Մուրադ Սարգսյան. «Ներկայումս Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում եւ տասը գյուղական բնակավայրում վերականգնվում է ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը»

20.11.2017 10:28
1888

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:

- 2017թ. հունվարի 1-ից ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն միջազգային մրցույթի արդյունքում դարձել է Հայաստանում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր: Համառոտ ներկայացրեք ընկերության մատուցած ծառայությունների բնույթը: Առհասարակ ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել ընկերությունը:


- Ընկերությունը 2017թ. հունվարի 1-ից մատուցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ նախկին «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների սպասարկման տարածքում: Մենք ծառայություններ ենք մատուցում Երեւանում, 41 այլ քաղաքներում ու 313 գյուղերում, ընդամենը՝ 355 բնակավայր: Դրանից բացի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մեծածախ ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրում: Բացառություն են կազմում 560 համայնք, որոնք իրենց ուժերով են սպասարկում համայնքի սեփականությունը հանդիսացող ջրմուղ-կոյուղու համակարգերը:


«Վեոլիա Ջրի» քաղաքականությունն ուղղված է բարելավելու բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը՝ ըստ վարձակալության պայմանագրի ու լիցենզիայի պահանջների, զարգացնելու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Երեւանի ու մարզերի միջեւ առկա տարբերության վերացմանը՝ միաժամանակ կատարելով ջրային եւ էներգետիկ ռեսուրսների խնայում՝ նոր տեխնոլոգիաների եւ լուծումների ներդրմամբ:


- Ենթադրում ենք, որ ընկերությունում նաեւ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել: Ի՞նչ բնույթի են դրանք, եւ արդյո՞ք հաստիքների կրճատում եղել է:


- Վերը նշված նախկին հինգ ընկերության մեխանիկական միավորման արդյունքում ներկայումս «Վեոլիա Ջուր»-ն ունի մոտ 3000 աշխատակից: Ստեղծվել է համապատասխան կառուցվածք: Սակայն ակնհայտ է, որ ընկերության առջեւ ծառացած խնդիրները պահանջում են շարունակաբար կատարելագործել այդ կառուցվածքը, լուծարել որոշ ծառայություններ՝ փոխարենը ստեղծելով նորերը: Նոր տեխնիկան ու տեխնոլոգիաները նոր պահանջներ են ներկայացնում աշխատակազմին, հետեւաբար՝ շարունակաբար խստանալու են աշխատանքին ներկայացվող չափանիշները: Ակնհայտ է, որ այս պայմաններում կադրային փոփոխություններն անխուսափելի են, իսկ արտադրողականության բարձրացումը, գործառույթների քանակի նվազեցումը կամ համատեղումը հանգեցնելու են նաեւ աշխատակիցների թվի կրճատմանը: Բայց ակնհայտ է նաեւ, որ լավ աշխատողները երբեք ավելորդ չեն լինում, ու նրանց թվաքանակի կրճատումը չի կարող մեզ համար ինքնանպատակ լինել: Ընկերությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը՝ որպես հաջողության կարեւորագույն գրավականներից մեկի:


- Որքանո՞վ է արդյունավետ կառավարման նոր ձեւը Սյունիքում՝ հատկապես կենտրոնական գրասենյակը Վայոց ձորի մարզ տեղափոխելով:


- «Վեոլիա Ջրի» կենտրոնական գրասենյակը եղել եւ այժմ էլ գտնվում է Երեւանում, իսկ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի նախկին «Հայջրմուղկույուղու» տեղամասը վերանորոգելուց հետո վերածվել է Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի կենտրոնի, որտեղ մի հարկի տակ աշխատում են թե՛ շահագործման, թե՛ առեւտրային ծառայությունները, թե՛ ջրի որակի լաբորատորիան եւ թե՛ հատուկ մասնագետների խումբը:


Այն կոչվում է տարածաշրջանի կենտրոն, քանի որ ունի տարածաշրջանային նշանակություն: Վայքը, գտնվելով «Վեոլիա Ջրի» սպասարկման «Արեւելյան» կոչվող գոտու մեջտեղում (որը ձգվում է Դիլիջանից մինչեւ Մեղրի` ներառելով Գեղարքունիքը, Վայոց ձորն ու Սյունիքը), բոլոր այս տարածքները կապող օղակն է:


«Արեւելք»-ի ստեղծումը թույլ է տալիս ավելի մոտ լինել սպառողներին, ծանոթանալ նրանց կարիքներին ու փորձել օպերատիվ կերպով արձագանքել ահազանգերին: Երեւանի փոխարեն, հիմա այստեղից, ավելի արագ կարելի է հասնել տեղի բնակավայրեր եւ լուծել խնդիրները: Հենց այս տրամաբանությամբ էլ այստեղ է ստեղծվել ողջ տարածաշրջանի համար ընդհանուր մի պահեստ` բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով եւ հատուկ տեխնիկայով հագեցած մեքենամեխանիզմների բաժնով:


- Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար կատարվում են պլանային եւ վթարային ջրանջատումներ. ինչո՞վ կբացատրեք դրանց հաճախակիությունը:


- Հայաստանում ջրմուղ-կոյուղու համակարգերի տեխնիկական ոչ բարվոք վիճակով ու դրանց զարգացնելու անհրաժեշտությամբ:


Հնամաշությամբ պայմանավորված՝ խողովակաշարերը, չդիմանալով ջրի ճնշմանը, շարունակ վթարվում են, իսկ վերանորոգումը՝ որպես կանոն, պահանջում է ջրանջատում: Մյուս կողմից՝ գարնանից սկսած «Վեոլիա Ջուր»-ը մշակում ու իրականացնում է ներդրումային ծրագրեր՝ համակարգերը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ու բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով: Հասկանալի է, որ հին ջրագծերն ապամոնտաժելու ու նորերը համակարգին միացնելու համար նորից պահանջվում է ջրամատակարարման ընդհատում: Էլ ավելի բարդ է ու խնդրահարույց աղբյուրների վերանորոգումը: Սակայն դա նույնպես անխուսափելի է, եթե հաշվի առնենք նախկին օպերատորներից «ժառանգած» տնտեսության վիճակը:


Իհարկե, մենք ունենք զգալի փորձ աշխատանքները համատեղելու ու ջրանջատումների քանակը նվազեցնելու համար: Սակայն, միեւնույն է, ստեղծված պարագայում դրանցից խուսափել հնարավոր չէ: Սպառողները կարող են մխիթարվել նրանով, որ ջրանջատումներից հետո նրանք ստանում են ավելի կանոնավոր ու երկարաձգված ջրամատակարարում, ինչը եւ մեր գործունեության իմաստն է հանդիսանում:


- Այս օրերին հանրության մտահոգիչ հարցերից մեկն էլ կապված է ջրի սակագնի բարձրացման հետ. որքանո՞վ են հավաստի այդ խոսակցությունները:


- Մատուցվող ծառայությունների սակագները չեն թանկացել, դրանք ընդհանրապես նոր են կազմվել: Սակագները ձեւավորվել են ֆրանսիական «Վեոլիա Գրուպ»-ի եւ ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի միջեւ բանակցությունների արդյունքում: Ի վերջո, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական եւ սոցիալական վիճակը, «Վեոլիա Գրուպ»-ը համաձայնվել է 180 դրամ՝ 1 մետր խորանարդ ջրի համար սակագնին, որպես այսպես կոչված բազիսային սակագին գործունեության առաջին տարվա համար: Դա այն նվազագույն սակագինն է, որը թույլ կտա ընկերությանն ապահովել համակարգի բնականոն գործունեությունը եւ կատարել հայկական կողմի՝ ծառայությունների որակին ու ներդրումներին վերաբերող պահանջները:
Պայմանագրի կետերից մեկի համաձայն էլ ամեն տարի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է իր կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հայտ ներկայացնել ոլորտը կարգավորող մարմին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչը եւ տեղի ունեցավ օգոստոսին: Հայտը կազմվել է վարձակալության պայմանագրի հավելված հանդիսացող Սակագնային համաձայնագրի, Հայաստանում ընդունված մեթոդաբանության ու որոշակի մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա: Սակագների ճշգրտման հայտի հիմնավորվածության մասին վերջինս համապատասխան որոշում կընդունի նոյեմբերի 22-ին: Այն կկիրարկվի 2018թ. հունվարի 1-ից:


- Բացի բնակիչների օգտագործած ջրի քանակի համար վճարումից՝ ուրիշ ի՞նչ վճարովի ծառայություններ է իրականացնում ընկերությունը:


- Ընկերությունը մատուցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ծառայություններ, ստորգետնյա ջրերի հեռացման ծառայություն «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն»-ում, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու ծառայություն, ջրմուղ-կոյուղու համակարգերի սպասարկման ծառայություն համայնքներին՝ պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ նոր համակարգի կառուցման ծառայություն՝ դիմող անձի ցանկությամբ:


- Հատկապես մարզի հանքարդյունաբերական համայնքներում բնապահպանները հաճախ են բարձրաձայնում ջրի որակի խնդիրների մասին: Ձեր ընկերությունը նմանատիպ լաբորատոր ստուգումներ անցկացրե՞լ է, եւ, եթե գաղտնիք չէ, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել:


- «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգում ջուրը ստացվում է մեծ մասամբ լեռնային աղբյուրներից եւ լիովին համապատասխանում է խմելու ջրի՝ Հայաստանում գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Որպես կանոն այն մատակարարվում է սպառողներին՝ առանց լրացուցիչ մաքրման: Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով, աղբյուրներում, քլորակայանների միջոցով, կանխարգելիչ նկատառումներով, ջուրը քլորացվում է` ապահովելով վերջինիս մեջ 0.3-0.5 մգ/դմ3 մնացորդային քլորի առկայություն: Դրանից բացի՝ ընկերությունն ունի արդիական սարքավորումներով հագեցած խմելու ջրի լաբորատորիաներ ողջ Հայաստանում, որտեղ կատարվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական եւ կենսաբանական փորձաքննություն՝ ըստ հաստատված ժամանակացույցի:


Սա՝ ջրի որակի վերաբերյալ ընդհանրապես: Կոնկրետ Սյունիքի մարզում ամենախնդրահարույցը Կապանի ջրամատակարարումն է, որին տրվող ջրի մի մասը վերցվում է գետից: Բնականաբար, ձնհալից ու հորդ անձրեւներից հետո գետը վարարում է, ջուրը՝ պղտորվում, ինչը դրա մաքրման գործում առաջացնում է որոշակի դժվարություններ: Ներկայումս ընկերությունն ուսումնասիրում է իրավիճակը՝ արդեն տեսանելի ապագայում առկա խնդիրներին արմատական լուծում տալու նպատակով:


Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանն ու բնապահպանների մտահոգությանը, ապա պետք է ասել, որ ընդերքի օգտագործումն ընդհանրապես վիճահարույց է ողջ աշխարհում: Խնդիրներն այստեղ կարգավորում են օրենսդրությամբ ու համապատասխան գերատեսչությունների խողովակներով: «Վեոլիա Ջուր»-ը դրա հետ որեւէ առնչություն չունի: Ընկերության համակարգի աղբյուրները Սյունիքի մարզում հանդիսանում են հատուկ պահպանվող սանիտարական գոտիներ՝ իրենց հստակ սահմաններով, գործում են բնականոն ռեժիմով ու արտադրում են պահանջվող որակի ջուր: Մեր խնդիրը դրանց տեխնիկական վիճակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելն է, վերանորոգելն ու շահագործելը՝ տարածաշրջանի բնակավայրերը խմելու ջրով ապահովելու համար:


- Տարբեր տարիներին մարզի համայնքներում խմելու ջրի ներքին ցանցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, բայց կոյուղատարի վիճակն այնքան էլ բարվոք չէ: Ծրագրվո՞ւմ է մարզում կոյուղատար ցանցում եւս բարեփոխման աշխատանքներ կատարել:


- Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ընկերությունը միայն պահպանում է, վերանորոգում ու շահագործում իր համակարգում գտնվող պետական գույքը: Այս առումով, այո՛, բարեփոխումներ սպասվում են (ավելին՝ արդեն իրականացվում են) նաեւ Սյունիքի մարզում: Արդյունքը տեսանելի է մարզի բնակիչների համար: Սակայն ընկերությունը պարտավորություն չունի կառուցել նոր ջրագծեր կամ կոյուղագծեր: Դրանով զբաղվում է վարձատուն՝ ՀՀ ԷԵԲՊ նախարարության համակարգի Ջրային տնտեսության պետական կոմիտեն:


2017թ. կապիտալ ներդրումների ծրագրով «Վեոլիա Ջրի» կողմից նախատեսվում է ողջ Հայաստանում իրականացնել մոտ 1,8 մլրդ դրամի բազմապիսի աշխատանքներ: Իսկ Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարվա ընթացքում ներդրումների ծավալը համակարգում կկազմի առնվազն 37,5 մլրդ դրամ:


- Նախկին օպերատորի օրերում մի շարք ծրագրեր են իրականացվել մարզի համայնքներում: Հետաքրքի՞ր է՝ դրանք ավարտվե՞լ են, թե՞ կիսատ են մնացել օպերատորի փոփոխությամբ պայմանավորված:


- Քանի որ «Վեոլիա Ջուր»-ը չի հանդիսանում նախորդ հինգ օպերատորից որեւէ մեկի իրավահաջորդը, ամբողջական որեւիցե տեղեկատվություն նրանց ծրագրերի եւ գործունեության, առավել եւս ներդրումների արդյունավետության մասին, ցավոք, չենք կարող տրամադրել: Այս հարցում Ձեզ թերեւս կօգնի Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ ծրագրեր ավարտին չեն հասցվել կամ իրականացվել են զգալի թերություններով, ինչը վթարների, ջրի կորստի ու անկանոն ջրամատակարարման պատճառ է հանդիսանում: Ներկայումս ընկերությունը ձեռնարկում է միջոցներ սեփական ուժերով ու հնարավորինս սեղմ ժամկետներում իրավիճակը շտկելու համար:


- Ենթադրում ենք, որ ուսումնասիրություններ եք կատարել մարզի ջրամատակարարման համակարգում: Որո՞նք են մեր մարզի՝ այդ ոլորտում առաջնային լուծում պահանջող խնդիրները: Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում Սյունիքի մարզի ջրամատակարման բարելավման նպատակով:


- «Վեոլիա Ջուր»-ն իր գործունեության առաջին տարում մարզի որոշ համայնքներում սկսել է բնակավայրերի ներքին բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքներ, փոխարինել վթարված շատ ջրագծեր ու խցանված կոյուղիներ, հնարավորինս լուծել մարզում առկա առավել հրատապ խնդիրները: Ներկայումս գերմանական KFW բանկի ծրագրով Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում եւ 10 գյուղական բնակավայրում վերականգնվում է ջրամատակարարման ու ջրահեռացման բաշխիչ ցանցը, կառուցվում են կոլեկտորներ, ինչի հիմնական նպատակն է տվյալ տարածքներում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը: Իր հերթին, «Վեոլիա Ջուր»-ը եւս կազմում է ներդրումային ծրագրեր 2018թ. համար:


- Հետաքրքի՞ր է, բնակիչների պարտքերի մարման հետ կապված ինչպիսի՞ քաղաքականություն եք վարում:


- Ինչպես նշվեց, «Վեոլիա Ջուր»-ը չի հանդիսանում նախորդ ջրամատակարարի՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ իրավահաջորդը, հետեւաբար նաեւ նախկինից մնացած պարտքերի մարման հետ կապված ինչպես չունի որեւէ իրավասություն, այնպես էլ չի կրում պատասխանատվություն: Թե ինչպիսին կլինի բաժանորդներին հուզող այս խնդրի լուծումը՝ կարելի կլինի իմանալ՝ դիմելով վերը նշված կազմակերպությանը, որը, ճիշտ է, այլեւս չի սպասարկում մարզը, սակայն շարունակում է գործել իր կանոնադրության շրջանակներում:

Հարցազրույցը՝
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

16.07.2024 19:15

Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

16.07.2024 16:58

Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

16.07.2024 16:54

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

16.07.2024 16:52

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41