Լսվեց Գորիսի պետական համալսարանի տարեկան գործունեության հաշվետվությունը

22.02.2018 15:49
1311

Փետրվարի 16-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ԳՊՀ-ի տարեկան՝ 2016-2017 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետությունն էր եւ 2018 թվականի եկամուտների ու ծախսերի հախահաշվի հաստատումը:Նիստին ներկա էին խորհրդի 24 անդամից 18-ը:

Նիստը վարում էր խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակաբյանը, ով, ողջունելով խորհրդի անդամներին, ներկայացրեց օրակարգը եւ առաջարկեց ընթացիկ հարցերի մեջ ընդգրկել նաեւ Գորիսի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության վերաքննարկումը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 24.02.2017թ. գումարված նիստում նույն խորհուրդը քննարկել եւ միաձայն ընդունել էր բուհը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազամակերպելու՝ ռեկտոր Ա.Ղուկասյանի առաջարկը, ինչպես նաեւ հավանության էր արժանացրել «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության նախագիծը, ինչի արդյուքնում միջնորդություն էր ներկայացվել ՀՀ ԿԳ նախախարություն՝ սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար: Բուհի կազմակերպաիրավական կագավիճակի փոփոխության հարցը ներկայում իրավական օրինաչափ գործընթացում է:

Խորհուրդը միաձայն հաստատեց օրակարգային հարցերը:

ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի՝ 2016-2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2018թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման հիմնական ցուցանիշների մասին հաշվետու զեկույցով: Ռեկտորն ամփոփեց բուհի նախընթաց ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ մատնանշելով 2018թ. խնդիրները, ծրագրերն ու անելիքները:

Հաշվետու տարում համալսարանում ձեռնարկվել եւ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու համալսարանի գործունեության արդյունավետությունը, խթանելու առաջընթացն ու մրցունակությունը գիտակրթական ասպարեզում: Համալսարանի կառավարման գործընթացներն ինչպես 2015-2016, այնպես էլ 2016-2017 ուսումնական տարում ուղղված են եղել ուսումնական, գիտական եւ հասարակությանը մատուցվող այլ ծառայությունների շարունակական բարելավմանը:

Հաշվետու տարում համալսարանի հիմնական խնդիրն էր իրականացնել ինստիտուցիոնալ ինքնագնահատում եւ վերլուծություն` ապահովելով բուհի հաշվետվողականությունը ներքին եւ մասնավորապես արտաքին շահակիցների առջեւ: Նշենք, որ 2017թ. համալսարանում մեկնարկել է պետական ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացը՝ համաձայան ՀՀ կառավարության 2011թ. N 978-Ն որոշմամբ ընդունված «ՀՀ-ում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգի»:

ԳՊՀ-ի ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացը կազմակերպվել է պայմանագրային ամրագրում ունեցող ժամանակացույցով, համաձայն որի՝ ԳՊՀ-ի կողմից ներկայացվել է ինքնավերլուծության զեկույցը եւ կազմակերպվել է փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը բուհ: «Իրականացված փորձագիտական գնահատման զեկույցը՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու եւ եվրոպական բարձրագույն կրթության տարածք ինտեգրվելու բուհի հավակնությունների տեսանկյունից, կարեւոր փաստաթուղթ է, որը ուղենիշ է հաստատության առաջիկա զարգացման եւ գործունեության իրականացման համար», - նշեց ռեկտորը: Հավատարմագրման գործընթացի ավարտը նախատեսվում է մարտին, թեեւ, ռեկտորի հավաստմամբ, որակի բարելավման գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ անելիքները շատ են եւ հատկապես մի քանի ոլորտներում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա:

