Կոռուպցիայի հետ առերեսվելու սպառնալիքին դեմ հանդիման. ինչո՞ւ է Վահեն դատարան դիմել

27.11.2017 16:29
2133

Վերջին ամիսներին Վահե Հակոբյանի գործունեությունը քննադատող, նրան դիմակազերծող մի քանի տասնյակ հոդվածներ են լույս աշխարհ եկել ե՛ւ մարզային թերթում ու նրա կայքում, ե՛ւ մայրաքաղաքային լրատվամիջոցներում: Ու, որքան էլ զարմանալի է, մարզպետը դրանցից միայն մեկի հավաստիությունն է ուզում վիճարկել դատական ատյանում: Դա Արթուր Օրբելյանի հեղինակած հոդվածն է, որ ընթերցողի սեղանին է դրվել 2017թ. սեպտեմբերի 19-ին՝ «Վահե Հակոբյանը ստում է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի մասին»:


Ինչո՞ւ է այդ հրապարակումը նման ուշադրության արժանացել, ինչո՞ւ է հոդվածը Սյունիքի մարզպետի աթոռի պահապանի մեջ նման ջղաձգություն առաջացրել:


Բանն այն է, որ հոդվածում ակնարկ է արվում Վահե Հակոբյանի՝ կոռուպցիոն ղալաթների մեջ թաթախված լինելու մասին: Եվ նա, սարսափելով կոռուպցիայի մեջ մեղադրվելու հեռանկարից, փորձում է դատարանի ուժով այդ բառը եւ այդ գնահատականը հեռացնել իրենից:


Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի մեր աղբյուրները, նրան հասկացրել են, որ կոռուպցիայի հետ առնչակցություն ունենալը, պատասխանատվության առումով, վաղեմության ժամկետ չունի: Եվ վաղ թե ուշ, երբ ինքն ավարտած կլինի իր առաքելությունը Քաջարանի ունեցվածքը վերաբաժանելու հարցում, երբ ինքը կհայտարարվի քավության նոխազ, իրեն պատասխանատվության ենթարկելը կդառնա անշրջանցելի իրողություն, ավելի ճիշտ՝ հրամայական պահանջ: Ահա՝ ինչու է մարզպետը դատարան դիմել՝ հավանաբար մտածելով նաեւ՝ քանի դեռ իշխանություն ունեմ՝ կստիպեմ դատարանին իմ օգտին վճիռ կայացնել:


Ժամանակից շուտ հնացած, հնաոճ եւ հնաբույր այդ պարոնին թվում է, ըստ էության, որ ինքը Սյունիքի կուսշրջկոմի քարտուղարն է, դատարանն էլ իրեն ենթակա կառույց է, որն էլ ի կատար է ածելու «շեֆի» կամքը: Այլապես այդչափ փնթի եւ իրավական անգրագիտությամբ փայլատակող հայց չէր ներկայացվի դատարան:


Եվ այսպես՝ դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրում կմեկնարկի մի դատաքննություն, որի գլխավոր ու միակ նպատակը կլինի հետեւյալը՝ հաստատել կամ հերքել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչակցությունն այնպիսի հանցագործության, ինչպիսին կոռուպցիան է:


Փորձառու իրավաբանները, ի դեպ, հավատացնում են, որ նման բնույթի դատավարություն անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում:
                                                                  ***
«Սյունյաց երկրի» կայքում հրապարակված եւ դատական քննարկման առարկա դարձած հոդվածում հեղինակն ընդամենը երկու անգամ է գործածում կոռուպցիա բառը: Առաջին անգամ՝ վերնագրում, երկրորդ անգամ արծարծում է մարզպետի՝ Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում բնակվելու, նույն ձեռնարկության միջոցներով ուղղաթիռային թռիչքներ կատարելու հարցը եւ նշում՝ «…. Ու վերոհիշյալը հաշվի առնելով՝ ակնհայտ է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը»:


