Մարզաառողջարարական համալիր Կապանում

07.08.2024 10:36
747

Մեկուկես տարուց ավելի է՝ Կապանում բացվել է «ԻնՍպորտ-Սյունիք» մարզաառողջարարական բազմաֆունկցիոնալ համալիրը՝ մարզկենտրոնում  զանգվածային սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի արմատավորման մի մարզօջախ։ Մի խոսքով, «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» ձևակերպումը Կապանում կյանքի կոչելու առավել քան նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Համալիրի թողունակությունը մեկ ժամում 200 մարդ է, գործում են լողավազաններ (մեծահասակների և մանուկների համար ), որոնք հագեցած են ֆիլտրման գերժամանակակից քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիտնեսի սրահ, բռնցքամարտի ու արևելյան մարտարվեստի սրահներ և այլն: Մեծահասակների լողավազանի երկարությունը 38 մ է և հարմարեցված է ինչպես ակտիվ լողի, այնպես էլ հանգստի համար:

Մարզական բաղադրիչից զատ կարևոր է նաև սոցիալականը: Մարզահամալիրի գործարկմամբ՝ ստեղծվել է 42 մշտական աշխատատեղ, և սա ներդրումային ծրագրի առաջին փուլն է: Ասել է թե՝ լուծվում է նաև զբաղվածության խնդիրը։

Այս տարվա հունվարի 14-ին լրացավ մարզահամալիրի գործունեության մեկ տարին: Ներկաներին ողջունեցին «ԻնՍպորտ- Սյունիք»-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ինչպես նաև «ԻնՍպորտ»-ի խորհրդի գործադիր տնօրեն Դավիթ Հայրապետյանը: Երախտագիտություն հայտնվեց համալիրի աշխատակիցներին, որոնց ջանքերով առողջ ապրելակերպ է սերմանվում՝ մանավանդ դեռահասների շրջանում: Ա. Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում սպասարկման որակն էլ ավելի կբարելավվի: Այնուհետև Երևանից ժամանած հյուրերը հանդես եկան ցուցադրական ելույթներով: Համալիրի լողավազանում մանուկների համար մրցույթ կազմակերպվեց, առաջին երեք տեղերը գրավածները պարգևատրվեցին մեդալներով, հաղթող ճանաչվածները՝ նաև հուշանվերներով:

Մինչև երեկո տարբեր սրահներում միջոցառումներ անցկացվեցին, և համալիրում իշխում էր տոնական տրամադրություն:

Անցած մեկուկես տարում ձևավորվել են մարզաառողջարարական խմբեր, որոնցում ընդգրկվածներին պարապում են Կատերինա Գաբրիելյանը (ակտիվ յոգա և պասիվ (բուժական) յոգա), Մերի Մովսիսյանը (ակտիվ ֆիտնես): Այս երկու խմբեր են այցելում մեծ թվով կանայք։ Գործում է պարային խումբ, որը բարերար ազդեցություն է ունենում այցելողների կազմվածքի վրա (պարուսույց՝ Լիա Եփրեմյան)։ Մյուս խմբերը մարզում են Կարեն Ստեփանյանը (ինքնապաշտպանություն), Արտյոմ Գրիգորյանը (քիքբոքսինգ), Հայկ Մայիլյանը (ֆունկցիոնալ մարզումներ):

Տեղեկացանք, որ Կապանի հայտնի մարզիկ-մարզուհիները՝ Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Յանա Սարգսյանն անվճար օգտվում են մարզահամալիրի ծառայություններից: Այս առումով կարելի է նշել, որ համալիրի տնօրինությունը պատրաստ է մարզօջախում պարապելու հնարավորություն տալ կապանցի հեռանկարային մարզիկ-մարզուհիներին։

Աշոտ Հայրապետյանի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից ծրագիր է մշակվում դպրոցահասակ երեխաների շրջանում լողը մասսայականացնելու ուղղությամբ։ Համալիրը ևս հայտ է ներկայացրել այդ ծրագրին մասնակցելու համար՝ ներկայացնելով իր հնարավորությունները։

«Որոշակի ժամանակ է պահանջվում, որ ավանդույթներ ձևավորվեն, շատ դժվարությամբ անհրաժեշտ կադրերը  հավաքագրեցինք, - պատմում է համալիրի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, -  Կապանում գործազրկության բարձր ցուցանիշը նկատի ունենալով, թվում էր, թե կադրերի առումով խնդիր չէր ծագի։ Բայց լողի, ֆիտնեսի, մյուս մարզաձևերի համար տվյալ ոլորտի  մասնագետներ են անհրաժեշտ, հատկապես՝ լողի մասնագետ։ Այժմ, երբ որոշակի բազա ունենք, դրա վրա աճեցնելու ենք կադրեր»։

Բացի այդ, «ԻնՍպորտ-Սյունիք»-ի գլխամասային կառույցի մարզիչ-մասնագետները ժամանակ առ ժամանակ մեթոդական օգնություն են ցուցաբերում տեղացի  մարզիչներին։ Միով բանիվ, այս փուլում մարզահամալիրում նաև աշխատում են սեփական կադրեր ձևավորելու խնդրի վրա։ Օրինակ, երկու սկսնակ կադրերը անցկացնում են ջրային աերոբիկայի պարապմունք, որին տասից ավելի կին է մասնակցում։

Եվս մի ավանդույթ է ձևավորվում։ Մի քանի ամիս է՝ Կապանի մանկապարտեզի սաներն այցելում են մարզահամալիր. Կապանի համայնքապետարանի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռվել շաբաթական երկու անգամ՝ 20 փոքրիկներով, այցելել մարզահամալիր և չորս-հինգ տարեկանից սերտել լողի այբուբենը: Երեխաներ կան, որ երբևէ լողավազան չեն մտել, և սա լավ առիթ է մանուկներին լողալ սովորեցնել հենց վաղ տարիքից: Բոլոր պարապմունքներին մասնակից են լինում համալիրի մենեջերը (Ջուլիա Անդրեասյան) և բուժքույրը (Ալիսա Խերունց)։

Միով բանիվ, օրվա բոլոր ժամերին «ԻնՍպորտ-Սյունիք» մարզաառողջարարական համալիրն ապրում է լիարժեք կյանքով:

Լուսանկարները InSport Syunik էջից։

Վահրամ Օրբելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44