Կարեն Աբրահամյան. «Մենք ուշի-ուշով հետեւում ենք առաջնային գծում տիրող իրավիճակին եւ պատրաստ ենք ցանկացած զարգացման»

29.12.2018 11:01
1547

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

- Պարոն գեներալ, նախ՝ ընդունեք մեր խմբագրակազմի, մեր ընթերցողների ջերմ շնորհավորանքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվելու կապակցությամբ: Ձեզ հաջողություն ենք մաղթում:

-Շնորհակալություն:

- Ինչպե՞ս անցավ ՊԲ նախարարի առաջին օրը, ինչո՞վ էր այն տարբերվում նախորդ օրերից, ծառայողական երկար ու ձիգ տարիներից:

-Զինվորական մարդու համար ցանկացած պաշտոն ստանձնելը նախեւառաջ մեծ պատասխանատվություն է: Ընդունելով այդ սկզբունքը` իմ ծառայողական կենսագրության ընթացքում միշտ էլ հակված եմ եղել պարտականություններս կատարել լիարժեք:

- Դուք Ձեր հարազատ միջավայրում, հարազատ զորքի հետ եք վերստին, այդուհանդերձ, զորքի, նրա հրամկազմի հետ բարոյահոգեբանական առումով ներդաշնակության խնդիր առաջացա՞վ:

-Որեւէ խնդիր չէր կարող ծագել, քանի որ, բացի նրանից, որ իմ մարտական ուղին սկսել ու անցել եմ այստեղ, նաեւ արդեն մեկ տարուց ավելի զբաղեցնում էի բանակի շտաբի պետի պաշտոնը: Իսկ դա լավագույն հնարավորություն էր ստեղծել մոտիկից ճանաչել ինչպես ողջ զորքին, այնպես էլ հրամկազմին:

- Պատմեք մի քիչ Ձեր մարդ տեսակի մասին, Ձեր արած-չարածի, գոհությունների եւ ափսոսանքի մասին:

-Սովորական հայի տեսակ եմ: Արել եմ այնքան, որքան հնարավորություններս ներել են: Չեմ կատարել այնպիսի բան, որի համար կարելի է ափսոսալ: Աշխատել եմ միշտ ականջալուր լինել իմ խղճի ձայնին եւ հարգել դիմացինիս կարծիքը: Այսքանը:

- Ի՞նչ ոգով եք դաստիարակել Ձեր որդիներին. Ձեր ընտանիքի մանրանկարը:

-Ունեմ մեկ տղա եւ մեկ աղջիկ: Միշտ ձգտել եմ իմ ծնողներից ստացած դաստիարակությունը փոխանցել նրանց, ասել է թե՝ սիրել ու հարգել ընտանիքը, միջավայրը, հայրենիքը եւ այն ամենը, ինչը հարիր է մեծատառով մարդուն: 

-Նախորդ նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության հետ կապված քննարկումները չեն դադարում, բայց խնդիրը մեզ հետաքրքրում է մեկ այլ տեսակետից՝ արդյո՞ք նախարարի փոփոխությամբ Արցախում փոփոխվում են պաշտպանության ռազմավարությունը, առաջնահերթությունները:

-Նախ պետք է ասեմ, որ անչափ գնահատում եմ գեներալ-լեյտենանտ Մնացականյանի կատարածը մեր բանակի համար: Նրա պաշտոնավարման ընթացքում, իրոք, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ, առաջնագիծը դարձել է առավել հուսալի պաշտպանված ու անխոցելի: Միանշանակ է, որ այդ ամենը պետք է շարունակվի: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանական ռազմավարության ոլորտում կատարվելիք փոփոխություններին, ապա դրանք եւս անխուսափելի են, քանի որ ժամանակի հետ փոխվում են նաեւ պահանջները:  Առաջնահերթությունների մասով կասեմ, որ թիվ մեկ խնդիրը եղել ու մնալու է Արցախի անվտանգության ապահովումն ու ամրապնդումը:

- Ապրիլյան պատերազմի պատճառների, ընթացքի, հետեւանքների մասին, կարծեք, իրարամերժ գնահատականներ ենք լսում: Չենք թաքցնում՝ այդ առումով եւս Ձեր կարծիքը մեզ համար կարեւոր է:

