Լրացավ 1-ին բանակային կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը

27.06.2014 16:29
3633

Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց 1-ին բանակային կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր, քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ:

Հրապարակ էին դուրս բերվել 1-ին բանակային կորպուսի ռազմական տեխնիկայի եւ սպառազինության նմուշներ:

Զինվորական նվագախմբի հանդիսավոր երաժշտության ներքո ներս բերվեց բանակային կորպուսի մարտական դրոշը:

1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց միջոցառման անցկացման պատրաստության մասին:

Միտինգի բացման խոսքով հանդես եկավ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը:

Հնչեց ՀՀ պետական օրհներգը:

1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն իր ելույթում ներկայացրեց կորպուսի անցած մարտական փառավոր ուղին` հավաստիացնելով, որ այսօր զորամիավորումը պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանք կատարելու:

- 1-ին բանակային կորպուսը կազմավորվել է 1996 թվականի հունիսի 21-ին, - իր խոսքում ասաց գնդապետ Փարվանյանը: - Կորպուսն անցել է մարտական փառավոր ուղի, հայոց բանակում ունի իր ուրույն, արժանավոր տեղը եւ վայելում է փառք ու պատիվ: Կորպուսն անցել է կայացման մեծ ճանապարհ եւ հասել ներկայիս արժանավոր մակարդակին` իր ստորաբաժանումներով: Պատահական չէ, որ բանակային կորպուսը կազմավորվեց Սյունյաց լեռնաշխարհում, կազմավորվեց ու կայացավ: Կայացավ, քանի որ տարածաշրջանը հերոսանալու մեծ կենսագրություն եւ փորձ ունի:

Հրամանատարը զորամիավորման ողջ անձնակազմին, քաղաքի հասարակայնությանը շնորհավորանքի խոսք հղելով միասնական եւ լավագույն աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց այն զորամասերին, որոնք տարիների ընթացքում արժանացել են վաստակած գնահատանքի:

Գնդապետ Տիգրան Փարվանյանն առանձնահատուկ նշեց բանակային կորպուսի վարչակազմի, ստորաբաժանումների ու նրանց հրամանատարների անունները, ովքեր արժանացել են ՀՀ ՊՆ բարձր պարգեւների` բանակաշինության գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ հայրենիքի սահմանները խիզախությամբ պաշտպանելու համար:

Հրամանատարն առանձնահատուկ շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց 1-ին բանակային կորպուսի առաջին հրամանատար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:

Գնդապետ Փարվանյանը շնորհավորանքի եւ երախտիքի խոսք հղեց նաեւ բանակային կորպուսը նախկինում ղեկավարած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանին, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանին, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին` շեշտելով նրանց անուրանալի խիզախումն ու անմնացորդ աշխատանքը, ընդհանուր առմամբ` բանակաշինության եւ մասնավորապես` կորպուսի ներկա հաջողությունների, ձեռքբերումների եւ կայացման գործում:

1-ին բանակային կորպուսի հրամանատարը խոսքն ուղղելով զորամիավորման զինվորականությանը, կոչ արեց նրանց միշտ լինել հզոր եւ անկոտրում, վեհ ու խրոխտ` Սյունյաց լեռնաշխարհի պես, եւ ինչպես մեր քաջ նախնիներն են կտակել` եթե անհրաժեշտ լինի, սիրահոժար կյանքը զոհաբերել հայոց աշխարհի խաղաղության եւ հզորացման սրբազան գործին:

Գնդապետ Փարվանյանն իր խոսքն ավարտեց` հիշելով Արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած քաջերին, հայոց երկնակամարին մաղթեց խաղաղություն, մեր անպարտ բանակին` խաղաղ ծառայություն:

Տարեդարձի առթիվ շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

– Սիրելի զինվորականներ, հավաստիացնում եմ, որ սյունեցիները միշտ ձեր կողքին են լինելու ցանկացած իրավիճակում եւ իշխանությունների հետ համախումբ` սրբորեն կատարելով իրենց բաժին հայրենասիրական պարտքը, - ասաց Սյունիքի մարզպետը:

Սյունիքի մարզպետը կորպուսին նվիրեց երեսուն հեռուստացույց:

Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքի ուղերձն ընթերցեց ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը` միաժամանակ հղելով իր շնորհավորանքի խոսքը:

Զինվորականությանն ու ժողովրդին օրհնանքի խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Հրամանների ընթերցումից հետո զորամիավորման լավագույն զորամասերին ու զինծառայողներին հանձնվեցին ՀՀ ՊՆ պարգեւներ:

1-ին բանակային կորպուսի տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բարձր գնահատելով բանակային կորպուսի անցյալ եւ ներկա ուղին, սյունեցիների հավատարմությունը` պետությանն ու բանակին, նրանց առանձնահատուկ զինվորապաշտությունը, դարերով կնքված քաջությունն ու հերոսականությունը, նվիրյալությունը` իրենց բնօրրանին, մասնավորապես ասաց.

