Կյորու. գյուղի տպավորություններ

27.02.2020 10:42
1319

Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորուն` սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արեւի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ երդիկից եւ հազիվ է լուսավորում քարայրի ներսը։

Ծնկներդ դողում են ու ցավում, մինչեւ նեղ կածանով Կյորու կիջնես։

-Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,- պատրաստվում ես հարցնելու հանդիպածդ գյուղացուն։

-Իրենք էլ են բեզարել։

-Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել,- ասում են գյուղացիք։

-Ղզլբաշի ժամանակ Կյորուն  «պենդոտ» (բերդ) է եղել։ Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,- ասում էր մի ալեւոր։

-Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի։

«Պենդոտի» ավերակները մինչեւ այժմ էլ կան։ Ձորի երկու ափին, բարձր ժայռերի մեջ թաքստոցներ եւ անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ։ Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտ են դարսում։

Կյորուն աղքատ է,  անչափ աղքատ։

Յոթանասուն ծուխն ունի մի ձի եւ մի ջորի։ Ամենից ունեւոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ, երկու լծկան եւ մի եզ։ 25 տուն լծկան ու կթան չունեն։

Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում։

Աղքատներն ամառը հասկաքաղ են անում մի փոքր հացով, սրա նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կամ թե հարեւան գյուղերում մշակ վարձվում։  20 տուն գաղթել է Բագու, եւ աշխատում են նավթահորերում։ Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում եւ գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն։

Դպրոց չունեն։ Եկող տարվա համար որոշել են մի սենյակ պատրաստել։ Նստարանների վարձը Բագվի միությունն է խոստացել տալ։

-Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան,- ասում են գյուղացիք։

Իրենց գյուղից մեկին ուղարկել են  Բագու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի։ Հիմա էլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կը կարողանա քննություն տալ։

-Աղքատ ենք, համա գիտակից,- մի առանձին հպարտությամբ  ասում է ընկեր Արամայիսը` բջիջի քարտուղարը։

Գյուղում կա 80 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միությունը 45 անդամ ունի։ Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են։

-Նոր կենցաղն սկսել է տիրապետել,- ասում է  ընկ. Արամայիսը եւ պատմում,  թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ։ Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչեւ լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստում եւ առավոտյան  մեծ շուքով թաղում։

Հողը պակաս է, տեղը` քարոտ։

Հողային խնդիրը խճճված է։

Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտերից վնասվել են. մուկն էլ մի կողմից է վնասել։

Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի։ Այգիներում էլ հիվանդություններ են տարածվել, իսկ գյուղացիք` բժշկության ձեւերին անծանոթ են։

-Էս Կյորուում ապրելով մի լայն օրի հասնելու չենք,- ասում է մի գյուղացի, որ եկել է մեզնից նոր լուր իմանալու։

Գյուղը ջուր էլ չունի։

Դարերի ընթացքում որքան  աշխատել են ջրի փոքրիկ առվակները քերծից քերծ տանելու։ Մի տեղ ժայռն են ծակել մի քանի սաժեն երկարությամբ, մի այլ տեղ` հսկա թմբերը շինել կամ նավերը անցկացրել, որոնք լարախաղի պարանի պես ձգվում են մի քերծի գլխից դեպի մյուսը։ Եվ ինչպիսի վտանգավոր ձեւով են մաքրում այդ նավերը կամ ժայռերը պայթեցնում նոր առու անցկացնելու։ Պատահել է, որ նավի գլխից մարդիկ ձորի անդունդն են ընկել։ Սարի գլխին մի տափարակ տեղ կա, գյուղի համար շատ հարմար, եւ ահա որոշել են ամբողջ գյուղով ձորից դուրս գալ եւ այդ տափարակում նոր գյուղ հիմնել, սակայն որոշումն անկատար է մնացել, միջոց չունեն։

-Էս հեռու ձորին ո՞վ է օգնում,- ասում են, -օգնություն որ լինի, մենք էստեղ չենք ապրի։

Վտանգավոր էլ է։ Շատ անգամ ժայռերը փլվում են, մարդ ու անասուն տակովն անում։ Քանի՜ գլուխ անասուն է գլորվել նեղ կածանից դեպի անդունդը։ Հենց հիմա էլ գյուղի վերեւում մի ահռելի ժայռ կա, որը ճաքել է եւ մոտ է փլելու։ Եթե դինամիտ լինի, վտանգը կարելի է կանխել։

