Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը...

23.08.2023 14:26
2402

...Եվ ի՞նչ. Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի Թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»,- հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայատիպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը եւ նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, եւ Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո՛չ»,- ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի՛ լինի»:- Ցնցվեց. վայրկենական քնից կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը եւ սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ եւ մի քանի նաիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են»,- ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.- «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի եւ ուժի նման, չկային. պարզվեց, որ բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից եւ չի վերադարձել:

***

Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք եւս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել եւ մեծագույն շուքով տարել են քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, եւ նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՝ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից՝ բժշկին, իսկ մեջտեղից- իրան՝ Մազութի Համոյին,- եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին:- Ամենազարհուրելին եւ ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը,- ու գրում վրան, երեւակայո՞ւմ եք, նաիրյան տառերով.

Մ. Հ. Ա. Ն.

որ նշանակում է՝

«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:

Հատված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպից

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30