Կապանում բաց եղանակով հանք չի շահագործվելու

06.09.2013 11:51
1950

Օգոստոսի 30-ին «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որին մասնակցում էին Կապանի ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք իրենց դիրքորոշումն էին հայտնել «Դանդի փրիշս մեթալս-Կապան» ընկերության կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու վերաբերյալ: Ավելի ստույգ` շատերը դեմ էին այդ հանքավայրը բաց եղանակով շահագործելուն եւ այդ մասին հստակորեն արտահայտվեցին:
Սեպտեմբերի 3-ին արդեն «Դանդի փրիշս մեթալս-Կապան» տեղեկատվական կենտրոնում ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի մամուլի ասուլիսը տեղի ունեցավ, որը լույս սփռեց խնդրո առարկայի վրա: Նրա խոսքերով տարաձայնություններին վերջ տալու համար, թեպետ վերջնականապես չի հանդիպել Կանադայում գտնվող սեփականատիրոջ հետ, որոշել է հայտարարություն անել, որ Կապանում բաց եղանակով հանք չի շահագործվելու: «Նկատի ունենալով վերջին վեց տարվա որոնողական-հետախուզական աշխատանքի արդյունքները` ուրախ եմ հայտարարելու, որ «Դանդի փրիշս մեթալս» ընկերությունը որոշել է, որ Շահումյանի տարածքում բաց հանք չպիտի լինի, այլ հանքաքարի արդյունահանումը պիտի իրականացվի ստորգետնյա եղանակով: Առաջիկա յոթ ամսում մենք պիտի ձեռնարկենք լուրջ աշխատանքներ վերջնականապես ճշտելու ստորգետնյա պաշարների իրական չափը, որակը, նաեւ` թե այդ հանքը ստորգետնյա ինչ պայմաններով պիտի շարունակենք շահագործել` ներկայիս չափերո՞վ, այսինքն` տարեկան 600 հազար տոննա հանքաքար, ամսական պլանը` 50 հազար տոննա, թե՞ կնախաձեռնենք արդյունահանման ծավալների ընդլայնում, ասենք` մեկ տարվա կտրվածքով ծավալներն ավելացնենք տասը տոկոսով, երկու տարի հետո` 20 տոկոսով, վերջին հինգ տարում հասցնենք ավելի լուրջ ցուցանիշի, այն է` տարեկան մեկ միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում: Այս ամենը լուրջ մասնագետներով յոթ-ութ ամսում պիտի ճշտենք, եւ այդ ուսումնասիրության արդյունքը հանրության սեփականությունը պիտի դառնա», – մանրամասնեց ընկերության գլխավոր տնօրենը եւ հավելեց, որ մի քանի օր հետո Կանադա կմեկնի, նպատակներից մեկն այն է, որ սեփականատիրոջ հետ արծարծեն, թե 2014-ին «Դանդի փրիշս մեթալս-Կապան» ընկերությունում որքան ներդրում պիտի անեն (նախնական տվյալներով մոտ 25 մլն դոլար): Անդրադառնալով ընկերության նախաձեռնած հետախուզական-որոնողական աշխատանքներին` Հրաչ Ջաբրայանը նշեց, որ դրանք իրականացվում են 2006-ից, ընկերության հանքահումքային պաշարները վերջնականապես ճշտելու նպատակով: Ըստ բանախոսի` դրանց մասին խորհրդային ժամանակներից մնացած տեղեկատվությունն այլեւս արժանահավատություն չի ներշնչում եւ բավականին տարակարծություններ էր հարուցել:

Մանավանդ 2007-2008թթ. հետախուզական-որոնողական բավականին աշխատանքներ են կատարվել ե՛ւ ստորգետնյա հանքում, ե՛ւ Շահումյանի տարածքում: Վերջինիս մակերեսային հետախուզական աշխատանքները համարյա դադարեցված են, միայն այստեղ-այնտեղ փոքրիկ հորատումներ են իրականացվում: Վեց տարի շարունակ կատարվող որոնողական-հետախուզական աշխատանքների արդյունքը միջազգային չափանիշներով պատրաստված 215 էջանոց փաստաթուղթն է, որը տեղեկություններ է հաղորդում պաշարների մասին (հաստատված եւ ենթադրյալ): Փաստաթուղթը ներկայացված է նաեւ Կանադայի կառավարությանը:
Ասուլիսին խոսք եղավ ընկերության սոցիալական ծրագրերի մասին, ինչի առիթով բանախոսը հայտնեց, որ կշարունակեն աշխատել թափանցիկ աշխատաոճով եւ նույնիսկ ներկաներից (հիմնականում ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ լրագրողներ) խնդրեց օգնություն` ապահովելու ընկերության բնականոն աշխատանքը, պահպանելու 1200 աշխատատեղը: «Վերջին տասը օրում զրույցներ եմ ունեցել սեփականտիրոջ հետ, ով խոստացել է ընկերությանը շահույթով աշխատելու դեպքում դրա տասը տոկոսը տրամադրել համայնքին», – ասաց եւ եզրակացրեց, որ դրանով «Դանդի փրիշս մեթալս-Կապանը» կդառնա աշխարհում ամենաբարձր ներդրում անող ձեռնարկությունը: Հրաչ Ջաբրայանը նաեւ համոզմունք հայտնեց, որ 2014-ն առաջին շահութաբեր տարեշրջանը կլինի կապանյան ընկերության համար:

Ասուլիսի ժամանակ արծարծված հարցերի վերաբերյալ իրենց նկատառումները հայտնեցին եւ օրվա բանախոսին հարցեր ուղղեցին «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանը, «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, լեռնային ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Գասպարյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, ուրիշներ: «Ընկերության սեփականատերը չի՞ մտածում կենտրոնական հանքը, որ կոնսերվացվել է, կրկին շահագործելու մասին, քանզի այդտեղ դեռեւս զգալի պաշարներ կան» հարցին Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ ընկերության ղեկավարությունը նման գաղափար չի արծարծել, որովհետեւ կենտրոնական հանքն այլեւս «Դանդիին» չի պատկանում: «Եթե ինչ-որ ծրագիր էլ ունենանք, պիտի կառավարությանը դիմենք, նախարարությանը եւ այլն, եւ այլն: Մի խոսքով ներկայումս նման մտադրություն չկա»:

Որքանով տեղեկացան ներկաները, արտադրության կազմակերպման գործում եւս խնդիրներ կան: «Հին, խորհրդային մեթոդով կազմակերպվող աշխատանքները մեզ մոտ չեն ստացվում, եւ դրանք փոփոխության կարոտ են: Այդ բոլորը իմ` գլխավոր տնօրենի եւ տնօրենների խնդիրն է, որ համատեղ ուժերով պիտի լուծենք», – եզրակացրեց բանախոսը: Իսկ խնդիրների խնդիրն այն է, որ ընկերությունը ներկայումս շահույթով չի աշխատում: Հայտնվեց, որ այսօրվանից (սեպտեմբերի 3, խմբ.) հարստացուցիչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքները, ինչը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ի՞նչն է պատճառը: «Անկեղծ ասեմ` հանքաքար չկա մշակելու, որովհետեւ նախապատրաստական աշխատանքները, պայթեցումները ճիշտ չեն կազմակերպվել, հանքաքար չի արդյունահանվել: Մեծ մեղք գործած կլինեմ, որ աշխատավորին մեղադրեմ, այլ պիտի մեղադրեմ ղեկավարությանը, որ կազմակերպչական աշխատանքները ճիշտ չի կազմակերպել: Բայց պիտի հաղթահարենք դժվարությունները, եւ ձեռնարկությունը պիտի դարձնենք շահութաբեր», – եւս մի անգամ լավատեսական նոտայով ավարտեց իր խոսքը Հրաչ Ջաբրայանը: Այս տարվա մարտի 15-ին ընկերության տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հրաչ Ջաբրայանն անդրադարձել է այն խնդրին, թե ընկերությունում չեն կարողանում կասեցնել գողությունները, եւ մինչեւ դրանք նվազագույնի չհասցվեն, ներդրումներ չեն արվի: «Սյունյաց երկիրը» հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր եղավ այդ արատավոր երեւույթի դեմն առնել: Պատասխանվեց, որ բավականին տեղաշարժ կա այդ խնդրում, բայց մարդիկ շարունակում են ձեռնարկությունից ինչ-որ բան թռցնել: Կոնկրետ փաստ բերվեց. անցյալ շաբաթվա ընթացքում ընկերությունում բացահայտվել է մի գողություն, որ վերջին չորս-վեց ամսում կարեւորվում էր: 40 հազար դոլարի վնաս են հասցրել ընկերությանը, եւ ինչպես նշվեց, գործը հանձնելու են ոստիկանությանը: «Եթե մարդիկ գան եւ ինձ հայտնեն, որ լուրջ նեղության մեջ են, նրանց անպատճառ կօգնեմ», – համոզմունք հայտնեց բանախոսը, նաեւ եզրակացրեց, որ այդ գողացողների հետեւում մարդիկ կան կանգնած, իրավախախտներն ընդամենը գործիք են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10