հանքագործներին, երկրաբաններին, ճարտարագետներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն մետալուրգիայի հետ:

Միջոցառմանը տոնական երանգներ հաղորդեցին մշակույթի կենտրոնի «Նարին», Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Սիլուետ» պարային ստուդիաների սաները, երաժիշտ կատարողներ՝ Դավիթ Բաղդասարյանը, Ինգա Մանուչարյանը, մանուկ դհոլահար Դավիթ Վարդանյանը հաճելիորեն զարմացրեց հանդիսականին իր հասուն կատարումով:

Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների համար հիշարժան օրն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15