Մի քանի տարի շարունակ գյուղը դաշտում ջրի ակունք է փնտրել։

Դաշտում էլ ջուր չկա։ Գութանավորին էշով են ջուր տանում։

Ջրորսների այդ բազմությունը շատ տեղեր է փորել. ջուր գտնելու հույսով։ Եվ գյուղում որքան են ուրախացել, երբ մի գեղեցիկ օր հողի երեսի խոնավ շերտը վարելուց հետո կանոնավոր առու է գոյացել։

Փրկության ուղին գտել են, ելք են ստեղծել, բայց միջոց չունեն նոր գյուղ հիմնելու։

Ջրորսները հիմա էլ շարունակում են ջրի ակունք փնտրել լերկ ժայռերի մոտ ամռան կիզիչ արեւի տակ։

***

 

Աղբյուրի մոտ հանգստանում ենք։ Կին ու աղջիկ ջրի են գալիս։ Մեզ տեսնելիս մի քիչ շփոթվում են, ոմանք երեսը կիսով չափ ծածկում։ Լսում եմ` ինչպես միմյանց հարցնում են, թե ովքեր են սրանք։

-Ամոթ չլինի հարցնել, որտեղացի՞ եք,- դառնում է մեզ մի տարիքավոր կին, կուժը աղբրի տակ դնելով։

Ես պատասխանում եմ, ու մի քիչ անց` էլի հարցնում է, այս անգամ, թե ինչո՞ւ ենք եկել։

-Նանի՛, եկել ենք բաղերին ճար խփենք,- ասում է մի կոմսոմոլ։

Նանին չի հավատում , թե այգիները դեղ սրսկելով կարելի է բուժել։

Նայում է մեզ, մեր գործիքներին ու ծոր տալով ասում.

-Է, դրանով բան չի լինի։ Ցավը տվովի է, ինչ կարող եք անել։

«Տվովի» ասելիս, գլուխը դեպի երկինք է բարձրացնում, ինչպես հավը ջուր խմելիս։

Նանին գնաց ու քիչ հետո մի փոքրիկ տղայի թեւից բռնած հետ եկավ։

-Կարա՞ք սրան մի ճար արեք, մինուճարս է, -ասեց ու փոքրիկի շապիկը վեր քաշեց։ Երեխայի պորտի տակ մի մեծ ուռուցք կար, որից նա շատ էր նեղվում։

Ասում եմ, որ բժիշկի մոտ տանի։

-Բա դուք մի ճար չունե՞ք,- նորից է հարցնում ու զղջալով հետ դառնում։

Աղբյուրին է մոտենում մի պատանի` ծաղկատար դեմքով, ծաղկից կուրացած աչքերով։ Փայտով գետինը շոշափելով` նա հասնում է աղբյուրին, մի կուշտ խմում ու էլի հեռանում։

-Կույր է, գիշերն էլ մենակ հանդ է գնում, եզները պահում։

Տան միակ աշխատավորն է,- ասում է գզիրը, որ երկու ժամ գյուղում ման գալուց հետո, հազիվ կարողացել է մի լղար էշ գտնել, դեղորայքն ու գործիքներն այգիները տանելու համար։

Ճանապարհ ենք ընկնում։ Այգիները չորս վերստ հեռու են։ Պետք է բարձրանալ սարն ի վեր, իջնել, նորից վեր ելնել ու այսպես մի քանի անգամ։

Որոտում է, անձրեւ է գալու, շտապում ենք։ Գզիրը բզում է Էշին եւ մերթ ընդ մերթ հետեւից հրում։

-Մի տուն է պահում, է՜, ութ շունչ էս քուռակին են նայում,- ասում է եւ սրածայր մահակով կրկին բզում։

Անձրեւը կաթկաթում է եւ հանկարծ փոխվում կարկտի։

Տաս րոպե չանցած` գետինն սպիտակի է տալիս։ Կարկտին հաջորդում է անձրեւը, վարար անձրեւ, ասես դույլերով են ջուր թափում։