Ռեկտորը խոսեց նաեւ բուհի ռազմավարական ծրագրի, զարգացման գերակայությունների մասին՝ նշելով, որ թեեւ ԳՊՀ-ի ծավալած գործունեությունն ընդհանուր առմամբ համահունչ է եղել 2011-2016թթ. ռազմավարական զարգացման հայեցակարգում ձեւակերպված առաքելությանն ու նպատակներին, այնուամենայնիվ փորձագիտական զեկույցում մատնաշված թերությունների մեծ մասը գալիս է բուհի գործունեության նախկին հնգամյակի ռազմավարական ծրագրում առաջ քաշված գերհավակնոտ նպատակների իրականացման մեխանիզմների բացակայությունից, որակի ներքին ապահովման համակարգի ձեւավորման ուղղությամբ չհամակարգված քայլերից, ռեսուրսների անարդյունավետությունից, մի շարք անիրատեսական, ոչ չափելի, համալսարանի շահակիցների համար ոչ ընկալելի հավակնություններից: «ԳՊՀ 2011-2016թթ. ռազմավարական ծրագիրը հավակնոտ է եւ փոխկապակցված չէ իր ֆինանսական ռեսուրսների առկա վիճակի հետ», - նշվել է փորձագիտական զեկույցում: ԳՊՀ ղեկավարությունը նշված ժանանակահատվածում (2011-2016թթ.) չի ունեցել լավ մշակված պլանավորման համակարգ՝ ռազմավարական նպատակներին հասնելու համար, այնինչ ամբողջ գործընթացը պետք է ապահովեր ԳՊՀ-ի առաքելության ու ռազմավարության, տարածաշրջանի ակնկալիքների ու ներուժի լիակատար համապատասխանություն, ինչի դեպքում ԳՊՀ-ի ծավալած գործունեությունն առավել համահունչ կլիներ իր առջեւ դրած նպատակներին:

«Բուհի 2018-2022թթ. ռազմավարական ծրագրում արդեն կհստակեցվեն բուհի ռազմավարական ուղղություններն ու գերակայությունները, կսահմանվի ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց», - հավելեց Ա.Ղուկասյանը:

Միջանկյալ նշենք, որ Գորիսի պետական համալսարանը նախկին ղեկավարության օրոք մեկ անգամ արդեն ունեցել է հավատարմագրման ձախողում, եւ 2017 թվականից վերսկսված գործընթացում հնարավոր եղավ արձանագրել նկատելի դրական արդյունքներ՝ ԳՊՀ-ի համապատասխան օղակների՝ վերջին երկու տարիների կանոնակարգված աշխատանքի, բուհում իրականացված զգալի բարեփոխումների շնորհիվ:

Ռեկտորն իր հաշվետու զեկույցում նշեց նաեւ, որ ԳՊՀ-ն իրավական կարգավիճակի փոփոխությունների իրականացման գործընթացում է, ինչը զգալիորեն դժվարացնում է բուհի ռազմավարական կառավարման պարբերական գործընթացները: «Նոր կարգավիճակը ենթադրում է ընդլայնել բուհի գործունեության ոլորտները՝ դրական ազդեցություն ունենալով ԳՊՀ-ի ֆինանսական կարողությունների դրության եւ ձեռնարկատիրական գործունեության բազմազանեցման վրա»: Փոխակերպման այս ժամանակավոր վիճակը նոր ռազմավարության մշակման ու կիրարկման հիմնական դժվարությունն է: «Իր ներկայիս իրավական կարգավիճակով ԳՊՀ-ն, իհարկե, շարունակում է հետեւել իր կանոնադրության մեջ սահմանված առաքելությանը, բայց եւ ելնելով բուհի զարգացման գերակա ուղղությունների ու ռազմավարական նպատակների իրականացման կարեւորություններից՝ լրջորեն նախաձեռնել ենք քննարկումներ բուհի ներքին բոլոր օղակներում` առաջիկա տարիների բուհի գերակայությունների սահմանման վերաբերյալ», - շեշտեց ռեկտորը: - Ի տարբերություն հին ռազմավարության՝ բուհի նոր ռազմավարությունը պետք է շատ ավելի իրատեսական լինի եւ խթանի բուհի առաջընթացը: Նպատակները մշակվում են ներքին շահակիցների տարբեր խմբերի հետ համատեղ՝ ամրապնդելու նոր ռազմավարության նկատմամբ ողջ ակադեմիական համայնքի սեփականության զգացումը»:

2016 եւ 2017 թվականները ԳՊՀ-ի համար ընդհանուր առմամբ զգալի փոփոխությունների տարիներ էին, քանզի հիմնավոր քայլեր են ձեռնարկվել համալսարանում բազմաբնույթ բարեփոխումներ իրականացնելու համար: Ռեկտորն անդրադարձավ համալսարանի ուսումնամեթոդական գործունեությանը, դրա կազմակերպման ու կատարելագործման խնդիրներին, ուսանողական համակազմի աճման ու նվազման ցուցանիշներին, ուսումնական բեռնվածությանն ու հաստիքների տեղաբաշխմանը, գործող մասնագիտությունների վերալիցենզավորման ու նոր մասնագիտությունների լիցենզավորման խնդիրներին, գիտահետազոտական գործունեության ցուցանիշներին, կարիերայի զարգացմանը, հասարակայնության հետ կապերին, միջազգային ծրագրերին, ֆինանսատնտեսական գործունեությանը եւ այլ հարցերի:

Նա կարեւոր ձեռքբերում համարեց հաշվետու տարում համալսարանում ներդրված նոր մասնագիտությունները, որոնք բխել են աշխատաշուկայի պահանջներից: Բակալավրի կրթական ծրագրով 2017թ. ընդունելություն է կատարվել «Անգլերեն լեզու եւ գրականություն», «Կերպարվեստ», մագիստրոսի կրթական ծրագրով՝ «Հատուկ մանկավարժություն» եւ «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությունների գծով: Վերջինս ներդրվել է միջազգային HERITAG ծրագրի շրջանակում: Բուհում նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի կազմակերպման բարելավման ու մեթոդների նորացման, կրթության որակի ներքին ապահովման համակարգի կատարելագործման, դասավանդման որակի բարձրացման, ուսուցման տեխնոլոգիական հենքի նորացման ու զարգացման եւ այլ ուղղություններով: Ինչպես նախորդ, այս ուսումնական տարում նույնպես բուհի առաջնային խնդիրներից է եղել ներքին իրավական դաշտի շարունակական բարելավումը, մի շարք կանոնակարգերի ու ընթացակարգերի մշակումը եւ կիրառումը կրթական պրոցեսում:

Հաշվետու տարում ԳՊՀ-ում մեկնարկել են երկու միջազգային ծրագրեր՝ Էրազմուս+ LNSS (Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում եւ Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման եւ գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով) եւ Էրազմուս+ HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման եւ երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) ծրագրերը: HERITAG ծրագրի արդյունքն էր նաեւ ԳՊՀ-ում երկրատեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի ստեղծումը՝ հագեցված ծրագրի միջոցներով ձեռքբերված անհրաժեշտ սարքավորումներով: 2018 թվականին համալսարանում կմեկնարկեն չորս նոր միջազգային ծրագրեր, որոնք մեծապես կնպաստեն բուհի միջազգայնացմանն ու ֆինանսական կայունացմանը:

Ռեկտորը խոսեց նաեւ այն հետեւողական աշխատանքների մասին, որոնք իրականացվել են տնտեսական եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: ԳՊՀ-ի տարբեր մասնաշենքերում կատարվել են բարեկարգման ու մասնակի վերանորոգման աշխատանքներ, ձեռնարկվել են միջոցառումներ նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ եւ այլն։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են նաեւ 2018 թվականին:

Համալսարանական կյանքի բոլոր բնագավառներում իրականացվող աշխատանքներում ակտիվորեն ընդգրկվել են ուսանողական կառույցները: ԳՊՀ-ում ձեւավորվել է ուսանողական գիտական ընկերություն, հաստատվել է ՈՒԳԸ կանոնադրությունը: «ՈՒԳԸ-ի ստեղծումը խոսում է այն մասին, որ բուհը նկատել է առկա խնդիրը եւ, օգտագործելով նաեւ այդ կառույցի հնարավորությունները, պլանավորում է հասնել իրավիճակի բարելավման, որը կհանգեցնի ուսանողների հետազոտական գործունեության ակտիվացմանը եւ մի շարք մասնագիտական կոմպետենցիաների ձեւավորմանը», - նշեց ռեկտորը։ Հաշվետու տարում բուհում առաջին անգամ կազմակերպվել է հանրապետական մակարդակով ուսանողական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ-ի 50-ամյակին, որին ակտիվորեն մասնակցել են ինչպես ԳՊՀ-ի, այնպես էլ ՀՀ այլ բուհերի ուսանողները:

2017-ը հագեցած էր բուհի 50-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներով, որոնք ամփոփվեցին հոկտեմբերի 19-20-ը՝ «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախե խորագրով հանրապետական բացառիկ գիտաժողովի կազմակերպմամբ: Գիտաժողովին մասնակցում էին մոտ ութ տասնյակ գիտնականներ, մասնագետներ ու մշակույթի գործիչներ ՀՀ, ԼՂՀ եւ արտերկրյա գիտական ու գիտակրթական հեղինակավոր կառույցներից:

«Ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացման համար ԳՊՀ-ն շարունակում է քայլեր իրականացրել՝ դիմագրավելու ներկա ժամանակաշրջանում բուհի համար ոչ շահեկան մի շարք գործոնների ազդեցությանը, որոնց թվում են՝ ուսանողների թվաքանակի ու ֆինանսական ռեսուրսների նվազումը, աշխատակազմի թույլ մոտիվացիան՝ պայամավորված սոցիալական իրադրությամբ, երիտասարդ մասնագետների գիտական գործունեության ոչ գրավիչ դիրքը եւ այլն: Հրատապ է մնում այն, որ դասախոսական կազմի քիչ թվով մասն է ակտիվորեն ներգրավված հետազոտական գործընթացներում, ամբիոնային ուղղվածության ընդհանուր գիտահետազոտական աշխատանքների թիվը մեծ չէ,- նշեց ռեկտորը: - Անհրաժեշտ է հստակ սահմանել ու համակարգել բուհի հետազոտական գերակայություններն ու հիմնական ուղղությունները, հետաքրքրություններն ու հավակնությունները, իրականացնել գիտահետազոտական գործունեությունը կանոնակարգող ու խթանող քաղաքականություն»: Բուհում գործում է ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինասավորվող մեկ գիտական ծրագիր՝ «Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը», որը նկատելի ձեռքբերումներ է արձանագրում: Հրատապ է մնում բնագիտական ուղղվածությամբ գիտական թեմաների ֆինանսավորումը: Ռեկտորը ռազմավարական կարեւոր խնդիր համարեց նաեւ գիտահետազոտական ոլորտի համար ֆինանսական պլանավորման իրականացումը եւ բավարար միջոցների հատկացումը՝ գիտական աշխատանք կատարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Բուհում ստեղծվել է ռազմավարության հարցերով զբաղվող հանձնաժողով՝ ռազմավարության ամբողջ առաջընթացը մշտադիտարկելու, խոչընդոտների մասին տեղեկացնելու, դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու, խնդիրների վերանայման առաջարկություններ կատարելու համար:

Ռեկտորը խոսեց նաեւ ներկայում մարզային բուհերի համար ոչ բարենպաստ պայմաններում ԳՊՀ-ի ֆինանսական բարելավման ուղիների մասին. անհրաժեշտ է ընդլայնել համալսարանի վճարովի ծառայությունների ձեւերը բյուջեի եկամտային մասում, որոնել աշխատավարձի ֆոնդին ուղղվող լրացուցիչ աղբյուրներ, մեծացնել բյուջետային գիտական ֆինանսավորման ծավալները, օգտագործել միջազգային ֆինանսավորվող ծրագրերի հնարավորությունները, կենտրոնացնել համալսարանի բոլոր հնարավորություններն ուսուցման բոլոր ձեւերով 2017-2018 ուս.տարվա ընդունելության պլանի կատարումն ապահովելու համար, զարգացնել պայմանագրային հարաբերություններ պատվիրատու կազմակերպությունների հետ կադրերի պատրաստման գործում, իրականացնել ռեսուրսախնայողության ռեժիմ եւ այլն:

Ռեկտորի հաշվետու զեկույցից հետո ծավալվեց բուռն քննարկում: Մասնավորապես բուհում ընթացող հավատարմագրման գործընթացի շուրջ ռեկտորին հարցեր ուղղվեցին ինչպես ԿԳ նախարարի, խորհրդի նախագահի ու խորհրդի անդամների, այնպես էլ խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին ներկայացած անձանց կողմից: Եղան առանձին ելույթներ ու առաջարկներ: Ելույթ ունեցավ նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկտչյանը՝ բավականին հանգամանալից անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի հիմնադրույթներին, բարձրագույն կրթական դաշտում սպասվող արմատական վերափոխումներին, որոնց պետք է լրջորեն նախապատրաստվել՝ սահմանելով բուհի առաջիկա տարիների գերակայությունները, զարգացնելով ներուժը: Համալսարանում ընթացող ինստիտուցիոնալ հավատարմագրման ներկա գործընթացը, նախարարի խոսքով, պետք է առավել շատ խրախուսման եւ ավելի շատ ջանքերի գործադրման հանգեցնի` խթանելով բուհի զարգացումն այս դժվարին ժամանակահատվածում: Խոսելով 2016 թվականից մինչեւ օրս բուհում ընթացող դինամիկ բարեփոխումների մասին՝ Լ.Մկրտչյանը կարեւորեց, որ այդ նախաձեռնությունները հաջողությամբ եւ արդյունավետ իրականացնելու համար ԳՊՀ- ում վերանայվել, հաստատվել եւ կիրառվում են մի շարք նոր փաստաթղթեր՝ միտված բուհի կառավարման համակարգի, ինչպես նաեւ ուսումնագիտական գործընթացի բարելավմանն ու որակի մշակույթի ձեւավորմանը: Նախարարը խոսեց նաեւ տարածաշրջանային կրթական խնդիրների մասին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների ներդրման, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներն ակտիվացնելու, բուհ-դպրոց կապն ամրապնդելու, բուհի գիտահետազոտական ներուժը զարգացնելու եւ այլ կարեւոր հարցերի մասին: Նա առաջարկեց խորհրդի անդամներին կոնկրետ մոտիվացիոն քայլեր ձեռնարկել՝ համապատասխան մասնագիտությունների պահանջարկի բարձրացման ուղղությամբ:

ԳՊՀ-ի խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը, անդրադառնալով իրեն հետաքրքրող հարցերին, կարեւորեց բուհի կազմակերպաիրավական կարգավիճակի ակնկալվող փոփոխությունը, ինչը, նրա կարծիքով, «կստեղծի համալսարանի զարգացման նոր ծրագրեր մշակելու եւ քննարկելու հնարավորություններ»: Նա «ձեռնպահ» դիրքորոշում արտահայտեց համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա աշխատանքային գործունեության հաշվետվության, ինչպես նաեւ 2018թ. նախահաշվի հաստատման՝ կանոնակարգով սահմանված բաց քվեարկությանը:

Պետք է նշել, որ ԳՊՀ-ի գործունեության տարեկան հաշվետվության շուրջ հնչած որոշ հարցադրումներ տարերային ու խիստ հակասական բնույթ էին կրում, չէին առնչվում համալսարանի համար առաջնային նշանակություն ունեցող խնդիրներին եւ ավելի շատ ի ցույց դրեցին հարցադրողների անիրազեկվածությունը համալսարանական գործընթացներից, բուհում վերջին տարիներին իրականացված զգալի բարեփոխումներից:

ԳՊՀ-ի 2016-2017 ուստարվա գործունեության հաշվետվությունը եւ 2018թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագիծը բաց քվեարկությամբ հավանության արժանացան ու հաստատվեցին խորհրդի կողմից (երկու դեպքում էլ՝ կողմ-17, դեմ-0, ձեռնպահ - 1):

ԳՊՀ-ի խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունեց նաեւ օրակարգի ընթացիկ հարցը՝ այսպես ասած, վերահաստատել բուհի կարգավիճակի փոփոխության մասին խորհրդի՝ 24.02.2017թ. ընդունած թիվ 3 որոշումը եւ կրկին միջնորդություն ներկայացնել ԿԳ նախարարություն:

Եզրափակելով նիստը՝ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ կոչ արեց բնականոն աշխատել: Նա հավելեց, որ խորհրդի կազմում առաջիկայում փոփոխություններ կլինեն՝ պայմանավորված մի քանի անձանց պաշտոնների փոփոխությամբ: Նշենք, որ Խորհրդի անդամի լիազորությունները` լիազոր մարմնի ներկայացմամբ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Խորհրդի կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է ՀՀ կառավարության ընդունած «Բարձագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման» կարգի համապատասխան կետերի պահանջներով:

Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

ԳՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25