Կույրերի միջազգային օրը՝ Սյունիքի միջնակարգ դպրոցում

15.11.2017 16:55
1669

Նոյեմբերի 14-ին՝ Կույրերի միջազգային օրվա առթիվ, Սյունիքի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտաս վարդապետին:


Ազգային տարազին բնորոշ էլեմենտներով համազգեստ հագած աշակերտները ներկայացրին մեծն Կոմիտասի կենսագրությունը, ստեղծագործական ուղին, որոնք ուղեկցվում էին երաժշտական կատարումներով: «Երկինքն ամպել է», «Անձրեւ եկավ», «Խնոցու երգը», «Լորիկ», «Կաքավիկ», «Խնկի ծառ» եւ մի քանի այլ կոմիտասյան երգեր հնչեցին աշակերտների շուրթերից, որոնք դահլիճում ստեղծեցին ուրախ տրամադրություն՝ հաճելի ակնթարթներ պարգեւելով ներկաներին: Իսկ «Թագվորի մեր դուս արի» երգը գեղեցիկ բեմականացմամբ ներկայացվեց, որտեղ «հարսի» ու «փեսայի», «սկեսրոջ» եւ «սկեսրայրի» գլխավոր դերակատարներն աշակերտներն էին: Հայկական ավանդական հարսանիքին բնորոշ լավաշով, մեղր ու ընկույզով, ափսեներ ջարդելով, կոնֆետներ բաժանելով եւ մի քանի այլ «ատրիբուտներով» ուղեկցվեց կատարումը, ինչը նաեւ «ուսուցողական» կարելի է համարել, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այսօր ազգային շատ ավանդույթներ, ցավոք, մոռացվում կամ «համեմվում» են եվրոպական երանգներով:


Հաճելի էր լսել միջոցառման կազմակերպիչներից դպրոցի երաժշտության ուսուցչուհի Անահիտ Դավթյանի կատարմամբ երգերը: Ինչպես փաստեց ուսուցչուհին, կոմիտասյան երգերն աշակերտները հաճույքով են սովորում: Դպրոցում անցկացվող խմբակի ուսումնական պլանում ներառում է ոչ միայն Կոմիտասի, այլեւ այլ երգահանների երգացանկից երգեր: Ի դեպ, աշակերտները մեծ սիրով են մասնակցում այդ խմբակներին:


Դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին՝ նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, հաճելի պահեր պարգեւելու համար: «Մեր դպրոցի ուսուցիչներն օր օրի հաճելիորեն զարմացնում են մեզ իրենց գաղափարներով, մտահղացումներով, որոնք իրականություն են դառնում նմանատիպ միջոցառումների տեսքով: Մաղթում եմ, որ բոլորիդ օջախներում միշտ տիրի ուրախությունը, եւ հնչեն ոչ միայն կոմիտասյան, այլեւ մեր նշանավոր երգահանների մեղեդիները», - մասնավորապես նշեց Լիլիթ Առաքելյանը:


Դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Արմինե Վեզիրյանը տեղեկացրեց, որ 2017թ. ողջ ժամանակահատվածում պարբերաբար անց են կացվել «Մեր մեծերը» շարքից ընտրված հայ նշանավոր արվեստագետներին նվիրված տարբեր միջոցառումներ՝ ցերեկույթների, բաց դասերի, ուսուցողական դասամիջոցների, ցուցահանդեսների տեսքով: Մասնավորապես ընդգրկել էին Վահան Թեքեյան, Հովհաննես Այվազովսկի, Ալեքսանդր Մանթաշյան, Կոմիտաս, առաջիկայում նաեւ՝ Տիգրան Չուխաջյան: Գալիք տարում նախատեսում են նշել ազգային տոները, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, երկար տարիների ընդմիջումից հետո՝ Աշխատավորների միջազգային օրը եւ այլն:


Հարցին, թե արդյո՞ք այս միջոցառումների առատությունը չի խանգարում բուն դասապրոցեսի ընթացքին, Արմինե Վեզիրյանը պատասխանեց. «Չեն խանգարում, քանի որ թե՛ դրանց փորձերը, թե՛ միջոցառումներն անց են կացվում դասերից հետո՝ նախապես պայմանավորված ժամին: Բացի դրանից՝ աշակերտները մեծ սիրով են մասնակցում այդ ամենին»:


Միջոցառման կազմակերպիչներից դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Ավետիսյանը նշեց, որ օրվա միջոցառումը կայացավ՝ հաջող ընթացք ստանալով:

«Աշակերտները ողջ օրվա ընթացքում սպասում էին իրենց ելույթներին, փորձերին մասնակցում էին ակտիվ ու պատասխանատվությամբ՝ արտահայտելով նաեւ սեփական կարծիքն ու տեսակետները: Այդ ամենը հաշվի առնելով՝ կազմակերպում ենք նմանատիպ բովանդակալից, գեղեցիկ միջոցառումներ», - օրն ամփոփեց Հասմիկ Ավետիսյանը:    

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40