Լեւոն Մնացականյան. «… Մենք ունենք բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ են տալիս ոչ միայն զսպելու, այլեւ պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդին պարտադրելու մեր կամքը»

29.06.2017 12:07
1759

(«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը)


Մնացականյան Լեւոն Հենրիկի

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքում: 1984-1989թթ. սովորել է Երեւանի Կ.Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտում, 2003-2005թթ..` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Բելոռուսիայի ռազմական օկրուգում: 1990-1992թթ. եղել է Ստեփանակերտի առաջին վաշտի ազատամարտիկ, 1992-1993թթ.՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի 61-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, 1993-1994-ին` ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրետանային դիվիզոնի հրամանատար, ապա` հրետանու պետ, 1994-2001թթ.` հրետանային բրիգադի, N զորամիավորման, ՊՆ N զորամասի, 2001-ից` N զորամիավորման հրամանատար:

2005թ. հոկտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2007թ. մայիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2012-2015թթ.` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2015թ. հունիսի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար:

2003թ. շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2014թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

1996թ. սեպտեմբերի 20-ին պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 2001թ. հուլիսի 28-ին պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 2006թ. սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով: Պարգեւատրվել է նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով» մեդալներով, այլ պետական ու գերատեսչական շքանշաններով ու մեդալներով:

1991-1994թթ. ակտիվ մասնակցել է Ստեփանակերտի Առաջին վաշտի, Կենտրոնական պաշտպանական շրջանի եւ այլ զորամասերի կազմում ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանության եւ ազատագրման համար մղված մարտական գործողություններին:
Ամուսնացած է, ունի երեք որդի:


- Պարո՛ն նախարար, նախեւառաջ կուզենայինք իմանալ Ձեր գնահատականն Արցախ-Ադրբեջան շփման գծի օպերատիվ իրավիճակի մասին: Վերջերս՝ գրեթե ամեն օր, լարվածության սաստկացման մասին լուրեր ենք լսում:

- Ընդհանուր առմամբ առաջնային գծում տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես կայուն լարված: Հակառակորդը, իր սովորության համաձայն, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ ականանետային զինատեսակներ, փորձում է արհեստականորեն սրել իրավիճակը: Հատուկենտ դեպքերում արձանագրվում են նաեւ դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվում եւ կանխվում են: Չնայած հակառակորդի դրսեւորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լրիվությամբ վերահսկում են իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ:

- Եթե կարելի է՝ համառոտ զուգահեռ անցկացնենք Արցախ-Ադրբեջան սահմանագծի (շփման գծի) հուսալիության, պաշտպանվածության՝ 2016թ. ապրիլյան օրերի եւ ներկա վիճակի միջեւ:

- Ասել, որ մինչ ապրիլյան առճակատումը մեր առաջնագծում կատարված աշխատանքներն անբավարար են եղել հուսալի պաշտպանություն իրականացնելու համար, մեղմ ասած, սխալ կլիներ: Այլ հարց է, որ ժամանակի հետ փոխվում են նաեւ պաշտպանական համակարգի առջեւ դրված խնդիրներն ու պահանջները, եւ այն անընդհատ կատարելագործման ու վերազինման կարիք է զգում: Ապրիլյան մարտերը, բացի մի շարք կարեւոր դասերից, մեզ առիթ տվեցին հետեւություններ կատարել նաեւ առաջնային գծի վերակահավորման ու ամրապնդման հետ կապված հարցերի շուրջ: Անցած գրեթե մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, կարելի է վստահորեն ասել, հիմնովին փոխել են շփման գծի ողջ երկայնքով եւ խորությամբ ստեղծված մեր պաշտպանական համակարգի՝ մինչ այդ ունեցած հնարավորությունները: Այստեղ խոսքը վերաբերում է ինչպես ինժեներական բաղադրիչի կատարելագործմանը, այնպես էլ ժամանակակից տեխնիկական սարքավորումների ներդրմանը, ինչը հնարավորություն է տալիս մեզ անհրաժեշտ խորությամբ էշելոնացված դիտարկում իրականացնել առաջնագծում եւ, որ շատ կարեւոր է, հետեւել հակառակորդի շարժին ու գործողություններին:

