Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց. Գարեգին Բ կաթողիկոս

14.10.2020 19:19
3663

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վեհափառի ուղերձում ասված է.  

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։

Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց: Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։

Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։

Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։

Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12