«Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքը Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր». Ամենայն Հայոց Կաթողիկոս

12.04.2020 16:42
736

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Տոնի առիթով դուրս էր բերվել Հայ Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբազան արարողության ընթացքում օրհնեց համայն մեր ժողովրդին և հայրենիքը՝ հայցելով Բարձրյալի հովանին և պաշտպանությունը աշխարհին համավարակի այս ծանր իրավիճակում:

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշխարհասփյուռ համայն հայությանը հղեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հուսառատ ավետիսը՝ նաև հայրապետական իր պատգամը փոխանցելով հայոց ազգին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան»
(Շարական)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ հայտնեց Իր չարչարանքների և Հարության մասին, որի իմաստը նույնիսկ առաքյալները հստակությամբ չէին ըմբռնում։ Քրիստոսի խաչելությունից հետո նրանք հուսահատ փակվել էին վերնատան մեջ և տարակուսում էին հավատալ Փրկչի Հարության մասին յուղաբեր կանանց ավետիսին։ Սակայն Հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումից հետո տխրությունը վերափոխվեց Տիրոջ հետ միասնության երանության։ Տիրոջ խաչելության և մահվան հարուցած ցավը փոխակերպվեց Փրկչի հաղթության բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ հարության տիեզերանորոգ արշալույսի։ Եվ քրիստոնեության լույսն ու վարդապետությունը հաղթականորեն տարածվեցին ողջ աշխարհում՝ մարդկության կյանքն ուղղորդելով դեպի փրկություն ու հավիտենություն։

Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ։ Այս տարվա զատկական կենսանորոգ տոնակատարությունը ողջ աշխարհում բազում հավատացյալներ անցկացնում են մեկուսի, շատեր՝ հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից։ Համավարակի ներկա բարդ պայմաններում նաև մեր եկեղեցիներում առանց հավատացյալների ենք կատարում սրբազան արարողությունները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելիներ, հոգով, մտքով ու ձեր աղոթքներով մեզ հետ եք, և միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տոնը։ Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է և հավիտենության պարգևը բոլորիս։ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան»,- ասում է Տերը (Հովհ․ 10․10): Քրիստոսի պարգևած կյանքը մեր առօրեական դժվարություններից ու հոգսերից վեր նոր իրականություն է, ուր Աստծո կամքն է տնօրինվում, ուր Տիրոջ պատվիրաններն ու պատգամները արդյունավորվում են երկնահաճո իրագործումներով, և կյանքի խավարը վերածվում է այգաբացի։

Աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է՝ ուղղված մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը։ Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը և դրանով պայմանավորված բոլոր դժվարությունները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում։ Սակայն առավել էական է, որ անշրջելի հաղթանակ արձանագրվի անմարդկային բոլոր դրսևորումների, նյութապաշտության, աղքատության, անհավասարության, ռազմատենչության, պատերազմների և այլ չարիքների դեմ։ Մարդկության մեջ եղել են և այսօր էլ կան մարդասիրության, համերաշխության, ժողովուրդների իրավունքների պաշտպանության, հանուն բարիքի համատեղ գործելու բազում վկայություններ, որոնք լուսավոր ուղենիշ են աշխարհի նոր ընթացքի համար։ Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքը Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր։

Աստծո ողորմությամբ այս փորձությանն էլ աշխարհը կդիմագրավի։ Սակայն կենսականորեն կարևոր է այդ հաղթահարման հետ դառնալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված, հոգեպես զորացած՝ Աստծուն մշտապես ունենալով մեզ առաջնորդ ու ապավեն։ «Ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը»,- ասում է առաքյալը (Ա Հովհ․ 5․4): Այո՛, սիրելիներ, Հարության հավատքով, մեր կյանքում Փրկչի ներկայության գիտակցությամբ մենք ի զորու կլինենք լուծման առաջնորդելու մեր ժողովրդի առջև հառնած խնդիրները և կերտելու այն լուսավոր ապագան, որ երազում ենք բոլորս։ Քաջ գիտենք, որ դուք աշխարհում ամենուր դիմակայում եք առկա նեղություններին ու դժվարություններին։ Բոլոր հանգամանքներում, սակայն, մեր պատրաստակամությունն ու հանձնառությունը պիտի դրսևորվի՝ հոգ տանելու նաև մեր հայրենիքի և մեր քույրերի ու եղբայրների հանդեպ։ Վերստին կոչ ենք հղում ի հայրենիս և ի սփյուռս Մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի դժվարին իրավիճակը հաղթահարելու, հիվանդների ապաքինման միջոցներն ու խնամքը հոգալու, խիստ նեղության մեջ հայտնված հայորդիներին օգնության ձեռք մեկնելու գործում հնարավոր զորակցություն բերելու հայրենի իշխանություններին և ընծայաբերումներ կատարելու պետության կողմից այս նպատակով բացված հատուկ հաշվեհամարին։ Մեր Եկեղեցին այս օրերին աշխարհասփյուռ իր թեմերով ավելիով իր ջանքերն է ներդնում օժանդակություն ցուցաբերելու կարիքավորներին, հոգևոր խնամք և մխիթարություն մատուցելու մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և համայն աշխարհում։ Բարեպաշտ զավակներ Մեր, Տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախենք մեր կյանքն ու գործը, ամուր պահենք համազգային միասնությունն ու համերաշխությունը՝ որպես Քրիստոսով հաղթանակած, Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։ Ապրենք հարության հավատով, Քրիստոսի պատվիրանների իրագործման նախանձախնդրությամբ՝ նոր հաղթանակներով ու պայծառ երազներով կերտելու մեր բարօր, շեն ու հզոր հայրենիքը և նրա լուսավոր գալիքը։

Այս մաղթանքով Քրիստոսի հրաշափառ Հարության քաջալերող ավետիսն ենք բերում Մեր հոգևոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ հայցելով Երկնավոր մեր Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին, Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն՝ մաղթելով ուժ ու կորով դժվարին իրավիճակները հաղթահարելու և հայրենի պետությունը առաջընթացի ու բարօրության ուղիներով առաջնորդելու։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս, ի մասնավորի՝ Մեր բարձր գնահատանքը ստեղծված ծանր պայմաններում իրենց երախտարժան ծառայությունը մատուցող բժիշկներին, մեր հաղթական բանակի քաջարի զինվորներին ու սպաներին, ոստիկաններին, ուսուցիչներին, գովարժան սպասավորություն իրականացնող բոլոր նվիրյալ անձանց:

Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ Հարության Իր լուսեղեն շնորհները տարածյալ պահի համայն մարդկության, հայրենի մեր երկրի, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի վրա, ազատի փորձություններից և պարգևի խաղաղություն և երկնահեղ անսպառ օրհնություն։ Թող Քրիստոսի Հարության և կյանքի հաղթանակի բարի ավետիսը մշտահունչ լինի մեր սրտերում ու հոգիներում։ Եվ միասնաբար, Քրիստոսով քաջալեր ու զորացած, փորձությունները հաղթահարելով և մեր նոր կյանքը կերտելով՝ միշտ փառաբանենք Ամենակալն Աստծուն Իր անսահման սիրով մեզ պարգևած փրկության և հավիտենական կյանքի անգին շնորհների համար։

Մնացեք Տիրոջ սիրո, շնորհի և օրհնության ներքո այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33