Դատելով հայցադիմումից՝ Վահեն սարսափել է այդ արտահայտություններից եւ փորձում է, ինչպես նշեցինք, դատարանի ուժով դրանք գնահատել-որակել իբրեւ զրպարտություն, որպեսզի փախչի հետագա պատասխանատվությունից:


Եվ որպեսզի ապացուցի, որ ինքը կոռուպցիայի հետ կապ չունի, այսպիսի «փաստարկ» է բերում հայցադիմումի մեջ. «Վահե Հակոբյանի վերաբերյալ առկա չէ որեւէ քաղաքացիական կամ քրեական գործ, օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ կամ որեւէ իրավական հիմք ունեցող փաստաթուղթ, որով թեկուզ ակնարկվեր, որ վերջինիս հայտարարագիրը ճիշտ չէ կամ, որ նրա գործողություններում առկա են եղել կոռուպցիա կամ կոռուպցիոն ռիսկեր»:


Ողորմելի պատճառաբանություն… Այդ ո՞վ է համոզել նրան, որ կոռուպցիոն գործերի մեջ խրված են միայն նրանք, ովքեր ենթարկվել են դատական պատասխանատվության:


Իսկ հայցվորը չի՞ կարծում, որ իր դիմումի քննարկումը սեփական դիմակը վերջնականապես շպրտելուն, իր արարմունքներին ողջամիտ գնահատական տալուն միտված իրավական ճանապարհ է:
                                                                     ***
Թե ինչ ընթացք կունենա դատաքննությունը եւ ինչ վճիռ կկայացվի, ժամանակը ցույց կտա:

Դատաքննության արդյունքում կիմանանք՝ հաստատվե՞ց, թե՞ հերքվեց Վահե մարզպետի առնչակցությունը կոռուպցիային:


Սակայն, առաջ անցնելով ասենք, այսօր արդեն կարելի է պնդել, որ հայցվորը ոչ մի դեպքում չի կարող ապացուցել, որ հոդվածում գործածված կոռուպցիա բառը զրպարտությանը բնորոշ հատկանիշներ է պարունակում:


Պատասխանող կողմը, վստահ ենք, այդ առումով լուրջ փաստարկներ կներկայացնի դատարան:


Մինչդեռ մենք նույնպես, իբրեւ համապարտ պատասխանող, ունենք դիտարկումներ, որ հայցվորի երազանքներին հակոտնյա են:


Բանն այն է, որ հոդվածագիրը շոշափել է հանրային գերակա շահ համարվող խնդիրներ: Հիշենք թեկուզ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե այդ տվյալները «տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված են հանրային շահով»: Իսկ խնդրո առարկա հոդվածում արծածված հարցերն իրոք որ հանրային լուրջ հետաքրքրություն են ներկայացնում: Այո՛, հանրությունը հետաքրքրված է՝ ինչո՞ւ է պետական բարձրաստիճան չինովնիկը (մարզպետը) ինչ-որ մասնավոր սեփականություն հանդիսացող ձեռնարկության պրոֆիլակտորիայում բնակվում, ինչո՞ւ է այդ չինովնիկը նույն ընկերության միջոցներով ուղղաթիռ վարձակալում եւ այդկերպ աշխատանքի հաճախում: Այո՛, հանրությունն ուզում է իմանալ, թե հարկատուներիս միջոցներով վարձատրվող մարզպետը, չունենալով որեւէ արժանիք, ինչպես է Սյունիքում պաշտոնավարելու ընթացքում դարձել միլիոնատեր: Հանրությունն ուզում է իմանալ…


Այնպես որ՝ գործ ունենք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող, հանրային գերակա շահ համարվող հարցերի հետ:


Մյուս կողմից՝ կոռուպցիա բառը պարունակող երկու արտահայտության մեջ բառն օգտագործվում է «հնարավոր կոռուպցիա», «կոռուպցիոն ռիսկեր» ձեւով, ինչն ամենեւին կոռուպցիա չէ, փաստական տվյալ չէ: Եվ եթե հայցվորը շարունակի չհասկանալ այդ արտահայտությունների իմաստային տարբերությունը, ապա նրա համար հրապարակային սեմինար կանցկացնենք:


Հայցվորը մոռացել է նաեւ իրավական շատ կարեւոր մի հանգամանք՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների պարագայում թույլատրելի քննադատության շրջանակները շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ: Պետական պաշտոնյայի, քաղաքական գործիչների արարքները եւ որոշումները ենթակա են հանրային վերահսկողության եւ բաց են հանրության կողմից քննարկման համար: Հենց այդ իմաստով պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները պարտավոր են դրսեւորել հանդուրժողականության առավել բարձր աստիճան (ինչը բացակայում է Վահե Հակոբյանի դեպքում), քան սովորական քաղաքացիները: Ընդ որում՝ նշված սկզբունքները մեր հնարածը չեն, այլ միջազգային հանրության կողմից ընդունված, դատական տարբեր ատյանների նախադեպային որոշումներում կիրառված իրավական նորմեր են:


Մեկ այլ նկատառում եւս. հայցադիմումն ընթերցելուց հետո տպավորություն ենք ստանում, որ հայցվորը կոռուպցիան շփոթում է իր համար ընկալելի «նալոգ» տալու կամ վերցնելու, ինչ-որ գործում փայ մտնելու հետ, մինչդեռ…
                                                                            ***
Կոռուպցիայի հետ մարզպետի առնչակցությունը, անշուշտ, կքննարկվի նախեւառաջ հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունների եւ փաստերի համապատկերի վրա:


Բայց մենք հակված չենք բավարարվել դրանով, քանի որ կոռուպցիան սոսկ այն երեւույթները կամ փաստերը չեն, որոնց մասին խոսվում է կայքի հրապարակման մեջ:


Հայցը քննարկելու համար նախեւառաջ պետք է պարզել-բացել կոռուպցիա բառի իմաստը, որից հետո միայն պատասխանել բոլորիս հետաքրքրող հարցին:


Եվ այսպես, ի՞նչ ասել է կոռուպցիա:


Բառի սահմանումները բազմազան են:


Ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի՝ հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ, ինչպես օրինակ՝ որեւէ բանի քայքայում կամ փչացում: Գործածվում է նաեւ բարոյական իմաստով՝ փչացում կամ բարոյական անկում, հանրային պարտականությունների կատարման ամբողջական խեղաթյուրում:


Ըստ Օքսֆորդի ընդարձակ բառարանի՝ նշանակում է պետական պարտականությունների ժամանակ կաշառքի եւ հովանավորչության միջոցով ամբողջականության, ազնվության խեղաթյուրում ու քայքայում:


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից կոռուպցիան սահմանվում է այսպես՝ վստահված իշխանության չարաշահում:


Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձեւերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում: Կոռուպցիան, ըստ այդ փաստաթղթի, որպես վստահված իշխանության չարաշահում է, ունի մի շարք դրսեւորումներ եւ բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը, հովանավորչությունը, պաշտոնեական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնեական դիրքի օգտագործումն անձնական խնդիրների լուծման համար:


...Անշուշտ, շատ ուշագրավ պարզաբանումներ են: Մի քանի բացատրություն ընթերցելիս նույնիսկ հիշում ենք մեր հայցվորին: Ավելին, տպավորություն ունենք, որ այդ բացատրություն-պարզաբանումների մի մասը հենց Վահեի գործունեության առիթով են բառարաններում կամ հանրագիտարաններում տեղ գտել:


Եվ ուրեմն՝ կոռուպցիա բառի գիտական-իրավական սահմանումների լույսի ներքո միայն կքննարկվի հայցվորի առնչակցությունը կոռուպցիային:


Միայն այդպես եւ այդ եղանակով պատասխան կտրվի հարցին՝ հայցվորի գործողությունների մեջ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ:


Իսկ դա կիմանանք դատարանում, որը, վստահ ենք, նրա պատկերացրած դատարանը չի լինելու, եթե նույնիսկ աջակցության հավաստիացումներ եւ խոստումներ են տվել…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34