ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՋԱԴՐԵՄ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

24.07.2018 14:21
1530

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն շրջանառվում են տարբեր անուններ, որոնք հավակնելու են Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Նրանցից ոմանք ունեն կառավարման փորձ, ոմանց համար էլ այն լինելու է փորձություն՝ սեփական կուսակցության վարկանիշը Երեւանում ի հայտ բերելու համար։ Բոլոր դեպքերում ՀՀԿ-ական մենիշխանությունը ջարդելուց հետո այդ ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր ու մրցակցային։

Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր տարածել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Աբրահամյանի լուսանկարը՝ ցանկություն հայտնելով, որ նա նորից ղեկավարի մայրաքաղաքը։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, մեզ հետ զրույցում միայն մի պայման է առաջ քաշում իր թեկնածությունը դնելու համար։

-Ո՞րն է այդ պայմանը։

-Եթե վարչապետի հավանությանն արժանանա իմ թեկնածությունը։

-Դուք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եք, մասնակցելո՞ւ է «Հանրապետությունն» այդ ընտրություններին։

-Չգիտեմ, տվյալ դեպքում կուսակցության կամ բլոկի ցանկությունն իմ ակնկալիքներով պայմանավորելը քիչ է, որովհետեւ ես գիտեմ մայրաքաղաքի ծանրությունը։ Երկրի զարգացման այս փուլում, սաղմնային փուլում, միմիայն վարչապետի ցանկությամբ պետք է ընտրվի Երեւանի քաղաքապետ։

-Սոցիալական ցանցերում մի քիչ հումորով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն անվանում են մանկապատանեկան, քանի որ շատ երիտասարդ կադրեր են ներգրավված որոշ ղեկավար պաշտոններում։ Ոմանք, հաշվի առնելով այս հանգամանքը, վերապահումներ ունեն այդ կառավարության նկատմամբ։ Դուք նախկինում զբաղեցրել եք բարձր պաշտոններ, մեծ փորձ եք կուտակել։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նոր կառավարության հետ։

-Շատ նորմալ։ Բացարձակապես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Պետական կառավարման ներկա համակարգում կա վարչապետ, որն ունի բացարձակ հեղինակություն եւ հնարավորություններ։ Եվ այս պարագայում, անկախ բոլոր կարգի պրակտիկ եւ տեսական մոտեցումներից, պետք է միայն եւ միայն գործող իշխանության ցանկությամբ դա լինի։

-Այսինքն՝ վարչապետը կարո՞ղ է լրացնել այն բացը, որն առաջանում է կառավարման փորձ չունեցող կադրերի պատճառով։

-Իհարկե, շատ դժվար կլինի։ Ի միջի այլոց, նախկին իշխանություններն էլ նույն խնդիրն ունեին։ Նրանց ամբողջ խնդիրն այն էր, որ դրամի կայունության խնդիրն էլ էր Սերժ Սարգսյանը որոշում։ Դրա համար նրա ղեկավարած կառավարությունում կար մի նախարարություն, դա երջանկահիշատակ Արմեն Երիցյանի ղեկավարած նախարարությունն էր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը կարող էր ինքնուրույն որոշումներ ընդունել։ Մնացած բոլորը մտածում էին, թե ոնց անեն, ոնց շարժվեն, ոնց գնան։ Այդ դեպքում ամբողջ պետական կառավարման համակարգի ծանրությունը դրվում է մեկ մարդու ուսերին։ Ես համոզված եմ, որ ապագայում էլ Նիկոլ Փաշինյանը, հաշվի կառնի այդ սխալները։ Նա ինքնուրույնություն է տալիս գերատեսչությունների ղեկավարներին, իսկ մնացածը նրանց շնորհքից ու հնարավորություններից է կախված՝ կարո՞ղ են իրենք լուծել համակարգին վերաբերող հարցերը, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում համակարգը նրանց դուրս կշպրտի։ Եթե ոչ այսօր, ապա՝ վաղը։ Դա միանշանակ է։ Ես մոտավորապես պատկերացնում եմ․ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուզում է բերել մեկ հարթություն, եւ եթե նրանց որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս, եւ նրանք չեն կարողանալու լուծել, համակարգը նրանց դուրս է շպրտելու։ Եվ դա կապ չունի՝ ահե՞լ են նրանք, ջահե՞լ, որովհետեւ պետական շահի, պետական մտածողության առկայության պարագայում կարեւոր է պետական շահի առաջնահերթությունը։ Իսկ մնացածը դառնում է երկրորդական-երրորդական։ Կյանքն ու ժամանակը կպարտադրեն, որ այդպես վարվեն։ Նախկին համակարգի ամենախոցելի կողմը կոռուպցիան, մոնոպոլիաներն էին, ոլորտների ղեկավարների՝ ինքնուրույն որոշում կայացնելու բացառումն էր։

-Դուք կո՞ղմ եք կառավարման ղեկը վստահել երիտասարդ, անփորձ կադրերին, թե՞ փորձառու, նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց։

-Ի սկզբանե սխալ է հարցադրումը։ Ով փորձի այդ հարցին պատասխանի՝ ասելով, թե կարեւոր է միայն երիտասարդությունը, կամ հակառակը՝ փորձը, նշանակում է ձախողել։ Սերունդներին իրար դեմ հանելու մտայնությունը դատապարտված է ձա՛-խո՛ղ-մա՛ն։ Ոլորտներ կան, որտեղ միայն ղեկավարի՝ անգլերեն իմանալն ու երիտասարդ լինելը բավարար չեն ամբողջական գնահատական տալու՝ ի շահ պետության։ Պետք են իմաստություն, տարիների փորձ, որոնք թերագնահատելը դատապարտված է ձախողման։ Երիտասարդական ավյունը պետք է համադրվի փորձի եւ իմաստության հետ, եւ դրանց հիմքում էլ պետք է լինի պետական շահի գե-րա-կա-յութ-յունը։

Թագուհի Հակոբյան

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11