«Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

20.12.2020 14:26
3555

Դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելեցին նաև զինվորականների շիրիմներին, կատարեցին իրենց առանձնական աղոթքը։

Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա գտնվեց Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվեց հոգեհանգստյան արարողություն։

Արարարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Այսօր վերստին ոգեկոչում ենք լույս հիշատակը հայրենիքի համար զոհված մեր զինվորների, աշխարհազորայինների և զորահրամանատարների, ովքեր արցախյան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դեմ և իրենց թանկագին արյան հեղումով ընդունեցին նահատակության անթառամ պսակը։ Քաջարի սխրագործություններով նրանք անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը, ինչպես խոստացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի» (Հովհ. 10.28):

Տերունավանդ խոստումին ապավինած՝ մեր սիրասուն զավակները իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին և անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագույն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրավեցին հայոց տարեգրության մեջ և երկնքում դասվեցին բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհվեցին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայրենիքի խաղաղ, ապահով և բարօր կյանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով և արիաբար պայքարել՝ հանուն մեր ազգային նպատակների իրագործման։

Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստված փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ։ Նա շնորհն ու կարողությունն է պարգևում, որ վեր հառնենք նեղություններից ու դժվարություններից, Քրիստոսի նման հարություն առնենք մեր պատմության հերթական Գողգոթայից և վկայենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի ներուժը, աստվածապարգև մեր հավատն ու ամուր կամքը, նոր կյանք կառուցելու մեր եզակի վճռականությունը։

Համազգային ուժերով և միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավումը, քաղաքական և հասարակական ճգնաժամի հաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկա բարդ իրավիճակում զգաստության և ողջախոհության պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը և սուգը չքաղաքականացնելը պիտի լինեն նվիրական հարգանքի ճշմարիտ արտահայտությունը մեր հերոսների անմոռաց լույս հիշատակի առջև։ Ազգային համերաշխությամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցությամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատվաբեր շարունակությունը մեր զավակների Քրիստոսանման անձնազոհության։

Արդ, մեր նահատակ հերոսների անմար լույս հիշատակի առջև վերահաստատենք հայրենանվիրումի ու ազգանվիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդեպ նրանց պարտքի գիտակցությունը, հանձնառության և զոհաբերության ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին և համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրությամբ և անձնուրաց զոհողություններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շեն կյանքի կերտման և մեր պետականության ամրապնդման համար։ Չվտանգենք մեր պետականությունը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք հանուն մեր ժողովրդի ու հայրենյաց անկորուստ պահպանության, զորացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը։

Ի խորոց սրտի աղոթենք միասին, որ Ամենագութն Աստված հանգստություն ու երանություն շնորհի քաջաբար զոհված մեր սիրասուն զավակների անմահ հոգիներին։ Աղոթենք, որ գթառատ Տերն Իր Սուրբ Հոգով սփոփի մեր հերոսների ծնողների, կանանց ու զավակների սգացյալ սրտերը և մեր բոլորի վշտակիր հոգիները։ Թող այլևս սուգն ու տխրությունը չմթագնեն մեր ազգային կյանքը, ողբերգությունները չպատուհասեն մեր ժողովրդին, և Աստծուն ապավինած ու ազգովին համախումբ՝ կերտենք լուսավոր գալիքը հայրենյաց և համայն հայության։

Փառք և երիցս փառք մեր նահատակ որդիներին։

Խոնարհում, մշտահունչ աղոթք և բյուր օրհնություն մեր հերոսների լույս հիշատակին։

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Բարեգութն Աստված՝ ասելով.

«Քրիստոս Որդի Աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, ընդունիր մեր աղոթքները և ունկնդիր եղիր մեր խնդրանքներին։ Արարչական սիրովդ գթա Արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս զինվորների և զորավարների հոգիներին։ Լույսերիդ մեջ աջակողմյան դասում ընդունիր նրանց Քո սուրբերի հետ միասին և պարգևիր երկնքի անվախճան արքայությունդ։

Ամենախնամ Տեր, Քո աստվածային ազատությունը պարգևիր մեր գերիներին, որպեսզի օր առաջ նրանք ապահով տուն վերադառնան։

Քո ամոքիչ և կենդանարար սիրով օրհնիր և բժշկություն պարգևիր նաև վիրավորներին ու ապաքինվող բոլոր անձանց և Քո Սուրբ Հոգու մխիթարիչ զորությունը պարգևիր որդեկորույս ծնողներին՝ սգակիր հայրերին ու մայրերին, այրիացյալ կանանց ու որբացած մանուկներին, նրանց հարազատներին և վշտակիր համայն մեր ժողովրդին։

Բարերար և բազումողորմ Տեր, Քո հայրական խնամքով և ամենախնամ Սուրբ Աջովդ պահպանիր մեր ժողովրդին սիրով միաբան՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում և զորացրու մեր հոգիները հավատքով ու հույսով, որպեսզի Քո օգնականությամբ այս ծանր ճգնաժամը ևս հաղթահարենք։

Հեռացրո՛ւ մեզնից ատելության ու բռնության չարիքը և շնորհի՛ր համերաշխության ու եղբայրասիրության ոգի, որպեսզի ազգովին համախումբ շենացնենք ու զորացնենք մեր հայրենիքը և հանապազ գոհությամբ օրհնաբանենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26