Մեղրին ոչ թե միջանցք է, այլ դեպի արտաքին աշխարհ բացվող հայոց գլխավոր դարպասը

27.11.2023 11:11
3508

Նոյեմբերի 17-18-ին Մեղրիում տեղի ունեցած միջազգային գիտաժողովը, որի թեման էր «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր», կարևոր իրադարձություն էր Սյունիքի հոգևոր-մշակութային ու գիտական կյանքում:

Գիտաժողովին մասնակցում էր նաև պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ճանաչված թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա հետ մեր զրույցը տեղի ունեցավ Կարճևան գյուղում: Եվ մինչև բուն հարցերին անցնելը՝ հեռվից դիտում էինք Արաքսի դանդաղ ընթացքը, տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով (Արաքսի աջ ափով) անցնող այն մայրուղին, որով տարիներ շարունակ Ադրբեջանի արևմտյան շրջանները կապված են Նախիջևանի հետ:

Մենք միասին և վերստին հայտնեցինք անքննելի տեսակետը՝ Մեղրին ոչ թե միջանցք է, այլ դեպի արտաքին աշխարհ բացվող հայոց գլխավոր դարպասը:

- Պարոն Սաֆրաստյան, հաճելի է Ձեզ տեսնել Մեղրիում անցկացվող գիտաժողովի  մասնակիցների շարքում: Եվ, օգտվելով առիթից, ցանկանում ենք մի քանի հարցի շուրջ զրուցել:

Նախ՝ արդյո՞ք պաղեստինաիսրայելյան պատերազմը կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի զարգացումների վրա։ Մենք չենք մոռացել, որ 44-օրյա պատերազմի արդյունքը պայմանավորված էր նաև Իսրայելի ակտիվ դերակատարությամբ՝ հօգուտ Ադրբեջանի:

- Կարծում եմ՝ ներկա փուլում չի կարելի նման պնդում անել, որ Համասի և Իսրայելի միջև մղվող պատերազմը կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա։ Քանզի մի կողմից՝ աշխարհի ուժեղ տերություններն ամեն ինչ անում են, որ պատերազմի բոցը չտարածվի, պատերազմը լոկալ (տեղային) բնույթ կրի։ Երկրորդ՝ տեղի ունեցող իրադարձություններում մեծ դերակատարություն ունի Իրանը, որը փորձում է հնարավորինս սահմանափակել այդ պատերազմը Համաս-Իսրայել շրջանակում։

Հույս ունենանք, որ պատերազմը չի տարածվի այդ շրջանակից դուրս։

Բայց պետք է նաև հաշվի առնել, որ Իսրայել-Ադրբեջան շատ սերտ հարաբերությունները, մանավանդ ռազմական արդյունաբերության, ռազմական տեխնիկայի ոլորտում, կարող են որոշակի ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Կան տվյալներ, ըստ որի՝ Իսրայելն Ադրբեջանում, նաև Արցախի Հանրապետության տարածքում կառուցել է ռազմական նշանակության կոմունիկացիաներ։ Սրանք մամուլի տվյալներ են, հետախուզական տեղեկություններ չունենք, բայց, կարծում եմ, դա կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար:

- Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ադրբեջանի ռազմատենչությունը կնահանջի մի քիչ, թե՞ կշարունակվի. նկատի ունենք Իսրայելի ընդգրկվածությունը պատերազմական գործողություններում։

- Կարծում եմ՝ Իսրայելը՝ որպես դաշնակից, Ադրբեջանի համար չունի այն նշանակությունը, ինչ Թուրքիան, իմ ընկալմամբ՝ Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես Թուրքիան է ցանկանում։ Այստեղ Իսրայելի գործոնը զուտ ռազմական-հետախուզական է։

- Մեր տպավորությամբ՝ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պայմաններում թուրք-իրանական հարաբերություններում տեսակետների մերձեցում է նկատվում։ Ճի՞շտ է մեր ընկալումը:

- Որոշ չափով ճիշտ է, ինչ-որ չափով՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև մոտեցումների նմանություն կա, քանզի Թուրքիան հռետորաբանության մակարդակով օժանդակում է Համասին և քննադատում Իսրայելին։ Թուրքիան իրականում շատ ավելի զգուշավոր քաղաքականություն է վարում՝ կապված Իսրայելի հետ։ Թուրքիան սուր հռետորաբանություն է բանեցնում, բայց մինչև հիմա հարաբերությունները չի խզել Իսրայելի հետ։ Երկրորդ՝ տեղեկատվություն եղավ, թե Թուրքիան սահմանափակում է առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ, որը 20 միլիարդ դոլարի է հասնում։ Բայց էլի վերջնական չի դադարեցրել, պատժամիջոցներ չի կիրառել Իսրայելի դեմ։ Իսկ Իրանը շահագրգռված է, որ պատերազմը դուրս չգա Համաս-Իսրայել շրջանակից։ Իրանի քաղաքականությունը շատ ավելի հստակ է, ինքը որոշակիորեն կանգնած է Համասի և պաղեստինյան ժողովրդի կողքին: Բայց սկզբունքային տարբերությունն այն է, որ Իրանն ու Թուրքիան ունեն տարբեր մոտեցումներ Պաղեստինի և Իսրայելի ապագայի վերաբերյալ։ Թուրքիան կողմնակից է երկու պետություն ունենալու մոտեցումին, այն է՝ լինի երկու  առանձին պետություն՝ Պաղեստին և Իսրայել։ Իսկ վերջերս Թուրքիան նաև որոշակի ծրագիր առաջ քաշեց՝ կապված այդ խնդրի հետ՝ թող լինեն երկրներ, որ երաշխավոր կդառնան։ Եվ որպես անվտանգության գարանտ իրենք առաջարկեցին իրենց։ Իրանը երկու պետություն ստեղծելու կողմնակից չէ, կարծում է՝ մեկ պետություն պիտի լինի, որտեղ  պիտի ապրեն և՚ պաղեստինցիները, և՚ հրեաները։ Իրանը որպես պետություն չի ճանաչում Իսրայելին: Այնպես որ՝ դա սկզբունքային տարբերություն է։

 - Քննարկենք սյունեցիներիս համար ամենացավոտ հարցը.  տևական ժամանակ է՝ խոսում են այսպես կոչված  Զանգեզուրյան միջանցքի մասին։ Եվ հանկարծ թուրքերն այլընտրանքի մասին են բարձրաձայնում՝ «Մեզ այնքան էլ  պետք չէ Սյունիքի տարածքը, մենք Իրանի տարածքով մեր միջանցքը կունենանք»։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հրաժարվել են երբեմնի իրենց երազած միջանցքից՝  Սյունիքի  տարածքով, թե՞ սա հերթական խաղն է։

-  Ես կարծում եմ, որ ոչ։ Չեն հրաժարվել, որովհետև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ունի ռազմավարական նշանակություն։ Այդ առիթով բազմիցս խոսել ենք։ Իսկ եղած ճանապարհն Իրանի տարածքով, որ սկսել են բարեկարգել, լայնացնել, մարտավարական նշանակություն ունի։ Բայց մինչև հիմա երկաթգիծ չկա, կարծում եմ՝ այդ հանգամանքն էլ նշանակություն ունի, որ մինչև հիմա չի կառուցվել Թուրքիայի հատվածը, որով պիտի կապվի Նախիջևանի հետ։ Թուրքիայում այդ մասին քանի տարի խոսում են, բայց դեռ շինարարությունը չի սկսվել։ Մոտավորապես մի ամիս առաջ համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանի հետ, որ համատեղ պիտի կառուցեն դեպի Նախիջևան ճանապարհը: Երևում է՝ Թուրքիային անհրաժեշտ է Ադրբեջանի ֆինանսական աջակցությունը, որովհետև Թուրքիայի վիճակը ծանր է: Ադրբեջանն էլ Թուրքիայի առջև պայման է դրել՝ քանի որ պատերազմն ավարտվել է իրենց հաղթանակով, ուստի Հայաստանն Ադրբեջանի համար նպաստավոր պայմաններով պիտի ստորագրի պայմանագիր, ճնշումն ուժեղացնեն Հայաստանի վրա, հասնեն այն բանին, որ Հայաստանը համաձայնվի նաև Զանգեզուրի միջանցքի իրողության հետ՝ թղթի վրա: Որովհետև իրենց համար դա բարենպաստ պայման է, հետո կարող է դժվար լինել:

Իսկ Իրանի հատվածով անցնող ճանապարհը ժամանակավոր լուծում է, դա ակնհայտ է…

- Թուրքիայի խորհրդարանն այս օրերին քննարկեց Էրդողանի առաջարկությունը՝ Ադրբեջանում գտնվող զորքերի ներկայությունը ևս մեկ տարով երկարաձգելու մասին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Արցախը բռնազավթել են, բայց, կարծեք, մտահոգություններ ունեն։

- Կարծում եմ՝ դա պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաներով։ Թուրքիան ունի ռազմավարական նպատակ՝ վերահսկողություն սահմանել հարավային Կովկասի վրա։ Նա փորձում է Ռուսաստանի հետ որոշակի համագործակցության շնորհիվ հասնել այն բանին, որ ռուսները համաձայնեն, այսպես ասած, Թուրքիայի օրինական ռազմական ներկայությանը Հարավային Կովկասում։ Եվ Ակնայում ռազմական կենտրոն ստեղծելը դրա առաջին քայլն էր։ Հավանաբար դա ռուսներին էլ ձեռք է տալիս, որովհետև վերջիններս օրինական ձևով կպահեն իրենց զինվորականներին Ադրբեջանի տարածքում։ Սա ներկա փուլում ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունն է՝ մի կողմից՝ ռազմավարական առումով պայքար, բայց մարտավարական առումով, պայմանավորված տնտեսական հանգամանքներով և պատժամիջոցներով, որոշակի համագործակցության հնարավորություն։

- Թվում է՝ հայկական կողմը Թուրքիայի պահանջ-նախապայմաններն աստիճանաբար և անաղմուկ կատարում է.  Դուք չե՞ք նկատում։

- Օրինակ բերեք։

- Դե, օրինակ, ցեղասպանության հարցը նախկին հնչեղությամբ չի դրվում։

- Բայց ոչ ոք չի արգելում ցեղասպանության թեման քննարկել։ Ցեղասպանության ճանաչման գործընթացը և՛ նախկինում, և՛ հիմա, և՛ հավանական է՝ ապագայում, հիմնականում սփյուռքն է առաջ տարել ու տանում՝ Հայ դատի գրասենյակի միջոցով։

Ներկայիս գործընթացները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է։ Առաջին երեքն արդյունք չեն տվել։ Այս անգամ թուրքերն ավելի լավ են պատրաստվել։ Ի՞նչ առումով. հատուկ խումբ է ստեղծվել մինչև բանակցությունների սկիզբը՝ մասնագետներից կազմված, որոշներին կարողացել եմ բացահայտել՝ ովքեր են։ Այդ խումբը մշակել է բանակցային ռազմավարությունը և մարտավարությունը։ Ռազմավարությունն այն է, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվելու՝ մինչև Հայաստանը բոլոր պահանջները չկատարի։ Մարտավաությունը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայից ստանում է խոստումներ՝ փոքր քայլերի համար, իսկ իրականություն դառնալու համար զիջումներ պիտի անի։

Հայաստանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարող է հասնել վերջնական նպատակին՝ սահմանի բացմանը։

Ամեն դեպքում՝ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս չի գալիս։ Այ, այս վիճակում էլ պահում են Հայաստանին...

