Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

19.09.2017 14:31
1752

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
Հոգեւոր եղբայր,
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Հարգարժան մասնակիցներ «Հայաստան-սփյուռք» վեցերորդ համաժողովի,

Ողջունում ենք ձեզ համաժողովի գումարման առիթով եւ Հայրապետական Մեր սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը բերում ամենքիդ: Ուրախ ենք, որ ազգային համախմբման միասնական տեսիլքով մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակները այսօր կրկին մեկտեղվել են Մայր Հայրենիքում, հայոց պետության հովանու ներքո` քննարկելու ազգային մեր կյանքը հուզող հարցեր ու խնդիրներ: «Հայաստան-սփյուռք» համաժողովները կարեւոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման եւ մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման եւ առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները եւ այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջեւ ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են: Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը եւ Սփյուռքում ազգային կյանքը: Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչեւ այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի եւ սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին եւ սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում եւ Իրաքում:


Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:


Մեր պետությունը՝ թեեւ բազում դժվարությունների առջեւ, համայն հայության պատվարն է եւ մեր ժողովրդի գոյատեւման երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում: Ազգային համախմբման հարցում ամենքս միակարծիք ենք ու հաստատակամ: Համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից: Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը եւ ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը: Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջեւ է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված եւ մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրեւ ազգի զավակ, իբրեւ կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս եւ ի սփյուռս միասնաբար:


Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման: Մեկ դար առաջ այդ օրինակը բերեց մեր ժողովուրդը՝ միահամուռ կամքով պաշտպանելով հայրենիքը եւ վերակերտելով պետականությունը: Այսօր մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը պահանջում է միասնական առավել ջանքեր, ինչպես եւ պատերազմի վտանգի ներքո գտնվող ժողովրդի զգոն ու սթափ գիտակցություն և առավել պատասխանատվություն: Մեր երկիրը հեռու պիտի պահենք ցնցումներից եւ ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու եւ հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին:
Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների եւ լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման եւ առաջընթացի: Թող Աստված խաղաղ պահի աշխարհը, մեր երկիրն ու համայն ժողովրդին: Մեր Տիրոջ շնորհները, սերն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ: Ամեն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

24.04.2026 15:48

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24.04.2026 15:45

Ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

24.04.2026 15:41

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24.04.2026 15:27

ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

24.04.2026 15:25

Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 15:11

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

24.04.2026 15:08

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53