Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկում լինի․ Ուորլիք

30.11.2022 14:58
555

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը

Հարց. Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը:

Ուորլիք. Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց:

Հարց. Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում:

Ուորլիք. Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Հարց. Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը:

Ուորլիք. Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ:

Հարց. Դուք նշեցիք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործոնը, ում մասնակցությունը բանակցութուններում դարձել է կողմերի միջև տարաձայնության պատճառ: Ադրբեջանի նախագահը ուղղակի դեմ է հանդես եկել նախագահ Մակրոնի մասնակցությանը, ինչպես նաև մատնանշել վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս առումով և ինչպե՞ս է այն հնարավոր կարգավորել:

Ուորլիք. Կարծում եմ, որ նախագահ Մակրոնը իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։ Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն:

Հարց. Պարոն դեսպան, այս օրերին Բաքվում էր գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ: Նա պատրաստվում է նաև այցելել Երևան՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ակտիվությունը և դերն այս գործընթացում:

Ուորլիք. Դեսպան Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից:

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի դերը այս գործընթացում: Այն ապակառուցողական է, թե՞ կարող է որոշակի դրական տարրեր պարունակել: Ուկրաինա ներխուժումից հետո դժվար է պատկերացնել Մոսկվային խաղաղություն արարողի դերում:

Ուորլիք. Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար:

Հարց. Վերջերս ԱՄՆ Սենատում կայացած լսումներին դեսպան Ռիքերը նշել էր, որ Մինսկի խմբի մանդատը շարունակում է մնալ օգտակար՝ հակամարտության կարգավորման համար: Ինչպիսի՞ն եք տեսնում Մինսկի խմբի ապագան:

Ուորլիք. Ես ամբողջապես հավատացած եմ, որ համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար: Այն, ինչպես գիտեք, ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև Ռուսաստանը: Դա ձևաչափ է, որը կարող է գործել, բայց դրա համար այն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Կարծում եմ, որ համանախագահության ձևաչափը կարող է արդյունավետորեն գործել, սակայն դժվարությունը կայանում է նրանում, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան այսօր աշխատեն Մոսկվայի հետ: Բացի այդ, նախագահ Ալիևը կտրականապես մերժել է համանախագահության մանդատը: Նա ընդունել է Ռիքերին որպես հատուկ բանագնացի, բայց մերժում է Մինսկի խմբի գործընթացը, իսկ վերջինիս հաջողության համար անհրաժեշտ է, որ այս գործընթացին համաձայն լինեն բոլոր կողմերը:

Հարց. Իմ վերջին հարցը Թուրքիայի մասին է և վերջինիս դերակատարության Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում: Օրերս Թուրքիայի նախագահի խորհրդականը հայտնել է հայ-թուրքական բանակցային գործընթացը շարունակվում է: Միևնույն ժամանակ Անկարան շարունակում է իր հարաբերությունների բարելավումը Երևանի հետ կապել հայ-ադրբեջանաան գործընթացի հետ: Ձեր կարծիքը հայ-թուրքական երկխոսության ապագայի մասին և որտե՞ղ ենք այսօր գտնվում այս գործընթացում:

Ուորլիք. Նախ թույլ տվեք ասել, որ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում: Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Բաքվում, և ես կարծում եմ, որ նրանք կարող են դա օգտագործել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ցանկալի է, որ օգտագործեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա դրանք անհնար է կարգավորել մեկ օրում: Դա պետք է արվի վստահության ամրապնդմանն ուղղված փոքր քայլերի միջոցով, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն շարժվելու քայլ առ քայլ: Ես չեմ առաջարկում վերակենդանացնել 20 տարի առաջվա արձանագրությունները։ Դա անհնար է: Բայց ես հավատում եմ, որ եթե կողմերը ցանկանան, կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, օրինակ, երկրների միջև առևտրի, հոգևոր հարստության պաշտպանության առումով։ Շատ կարևոր է, որ հայկական եկեղեցիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, պահպանվեն: Կարծում եմ, որ նման ուղղություններով հնարավոր է հասնել պայմանավորվածությանը: Եվ՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Եթե հնարավոր դառնա հասնել նրանց միջև նույնիսկ սահմանափակ չափով սահմանի բացմանը, ապա դա թույլ կտա առևտուր իրականացնել և ապահովել մարդկանց տեղաշարժը։ Դա կարող է սկիզբ դնել գործընթացի, որն իսկապես ձեռնտու է Հայաստանին: Գիտեմ, որ դժվար է հայկական կողմին գնալ այդ քայլի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել և հաշվի առնելով որոշակի հռետորաբանությունը, որը առկա է, բայց կարևոր է, որ այդ քայլն արվի և հաշտեցման գործընթաց սկսվի ի շահ բոլորի։

https://www.lragir.am/

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33