Լեոնիդ Գրիգորյան. «Հպարտությամբ եմ մտել բանակ եւ նույնպիսի հպարտությամբ էլ հրաժեշտ եմ տալիս, բայց միշտ կանգնած կլինեմ հայոց ազգային բանակի շարքերում»

11.09.2017 12:36
2258

Երեսուներեք տարի զինվորական գործին նվիրված, քսանմեկ եւ ավելի տարի Կապանի զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցրած, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն անցավ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի:

Տարիներ շարունակ արած-չարածի, վերապրածի, անցյալին գնահատական տալու մասին է զրույցը փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի հետ, ով երբեք չի հեռացել հայրենիքի հզորության ու բարօրության համար մարտնչելու ճշմարիտ ուղուց, իր զինվորներին տվել է անփոխարինելի զենք` հրամանատարի անձնական օրինակ` նրանց ներշնչելով համարձակություն, խիզախություն եւ անկոտրում կամք:

- Պարո՛ն Գրիգորյան, եթե ամփոփենք, քանի՞ տարի է՝ զինվորական ծառայության մեջ եք:

- 1982թ. ապրիլի 13-ին Ղափանի զինկոմիսարիատից զորակոչվել եմ խորհրդային բանակ, ծառայել Գերմանիայի Մայսեն քաղաքում՝ 11-րդ տանկային դիվիզիայի զենիթահրթիռային գնդում: Ծառայությունս այնպես անցավ, որ գնդի հրամանատարն ինձ հորդորեց մնալ բանակում: Ենթասպայի կոչում ստանալուց հետո սկզբնական շրջանում զինվորական ճաշարանի պետ էի, քանի որ այլ թափուր հաստիք այդ պահին չկար, այնուհետեւ նույն գնդում նշանակվեցի ավտոմոբիլային դասակի հրամանատար: Գերմանիայում ծառայության ժամկետն ավարտելուց հետո՝ 1988թ. հոկտեմբերին, տեղափոխվեցի Լենինգրադի զինվորական օկրուգ, որտեղից գործուղվեցի Լենինգրադ քաղաքից քիչ հեռու՝ Սապյոռնայա զինվորական ավան, որտեղ տեղակայված էր ԽՍՀՄ զորքերի 44-րդ հետեւակային դիվիզիան, եւ նշանակվեցի դիվիզիայի զենիթահրետանային գնդի ռադիոլոկացիոն կայանի պետի պաշտոնում: Նշված գնդում ծառայելու կարճ ժամանակաընթացքում, բացի պաշտոնեական պարտականություններից, ինձ վրա դրվեցին մի քանի այլ պարտականություններ եւս, որոնք կատարում էի պատշաճ մակարդակով: Այս ամենից ելնելով՝ հեղինակություն ձեռք բերեցի բարձրաստիճան հրամանատարության շրջանում, որն էլ հիմք հանդիսացավ ծառայությանս 20-րդ օրն ինձ երեքսենյականոց բնակարանով ապահովելու համար, որն էլ համընկավ չարաբաստիկ Սպիտակի երկրաշարժի օրվան: Նույն օրը գնդի հրամանատարի առաջարկությամբ մեկնեցի Հայաստան՝ ընտանիքիս տեսակցելու եւ ընտանիքս ինձ հետ ծառայության վայր տեղափոխելու նպատակով: 1989թ. հունվարի սկզբին ընտանիքով վերադարձա՝ ծառայությունս շարունակելու՝ նույն բարձր պատասխանատվության զգացումով եւ եռանդով: Քանի որ ենթասպա էի եւ նշանակվում էի միայն այդ կոչմանը համապատասխան պաշտոններում, սակայն ինձ հանձնարարվում էին տարբեր սպայական պարտականություններ, որն էլ կատարում էի բարձր մակարդակով, գնդի հրամանատարի միջնորդությամբ զինվորական ուսումնարանում էքստեռն քննություններ հանձնեցի՝ սպայի կոչում ստանալու համար, որ այդ ժամանակ հազվադեպ երեւույթ էր:

Ծառայել եմ խորհրդային բանակում նվիրումով, պարտքի մեծ զգացումով, քանզի այնտեղ նախեւառաջ ներկայացնում էի իմ ազգային ինքնությունն ու հպարտությունը, որը եկել էր մեր պապերից ժառանգած հերոսական գեներից: Ծառայության ընթացքում հաճախակի արժանանում էի հրամանատարության խրախուսանքներին, սակայն հոգուս խորքում կար մի անհանգստություն՝ պայմանավորված հայրենիքում տիրող իրավիճակով: Իմ հայրենի բնօրրանը՝ Կապանը, աշխարհագրական դիրքից ելնելով, գտնվում էր ադրբեջանական տարածքներով սեպված մի վայրում, որտեղ ես վտանգված էի տեսնում իմ քաղաքի բնակչության ապագան: Երեւան-Կապան գնացքի ճանապարհահատվածի 90 եւ ավելի տոկոսն անցնում էր ադրբեջանական տարածքներով, եւ այդ ժամանակ ազերիները ոչ միայն խոչընդոտում էին երթեւեկությունը, այլեւ ջարդում գնացքները եւ պատանդ վերցնում ուղեւորներին: Դրան հաջորդեց մորս հեռախոսազանգը. «Բալե՛ս, ապրի՛ր այդտեղ, չվերադառնաս, այստեղ վտանգ կա»: Եվ այդ բառերից անմիջապես հետո գնացի գնդի շտաբ եւ զեկուցագիր ներկայացրի գնդի հրամանատարին իմ զորացրման վերաբերյալ: Նրանք հանկարծակիի եկան եւ հրաժարվում էին զեկուցագիրս վերցնելուց, քանզի, իրենց ասելով, իմ հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին ոչ բոլորն էին արժանանում: Առաջարկեցին ավելի հեռանկարային ծառայություններ եւ արտոնություններ, սակայն հրաժարվեցի, եւ արդեն հինգերորդ զեկուցագրից հետո զորացրման համաձայնություն տվեցին: Հայրենիքում տիրող իրավիճակից ելնելով՝ վերցրի կնոջս ու երկու զավակիս եւ վերադարձա:

- Եվ, այնուամենայնիվ, զինվորական Լեոնիդ Գրիգորյանը՝ որպես մարտական հրամանատար, ձեւավորվել է Արցախյան պատերազմում:

- Բնականաբար, Արցախյան պատերազմը վերջնականապես ձեւավորեց զինվորական Լեոնիդ Գրիգորյանին: Երկու գումարտակ եմ ղեկավարել՝ ՆԳ պահպանության Կապանի բաժնին կից կազմավորված այլընտրանքային հրաձգային գումարտակը, որտեղ ի պաշտոնե դասակի հրամանատար էի, բայց քանի որ գումարտակի միակ սպան էի, կատարում էի նաեւ գումարտակի հրամանատարի պարտականությունները: Մեկուկես տարի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ՀՀ-ում գործում էր պաշտպանության նախարարությունը, եւ իմ զորացրված որոշ զինվորների հետ տեղափոխվեցի Կապանում տեղակայված ՀՀ ՊՆ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ, նշանակվեցի 1-ին գումարտակի շտաբի պետի տեղակալ, այնուհետեւ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով՝ բրիգադի առաջին գումարտակի հրամանատար: Սկզբնական շրջանում կազմակերպչական աշխատանքները դժվարությամբ էին հունի մեջ մտնում, քանի որ ծառայությունը կազմակերպում էինք անփորձ եւ զինվորական կրթություն չունեցող մարդկանց հետ, բայց իրավիճակը դա էր եւ դժվարությունից չէր կարելի թեւաթափ լինել, քանի որ առջեւում սպասվում էին ավելի լայնածավալ մարտական գործողություններ: Կարճ ժամանակամիջոցում կարողացա նրանց կանգնեցնել զինվորական ուղու վրա, ինչը նպաստեց ավելի արդյունավետ ծառայություն կազմակերպելուն, որի արդյունքը ողջ մարտական գործողությունների ընթացքում երկու գումարտակներից ունեցած սակավաթիվ կորուստներն էին: Իմ զինվորը գիտեր եւ, ինչպես ժամանակը ցույց տվեց, նաեւ ականատես եղավ իմ կյանքը հանուն նրա փրկության զոհաբերելուն: Ոչինչ եւ ոչ ոքի չեմ մոռացել, անցած ճանապարհովս հպարտանում եմ, այսօր ում աչքերի մեջ պետք է նայեմ, նրանից իմ հայացքը չեմ փախցնում, հիշում եմ բոլորին մեկ առ մեկ: 2006թ.-ից առ այսօր իմ գումարտակի զինվորների հետ ուխտագնացություն ենք կազմակերպում ամբողջ հանրապետության տարածքում՝ այցելելով մեր գումարտակից զոհվածների շիրիմներին, ինչպես նաեւ բարոյական աջակցություն ցուցաբերում նրանց ընտանիքի անդամներին:

Պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար էի, զինադադարից հետո՝ բրիգադի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստվածության գծով. վարածս պաշտոնների դեպքում անմիջապես պատասխանատու էի յուրաքանչյուր զինվորի թե՛ մարտական, թե՛ բարոյահոգեբանական վիճակի համար: Հատկապես պատերազմի տարիներին մշտապես առաջնորդվել եմ «Դեպի առաջ», «Բոլորը մեկի համար, մեկը` բոլորի» սկզբունքներով: 1994թ. հունվարի 6-ից գումարտակս տեղափոխվեց մարտական գործողությունների գոտի: Իմ որոշմամբ` զինվորները, ովքեր ընդամենը 1-2 ամսվա մարտական փորձ ունեին, ռազմական գործողությունների մեջ պետք է մտնեին միայն կամավորության սկզբունքով: Չեղավ գեթ մեկը, ով առաջին գծում հայտնվելու ցանկություն չհայտներ: Շնորհիվ մարտական ոգու, հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատրաստակամության՝ գումարտակս տրված մարտական առաջադրանքը կատարեց պատվով` այդ պատերազմում հաղթանակ ձեռք բերելու գործում ունենալով նշանակալի ներդրում:                   

- Եվ զինվորական ծառայության տարիներից քանի՞սն եք անցկացրել որպես ՀՀ Կապանի զինվորական կոմիսար:

- 1996թ. հունվարի 26-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվեցի ՀՀ Կապանի զինվորական կոմիսար՝ բրիգադի հրամանատար, այժմ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի միջնորդությամբ: Այդտեղ տեղափոխվեցի Կապանի բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնից, որ նշանակվել էի լեգենդար հրամանատար, Մեծ հայրենական եւ Արցախյան պատերազմներում փառավոր հաղթանակներ կերտած, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի առաջարկությամբ ու միջնորդությամբ: 1994թ. հունվարի 23-ին Հորադիզի մատույցներում ծանր վիրավորվելուց հետո մարտական գործողությունների գոտում երկար մնալու համար առողջական վիճակս չներեց, բայց մնացի այնտեղ այնքան ժամանակ, ինչքան հարկ համարեցին: Այդ պաշտոնը նոր ոլորտ էր ինձ համար, բայց կարճ ժամանակում ծանոթացա աշխատանքի բնույթին՝ կոլեկտիվիս աջակցության շնորհիվ արագ տիրապետելով պարտականություններիս: 21 եւ ավելի տարի վարել եմ այդ պաշտոնը, կատարել բոլոր պետական առաջադրանքները՝ անցկացնելով 43 զորակոչ, հինգ տասնյակից ավելի զորահավաքային միջոցառումներ, կատարել անթիվ հատուկ հանձնարարություններ, կարողացել հանրության շրջանում պատշաճ մակարդակով ներկայացնել զինվորական կոմիսարի դերը: Բացի պաշտոնեական պարտականություններից՝ հավելյալ բազում աշխատանքներ ենք իրականացրել՝ համագործակցելով հայկական եւ ռուսական զորամասերի, տարբեր հկ-ների եւ կազմակերպությունների հետ:

Առանձնահատուկ ուզում եմ նշել երջանկահիշատակ Շմավոն Մովսիսյանի հետ մեր ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունների մասին, ով հայրենասեր, իր գործին նվիրյալ անձնավորություն էր, սրտացավ՝ երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ: Նրա հետ միասին թանգարանում ստեղծեցինք ռազմահայրենասիրական համալսարան, որտեղ հատուկ դասացուցակով եւ ծրագրով շաբաթական մեկ օր անց էինք կացնում դասընթացներ նախազորակոչային տարիքի երեխաների հետ՝ նպատակ ունենալով նրանց մեջ սերմանել հայրենասիրություն եւ սեր ռազմական գործի հանդեպ: Տարեկան մեկ անգամ երեխաներին տանում էինք ազատագրված տարածքների համապատասխան զորամասեր՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, զինվորների առօրյային, նիստուկացին ծանոթացնելու համար: Իմ նախաձեռնությամբ, նախկին պիոներական ճամբարների փոխարեն, առաջարկեցի կազմակերպել մեկշաբաթյա ռազմական ճամբար, որ իրականություն դարձավ Ռիտա Դավթյանի, Ռոմա Սարգսյանի, Սուրիկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ:

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պաշտոնաթողությունը:

- Պաշտոնաթողությունս պայմանավորված է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելով: Պաշտպանության նախարարի հրամանը եղել է օգոստոսի 15-ին: Համաձայն գործող օրենքի՝ ՀՀ զինված ուժերում փոխգնդապետները՝ 50, գնդապետները՝ 55, գեներալները՝ 60 տարեկանում անցնում են զինվորական կենսաթոշակի: Առհասարակ մեզ՝ ավելի երիտասարդներով փոխարինելու գործընթացին շատ դրական եմ վերաբերվում:   

- Կապանի զինկոմ աշխատելու 21 եւ ավելի տարիների ընթացքում երեւի թե ամենապատասխանատու շրջանը համընկավ 2016թ. ապրիլյան առճակատման հետ:

- Իսկապես, 2016թ. ապրիլյան առճակատումը երեւի թե իմ, ինչպես նաեւ բոլորիս կյանքում ամենապատասխանատու պահերից էր: Տարիների ընթացքում տեսական պատրաստվածությունը վերածվեց գործնական քայլերի, երբ պետք է մոբիլիզացվեին բոլոր ուժերը: Չնայած մարտական թեժ գործողությունները տեւեցին չորս օր, բայց երկու ամիս շարունակ հերթափոխեր էինք կազմակերպում, զինվորական տարաբնույթ հանձնարարություններ կատարում, որ հակառակորդի հավանական հարձակմանը պատրաստ լինենք արժանի հակահարված տալու համար: Պետք է նշեմ, որ պատվով կատարեցինք այդ առաջադրանքները, եւ բավարարված եմ կատարածս աշխատանքով: Վերադասի տված հանձնարարությունները կատարել եմ որակով եւ ճիշտ ժամկետում: Նույնիսկ դիմել եմ հանրապետության զինկոմիսարիատ, որ թույլ տան ջոկատ ձեւավորել եւ մեկնել մարտական գործողությունների գոտի, բայց մերժել են: Այդ օրերին կատարած աշխատանքի համար արժանացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի եւ հանրապետության գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի պատվոգրերին:

- Զինկոմի գործունեությունն անհնար է պատկերացնել առանց մարզային եւ համայնքային իշխանությունների, առանց տվյալ տարածաշրջանում գործող տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ համագործակցության:

- Ինչպես արդեն նշեցի, տարիների ընթացքում բավականին լայնացրել ենք զինկոմիսարիատի համագործակցության շրջանակները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլորին՝ Կապանա տան ողջ ազգաբնակչությանը՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ… Աշխատել ենք մարզպետարանի, համայնքապետարանների, մարզի դատախազության, ոստիկանության վարչության եւ Կապանի բաժնի, Կապանի բժշկական կենտրոնի, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, մանկապարտեզների, դպրոցների, ուսումնական այլ հաստատությունների եւ կազմակերպությունների հետ: Ջերմ, բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատել վերոնշյալ բոլոր հաստատությունների ղեկավարների հետ՝ նախեւառաջ հաշվի առնելով ազգաբնակչության անվտանգության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կարեւոր հանգամանքը: Շնորհակալ եմ նաեւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին՝ տնօրեն Կամո Արզումանյանի գլխավորությամբ, որ միշտ բանակի կողքին է: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման կոմբինատների՝ մինչ օրս եղած եւ գործող տնօրեններին, ովքեր մշտապես աջակցել են զինկոմիսարիատին թե՛ զորավարժության, թե՛ պատերազմի ժամանակ՝ գիտակցելով, որ բոլորիս համար թիվ մեկ խնդիրը երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է: Շնորհակալություն Կապանի բժշկական կենտրոնին, հանձին նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի, ով թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ ժամանակ մշտապես մեր կողքին էր:

Ապրիլյան քառօրյա գործողությունների ժամանակ զինկոմիսարիատը վեր էր ածվել շտաբի, եւ չկար մի հիմնարկ-ձեռնարկության, ուժային կառույցի ղեկավար, որ իր հնարավորությունների սահմաններում մեզ չաջակցեր: Երախտապարտ եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց ոգով տոգորված՝ հերթական հաղթանակը կերտեցինք, մարտական ընկերներիս, որոնց հետ փառապանծ ճանապարհ ենք անցել: Եվ վերջում՝ առանձնահատուկ շնորհակալությունս Կապանի տարածաշրջանում գործող զանգվածային լրատվամիջոցներին, առանց որոնց հնարավոր չէր հասարակությանն ի ցույց դնել մեր աշխատանքները:

Մի խոսքով՝ բոլորս միասին արել ենք ամեն բան հավանական մարտական գործողությունների ժամանակ բնակչությանը զգոն եւ պատրաստ պահելու համար:

- Որպես զինկոմ՝ ի՞նչ ժառանգություն եք թողնում Ձեզ փոխարինողին եւ ի՞նչ խորհուրդ կտաք նրան:

- 1996թ. ինչպիսի ավանդույթներ ստացել եմ իմ նախորդ զինկոմից՝ Վալերի Քոչարյանից, պահել-պահպանել եմ առ այսօր եւ հնարավորինս ավելացրել, աշխատանքային տարբեր հարաբերություններ հաստատել, համագործակցության շրջանակներն ընդլայնել: Իմ եւ ծառայակիցներիս աշխատանքային ոճն առ այսօր մեր պլանների կատարման ամբողջականության հիմք հանդիսացավ: Առհասարակ ոչ միայն զինվորական ծառայության մեջ, այլեւ յուրաքանչյուր բնագավառում սեփական ոճ ունենալը պարտադիր նախապայման է: Ես այդ ոճը թողնում եմ՝ ակնկալիքով, որ այն ժամանակի ընթացքում էլ ավելի կկատարելագործվի: Մի ամբողջ շենք-շինություն, գույք, այն ամենը, ինչ ձեռք է բերվել տարիների ընթացքում, հանձնում եմ իմ հաջորդին՝ հույսով, որ այդ ամենն էլ ավելի կբարելավվի ու կբարեկարգվի:

Կապանի նորանշանակ զինկոմին կմաղթեմ, որ ավելի լավ զինկոմիսար լինի, ավելի բարձր ցուցանիշներ ունենա, քան ես, եւ այնպիսի ճանապարհ անցած լինի, որ հպարտանա դրանով, եւ անպայման անցյալից դասեր քաղի: Հասարակության հետ այնպիսի ներդաշնակ հարաբերություններ ստեղծի, որ մարդը սիրով մտնի զինկոմիսարիատ, մասնակցի զորահավաքին, զորակոչին, ուշադիր եւ հետեւողական վերաբերմունք ցուցաբերի պատերազմի վետերանների, վիրավորների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանի, ազգաբնակչության ապրելաոճի հանդեպ:

- Այս տարիներին ովքե՞ր են եղել Ձեզ համար ընդօրինակման արժանի հրամանատարները, գեներալները, սպաները, առհասարակ՝ ուսուցիչները:

- Սկսեմ Գերմանիայում ծառայելու տարիների իմ հրամանատարից՝ այն ժամանակ փոխգնդապետ Վլադիսլավ Պետրովիչ Նապալկովից, ում վարորդն եմ եղել զինվոր ժամանակ: Նա է եղել առաջին մարդը, ով բառիս բուն իմաստով ստիպել է ինձ զինվորական դառնալ: Նրա հանձնարարությունները կատարում էի զինվորականին վայել պատասխանատվությամբ: Ոգեշնչվել եմ նաեւ Լինինգրադ տեղափոխվելուց հետո գնդի հրամանատար, այդ տարիներին գնդապետ Եվգենի Նիկոլաեւիչ Գուսեւից, ում ճանաչում էի դեռեւս Գերմանիայում ծառայելիս: Սկսեցինք ծառայել եւ շատ կարճ ժամանակ անց ապացուցեցի, որ հայերն ավելի մեծ թվով իսկական, նվիրյալ հրամանատարներ են տվել, քան ԽՍՀՄ մյուս ժողովուրդները: Հետո տեղափոխվեցի հայոց բանակ, որտեղ ինձ համար ուսուցիչ է եղել 97-րդ առանձին մոտորաձգային բրիգադի մեր առաջին հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ով իր հմտությամբ, անձնական օրինակով կարողացել է անձնակազմին մարտական ոգի ներշնչել, զինվորական կարգապահություն սահմանել: Ամենաբարձր կոչումս համարում եմ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի հավանությանն արժանանալը, որ յուրաքանչյուր պաշտոնից եւ կոչումից ավելի բարձր է: Իմ ծառայությունը բարձր են գնահատել Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ: Զինկոմիսարիատում աշխատելու տարիներին շատ բան սովորեցի ՀՀ զինկոմ, գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանից, ով Աֆղանստանում մեծ համբավ է ունեցել, ում գլխի համար մեծ գումար էին առաջարկում: Նրա ծանրակշիռ պահվածքից, չափված-ձեւված խոսքից, կազմակերպվածությունից, կեցվածքից զգում էի, որ կողքիս գեներալ է կանգնած:

- Անձամբ ճանաչել եք Վազգեն Սարգսյանին. պատմեք որեւէ հիշարժան դեպք նրա հետ ունեցած առնչություններից:

- Սպարապետն անձամբ ինձ ճանաչել է, բախտ է վիճակվել հանդիպել նրան: Երբ 97-րդ բրիգադի առաջին գումարտակի հրամանատար էի, 1993թ. ողջ գեներալական շքախմբով եկավ մեր բրիգադ, շրջայց կատարեց, եղավ նաեւ իմ ղեկավարած գումարտակում: Եվ իմ գումարտակի կարգուկանոնից ոգեւորված՝ ուրախությունից գոռաց եւ քահ-քահ ծիծաղելով ասաց. «Բա ասում էիք՝ հայերը չեն կարող բանակ ունենալ: Ասեք, թող գան նկարահանեն եւ բոլորին ցույց տան, որ բանակ ունենք»: Դրան հաջորդեց խորհրդակցությունը, որին մասնակցում էին նշանավոր զինվորականներ, ինձնից հարցրեց, թե իմ գումարտակից քանի հոգի է փախուստի դիմել: Վեր կացա եւ ասացի, որ Ձեր տված հարցն ինձ համար անհասկանալի է: Ասաց՝ փախուստ բառի իմաստը չե՞ս հասկանում: Ասացի՝ բառի իմաստը հասկանում եմ, բայց չեմ հասկանում՝ հայ զինվորն ինչպե՞ս կարող է փախչել հայոց բանակից: Վեր կացավ, իրեն բնորոշ ոգեւորությամբ ասաց, որ մեկ անգամ եւս կրկնեմ այդ նախադասությունը եւ մոտենալով գրկեց՝ ասելով՝ դու այդպես ծառայի՛ր, մնացածի մասին մենք կմտածենք:        

- Էությամբ, ուղնուծուծով զինվորական եք, արդյո՞ք Ձեր հետագա գործունեությունը նույնպես կկապեք բանակի հետ:

- Կրկին բանակում ծառայելու մտադրություն չունեմ, իմ ապագա գործունեության շրջանակները կփնտրեմ քաղաքացիական ոլորտում: Պատրաստ եմ աշխատել թե՛ արտադրական, թե՛ քաղաքական, թե՛ մանկավարժական, թե՛ մշակութային ոլորտներում: Ինչ աշխատանք էլ վստահեն, պատվով կկատարեմ, ինչպես եւ հարիր է իմ գործելաոճին:

Ի դեպ, ասեմ, որ այս ընթացքում բացի զինվորական ծառայությունից, ծավալել եմ նաեւ այսպես ասած ստեղծագործական գործունեություն՝ հեղինակելով «Հետադարձ հայացք» գիրքը, որ ճշմարիտ փաստեր է պարունակում Արցախյան պատերազմի տարիներից, գրելով 25-ից ավելի բանաստեղծություն, 7-8 երգ: Երախտապարտ եմ նաեւ գրքիս խմբագիր Մարտիկ Գալստյանին՝ իսկական հայ մարդուն:  

- Երկար տարիներ ուսադիրներ կրելուց հետո հավանաբար նոր կարգավիճակը Ձեր մեջ հոգեբանական առումով հակասական զգացումներ է առաջացրել:  

- Հպարտությամբ եմ մտել բանակ եւ նույնպիսի հպարտությամբ էլ հրաժեշտ եմ տալիս, բայց միշտ կանգնած կլինեմ հայոց ազգային բանակիս շարքերում: Ինչո՞ւ եմ ասում բանակիս, որովհետեւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին զորակոչված զինվորի առաջին հրամանատարն եմ եղել, առաջին զինվորական հրամանը շարքի առաջ ես եմ արձակել, զինվորական կուլտուրան առաջինը ես եմ սահմանել եւ այլն: Այն ժամանակ չեն եղել հայոց բանակ, պաշտպանության նախարարություն. առաջին զորակոչը, որի արդյունքում ձեւավորվել է Ներքին գործերի նախարարության Կապանի պահպանության բաժնին կից այլընտրանքային հրաձգային գումարտակը, որ 120 զինվորից էր բաղկացած եւ որտեղ դասակի հրամանատար նշանակվեցի: Այդ ժամանակ խորհրդային բանակից նոր էի զորացրվել, ինձ զինկոմիսարիատից հրավիրեցին եւ ասացին, որ պետք է զորակոչ անցկացնենք: Չէի մտածում, թե որտեղ եւ ինչ պայմաններում է կազմավորվում հայոց բանակը, վերադարձիս նպատակը միայն ու միայն նոր կազմավորվող բանակի շարքերում լինելն էր: 1991թ. նոյեմբերի 1-ին զորակոչը եղավ, նոյեմբերի 5-ին առաջին զինվորները՝ թվով 60 կապանցի, շարվեցին ՆԳ Կապանի պահպանության բաժնի հրապարակում եւ ի պատիվ ինձ՝ նրանց առաջին հրամանատարը դարձա: Անձամբ կազմեցի բոլոր ծրագրերը, դասացուցակները եւ Կապանին հարակից Շղարշիկ բանավանում 23-24 օր նախնական զինվորական պատրաստականություն անցնելուց հետո Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշակոթողի մոտ, անցկացրինք առաջին երդման արարողությունը եւ ընդունեցինք հաջորդ վաշտը՝ նույնպես 60 զինվորից բաղկացած:

Իմ պարտքը համարում եմ լիարժեք կատարած, բայց քանի դեռ ողջ եմ, պարտք եմ հայրենիքիս, երկրիս: Խիղճս հանգիստ եմ հեռանում, որովհետեւ անհրաժեշտ պահին եղել եմ անհրաժեշտ վայրում եւ զինվորականին վայել կատարել բոլոր գործողությունները: Դա միայն ես չեմ ասում, այլ պատմությունն է վկայում:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ դժվարությամբ ենք հասնում մեր երազած հանգրվան, որի համար ոչ միայն ջանքեր են ներդրվել, այլեւ կյանքեր զոհաբերվել: Եվ այն բանի համար, որ մեր արժեհամակարգում արժանի մարդիկ չեն գտնվում իրենց համապատասխան սանդղակներին, այսինքն՝ ըստ արժանվույն չեն գնահատվում:

Զրույցը վարեցին՝
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25