Գզիրը ավելի է բզում, նզովում, «վաշ» անում, որ կարկուտն արտերին վնասեց, որ հեղեղ է լինելու եւ նորից ու նորից հրում, բզում իշին։

Այգիները դեռ հեռու են, որոշում  ենք վերադառնալ։ Մեր եկած ճանապարհն անճանաչելի էր դառել։ Ամեն քարի վրա մանր վտակներ, պղտոր անձրեւաջուր, ու սրընթաց գետակներ, որ շառաչով, ահագին քարեր տանելով թավալգլոր իջնում էին սարի լանջով։

Ցեխ է, սայթաքում ենք։ Շորերս սպունգի պես անձրեւ է ծծել։

Արագացնում ենք մեր քայլերը։

Վայրէջքն ավելի հեշտ է։ Աղբյուրի մոտ, ձորի միջով մի ահագին գետ է անցնում։

Մի կերպ քարերի վրայով ցատկում ենք, վազում ու մտնում առաջին պատահած գոմը։

Գզիրը տնից-տուն է ընկնում. փոխնորդ շորեր կար, չտվին, - ասում է գզիրը։ - Բագվից են բերել, ազիզ են պահում։

Անձրեւը չի դադարում։

Հավաքվում ենք «Կանցելարը», որ ներքնահարկ մի սենյակ է։

Հեղեղը փոքրիկ լճակներ է գոյացրել «կանցելարի» հողի հատակի վրա։

Գզիրը ցախ է բերում, հենց «կանցելարում» էլ կրակ անում։ Տաքանում ենք։ Գյուղացիք մեկ-մեկ հավաքվում են։

Բոլորն էլ փոքրիկ, թրջված, ոմանք մի հնամաշ կարպետ ուսերին։ Խռնված են կրակի շուրջը։

Խոսքը հեղեղի մասին է։ Մի տեղ հեղեղը արտն է սրբել, տարել, մի ուրիշ տեղ այգում կարասներն են ջարդվել, ոչխար է ընկել հեղեղի բերանը, ջաղացի առուն է քանդվել։

-Դրանց էշը ջրի մեջ տաշեղի նման վեր ու վար էր անում,-հայտնում է մեկը։

Մի քանի օր առաջ արտերը երաշտից խանձվում էին, հիմա էլ հեղեղն է վնասել։

-Էդ լավ եղավ, որ թրջվեցինք, - ասում է մեզ մի ալեւոր,- գյուղացու հալն իմացեք։

Խորհրդի նախագահը գանգատվում է, որ մկների դեմ պայքարն ուշացնում են։ Ինքն այդ մասին վաղուց է հայտնել Շրջգործկոմին։

Հետո պարզվեց, որ մկների մասին ուղարկած դիմումը շրջգործկոմի գրասենյակից հողբաժին է հասել... տաս օրվա ընթացքում, այնինչ երկուսի միջեւ միայն մի արշինանոց պատ կա, դռներն էլ իրար կից են։

***

«Կանցելարում» կրակը թեժացնում ենք։

Բագվից նոր եկած մի բանվոր, որ հանդում թրջվել ու ցեխոտվել  է, մոտենում է կրակին։

-Էհ, տասը տարի քաղաքում չարչարվես, մի քանի օր գյուղում  չապրես։ Էս ինչ հալ է՜...

Սկսում է Բագուն գովել։

-Ութ ժամ աշխատի, եկ տանը քնիր, ինչքան ուզես։

Կուչ ենք եկել կրակի շուրջը։ Բոցը կարմիր լեզվակներով դիպում է ցախերին ու լուսավորում ներքնահարկ« կանցելարը»։ Անձրեւը չի դադարում։

Դուրսը մութ է արդեն։ Քամուց խշշում են դարավոր ընկուզենիները, իսկ ձորերում հեղեղն է վշշում` ահագին քարեր իր երախի մեջ առած։ Մթի հետ զարզանդ է իջնում գյուղի վրա։

Մոթալ փափախի տակ, չիբուխին զոռ տալով, մի միտք են անում գյուղացիք։

-Ինչքան վնաս տվեց հեղեղն այսօր...

 

ԱԿՍԵԼ

Խորհրդային Հայաստան

26 օգոստոսի 1925թ. N 193

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19