-Ապրիլյան քառօրյա առճակատումը հերթական անգամ ապացուցեց, որ Պաշտպանության բանակն ունակ է լիարժեքորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե ոչ բարձրաձայն, ապա իշխանական նեղ շրջանակներում, անկասկած, մեկ անգամ եւս հանգեց այն հետեւության, որ այն, ինչին նա հասավ, ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների արդյունք: Նման զորախմբերի ներգրավմամբ իրականացված գործողությամբ Բաքուն անհամեմատ մեծ հաջողությունների ակնկալիք ուներ, սակայն  գրաված ընդամենը մի քանի դիրքերի դիմաց ունեցավ հարյուրավոր զոհեր ու  տասնյակների հասնող ռազմական տեխնիկայի կորուստներ: Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան «հաջողությունների» մասին ալիեւյան ագիտպրոպի կողմից շրջանառվող հեքիաթներին, ապա դա ինքնախաբեություն է, ուրիշ ոչինչ:  

- Ինչպե՞ս եք գնահատում արցախաադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը, կարելի՞ է արձանագրել, որ հարաբերական անդորրի փուլ ենք թեւակոխել:

-Իրականում վերջին շրջանում համեմատաբար նվազել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ իրավիճակը հեռու է պայթյունավտանգ լինելուց: Մենք ուշի-ուշով հետեւում ենք առաջնային գծում տիրող իրավիճակին եւ պատրաստ ենք ցանկացած զարգացման:

- Շատ է խոսվում (եւ ոչ միայն մամուլի մակարդակով) տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտված վիճակի մասին՝ հօգուտ Ադրբեջանի, որը շարունակում է խորանալ հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին արդիական զինատեսակներ վաճառելու հետեւանքով: Ձեր գնահատականը:

-Բանակի գործն է բարեխղճորեն կատարել իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր, եւ մենք դրանով ենք զբաղված: Իսկ ինչ վերաբերում է այդ «խոսակցություններին», ապա անհրաժեշտ պահին մենք դրանց պատասխանը կտանք: Ռազմական հավասարակշռության ամենաարդար գնահատականը կտա մարտադաշտը: 

- Առհասարակ որքանո՞վ է ընդունելի, երբ քաղաքական բանավեճերի ընթացքում, զանգվածային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում (եւ շատ հաճախ խնդրո առարկային ոչ քաջատեղյակ մարդկանց կողմից՝ իրենց փորձագետ հորջորջող) քննարկում են բանակային հարցերը, սահմանային խնդիրները: Արդյո՞ք բացախոսությունն այդ ոլորտում գործին օգնող հանգամանք է:

-Չեմ կարող ասել, թե որքանով են նման բաց քննարկումներն օգնում բանակաշինության գործընթացին, բայց որ ռազմական ոլորտի մասին խոսելուց յուրաքանչյուր ոք պետք է հնարավորինս զգույշ լինի իր արտահայտություններում, դա իմ համոզմամբ միանշանակ է: 

- Վերջին ամիսներին ԵԿՄ-ի դերն ու առաքելությունը եւս տարբեր կերպ են ընկալվում եւ մեկնաբանվում հայ հանրության մեջ: Ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ հարցում նույնպես որոշակիություն մտցնենք, ազատամարտի վետերանների փորձը խելամիտ օգտագործելու հստակ կոնցեպցիա ունենանք:

- Հիշենք, որ երկրապահները մեր երեկվա պատերազմում տարած հաղթանակը կերտողներն են եւ նրանց պետք է վերաբերվել հարգանքով: Ինչ վերաբերում է նրանց փորձը խելամիտ օգտագործելուն, ապա դա ոչ միայն ցանկալի, այլ պահանջված անհրաժեշտություն է: Ի դեպ պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ Արցախում իրականացվել եւ շարունակում են իրականացվել համակարգված գործընթացներ: Սակայն բավարարվել կատարածով, չի կարելի, դեռեւս ունենք բավականին անելիքներ:

- Իշխանության ներկայացուցիչները, երբեմն ամենաբարձր մակարդակով ու հրապարակավ, դժգոհություն են հայտնում զինվորների սննդի ոչ բավարար մակարդակի, արտահագուստի եւ կենցաղային այլ խնդիրների կապակցությամբ: Մենք նոր ենք վերադարձել Արցախի պաշտպանության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից, եղել ենք մարտական դիրքերում, ու ամենեւին էլ վատ չէ մեր տպավորությունը: Եվ, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այդ ոլորտում, ու ի՞նչ է ձեռնարկվում ներկայումս ժամկետային զինվորների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ:

