Լերմոնտովի՝ հայոց Շուշի կատարած այցի մասին

07.03.2025 12:54
721

 

Ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ Միխայիլ Յուրիի Լերմոնտովը ծնվել է 1814 թվականին հոկտեմբերի 3 (15)-ին Մոսկվայում՝ պաշտոնաթող կապիտանի ընտանիքում։ Երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ելիզավետա Ալեքսեևնա Արսենևայի մոտ։ Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկասում։

1827 թվականին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում (1830-1832)։ Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել Պետերբուրգ, սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834)։ 1834 թվականից մինչև կյանքի վերջը (հուլիսի 15 (27) 1841 թ) եղել է զինվորական ծառայության մեջ։

Լերմոնտովը 1828 թվականից և մինչև 1832 թվականը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»)։

Լերմոնտովը 19-րդ դարի ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ «Վադիմ» (1832-1834) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը։

Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։

Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840 թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մծիրի» (1839) և «Դև» (1829-1841) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ 1838-1839 թվականներին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընդգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։

Վերջին անգամ 1841 թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։

Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցությունը նաև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ գրականության վրա։ Նրա երկերի հայերեն թարգմանությունը սկսվել է 1840-ական թվականներից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները)։

Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաև Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Գեւորգյանը, Վ. Հովակիմյանը և ուրիշներ։

Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծվել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդիարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը)։

Հայ թատրոնում Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը։

***

Հայ նշանավոր անհատներից զատ, ովքեր դասավանդել են Շուշիում կամ պարզապես այցելել այդ գողտրիկ քաղաքը, Շուշիում են եղել օտարազգի հայտնի մարդիկ ևս: Պարզապես որպես մշակությաին կենտրոն՝ Շուշին հետաքրքրում էր եվրոպացիներին և տարածաշրջանում ապրող մեր հարևաններին: Մասնավորապես, քչերին է հայտնի, որ 1837 թվականին ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը եղել է Շուշիում: Իր բարեկամ Սվյատոսլավ Ռաևսկուն հասցեագրած նամակներից մեկում բանաստեղծը գրում է. «Այն օրվանից, ինչ դուրս եկա Ռուսաստանից, Կազլյարից մինչեւ Թաման անցել եմ լեռներով, եղա Շուշի քաղաքում, Կուբա, Շամախի, Կախեթ քաղաքներում... Գիշերել ենք բաց դաշտում, աղվեսների ոռնոցների տակ, խմել Կախեթի գինի»:

Հանրահայտ է, որ Լերմոնտովն աքսորվել էր Նիժնեգորոդյան դրագունյան գունդ՝ Պուշկինի զոհվելուն նվիրված բանաստեղծություն գրելու համար: Այս նամակը Թիֆլիսից ուղարկվել էր Պետրոզավոդսկ՝ Սվյատոսլավ Ռաևսկուն:

Մեկնաբանելով այդ նամակը՝ Իրակլի Անդրոնիկովը գրում է. «Արդեն որերորդ անգամ ման էի գալիս Շուշիի փողոցներով՝ հիշելով պատմաբան Վլադիմիր Զախարովի «Լերմոնտովը 1837 թ. Ղարաբաղում» գիրքը: Եվ այնպես էի ցանկանում գտնել այն տնակը, որում իջևանել էր բանաստեղծը և փորձել պատկերացնելու նրա կենցաղը, նրա զրույցը տեղացիների հետ, լսել տարեցների խոսքը, որոնց նախորդները բերանից բերան փոխանցել են ռուս բանաստեղծի մասին լեգենդները»:

Այո, փաստաթղթերի սղությունը մեզ լրացուցիչ տեղեկություններ չեն տալիս, թե ինչու Լերմոնտովը հայտնվեց Ղարաբաղում: Բայց պահոցներում կարելի է գտնել ոչ քիչ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն Անդրկովկասում բանաստեղծի գտնվելու մասին նվազ ուսումնասիրված ժամանակաշրջանի վրա:

 Հայաստանի գրողների միությունում կայացած հանդիպման ժամանակ Զախարովը հույս հայտնեց, որ հայ պատմաբանները տեղի արխիվներում տեղեկություններ կփնտրեն այն մասին, թե ինչպիսի զորամասեր կային Շուշիում 1837 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որոնցում կարող է հայտնված լինել Լերմոնտովը:

2005 թ. դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի համակարգող Վլադիմիր Զախարովը, ով հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, հանրապետության կրթության համակարգի մասնագետների և ուսանողների, Շուշիի հասարակայնության ներկայացուցիչների հետ: Շուշիում ռուս  գիտնականը մանրամասներ է ներկայացրել, որոնք ապացուցում են ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի Շուշի այցելելու մասին: «Դա պատմական փաստ է, որ 1837 թ. Լերմոնտովը եղել է այստեղ: Որքան ժամանակ է անցկացրել, դա չէ կարեւորը, գլխավորն այն է, որ նա այստեղ եղել է», - ասաց Վլադիմիր Զախարովը, ով  «Կովկասում խաղաղության հաստատման համար» մեդալ շնորհեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին:

Գիտնականին ցույց տվեցին հյուրանոցը, որտեղ իջևանել է բանաստեղծը:

Շուշիում կանգնեցվել էր պոետի կիսանդրին, որը, ցավոք սրտի, չի պահպանվել: Այնուամենայնիվ, գտնվեցին ականատեսներ, ովքեր բավարարեցին լերմոնտովագետի հետաքրքրասիրությունը: Վլադիմիր Զախարովը հայտնեց, որ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտական նստաշրջան կազմակերպել Լերմոնտովի՝ Շուշի այցելելու թեմայով: Հընթացս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր բուհում՝ Արցախի պետական համալսարանում, ռուսաստանցի գիտնականը հանդես եկավ դասախոսությամբ:

Վահրամ Օրբելյան

20 դեկտեմբերի 2021 թ

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46