Նա առաջնորդ մնաց նաեւ ազգային զարթոնքի օրերին

18.08.2015 12:33
3497

2015թ. օգոստոսի 15-ին Գորիսում տարածվեց բոլորիս վիշտ պատճառող գույժը. վախճանվել է հայտնի պետական, հասարակական գործիչ, անվանի սյունեցի Ռոբերտ Ալեքսանյանը:

Մի քանի օր առաջ էին վատթարացած առողջական վիճակում տեղափոխել Երեւան՝ փորձելով երկարաձգել կյանքը, սակայն ապարդյուն...

Վերջին ամիսներին ճաք էր տվել նրա առողջությունը: Հարազատներն ամեն ինչ արել էին (նաեւ արտերկրի հռչականուն հիվանդանոցներ տանելով)՝ ապաքինելու, ի հայտ եկած հիվանդությունը բուժելու կամ գոնե ինչ-որ չափով մեղմելու համար: Եվ թվում էր, թե դա հաջողվել է, մանավանդ որ մինչեւ վերջ ոգեպինդ էր՝ վրահաս հիվանդությանը հաղթելու վճռականությամբ: Սակայն մահն այս դեպքում եւս ամենազոր գտնվեց:

Եվ հիմա ստիպված ենք նրա մասին խոսել անցյալ ժամանակով ու ափսոսանքով, քանի որ ապրելու ժամանակ ուներ դեռ, քանի որ մեր ընթացքը նրա փորձով եւ իմաստնությամբ զորացնելու, նրա՝ մեզ հետ լինելու կարիքն ունեինք դեռ:

Ռոբերտ Ալեքսանյանի կյանքի 77 տարին, իսկապես, լի է հիշարժան գործերով, որոնք ոչ միայն իր կենսագրության առանցքն են, այլեւ Սյունիքի նորագույն պատմության անկապտելի մասը:

Ինքն իր կենսագրության ամենապատասխանատու եւ բարդ շրջանը համարում էր  Արցախի ազատագրական շարժման տարիները: Եվ մենք՝ նրա գործընկերներն ու ժամանակակիցներն ականատես ենք եղել նրա նվիրական գործունեությանը:

Գորիսի դիրքն այնպիսին է, որ շրջանը հայտնվել էր սահմանային բախումների կիզակետում: Ինքնապաշտպանության ջոկատներ էին ձեւավորվում, եւ գործընթացն ուղղորդել էր պետք: Չնայած դեռեւս գոյատեւող Խորհրդային Միությանը եւ իշխանությունների ճնշումներին, Ռոբերտ Ալեքսանյանը կարողացավ սկզբնական փուլում իր ձեռքը վերցնել ինքնապաշտպանական շարժման ղեկը:

Ինքն էր ասում հարցազրույցներից մեկում՝ «Իմ պաշտոնը թույլ չէր տալիս նման հարցերով զբաղվել, բայց արդեն ամեն ինչ երկրորդ պլան մղվեց, մենք պետք է երկիր պահեինք, ժողովուրդ պահեինք: 100 կմ-ից ավել սահման կար Ադրբեջանի հետ, ու պարտավոր էինք պայքարի մեջ ներքաշվել՝ անկախ ամեն ինչից: Մեր հանրապետության սահմանների ու ժողովրդի անվտանգությունն  առաջնային էր» («Սյունյաց երկիր», №17, 2008թ.):