- Ասել, որ բանակային կյանքի այդ ոլորտն անթերի է, ճիշտ չէր լինի: Բայց նաեւ սխալված կլինենք, եթե կատարված եւ կատարվող դրական գործընթացներին չտանք անաչառ գնահատական: Այսօր բանակի առաջնային գծից սկսած մինչեւ զորքերի մշտական տեղակայման վայրեր գտնվում են բանակի հրամանատարական կազմի, ինչու չէ՝ նաեւ պետական ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մշտադիտարկման ու խիստ վերահսկողության տակ, ինչը հնարավորություն է տալիս օբյեկտիվ եզրահանգումներ անել առկա իրավիճակի վերաբերյալ: Իսկ իրավիճակը, ըստ վերջիններիս կողմից արձանագրված արդյունքների, բավականին դրական դինամիկա ունի եւ վստահեցնում եմ, որ այն լինելու է շարունակական:

- ՊԲ-ում ինչպիսի՞ արդյունավետությամբ է գործում սպայակազմի սոցիալ-տնտեսական, նրանց կենցաղային պայմանների բարելավման  խնդիրների լուծումը: Կա՞ն նոր ծրագրեր այդ ուղղությամբ:

-Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմանների բարելավումը մշտապես եղել է բանակային առաջնահերթություններից մեկը: Ակնհայտ ճշմարտություն է, որ եթե ուզում ենք սպան կամ ցանկացած պայմանագրային զինծառայող հավուր պատշաճի իրականացնի իր ծառայողական պարտականությունները, ապա պետությունը պարտավոր է հնարավորության սահմանում նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց կենցաղն ու ապրելակերպը բարելավելու համար: Այդ իսկ նպատակով, ինչպես երեկ եւ այսօր, այնպես էլ այսուհետ բանակի հրամանատարությունը հետամուտ է լինելու համակարգված կերպով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական հիմնախնդիրները լուծելու, բնակարանային, առողջապահական եւ կենցաղային նշանակության այլ հարցերից նրանց ձերբազատելու համար: Համոզված եմ, որ դա մեզ մոտ ստացվելու է:

- Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդու մեջ, ինչպիսի՞ խոսք ու խրատ ունեք մեր երիտասարդ սերնդին, արդյո՞ք նրանք դատապարտված են անվերջ մնալու պատերազմական իրավիճակում:

-Նախ ասեմ, որ պատերազմը մեր ընտրությունը չէ, մեզ պարտադրել են որդեգրել պատերազմի ճանապարհը,  հակառակ դեպքում կհայտնվեինք կործանման եզրին: Ելնելով այս իրողությունից` համոզված եմ, որ  երիտասարդ սերունդը կգիտակցի մեր ազգին նետված մարտահրավերի լրջությունը եւ իր հայրենասիրական առաքելությունը կկատարի ավելի փայլուն կերպով, քան նախորդ սերունդը, ասել է թե՝ իրենց հերոս հայրերն ու պապերը:

- Պարոն նախարար, Դուք նոր մարդ չեք ՊԲ-ում, վստահ ենք, որ զորքն ու ժողովուրդը Ձեզ  սիրում եւ վստահում են, ինչպես սիրել ու վստահել են նախորդին: Այնուհանդերձ, ո՞րն է հրամանատարի գաղտնիքը՝ սիրո,  հարգանքի եւ վստահության արժանանալու գործում: Արցախի եւ ՀՀ բնակչության, որ մի  ամբողջություն են, խաղաղության ու անվտանգության երաշխիքների մասին:

-Յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր Ես-ը ու երբեւէ չդավաճանի ինքն իրեն: Շատ եմ կարեւորում, երբ ենթակայիդ ղեկավարում ես ոչ միայն հրամաններով, այլ նաեւ անձնական օրինակով: Սա այն գլխավոր սկզբունքն է, որով փորձել եմ մշտապես առաջնորդվել: Հակված եմ կարծել, որ հենց դա է փոխադարձ հարգանքի ու վստահության տանող ճանապարհը: Նաեւ համոզված եմ, որ նման փոխհասկացողության  պայմաններում է հնարավոր պահպանել ու բազմապատկել այն, ինչ այսօր ունենք:

- Ձեր շնորհավորանքի խոսքը մեր ընթերցողներին, ինչպես եւ հայ ժողովրդին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով:

-Ջերմորեն շնորհավորում եմ մեր ժողովրդին եւ ձեր բազմահազար ընթերցողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու վստահեցնում, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019 թվականին Արցախի զինված ուժերը կշարունակեն փայլուն կերպով կատարել Հայոց արեւելաց սահմանների պաշտպանության պատվավոր առաքելությունը: 

Եղեք միաբան եւ ձեր նպատակներում հետեւողական: 

Թող որ 2019 թվականը մեր ազգի համար լինի նորանոր նվաճումների տարի:

- Շնորհակալություն հարցազրույցի համար, բարի եւ անփորձանք ծառայություն Ձեզ ու մեր զորքերին:
           

 

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր

 

 

 

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43