Մարզաշխարհի նվիրյալը

09.10.2024 11:55
1422

«Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է», - այս կարգախոսով է ապրել եւ աշխատել ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Շրջապատում հարգված, հոգատար, կարգապահ, լավ ամուսին եւ ծնող. այսպես են բնութագրում նրան ճանաչողները: Հայաստանի սպորտի, մասնավորապես աթլետիկայի պատմության մեջ իր հետքը թողած Արսեն Պետրոսյանը վառ անհատականությամբ կարողացել է վայելել շրջապատի սերն ու հարգանքը:      

Ծնվել է Սյունյաց  աշխարհի գյուղերից մեկում` Ձորաստանում, բանվորի ընտանիքում: 1976թ. ավարտել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը: Խորհրդային բանակում պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո 1986թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սովորելուն զուգընթաց դպրոցում դասավանդել է «Ֆիզիկական կուլտուրա» առարկան:       

Մանկուց զբաղվել է թեթեւ աթլետիկայով եւ պատանեկան հասակում արդեն իսկ ցուցաբերած լուրջ արդյունքների շնորհիվ ընդգրկվել ՀՀ աթլետիկայի պատանիների, ապա երիտասարդների ու մեծահասակների հավաքականների կազմում: Բազմիցս եղել է ՀՀ աթլետիկայի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունների հաղթող եւ մրցանակակիր, մասնակցել համամիութենական մրցումների եւ գրավել մրցանակային տեղեր:   

1984 թվականից անցել է մարզչական գործունեության եւ աշխատում է առայսօր:   

2004 թվականից «Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ -ի տնօրենն էր, 2022 թ. փետրվարից՝ ավագ մարզիչ:

Հավասարակշռված, զուսպ, լրջախոհ, ազնիվ ու անկաշառ անձնավորություն է Արսեն Պետրոսյանը: Նրա` մարդ տեսակը հեռու է սնապարծությունից եւ մեծամտությունից: Չի սիրում ցուցադրել իր հաջողությունները, պարզապես աշխատում է նվիրումով, պատասխանատվությամբ, աշխատում անդադրում այնքան, որ իր մասին խոսեն գործերը: Իսկ գործերը փաստում են ծանրակշիռ ու շոշափելի արդյունքները: Ահա նրա լավագույն սաների արդյունքները.

Մարատ Սարգսյան, սպորտի վարպետ /հեռացատկ, լավագույն արդյունքը՝ 7.60 մ/՝ 1991 թ.- Խորհրդային Միության պատանիների առաջնության չեմպիոն /ՌԴ, ք. Ձերժինսկ, 7.29 մ արդյունքով/:

Մերուժան Սարգսյան, սպորտի վարպետ /հեռացատկ, լավագույն արդյունքը՝ 7.92 մ/՝ 1995 թ.- ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն /ք. Սանկտ-Պետերբուրգ/, 2002 թ.- Եվրոպայի II լիգայի առաջնություն՝ 3-րդ տեղի մրցանակակիր /Սերբիա, ք. Բելգրադ/, 2001 թ. - Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն, ՀՀ չեմպիոն:

Էրիկ    Նուրիջանյան, սպորտի վարպետ /եռացատկ, լավագույն արդյունքը՝ 16.56 մ/՝ 1998 թ.- Համաշխարհային պատանեկան խաղերի եզրափակիչ փուլի մասնակից /ՌԴ, ք. Մոսկվա/, 2001 թ.- Աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության մասնակից /Չիլի, Սանտյագո/, Եվրոպայի գավաթի խաղարկության 4-րդ տեղ, /ք. Ռիգա/, 2005 թ.- Եվրոպայի ձմեռային առաջնության մասնակից /Իսպանիա, ք. Մադրիդ/,  Համահայկական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ չեմպիոն:

Հայկանուշ Բեկլարյան, սպորտի վարպետի թեկնածու /հեռացատկ, եռացատկ, լավագույն արդյունքը՝ 6.01 մ, 13.15 մ/՝ 2004 թ.- Միջազգային պատանեկան խաղերի չեմպիոն հեռացատկ մարզաձևից` 5.52 մ արդյունքով /ԱՄՆ, ք. Քլիվլենդ/, 2005 թ.- Համաեվրոպական պատանեկան խաղեր` 3-րդ տեղ, եռացատկ 12.78 մ արդյունքով /Իտալիա, ք. Լիգնանո/, Աշխարհի՝ մինչեւ 18 տարեկանների առաջնություն՝ 4-րդ տեղ, եռացատկ 13.06 մ արդյունքով /Մարոկկո, ք. Մարաքեշ/,  Աշխարհի՝ մինչեւ 20 տարեկանների առաջնության մասնակից /Չինաստան, ք. Պեկին/, 2007 թ.- Համահայկական խաղերի չեմպիոն:

Սերգեյ Հարությունյան, սպորտի վարպետի թեկնածու /եռացատկ, լավագույն արդյունքը՝ 15.96 մ /, 2006 թ. - Եվրոպայի գավաթի խաղարկության մասնակից, 4-րդ տեղ /Սերբիա, Նովի Սադ/, մի շարք միջազգային մրցումների մասնակից: 

Լեւոն Աղասյան, միջազգային կարգի սպորտի վարպետ /եռացատկ, լավագույն արդյունքը՝ 17.16 մ/՝ 2013 թ.- Եվրոպայի՝ ավագ տարիքի պատանիների առաջնության չեմպիոն /Իտալիա, ք. Ռիեթի/, 2014 թ.- Աշխարհի՝ մինչեւ 20 տարեկանների առաջնություն՝ 5-րդ տեղ՝ 16.28 /ԱՄՆ, Յուջին/, 2016 թ.- Ռիո դե Ժանեյրոյի, 2021 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից: Բալկանյան երկրների առաջնությունների յոթակի չեմպիոն:  ՀՀ և Համահայկական խաղերի բազմակի չեմպիոն:

Արամայիս Սարգսյան, /եռացատկ՝ լավագույն արդյունքը՝ 15.94 մ, հեռացատկ՝ լավագույն արդյունքը՝ 7.37 մ/, սպորտի վարպետ՝ 2016 թ.- Եվրոպայի՝ միչեւ 18 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մասնակից՝ 15.56 մ արդյունքով /Վրաստան, ք. Թբիլիսի/, 2017 թ.- Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մասնակից՝ 15.56 մ արդյունքով /Իտալիա, ք. Գրոսետո/, 2018 թ.- Աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնություն` 4-րդ տեղ՝ 15.94 մ արդյունքով /Ֆինլանդիա, ք. Տամպերե/, 2016 թ.- Բալկանյան երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր՝ 14.87 մ արդյունքով /Սերբիա, ք. Կրուշեվաց/,  Բալկանյան երկրների մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր՝ 15.60 մ արդյունքով /Թուրքիա, ք. Ստամբուլ/: Մի շարք միջազգային մրցումների հաղթող և մրցանակակիր, ՀՀ և Համահայկական խաղերի չեմպիոն:

Յանա Սարգսյան. 2020 թ. ամուսնանալով և տեղափոխվելով Կապան՝ սկսեց մարզվել ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի մոտ՝ ավելի կայուն արդյունքներ ցույց տալով: Մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի՝ գրավելով մրցանակային տեղեր: Համահայկական խաղերի բազմակի չեմպիոն է, ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ ռեկորդակիր: Լավագույն արդյունքը՝ եռացատկ՝ 13.62 մետր, հեռացատկ՝ 6.30 մ: Բալկանյան խաղերի մինչև 20 տարեկանների ձմեռային առաջնությունում 12.30 մ արդյունքով գրավել է 3-րդ տեղ: 2017 թ. Աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում եզրափակիչ փուլի մասնակից՝ 12.65 մ արդյունքով:

Արսեն Պետրոսյանն իր կյանքը գնահատում է ոչ թե ապրած տարիներով, այլ այն գործերով, որ հասցրել է կատարել:   

Որպես մարզիչ` նա իր սաների ձեռք բերած հաջողություններով ուրույն հետք է թողել ՀՀ աթլետիկայի զարգացման գործում:   

Արսեն Պետրոսյանը սիրված մարզիչ է սաների կողմից, եղել է հարգված տնօրեն և այս պահին ավագ մարզիչ: Մասնագիտական հմտությունները եւ կարողությունները նա կիրառում է նաեւ ի շահ պատանիների արժեհամակարգի դաստիարակության. մարզադաշտում եւ մարզասրահում  նրա տված  դասերը պատանի մարզիկներին, որպես կանոն, կյանքում էլ են օգնում: 

Վաստակավոր մարզիչը համոզված է, որ  մարդիկ, որոնք անցնում  են մարզական քուրայով, հրաժարվում են վատ սովորություններից, հավատ ու կամք են ձեռք բերում սեփական ուժերի եւ հնարավորությունների նկատմամբ, սովորում զոհողությունների գնալ  նպատակին հասնելու համար:    

Արսեն Պետրոսյանը օպտիմիստ է։ «Առանց լավատեսության, - ասում է նա, - կյանքում բոլոր հնարավորությունները աչքիցդ կվրիպեն»։ Բայց եւ մերկ օպտիմիզմը սխալ համարելով` ռեալիստ  լինելու կողմնակից է։ «Լավատեսությունը պետք է իր հիմքերը ունենա, - շարունակում է մարզիչը։ -Կարելի է ասել, որ ես օպտիմիստ - ռեալիստ եմ»։ Նրա կարծիքով` հաղթանակներին պետք է շատ զգույշ վերաբերվել, գլխապտույտ չունենալ դրանցից ու չտարվել «աստղային» հիվանդությամբ: Սկզբում ստանալ բավականություն, իսկ հետո՝ եզրակացության հանգել։ «Հաղթանակը պետք է նոր հաղթանակներ ծնի», - ամփոփում է նա:     

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում  ունեցած վաստակի եւ ներդրած ավանդի, երկարամյա մարզչական գործունեության համար Արսեն Պետրոսյանը պարգեւատրվել է տարբեր կարգի պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեդալներով:  Ծննդյան 60-ամյա տարեդարձի  կապակցությամբ Սյունիքի մարզպետ Հ.Պողոսյանի կողմից արժանացել  է շնորհակալագրի: 

Բազմիցս ճանաչվել է  ՀՀ աթլետիկայի տարվա լավագույն մարզիչ:   

2002 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում:   

2013 թվականին Կապան քաղաքի  75-ամյակի   առթիվ նրան շնորհվեց «Կապան» ոսկե մեդալ: 

2018 թվականին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կողմից շնորհվել է  «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչում:   

Վաստակավոր մարզիչը խոստովանել է, որ նման գնահատանքները  պարտավորեցնում են եւ մղում   նորանոր հաջողությունների:

Արսեն Պետրոսյանի համոզմամբ, ինչքան էլ մարդ հաջողակ լինի գործում ու հարգված շրջապատում, նրա ամենամեծ ձեռքբերումը երջանիկ ընտանիք ստեղծելն է: Եվ այսօր երջանիկ է Արսեն Պետրոսյանը, որովհետեւ ունի ամուր ընտանիք՝ 2 արժանավոր զավակ` ուստր եւ դուստր, 2 սիրասուն թոռնիկ:     

Տարիների ընթացքում մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։   

 

Արշամ Սարգսյան 

Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ,

Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ

 

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35