Արցախյան պատերազմում Ռոբերտ Ալեքսանյանի դերակատարությանը շատ զորահրամանատարներ են անդրադարձել: Նրանցից մեկի՝ գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանի խոսքը, ով 1990-91թթ. եղել է արտակարգ դրության Գորիսի շրջանի պարետ, կուզենայինք հիշել: Ահա՝ «Անգնահատելի էր Ռոբերտ Ալեքսանյանի դերը շրջանի ուժերը, միջոցները մոբիլիզացնելու եւ կարճ ժամանակամիջոցում պարետային ծառայությունը (Գորիսում արտակարգ դրություն էր հայտարարվել 1990թ. հունվարի 15-ին, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղին հարակից մյուս շրջաններում) կազմակերպելու եւ, մասնավորապես, շրջան գործուղված զինվորական ստորաբաժանումները տեղափոխելու, 15 պահակակետ կազմակերպելու միջոցով սահմանը հսկողության տակ առնելու գործում: Գտնվելով սերտ համագործակցության մեջ պարետային ծառայության եւ շրջան գործուղված զինվորական ստորաբաժանումների հետ, հաճախ էր լինում կրակագծում, ակտիվ մասնակցություն էր ունենում կողմերի բանակցային գործընթացին: Բավական է հիշել Խոզնավար, Տեղ, Կորնիձոր, Շուռնուխ գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները: Նրան հաճախ կարելի էր տեսնել սահմանամերձ բնակավայրերում, որտեղ հանդիպում էր բնակիչների հետ եւ վստահություն ներշնչում: Նշանակալից էր նրա դերը «Կյանքի ճանապարհի» գործունեության ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածներին (Տեղի եւ Խնձորեսկի ուղղությամբ) ընդունելու եւ տեղավորելու գործում: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Գորիսի պաշտպանության հիմնադրամը» (После долгого пути, Ереван, 2012г., ст. 102):

Ռոբերտ Ալեքսանյանի կենսագրության մեջ, մեր խորին համոզմամբ, կա մի դրվագ, որ լեռնային գյուղերի մերօրյա հոգեվարքի համապատկերի վրա ուղղակի առասպելական է թվում: Նկատի ունենք հայ-ադրբեջանական սահմանագլխին Նոր Խնձորեսկի հիմնադրումը: 1980-ականներին ծնունդ առած այդ գյուղը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմավարական մեծ նշանակություն ունեցավ տարածաշրջանի համար: Եվ այդ ամենը՝ Արցախյան պատերազմից տարիներ առաջ: Ասել է թե՝ Գորիսի սահմանի ամրապնդումը հեռատեսորեն կարեւորել էր մինչեւ պատերազմը: Ինչպես ինքն էր ասում՝ «Նոր Խնձորեսկն օգնեց, որ կարողանանք նաեւ վերեւի գյուղերի անվտանգությունն ապահովել» («Սյունյաց երկիր», նշված համարում):

Ռոբերտ Ալեքսանյանը մեծ ավանդ ունեցավ Գորիսի քաղաքաշինության, այդ ոլորտում զանգեզուրյան ավանդական ճարտարապետության ոճի զարգացման գործում:

Միայն 1985 թվականին Գորիսում կառուցվեց  22,5 հազար քառակուսի մետր բնակելի մակերես:

Նրա նախաձեռնությամբ զարկ տրվեց անհատական բնակարանաշինությանը:

Անսահման երեւակայության տեր եւ պրպտող մտքով այդ անձնավորությունը քարերի լեզվով, ճարտարապետական բարձրաճաշակ լուծումներով անընդհատ ինչ-որ բան էր ասում:

Նրա նախաձեռնությամբ էր, որ Գորիսի կենտրոնական զբոսայգում կանգնեցվեցին 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն առաջնորդած հերոսների հուշարձանները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին Արցախ-Սյունիք բարեկամությունը խորհրդանշող կամարը, Գորիսի նախկին ինքնատիպ մուտքը:

Մի «թուլություն» էլ ուներ՝ աղբյուրաշինություն. իր նախաձեռնությամբ Գորիսում եւ մերձակայքում կառուցեց բազում աղբյուրներ, որոնցից ոչ մեկը մյուսին չէր կրկնում:

Հատկապես կուսակցության շրջկոմի 1-ին քարտուղարի պաշտոնում (1982-91թթ.) Ռոբերտ Ալեքսանյանն աչքի ընկավ մշակույթի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքով:

Նրա նախաձեռնությամբ վերաբացվեց Գորիսի պետական թատրոնը:

Նա հեղինակ դարձավ մի քանի մշակութային ավանդույթների, որոնց մի մասը մինչեւ օրս էլ կենսունակ է Գորիսում՝ Բակունցյան օրեր, Զանգեզուրյան ձմեռ, Բերքի տոն, Գորիսյան տոն, Երգի-պարի տոն…

Երաժշտական դպրոցներ հիմնադրվեցին Շինուհայրում, Խնձորեսկում:

Նրա աջակցությամբ Գորիսի ժողգործիքների ժողովրդական համույթը մասնակցեց Մերձբալթիկայում անցկացվող միջազգային փառատոնին:

Լայն հնարավորություններ ընձեռվեցին ստեղծագործող մտավորականությանը:

Տասնամյակների դադարից հետո՝ 1988-89 թվականներին, Աստծո վեհաշուք տաճար Տաթեւի վանք կենտրոնով, վերաբացվեց Սյունյաց հնավանդ թեմը: Եվ, որքան էլ տարօրինակ էր այդ օրերի համար, կուսշրջկոմը ոչ թե հակառակվեց այդ ձեռնարկումին, այլ ընդառաջեց իր կարելիությունների չափով:

Համագորիսյան գրեթե բոլոր միջոցառումներին այդ ժամանակ ներկա էին մեր նահապետները՝ Սերո Խանզադյանն ու Գուսան Աշոտը, Համո Սահյանը, որոնց հետ առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների մեջ էր Ռոբերտ Ալեքսանյանը:

Գորիսը, հիրավի, յուրահատուկ առանցք էր դարձել սյունիքյան ծագումով (եւ ոչ միայն) մեծերի համար, եւ քաղաքում նրանց հաճախակի երեւալը միանգամայն նոր մթնոլորտ էր ձեւավորել:

Սերո Խանզադյանի հուշերի գրքում՝ «Ինչպես հիշում եմ» վերտառությամբ, հանդիպում ենք մեծն Վիլյամ Սարոյանի խոսքին՝ Ռոբերտ Ալեքսանյանի մասին (էջ 367):

Վիլյամ Սարոյանը Կապանում բացատրություն է տալիս Սերո Խանզադյանին, թե ինչու նախորդ օրը չմնաց Գորիսում. «Երեկ հո չնեղացա՞ր, որ քուկիդ բարեկամներին լքեցի: Հիվանդ էի: Հիվանդ էի: Բայց շատ սիրեցի ձերոնց: Կըսես՝ ներողություն իմ կողմե: Լա՞վ: Այն Ռոբերտ ինչ անուշ տղա էր՝ Ռոբերտ Ալեքսանյան: Դե, հիմա կուզիս երթանք Գորիս: Շաբաթ մը մնամ այնտեղ»:

Դա 1978 թվականի հոկտեմբեր ամսին էր:

Ռոբերտ Ալեքսանյանն այն սերնդի ներկայացուցիչն էր, որ հայտնվել էր հին եւ նոր դարաշրջանների սահմանագծում: Պատմական այդ ջրբաժանում նրա համար կողմնորոշիչը, ինչպես ժամանակը ցույց տվեց, ազգային շահն էր, ժամանակի մարտահրավերներին դիմակայելը:

Անցել էր խորհրդային դպրոցը, բարձրացել կուսակցական աստիճաններով, բայց… Պետք էր ծառայել երկրին՝ նոր Հայաստանին: Եվ շարունակեց պաշտոնավարել նաեւ Հայաստանի անկախացումից հետո՝ չորս տարի (1991-95թթ.) լինելով Գորիսի շրջխորհրդի նախագահ: Անցյալի դրականը պահպանելու եւ նորին ընդառաջ գնալու վճռականությամբ, իր գիտելիքներով ու փորձով լծվեց Հայաստանի 3-րդ հանրապետության կառուցմանը:

Կոմունիստական կուսակցությունից հետո այլ կուսակցության չանդամագրվեց, թեեւ անդամագրվելու առաջարկ ստացավ գրեթե բոլոր քաղաքական ուժերից: Եվ, ինչպես ասում էր, «Ո՞նց պիտի մարդկանց աչքերին նայեմ... Երեկ կոմունիստ էի, դա այլեւս չկա, վերջացավ... Ուրեմն պիտի մնայի անկուսակցական եւ ծառայեի երկրին» («Սյունյաց երկիր», նշված համարում):

Անցած ուղու եւս մի քանի դրվագ, որ հարկ ենք համարում հիշել:

Ծնվել է 1938թ. հունիսի 5-ին Գորիս քաղաքում: Ավարտել է տեղի Ակսել Բակունցի անվան միջն. դպրոցը, Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը եւ կոմունիստական կուսակցության կենտկոմին կից Մոսկվայի բարձրագույն դպրոցը:

1961-64թթ. եղել է Տաթեւհէկի շինարարության ավագ ինժեներ, 1964-68թթ. եղել է Գորիսի գարեջրի գործարանի գլխավոր ինժեներ, 1968-73 թվականներին՝ Գորիսի քաղսովետի գործկոմի շիննորոգման գրասենյակի պետ, 1973-74 թվականներին՝ Գորիսի ռետինե կոշիկների ֆաբրիկայի տնօրեն, 1974-82 թվականներին՝ կուսակցության Գորիսի շրջկոմի քարտուղար:

Եղել է ՀԽՍՀ 11-րդ գումարման եւ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

Ռոբերտ Ալեքսանյանը զավակն էր անվանի գորիսեցի Արմենակ Խաչատրյանի եւ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի Աշխեն Շահնազարյանի:

Արմենակ Խաչատրյանը մոտ քսան տարի (1943-63թթ.) Գորիսի, ապա եւ Սյունիք-Զանգեզուրի հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր խաղացած անձնավորություն էր, հանրապետության տվյալ ժամանակաշրջանի երեւելի դեմքերից մեկը:

Այդ գերդաստանի մեծահարգ զավակն էր նաեւ Հովհաննես Խաչատրյանը՝ Հայրենական մեծ պատերազմի պարտիզանական ջոկատներից մեկի լեգենդար կոմիսար Մանուչը, ով հետագայում դարձավ մի շարք վավերագրական եւ գեղարվեստական գործերի հերոսը, ով իր տեղն ունեցավ ԽՍՀՄ մի քանի հանրագիտարաններում, ով դարձավ Բելառուսի պատվավոր քաղաքացի եւ մնաց այդ հանրապետության երախտավորներից ու առայսօր հիշվող գործիչներից մեկը:

Ռոբերտ Ալեքսանյանի մահվան կապակցությամբ կրկին մեր վիշտն ու ափսոսանքն ենք հայտնում: Նաեւ մեր ցավակցությունը՝ նրա հարազատներին, մերձավորներին եւ հատկապես տիկին Հրանուշ Քարամյանին, ում հետ Ռոբերտ Ալեքսանյանը կազմեց օրինակելի ընտանիք, ունեցան չորս զավակ:

Այս պահի համար ասված խոսք ենք հղում նրանց՝ մխիթարվեք Սուրբ հոգով. երեւի դա է սփոփվելու միակ ճանապարհը:

Մեր երկրամասում հանգուցյալի թողած հետքը՝ միտված գալիքին, նույնպես մխիթարանք է նրա հարազատների ու մերձավորների համար: Իսկ այդ հետքը, որ մեր աչքի առաջ է, կմնա երախտապարտ գորիսեցիների հիշողության մեջ ու պատշաճ տեղ կգտնի Սյունյաց աշխարհի նորագույն շրջանի պատմության մեջ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

17 օգոստոսի 2015թ.

Լուսանկարում՝ 27 ապրիլի 1989թ., Գորիսի շրջանի պատվիրակությունը, Ռոբերտ Ալեքսանյանի գլխավորությամբ, դիմավորում է Գորիս այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ին (լուսանկարը՝ Սմբատ Տոռոզյանի):

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03