- Շատ բարի։ Բայց կարծեք այս անգամ էլ ռուսները մեր հաշվին խնդիրներ լուծեցին Թուրքիայի հետ:

- Չեմ ուզում դա մեկնաբանել, որովհետև տեսնում ենք դա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմավարական նպատակին, ըստ իս՝ նա ոչ մի ցանկություն չունի Հարավային Կովկասը հանձնել Թուրքիային։ Բայց որոշակի կախվածություն ունի, թուրքերն էլ կախվածություն ունեն։ Ահա այս պայմաններում՝ մարտավարական առումով կարող են Ռուսաստանի կողմից լինել որոշակի փոքրիկ զիջումներ Թուրքիային։ Բայց որ հնարավություն տրվի Թուրքիային՝ Հարավային Կովկասը լրիվ վերցնել իր հսկողության ներքո՝ Ռուսաստանը թույլ չի տա։ Թուրքիան Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական գերիշխանությունը հաստատել է միայն Հայաստանին լրիվ չեզոքացնելով։ Ասելս այն է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանը Թուրքիայի կողմից լրիվ չեզոքացվի։

- Անցնենք մեզ ավելի տեսանելի ու շոշափելի թեմայի. արդյո՞ք կարող ենք Արցախի հիմնահարցը համարել փակված, եթե ոչ,  ապա ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկել ներկա փուլում։

- Շատ կարևոր է, թե Արցախի հայությունն ինչ որոշումներ կընդունի՝ իհարկե հաշվի առնելով նաև Հայաստանի դիրքորոշումը։ Մինչ հիմա չենք տեսել, որ կոնկրետ դիրքորոշում հայտնեն. քննարկումներ են ընթանում։ Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում Արցախի հարցը պահել օրակարգում։ Դա, նախևառաջ, պիտի նշանակի այն, որ արցախահայությանն իրավունք վերապահվի՝ իր համար միջազգային գարանտների միջոցով, վերադառնալ իր հայրենիքը՝ երբ ցանկանա։ Դա պիտի լինի, նորից ասեմ, միջազգային երաշխավորների միջոցով։ Երրորդ՝ դա նշանակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հիմնահարցը, ամեն ինչ անել, որ այն պատմամշակութային ժառանգությունը, որ հիմա կա Արցախում՝ հայ ժողովրդի կողմից ստեղծված, չվերացնեն, չոչնչացնեն։

- Իսկ Արցախի  իշխանությունների պահպանո՞ւմը, չե՞ք կարծում, որ դա նույնպես հրատապ է ու անհրաժեշտ:

- Նախ՝ ի՞նչ է նշանակում Արցախի իշխանությունների պահպանում՝ վտարանդիի կարգավիճակում: Այ, սա է շատ կարևոր՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս։ Քննարկվում է նաև այս վերջին տարբերակը։ Օրինակ՝ Հայաստանից դուրս քիչ հավանական է, չեմ տեսնում որևէ պետություն, որ համաձայն լինի, քանզի Արցախը ճանաչված չի եղել որևէ երկրի կողմից, այդ թվում՝ Հայաստանի։ Սովորաբար վտարանդի կառավարությունները գործում են ճանաչված պետությունների դեպքում։ Այս դեպքում այդ հանգամանքը չկա։ Կարող է դրսում գործել որպես հասարակական կազմակերպություն, այն էլ՝  տվյալ պետության վրա Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման պայմաններում։ Արցախի իշխանություններին ընդունող և գործելու հնարավորություն տվող պետությունն էլ արդարացիորեն կմտածի՝ ինչի՞ համար։ Մեծ շահագրգռություն պիտի ունենա։ Կարող է այնպիսի պետություն համաձայնի, որ հակաթուրքական քաղաքականություն է վարում։ Իսկ Հայաստանում պահելը, կարծում եմ, իմաստ չունի։ Վտարանդի կառավարություն, հետո՞... Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը:

- Այդ դեպքում արցախահայությանը, Արցախի հիմնախնդիրը թողնենք բախտի քմահաճույքի՞ն։

- Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան արցախահայությանը կազմակերպել, պահել այնպիսի վիճակում, որ հնարավորության դեպքում մասնակից դառնան նոր զարգացումների։ Մնացյալը երազանք է։ Հիմա փաստորեն Արցախը դառնում է հայկական հարցի բաղկացուցիչ մաս։ Տխուր բան եմ ասում, բայց սա է իրողությունը:

- Թվում է՝ ժամանակից շուտ ենք փակում Արցախի էջը, թվում է՝  շարունակում ենք քայլել  Թուրքիայի և Ադրբեջանի քիմքին հաճո ճանապարհով, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում... Ամեն դեպքում շնորհակալություն՝ հարցազրույցի համար:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34