- Ժամանակ առ ժամանակ հանրությունը տեղեկացվում է առ այն, որ վերջին մեկ տարում նկատելի առաջընթաց է գրանցվել մեր բանակի սպառազինության, սահմանի պաշտպանական համակարգի արդիականացման ուղղությամբ: Կարո՞ղ եք մեկ-երկու կոնկրետ օրինակ մատնանշել այդ առումով, եթե, իհարկե, ռազմական գաղտնիքը խախտելու խնդիր չկա:

- Ինչ վերաբերում է սահմանի պաշտպանական համակարգի արդիականացման ուղղությամբ իրականացված գործընթացներին, ես վերեւում նշեցի, ու, թերեւս, դրանով բավարարվենք: Սպառազինության մասով ասեմ հետեւյալը՝ մենք ունենք ժամանակակից, այդ թվում նաեւ՝ հայրենական արտադրության, բոլոր այն հնարավոր միջոցները, որոնք թույլ են տալիս ոչ միայն զսպելու, այլեւ պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդին պարտադրելու մեր կամքը:

- Պատկերացնում ենք պաշտպանության նախարարի ցավն ու ծանր ապրումներն ամեն մի զինվորականի մահվան դեպքում: Բայց շատ կարեւոր է ամեն մի միջադեպի հետաքննությունը… Վերջերս մի արտահայտություն լսեցինք, որ ողջամիտ թվաց ստեղծված իրավիճակում. «Փառք Աստծո, որ զոհված զինծառայողների ցավալի իրողությունը չի վերածվում վիճակագրության, այլ մեկ առ մեկ, դեպք առ դեպք քննարկվում է եւ որոշումներ ընդունվում»: Ձեր նկատառումները կուզենայինք լսել:

- Յուրաքանչյուր հայ զինվորի կորստյան ցավ մենք՝ զինվորականներս, ազնվորեն ու հավասար կիսում եւ սգում ենք նրա ծնողների ու հարազատների հետ. դա իրականում այդպես է: Հենց այս իրողությունից բխող տրամաբանությամբ էլ ընդունում ենք մեր որոշումները եւ կատարում համապատասխան հետեւություններ:

- Ցավալի այդ հարցում ուզում ենք մինչեւ վերջ անկեղծ լինել. երբ զինվորը սահմանի պաշտպանության ժամանակ է զոհվում կամ մարտական գործողության ընթացքում, դա հանրային այլ ընկալումի է արժանանում, նման զինվորներին արդարացիորեն նահատակ ենք համարում: Եվ դա ճիշտ է: Բայց երբ զինվորը մահանում է ներքին կարգապահական կանոնների կամ ներքին հարաբերությունների ոչ ճիշտ իրացման արդյունքում, ապա դա շատ ավելի ցավալի է լինում հանրության համար:

- Բանակի համար երկու դեպքում էլ կորուստը ծանր է, ինչպես ծնողի եւ հարազատի համար է լինում ծանր: Նրանք զավակ են կորցրել, իսկ մենք՝ զինվոր:

- Երբ կողքից դիտարկում ենք շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, ժամանակ առ ժամանակ արձանագրվող դիվերսիոն քայլերը հակառակորդի կողմից, իրավիճակը սրելուն միտված գործողությունները, տպավորություն ենք ստանում, որ մեր մարտավարությունը բացառապես զսպման մարտավարություն է, ինչն, իհարկե, գնահատելի է եւ համապատասխանում է հայկական երկու հանրապետության ռազմաքաղաքական դոկտրինային: Բայց հակառակորդը, կարծեք, դա չի գնահատում, դրանից եզրակացություններ չի անում…

