Երեկ Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների ճանաչողական այց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա։ Այս անհայտ կազմակերպության կազմակերպած միջոցառման քաղաքական նպատակը միանգամայն ակներև է։ Ստեղծվել է ինֆորմացիոն առիթ, որպեսզի 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ներկայացնի Փանիկ գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպի իր վարկածը։ Մինչ բուն նյութին անցնելը՝ նկատենք, որ Հայաստանում՝ նույնիսկ հեղափոխությունից հետո, ակտիվորեն գործում է այն սեգմենտը, որը զբաղված է ռուսական տեսակետների, շահերի ակտիվ լոբբինգով։
Հիմա՝ ըստ էության։ Ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը իր լակոնիկ խոսքում զինվորականին բնորոշ հաստատակամությամբ մի քանի անգամ շեշտում է, որ Փանիկում ոչինչ տեղի չի ունեցել։ Հրամանատարը պնդում է, որ Փանիկում տեղի ունեցածն ընդամենը պլանային վարժանքներ են, որոնք համաձայնեցված են եղել հայկական կողմի հետ, դեռ ավելին՝ Հայաստանի պատկան մարմինները պատշաճ տեղեկացված են եղել Փանիկի գործողությունների մասին։
Եթե Ելկանովի բացատրությունները նախորդած լինեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությանը, դրանք մի կերպ բացատրելի կլինեին։ Ասենք՝ կհիմնավորվեին այն վարկածով, որ ռուսական կողմը փորձում է արդարացումներ գտնել կամ գործում է անցյալի իներցիայիով՝ չնկատելով այն արմատական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։ Սակայն Ելկանովը խոսում է Փաշինյանից հետո, ընդ որում՝ խախտելով միջպետական հարաբերություններում ընդունված նորմերն ու սուբորդինացիայի տարրական կանոնները։ Օրինակ՝ ինչպե՞ս կվերաբերեր ռուսական կողմը, եթե Պուտինի որևէ հայտարարության արձագանքեր հայկական բանակի գնդապետներից մեկը։
Գնդապետի խոսքում ակնհայտ կեղծիք կա․ նախ՝ համաշխարհաին պրակտիկայում չկան նախադեպեր, որ ուսումնառազմական վարժանքներն անցկացվեն բնակելի վայրերում, և երկրորդ՝ հայկական կողմը տեղեկացված չի եղել դրանց անցկացման մասին․ եթե հավատանք Ելկանովին, ապա ստախոսության մեջ պետք է մեղարդենք Հայաստանի ամբողջ իշխանությանը՝ սկսած Փանիկի գյուղապետից ու Շիրակի մարզպետից, վերջացրած՝ պաշտպանության նախարարով ու վարչապետով։ Ռուսական ռազմաբազայի հրամանատարի խոսքում ցինիզմը հասնում է գագաթնակետին, երբ նա ասում է, թե Փանիկում ոչ թե կրակել են, այլ կրակոցի իմիտացիա են արել։ Ստացվում է՝ հայակական կողմը, դժգոհելու փոխարեն, նոււյնիսկ պետք է շնորհակալություն հայտնի ռուսական հրամանատարությանը, որ մարտական փամփուշտներ չեն օգտագործվել ու չեն թիրախավորվել Փանիկի գյուղամեջում խաղացող երեխաները։ Թերևս, ռուսական կողմն ակնկալում է, որ մենք իր գործողությունները գնահահատենք Պերմյակովի սինդրոմի համատեքստում և գոհունակություն հայտնենք միայն այն բանի համար, որ զոհեր չեն եղել։ Սա ինքնին օկուպանտի մենթալիտետ, մտածողություն է, որից բխում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ թե մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակով, այլ բացառապես՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական օրակարգի համատեքստում։
Սակայն մի քանի հանգամանք Հայաստանի կառավարությանը պետք է հուզի առավելապես։ Առաջինն այն է, որ Հայաստանի վարչապետն իր հրապարակային հայտարարությամբ, ըստ էության, քաղաքական գնահատական տվեց տեղի ունեցածին և, եթե նրան հակադարձելու անհրաժեշտություն կա, ապա Մոսկվան դա պետք է անի ոչ թե ինչ-որ գնդապետի, այլ՝ առնվազն երկրի վարչապետի կամ նախագահի շուրթերով։
Երբ Ելկանովն ասում է, որ Փանիկում ոչինչ չի եղել, նշանակում է՝ Հայաստանի պատկան մարմինները պետք է պաստրաստ լինեն, որ ռուսական կողմը նոր սադրանքներ կարող է կազմակերպել ցանկացած պահի։ Մոսկվան՝ ռուսական ռազմաբազայի հրամանատարի դեմքով, Հայաստանի բարձրագույն իշխանությանն ուղերձ է հասցեագրում, թե մտադիր չէ հրաժարվել ռուսական վասալության ռեժիմից։
Եվ վերջապես՝ եթե ընդունենք ռուսական վարկածն ու համարենք, որ Փանիկում ոչինչ տեղի չի ունեցել, ապա ստացվում է, որ սադրանք է ոչ թե օրը ցերեկով գյուղում կրակելը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը փաստորեն չեղած տեղում քաղաքական գնահատականներ է տալիս աննշան մի միջադեպի։ Ի դեպ, Ելկանովն արտահայտում է հենց Մոսկվայում գերիշխող տրամադրություններն, որովհետև մոտավորապես նույն ակցենտով են Փաշինյանին հակադարձել ռուսաստանցի փորձագետները։
Ռուսական ռազմաբազան հայ-ռուսական հարաբերություններում առանցքային դերակատարություն ունի։ Եթե դրանք լինեն գործընկերային ու արժանապատիվ, ապա ռազմաբազան կարևոր տեղ կարող է ունենալ Հայաստանի անվտանգության համակարգում, հակառակ պարագայում՝ կարող է դառնալ մեր երկրի անվատանգությանը սպառնացող լուրջ գործոն։ Ռուսական ռազմաբազայի վարքագիծն ինդիկատորային է․ եթե այսօր այն շարունակում է սպառնալ Հայաստանի առնվազն ներքին կայունությանն ու ինքնիշխանությանը, ապա հայ-ռուսական հարաբերություները տակավին հեռու են բնականոն ու գործընկերային լինելուց։
Թերևս, 102-րդ ռազմաբազայի հրամանատարի երեկվա ասածները արտառոց է եղել նաև Հայաստանի պաշտոնական շրջանակների համար։ Այսօր Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։ Քննարկման ավարտին Տոնոյանը հայտարարել է, որ մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Պաշտոնական Երևանի օպերատիվ ու համարժեք պատասխանը միայն ողջունելի է, ինչը խոսում է Հայաստանի, այպսես կոչված, ռուսական քաղաքականության որակապես նոր շեշտադրումների մասին։
1in.am