- Հայ զինվորը ոգով ամուր է, քաջարի, վտանգի պահին` առնական: Հանդիսավոր այս օրն ինչպես չհիշենք ու չփառավորվենք` հիշելով հայոց բանակի ստեղծման հերոսական եւ լեգենդար պատմությունը, նրա քաջ զինվորներին, ավագ եւ երիտասարդ սպաներին:

Այսօր մեր հայրենիքի պաշտպանության գործը ստանձնում են անկախության միջավայրում մեծացած երիտասարդները, որը, հպարտանալու առիթ լինելուց զատ, նաեւ մեծ պատասխանատվություն է փորձառու, պատերազմի բովով անցած մեր ավագ եւ ռազմական ակադեմիաներում կրթված, մարտարվեստին բավականաչափ տիրապետող երիտասարդ սպաների համար:

Կարելի է վստահորեն ասել, որ ի դեմս 1-ին բանակային կորպուսի վարչակազմի, նրա ենթակա ստորաբաժանումների ունակ եւ կարգապահ զինվորականության, հայոց բանակն ունի լավագույն եւ առաջավոր, փորձառու եւ հարվածային, կայացած եւ օրեցօր ամրապնդվող զորական ուժ, որը, հակառակորդի կողմից պարտադրված նոր պատերազմի դեպքում, բանակ-ժողովուրդ ամուր կապի ու փոխադարձ վստահությամբ` իր կործանարար հարվածը կհասցնի թշնամուն, սրբությամբ կկատարի իր բաժին հայրենասիրական առաքելությունն ու մարտական ծրագրերը:

Նախարարն ամփոփելով խոսքը, ասաց.

- Քանի դեռ քաղաքացիական հասարակությունը բանակի թիկունքում է, հայոց բանակը միշտ հզոր, անպարտ եւ հաղթանակող է լինելու:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ եւս շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց կորպուսի հիմնադրման ակունքներում կանգնած հրամանատարներին եւ զինվորներին` հարգանքի եւ խոնարհումի, հավերժ երախտիքի խոսք հղելով մեր հաղթանակի եւ հայրենիքի խաղաղության համար նահատակված քաջերի անմահ հիշատակին:

ՀՀ ՊՆ կողմից մի շարք լավագույն զինծառայողներ, բանակի հետ առնչվող քաղաքացիական անձինք արժանացան գերատեսչական պարգեւների:

ԵԿՄ վարչության կողմից Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրեն Խաչատրյանը տարբեր հուշամեդալներով պարգեւատրեց տասնմեկ զինծառայողի:

Թանկարժեք նվերներ հանձնվեցին ԼՂՀ ՊԲ հրամանատարության անունից:

1-ին բանակային կորպուսի հրամանատարի կողմից 80 լավագույն զինծառայող արժանացան պատվոգրերի եւ շնորհակալագրերի, տրվեցին կրծքանշաններ, հերթական կոչումներ եւ շնորհակալական նամակներ հղվեցին ժամկետային լավագույն զինծառայողների ծնողներին:

Ժողովրդի ծափողջույնների եւ հիացմունքի ներքո հանդիսավոր շարասյուներով անցան 1-ին բանակային կորպուսի ենթակա ստորաբաժանումները` իրենց հրամանատարական կազմով:

Նախարար Սեյրան Օհանյանը 1-ին բանակային կորպուսին հանձնեց հրամանատարական շտանդարտ:

Զորահանդեսն ավարտվեց զորամիավորման հատուկ ջոկատի ցուցադրական բարդ մարտավարական ելույթներով:

Միջոցառումը վարեցին քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գեղմասվար Նելլի Արզումանյանը եւ ժամկետային զինծառայող Մհեր Փարվանյանը, ասմունքեց 1-ին բանակային կորպուսի նախկին ժամկետային զինծառայող, պահեստազորի ավագ սպա Արթուր Գաբրիելյանը:

Փողային երաժշտությունն ապահովեց ՊԲ զինվորական նվագախումբը` կապիտան Ներիկ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, նշանավոր ռազմական գործիչների մտքեր եւ ասույթներ:

Էկրանի վրա միջոցառման ողջ ընթացքում ցուցադրվեցին կադրեր 1-ին բանակային կորպուսի, նրա ենթակա ստորաբաժանումների հերոսական պատմության, զինվորականության մարտական առօրյայի մասին:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

02.12.2024 14:34