Միգուցե ժամանա՞կն է, որ մենք զսպման քաղաքականությունից անցնենք ակտիվ զսպման, ակտիվ կանխարգելման քաղաքականության:

- Չեմ կարծում, որ դա հրապարակային քննարկման թեմա է: ՊԲ հրամանատարությունը նման հարցերի շուրջ իր որոշումներն ընդունում է ըստ անհրաժեշտության եւ նպատակահարմարության: Արցախի զինված ուժերի գլխավոր խնդիրը հարազատ ժողովրդի եւ երկրի անվտանգ կենսագործունեության ապահովումն է եւ դա կատարում է պատվով: Լինել նախահարձակ, դեռեւս չի նշանակում հանդես գալ թելադրողի դերում:

- Միջազգային ինչ-ինչ կազմակերպություններ, փորձագետներ վերջերս ավելի հաճախ են նշում հայ-ադրբեջանական նոր զինված ընդհարման, բախման հավանականությունը մեծանալու մասին: Նույնիսկ ենթադրություններ են արվում, թե հնարավոր ընդհարումն ինչ սցենարով կզարգանա:

Դուք՝ որպես Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ինչպե՞ս եք գնահատում պատերազմը վերսկսելու հավանականությունը եւ հնարավոր ռազմական գործողությունների հետեւանքները:

- Ես՝ որպես պաշտպանության նախարար, պարտավոր եմ պատերազմի վերսկսման հավանականության մասին մտածել ամեն պահի եւ հենց այդ հաշվառումով էլ կազմակերպում եմ իմ եւ բանակի առօրյա կենսագործունեությունը: Ինչ վերաբերում է հնարավոր ռազմական գործողությունների հետեւանքներին, ապա, ի տարբերություն հակառակորդի, մենք նախընտրում ենք, բարձրագոչ հայտարարությունների փոխարեն, մեր իրական հնարավորությունները ցույց տալ մարտադաշտում:

- Մի դիտարկում էլ ունենք՝ ե՛ւ փորձագետները, ե՛ւ որոշ զինվորական գործիչներ (նախկին ու ներկա) հայ-ադրբեջանական հնարավոր ու նոր բախման մասին խոսելիս երկու հանգամանքի վրա ուշադրություն են սեւեռում՝ մեկն այն է, որ հակառակորդը սպառազինության հարցում ինչ-որ առավելություն ունի, մյուսն էլ այն է, որ մարդկային ռեսուրսն էլ գերազանցում է մեր ունեցածին: Իհարկե, հաճախ նաեւ այդ դատողություններին իրենք էլ պատասխան են տալիս՝ ո՛չ սպառազինությունը, ո՛չ մարդկային ռեսուրսի գերազանցությունը չեն կարող վճռորոշ լինել, բայց… Մեզ, անկեղծորեն, Ձեր կարծիքն է հետաքրքրում:

- Չնայած իմ նախասիրությունների մեջ գրեթե չի մտնում անցյալ ժամանակով խոսելու սովորույթը, բայցեւայնպես բացառության կարգով ստիպված եմ հիշեցնելու Արցախյան առաջին պատերազմի փորձը: Այն ժամանակ էլ թե՛ կենդանի ուժի, թե՛ սպառազինության թվաքանակով բազմիցս զիջում էինք հակառակորդին, բայց եղավ այն, ինչ որ եղավ: Այսօր ուժերի հարաբերակցությունը լրիվությամբ այլ է, եւ ոչ ի նպաստ հակառակորդի: Խոսքը վերաբերում է ինչպես սպառազինվածությանը, այնպես էլ այդ սպառազինությունն օգտագործող զինվորի մարտավարամասնագիտական պատրաստվածությանը: Այնպես որ մենք ունենք այն, ինչն անհրաժեշտ է մեր առջեւ դրված խնդիրը հաջողությամբ լուծելու համար:

- Ապրիլյան պատերազմի փորձն ու դասերը հաշվի առնելով՝ ինչպե՞ս եք գնահատում կամավորների, պահեստազորայինների դերը սահմանային լարված իրավիճակներում կամ մարտական գործողությունների ընթացքում:

- Ապրիլյան առճակատումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ մեր բանակը ժողովրդական բանակ է եւ ունի հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը փայլուն կերպով կատարելու հզոր ներուժ: Իրականում անգնահատելի է բոլոր նրանց կատարածը, ովքեր, առանց կանչի, հաշված ժամերի ընթացում կամավորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը: Նման պահվածքն ու պատրաստակամությունը կարեւոր էին ոչ միայն բանակի անհրաժեշտ համալրվածությունը ժամանակին եւ հավուր պատշաճի ապահովելու տեսանկյունից, այլեւ զինանձնակազմի բարոյամարտական ոգին բարձրացնելու առումով:

- Բավականին շատ խոսվեց օրերս անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին: Ըստ Ձեզ՝ ռազմավարական, մարտավարական, սպառազինության տեսակետից ինչ-որ նորույթ կա՞ր այդ զորավարժություններում, թե՞ դա կարելի է համարել հերթական ու սովորական վարժանք, ուժերի հարաբերակցությանն էական անդրադարձ չունեցող մի միջոցառում:

- Զորավարժությունների անցկացումը յուրաքանչյուր բանակի մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացման կարեւոր բաղադրիչներից է, եւ դրանք իրականացվում են հենց այդ նպատակին ծառայեցնելու համար: Իհարկե, լինում են երկրներ, որոնք համաբանակային կարեւորության նման միջոցառումներն իրականացնում են առանց հրապարակային լայն հնչեղություն տալու դրանց, բայց լինում են նաեւ երկրներ, որոնք տվյալ զորավարժությունները կազմակերպում են հենց հնչեղություն հաղորդելու համար: Չթերագնահատելով մեր հակառակորդին, այդուհանդերձ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը դասվում է զորավարժություններին հնչեղություն տվող երկրների շարքին: Իհարկե, դա իրենց գործն է, իսկ մեր գործն է հանգիստ ու առանց ավելորդ հրապարակայնության զբաղվել մեր բանակի մարտունակության բարձրացմամբ եւ հարկ եղած դեպքում կատարել այն, ինչին կոչված է Արցախի զինված ուժերը: 

- Ի դեպ, թուրքական հրահանգիչների, սպաների, մասնագետների մասին եւս ժամանակ առ ժամանակ լսում ենք, որոնք ընդգրկված են ադրբեջանական զինուժի կազմում: Նախ՝ որքանո՞վ են այդ խոսակցությունները հավաստի, եւ երկրորդ՝ արդյո՞ք թուրքական մասնագետների գործակցությամբ ադրբեջանական բանակի մարտունակությունն ինչ-որ չափով բարձրանում է:

- Նախ ասեմ, որ թուրքական հրահանգիչների եւ մասնագետների առկայությունն ադրբեջանական բանակում նորություն չէ, քանի որ նրանց ներկայությունն այդտեղ եղել է 1992 թվականից սկսած: Հայտնի փաստ է նաեւ, որ բացի հրահանգիչներից եւ մասնագետներից, ադրբեջանական բանակի կազմում Արցախյան առաջին պատերազմին իր մասնակցությունն է ունեցել թուրքական «Գորշ գայլեր» ստորաբաժանումը: Կան նաեւ հավաստի փաստեր ապրիլյան առճակատման ժամանակ թուրքական հատուկ ջոկատայինների մասնակցության վերաբերյալ: Այնպես որ թուրքական գործոնն ադրբեջանական բանակում միշտ էլ եղել է: Իսկ թե որքանով է դրա առկայությունը նպաստում հարեւան երկրի զինուժի մարտունակության բարձրացման վրա, չեմ ուզում գնահատել նախկինում Ադրբեջանի հետ ունեցած լայնածավալ կամ տեղային նշանակության առճակատումների արդյունքներով, քանի որ դրանք արդեն անցյալ են: Կապրենք, կտեսնենք:

Հարցազրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23